«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության:
Նշված օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարը կամ կոդը տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարը կամ կոդը փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի:
Մինչդեռ, օրենքի 17-րդ և 42-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, հնարավորություն չեն ընձեռում իրականացնելու էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացման միջազգային միտումներով պայմանավորված՝ ոլորտի և ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման համար կարևոր՝ հեռահաղորդակցության նոր տեխնոլոգիաների ներդրման, հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման նկատառումներով տվյալ շուկա նոր ծառայությունների մուտքի հնարավորության ապահովման ուղղված անհրաժեշտ որոշակի միջոցառումների իրականացումը, որոնցից են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների կողմից փորձնական կարգով (օրինակ, թեստային ռեժիմում, որոշակի ժամկետով և սահմանափակ տարածքներում առանց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության) հեռահաղորդակցության նոր տեխնոլոգիաների ծառայությունների մատուցելու հնարավորության ընձեռումը, շարժական կապի ծառայությունների շուկա վիրտուալ շարժական կապի օպերատորների (ծառայություններ մատուցողների) մուտքի ապահովումը (որը կարող է իրականացվել առնվազն համարային ռեսուրսի օգտագործման թույլտվություն ունեցող՝ շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող օպերատորի կողմից իրեն հատկացված համարային ռեսուրսն այլ օպերատորին՝ վիրտուալ օպերատորին տրամադրելու իրավասության պարագայում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով պարզ վարչարարությամբ՝ որոշակի կարճ ժամանակահատվածով առանց թույլտվության ռադիոհաճախականությունների օգտագործումը։
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Ելնելով վերոգրյալից և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացման շարունակականության ապահովման` էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցության ապահովման, ենթակառուցվածքներում տնտեսապես արդյունավետ ներդրումների խրախուսման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խթանման և սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման նկատառումներից՝ անհրաժեշտություն է առաջացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք ներառված են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում:
Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ կնախատեսվի, որ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերում ռադիոհաճախականություններ օգտագործելու համար թույլտվության չի պահանջվում:
Միևնույն ժամանակ, օրենքի 42-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ բացի առկա կարգավորմամբ սահմանված՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից դրանք սպառողներին տրամադրելու, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում այլ օպերատորներին փոխանցելու դեպքերի, նախատեսվում է համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի համար սահմանել նաև այլ անձանց (վիրտուալ օպերատորներին) այդ համարը կամ կոդը տրամադրելու իրավասություն, իսկ օրենքի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ հստակեցնել կարգավորող մարմնի գործառույթը՝ համարի ու կոդերի, ինչպես նաև հաճախականության օգտագործման համար չափանիշներ և ընթացակարգեր (ներառյալ՝ hամարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի դեպքերն ու կարգը սահմանող) ամրագրելու մասով՝ օրենքով նախատեսվող փոփոխություններից բխող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացման շարունակականության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող գործունեությանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
-
Քննարկվել է
02.05.2023 - 17.05.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2786
Տպել