ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ դրոշի մասին» օրենքով սահմանվում է ՀՀ դրոշի նկարագրությունը և գործածման կարգը: Օրենքը սահմանում է նաև ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Նշված է, որ «Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա…:»:
Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2022 թվականի մարտի 23-ին կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար (տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով):
Այսինքն, Օրենսգրքում վարչական պատասխանատվության ենթակա իրավախախտումների շարքում ավելացվել է ՀՀ դրոշի գործածման, այդ թվում` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն: Ընդ որում, թե ՀՀ դրոշին ներկայացվող նշված պահանջները, թե այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին (օր.` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա):
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
Այսպիսով, կարևորելով ՀՀ դրոշի, որպես ՀՀ պետական խորհրդանիշի արժևորումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծերով առաջարկվում է՝
- Հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ,
- Հաշվի առնելով, որ սույն հոդվածի շարադրանքը խնդրահարույց է նաև տրամաբանական հաջորդականության պահպանության տեսանկյունից, հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի միջոցով կապահովվի հոդվածի որոշակիությունը՝ հստակ սահմանելով ՀՀ դրոշին ներկայացվող ընդհանուր պահանջները և ՀՀ բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները:
- Հստակեցնել ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը:
- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: