Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2023 թվականի N ------ Ն

Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեվտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արդյունաբերության զարգացումը խթանելու նպատակով հաստատել տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին աջակցության (այսուհետ՝ Աջակցություն) տրամադրման համար ներկայացվող պահանջները, Աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը։
  2. Հաստատել`
  • Աջակցություն ստացող առևտրային ընկերություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի,
  • Աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի,
  • Աջակցության չափը սահմանելու կարգը` համաձայն N 3 հավելվածի,
  • Աջակցություն ստանալու դիմումի ձևը և կից փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի։
  1. Սահմանել, որ Աջակցություն են ստանում սույն որոշման Հավելված 1-ով սահմանված պահանջները բավարարող առևտրային ընկերությունները։
  2. Սահմանել, որ սույն որոշման իրականացման պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է 2023 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը, որում կարող են ներառվել այն ապրանքները, որոնց տնտեսական բարդության ցուցիչը հավասար է առնվազն 0.2–ի, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ Ցանկ)։
  4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է տվյալ տարվա Ցանկը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում այն ներդրումների վրա, որոնք իրականացվել են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի -ի

N -Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեվտրային ընկերություններին Պետական ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ստանալու համար ներկայացվող պահանջները

  1. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
  • ակտիվ՝ հետևյալ ոչ ընթացիկ ակտիվները՝ շենք, շինություն, սարքավորում, ենթակառուցվածք․
  • առևտրային ընկերություն՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ․
  • ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ՝ ապրանքի բարդության՝ գիտատարության աստիճանը և միջազգային առևտրի կառուցվածքում հարաբերական մրցակցային առավելությունն արտահայտող՝ https://atlas.cid.harvard.edu/ կայքում հրապարակված ցուցիչը՝ ըստ հասանելի վերջին տվյալների․
  • կապիտալ ներդրում՝ առևտրային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ակտիվներում սույն կարգի ուժի մեջ մտնելու օրվանից հետո ներդրված գույք, եթե այդպիսի ակտիվների ստեղծումը, ձեռքբերումը, վերակառուցումը, վերանորոգումը կամ արդիականացումն անհրաժեշտ է տնտեսապես բարդ ապրանքի արտադրության կամ դրա ծավալների ընդլայնման համար․
  • մեկնարկի տարի՝ առևտրային ընկերության կողմից Աջակցություն ստանալու դիմումի առաջին անգամ ներկայացման տարվան անմիջապես նախորդող հարկային տարի․
  • տնտեսապես բարդ ապրանք՝ մեկնարկի տարվա Ցանկում ներառված ապրանք։
  1. Աջակցություն տրամադրվում է այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․
  • առևտրային ընկերությունը կատարել է առնվազն 2,5 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում,
  • առևտրային ընկերության՝ Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման տարվան նախորդող տարվա հասույթում տնտեսապես բարդ ապրանքների իրացումից հասույթի մասնաբաժինը կազմում է առնվազն 30%: Ընդ որում՝ հասույթի հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,
  • առևտրային ընկերության նկատմամբ Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,
  • առևտրային ընկերությունը սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում։
  1. Միջոցառման շրջանակում Աջակցություն չեն ստանում այն առևտրային ընկերությունները, որոնք Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման պահին օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունից։

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի -ի

N -Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Առևտրային ընկերություններն Աջակցություն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը էլեկտրոնային եղանակով դիմում են Նախարարությանը՝ ներկայացնելով Աջակցություն ստանալու՝ Հավելված 4-ով սահմանված դիմումը (այսուհետ՝ Դիմում) և կից փաստաթղթերը։
  2. Դիմումը պետք է ուղեկցվի Աջակցության գումարի չափի՝ Հավելված 3-ի 1-ից 6-րդ կետերով սահմանված կանոնների համաձայն կատարված հաշվարկով, որը ստուգվում և անհրաժեշտության դեպքում ճշգրտվում է Նախարարության կողմից։
  3. Դիմումը պետք է ուղեկցվի նաև դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվություններով, (ներառյալ՝ ծանոթագրություններով) և աուդիտորական եզրակացությամբ (այսուհետ՝ Աուդիտորական եզրակացություն)՝ տրամադրված հետևյալ աուդիտորական ընկերություններից մեկի կողմից՝
  • «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն,
  • «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերություն,
  • «Էրնսթ Ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերություն,
  • «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
  • «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
  1. Աուդիտորական եզրակացությամբ պետք է հաստատվեն նաև․
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռքբերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) ակտիվների՝ ստեղծման, (ձեռքբերման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերանորոգման) պահին իրական արժեքները,
  • Դիմումի ներկայացմանը նախորդող տարում իրացված արտադրանքի ծավալը՝ ըստ ապրանքատեսակների և դրանց տնտեսական բարդության, ինչպես նաև իրացման ներքին և արտաքին շուկաների բացվածքի։
  1. Նախարարությունը Դիմումը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է առևտրային ընկերության համապատասխանությունը Հավելված 1-ի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին և որոշում կայացնում Աջակցության տրամադրման կամ Աջակցության տրամադրման մերժման մասին կամ Դիմում ներկայացրած առևտրային ընկերությանը տեղեկացնում Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին։
  2. Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին Նախարարությունը Դիմում ներկայացրած առևտրային ընկերությանը տեղեկացնում է էլեկտրոնային գրությամբ, որի մեջ նշվում է թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման ժամկետը։ Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) չներկայացնելու դեպքում Դիմումը համարվում է մերժված, իսկ ներկայացնելու դեպքում Նախարարությունը քննում է շտկված Դիմումը (կից փաստաթղթերով) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում։
  3. Աջակցության տրամադրման մասին որոշման մեջ նշվում է Աջակցության՝ տվյալ տարվա գումարի չափը, նախորդ տարիներին տրամադրված չափը, սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված առավելագույն չափը, ինչպես նաև այդ առավելագույն չափի և արդեն տրամադրված (այդ թվում՝ Աջակցության տրամադրման մասին որոշմամբ) Աջակցության չափի տարբերությունը (այսուհետ՝ Աջակցության մնացորդային գումար)։

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի -ի

N -Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Աջակցության ընդհանուր գումարը Աջակցության տրամադրման բոլոր տարիների ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 20%-ը։
  2. Աջակցության տարեկան առավելագույն գումարը կազմում է առևտրային ընկերության՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և առևտրային ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 25%-ի հանրագումարը։
  3. Փաստացի տրամադրվող Աջակցության չափը որոշվում է հետևյալ չափորոշիչների հիման վրա․
  • Դիմումի ներկայացմանը նախորդող տարում առևտրային ընկերության կողմից իրացված տնտեսապես բարդ ապրանքների տնտեսական բարդության միջին կշռված ցուցիչ (այսուհետ՝ Չափորոշիչ 1), և
  • Դիմումի ներկայացմանը նախորդող տարում առևտրային ընկերության ընդհանուր հասույթում տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից գոյացած հասույթի մասնաբաժին (այսուհետ՝ Չափորոշիչ 2):
  1. Չափորոշիչ 1-ով առևտրային ընկերությանը տրվում է գնահատական, որը հաշվարկվում է՝ վերջինիս կողմից Դիմումի ներկայացմանը նախորդող տարում իրացված յուրաքանչյուր տեսակի տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ում ներկայացված սանդղակի հիման վրա տրվող միավորը բազմապատկելով այդ ապրանքի իրացումից ստացված հասույթի՝ ընդհանուր հասույթում մասնաբաժնով (այսուհետ՝ Ապրանքի կշռված գնահատական) և ստանալով իրացված տնտեսապես բարդ բոլոր Ապրանքների կշռված գնահատականների հանրագումարը։ Ընդ որում՝ ապրանքի տնտեսական բարդության ցուցիչը սահմանվում է մեկնարկի տարվա Ցանկի հիման վրա։ Ապրանքի տնտեսական բարդության սահմանային ցուցիչի (օրինակ՝ 0.1, 0.2, 0.3 և այլն) դեպքում տրվում է առավել բարձր միավորը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Չափորոշիչ 1-ով տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա՝

, որտեղ՝

G1` Չափորոշիչ 1-ով տրվող գնահատական․

N` տնտեսապես բարդ ապրանքների քանակ․

Pi` i-րդ տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ի հիման վրա տրված միավոր․

Si` i-րդ տնտեսապես բարդ ապրանքի վաճառքից ստացված հասույթ (ՀՀ դրամ)․

TS՝ ընդհանուր հասույթ (ՀՀ դրամ)։

 

Աղյուսակ 1

Ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ

Միավոր

0.2 - 0.3

12

0.3 - 0.4

18

0.4 - 0.5

24

0.5 - 0.6

30

0.6 - 0.7

36

0.7 - 0.8

42

0.8 - 0.9

48

0.9 – 1

54

1 և ավելի

60

 

  1. Չափորոշիչ 2-ով առևտրային ընկերությանը տրվում է գնահատական աղյուսակ 2-ում ներկայացված սանդղակի հիման վրա։

 

Աղյուսակ 2

Տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից հասույթի մասնաբաժին ընդհանուր հասույթում (տոկոսային արտահայտությամբ)

Միավոր

6

4

12

8

18

12

24

16

30

20

36

24

42

28

48

32

54

36

60 և ավելի

40

 

  1. Տրամադրվող Աջակցության չափը որոշելու համար Չափորոշիչ 1-ով և Չափորոշիչ 2-ով տրված գնահատականների հանրագումարը բազմապատկվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված Աջակցության տարեկան առավելագույն գումարի և բաժանվում 100-ի: Եթե ստացված գումարը ավել է Աջակցության մնացորդային գումարից, ապա Աջակցությունը տրամադրվում է Աջակցության մնացորդային գումարի չափով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ աջակցության չափը որոշվում է հետևյալ բանաձևի հիման վրա․

, որտեղ՝

G1` Չափորոշիչ 1-ով տրված գնահատական.

G2` Չափորոշիչ 2-ով տրված գնահատական.

AC = PT+ IT*0.25, որտեղ՝

PT` նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի գումար,

IT`  նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումար։

  1. Աջակցության գումարը տրամադրվում է առևտրային ընկերությանը Աջակցությունը տրամադրելու մասին որոշումը կայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում ունեցած հաշվին փոխանցում կատարելու միջոցով։
  2. Աջակցության գումարը ստանալուց հետո ճշգրտված հարկային հաշվետվության ներկայացման դեպքում, եթե.

1) հարկերի չափը նվազում է, ապա առևտրային ընկերությունը պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել Նախարարությանը և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել գոյացած տարբերության գումարը,

2) հարկերի չափն ավելանում է, ապա առևտրային ընկերությունը պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել Նախարարությանը և իրավասու է տարբերության գումարը ստանալու նպատակով ներկայացնել նոր Դիմում կամ տարբերության գումարը ներառել հետագա տարիների Դիմումների մեջ։

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2023 թվականի -ի

N -Ն որոշման

 

 

Աջակցություն ստանալու դիմումի ձեվ *

Խնդրում ենք ____________________________ առևտրային ընկերությանը տրամադրել ՀՀ կառավարության 2023 թվականի ______________ -ի _____ -ի N_____ որոշմամբ սահմանված աջակցությունը։

Առևտրային ընկերության վերաբերյալ տվյալներ

  1. ընկերության անվանում, պետական գրանցման համար, ՀՎՀՀ,
  2. գրանցման և փաստացի գործունեության հասցե (եթե տարբերվում է),
  3. էլեկտրոնային փոստի հասցե,
  4. հեռախոսահամար,
  5. գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի,
  6. Դիմումի ներկայացմանը նախորդող տարում արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 4 նիշ ծածկագիր) իրացման ծավալները (դրամային արտահայտությամբ)՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի և իրացման արտաքին և ներքին շուկաների բացվածքի,
  7. Դիմումին առնչվող հարցերի պատասխանատուի կոնտակտային հեռախոսահամար։

 

Կապիտալ ներդրումների վերաբերյալ տվյալներ

  1. կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների ցանկը՝ ներառյալ յուրաքանչյուր ակտիվի տվյալները.
  • շենքեր, շինություններ (հասցե, կադաստրային համար),
  • սարքավորումներ (արտադրող, մոդել, համար),
  • ենթակառուցվածքներ (կադաստրային համար, եթե առկա է)։
    1. կապիտալ ներդրումների փաստացի իրականացման ժամանակացույցը և յուրաքանչյուր ներդրման իրականացման եղանակի (գործարքի) նկարագրությունը,
    2. իրականացված կապիտալ ներդրումների արժեքը՝ դրամային արտահայտությամբ (ՀՀ դրամով)՝ ըստ յուրաքանչյուր ակտիվի,
    3. յուրաքանչյուր ակտիվի իրական արժեքը։

 

Աջակցության չափի հաշվարկ

Ներկայացվում է հավելված 3-ի 1-ից 6-րդ կետերով սահմանված հաշվարկի կանոնների համաձայն և ենթակա է Նախարարության կողմից ստուգման և անհրաժեշտության դեպքում ճշգրտման։

Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը

  1. դիմումատուի հիմնադիր փաստաթղթեր,
  2. դիմումատուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ,
  3. դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող ֆինանսական տարվա հաշվետվություններ (ներառյալ՝ ծանոթագրությունները) և աուդիտորական եզրակացություն,
  4. կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր),
  5. կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն),
  6. անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված միասնական տեղեկանք,
  7. շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ դրանց բացակայության դեպքում հավաստում՝ այդ իրավունքների բացակայության մասին,
  8. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առ այն, որ դիմումատուն սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան,
  9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարում արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  10. դիմումատուի՝ սույն կարգի Հավելված 1-ի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից։

 

* Սույն ձևի բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար, սակայն առևտրային ընկերության ղեկավարները չեն սահմանափակվում միայն առաջարկվող դաշտերով։

 

 

Գործադիր մարմնի ղեկավար՝    ____________________

Ստորագրություն՝                      ____________________

  • Քննարկվել է

    11.05.2023 - 26.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2833

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ