Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
22.06.2023
Այսպիսով, հանրային ծառայողի հետ աշխատանքային հարաբերությունները հնարավոր է դադարեցնել Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում, ինչպես նաև, նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումները կիրառելի են նաև հանրային ծառայության նկատմամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված հիմքերի (դրանցից որևէ մեկի) առկայության դեպքում, սակայն Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում առկա կարգավորումների կիրառման արդյունքում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը և վարչական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը ևս դիտարկվում են հանրային ծառայողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ինքնուրույն հիմքեր։ Վարչական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում հանրային ծառայողի ծառայության դադարեցումը չի կարող գտնվել նորանշանակ ղեկավարի բացարձակ հայեցողության տիրույթում, քանի որ վերջինս սահմանափակված է «Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի» և հանրային ծառայության և վարչարարության սկզբունքներով․ 1․ առանց վարքագծի կամ կարողությունների հետ կապված պատճառների հանրային ծառայողի աշխատանքային հարաբերությունների դադարեցման անթույլատրելիությունը, 2․ հանրային ծառայողի ծառայության շարունակելիության պայմանավորումը նրա կողմից մատուցվող արժանիքահեն մասնագիտացված ծառայության որակից և ոչ թե վերադասի կամ անմիջական ղեկավարի սուբյեկտիվ և կամայական հայեցությունից, 3․ պատճառաբանված վարչական ակտի՝ հանրային ծառայողի ծառայության դադարեցման հրամանի կայացումը, 4․ հայեցողական լիազորությունների սահմանափակվածությունը մարդու սահմանադրական իրավունքներով և օրենքով կանխորոշված նպատակներով։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»: Նշված հոդվածում սահմանված են այն չափանիշերը, որոնցով պետք է առաջնորդվի վարչական մարմինը իր հայեցողական լիազորություններն իրականացնելիս, որից բխում է, որ վարչական մարմինը չպետք է խախտի մարդու՝ Սահմանադրությամբ վերապահված իրավունքները, այդ թվում աշխատանքի ազատ ընտրության և դրա բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքից անհիմն ազատվելու արգելքի սկզբունքները։ Այլ պետությունների օրենսդրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասի օրենսդրությունում հանրային (պետական) ծառայության դադարեցման հիմքերում բացակայում է վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարի հայեցողությունը կամ էլ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը, եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում քաղաքական պաշտոններին։ Մի շարք երկրների օրենսդրություններ էլ ուղղակի արգելում են վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում հանրային ծառայողի ծառայողական պարտականությունների դադարեցումը, մասնավորապես․ Ուկրաինայի «Պետական ծառայության մասին» օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Պետական մարմիների ղեկավարների կամ կազմի փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ պետական ծառայության դադարեցման համար (…)»: Ղազախստանի «Պետական ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն․ «Քաղաքական պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների փոփոխությունը, այդ թվում վարչական պաշտոններ զբաղեցնող պետական մարմինների ղեկավարների փոփոխությունը հիմք չի հանդիսանում նորանշանակ քաղաքական և/կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարչական պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության դադարեցման համար»։ Տաջիկստանի «Պետական ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Պետական մարմիների ղեկավարների փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ նոր ղեկավարի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման համար, բացառությամբ պետական քաղաքական ծառայողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի»։ Ղրղզստանի «Պետական ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Պետական մարմինների համակարգում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց փոփոխությունը աշխատանքից ազատման, պաշտոնի իջեցման, ռոտացիայի և ատեստացիայի հիմք չի կարող հանդիսանալ պետական վարչական պաշտոններ զբաղեցնող պետական ծառաողների համար»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը հակասում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, Սահմանադրության 57-րդ և 81-րդ հոդվածներին և Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածներին։ Այսպիսով, անհրաժեշտ է վերանայել նշված իրավակարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը և աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ձևավորված միջազգային իրավական չափանիշներին։