Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ.
  2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներինախագծերի (այսուհետ՝ նախագծեր) փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 56-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվում է խստացնել ճանապարհային անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև ճանապարհներին հասցված վնասների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների և պատասխանատվության միջոցները։

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ վերջին 10 տարիներին Հայաստանում  ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թվականին այն հասել է 348-ի, իսկ 2021 թվականին՝ 367։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս մշակման փուլում է գտնվում Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանում ճանապարհային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականությանը հասնելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման (140-րդ և 1502-րդ հոդվածներ) համար կիրառվող տույժերը և տուգանքները սահմանվել են դեռևս 2006 թվականից։ Սակայն շուրջ 15 տարիների ընթացքում ՀՀ դրամը արժեզրկվել է, իսկ օրենսգրքով նախատեսված պատժամիջոցները փոփոխության չեն ենթարկվել։ Այսինքն գործող օրենսգրքով օրինազանց քաղաքացիների համար սահմանված պատասխանատվության միջոցները կորցրել են իրենց արդիականությունը և հետևաբար վերանայման և խստացման կարիք ունեն։ Ներկայում ճանապարհներից օգտվողների կողմից (վարորդներ, հետիոտն և այլն) ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հաճախ հասցվում են նյութական վնասներ, այդ թվում՝ արձանագրվել են ճանապարհային նշանները փակելու, հանելու, անօրինական նշաններ տեղադրելու կամ ճանապարհային նշանների գողության, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր։  Օրինապահ մարմինների կողմից բազմաթիվ դեպքեր են բացահայտվել նաև, երբ գողացված ճանապարհային նշանները վերջիններիս կողմից օգտագործվել են կենցաղային նպատակներով (հատկապես գյուղական բնակավայրերում)։

Նշված օրինազանցությունները հանգեցնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու դեպքերի և ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին, ինչպես նաև պետությանը պատճառում են խոշոր չափերի հասնող ֆինանսական միջոցների վնասի։ Եվ թեև պետական ճանապարհային և ճանապարհային  երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազորած պետական կառավարման մարմինների կողմից իրանանացվում են ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից բազմաթիվ միջոցառումներ, ճանապարհից օգտվողները չեն գիտակցում իրենց կողմից կատարված անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառած վնասի աստիճանը։ Այդ են վկայում պետական ճանապարհային մարմնի կողմից արձանագրված բազմաթիվ դեպքերը, երբ օրինակ որոշ տնտեսվարողներ կամ քաղաքացիներ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային  ճանապարհներին իրականացնում են հաղորդակցուղիների վերանորոգման կամ վերականգման աշխատանքներ կամ տեղադրում են արհեստական անհարթություններ՝ առանց նախապես ստանալու պետական ճանապարհային մարմնի եզրակացությունը կամ թույլտվությունը։ Շատ դեպքերում վերջիններս նույնիսկ պատրաստ են վճարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավախախտման համար սահմանված տույժ և/կամ տուգանքը կամ խուսափել պատասխանատվությունից։   

Բացի այդ, յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից մեծածավալ ֆինանսական միջոցներ են տրամադրվում ճանապարհների պահպանման և հիմնանորոգման համար, որը նպատակ ունի բարելավել ճանապարհային ենթակառուցվածքի որակը և ապահովել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության անընդհատությունը և անվտանգությունը։  

Միաժամանակ ճանապարհների, երկաթուղային գծանցների, ճանապարհի այլ ինժեներական կառույցների կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների վնասման, փակման, հանելու կամ անօրինական տեղադրելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար Քրեական օրենսգրքով տույժ և/կամ տուգանքներ սահմանված չեն։

Ուստի ՃՏՊ-ների թվի նվազեցման, ճանապարհային անվտանգության ապահովման համապարփակ միջոցառումների իրականացման համատեքստում անհրաժեշտ է խստացնել նաև ճանապարհներից օգտվողների (վարորդներ, հետիոտն և այլն) համար ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատժամիջոցները։

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ.

Նախագծերով առաջարկվում է խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատժամիջոցները։

Մասնավորապես՝

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 140-րդ հոդվածով ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, մինչդեռ կատարված իրավախախտմամբ հանրությանը և պետությանը պատճառվում է ավելի մեծ չափերի հասնող նյութական վնաս, ինչպես նաև հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացմանը։ Այդ իսկ պատճառով նախագծով նախատեսվել է սահմանված տուգանքը կրկնապատել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի։
  2. Առաջակվում է վերանայել Օրենսգրքի 1502-րդ հոդվածի տույժ տուգանքները՝ կրկնապատելով դրանք, այդ թվում՝
  • ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով օգտագործելու, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելու, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու, ինժեներականշինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասման և աղտոտման համար՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` տուգանքները սահմանել նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։
  • ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար՝ տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
  • ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելու այն դեպքերը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր` առաջարկվում է նախազգուշացումից հետո վեց ամսվա ընթացքում արարքը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
  1. Միաժամանակ առաջարկվում է Քրեական օրենսգրքի «Երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները» գլուխը լրացնել նոր՝ «Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը և ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը» 346․1 հոդվածով։ Համաձայն որի՝ ճանապարհների, երկաթուղային գծանցների, ճանապարհի այլ ինժեներական կառույցների կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելու, փակելու, հանելու կամ տեղադրելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով) կամ առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհների հետ հատումներ բացելու, ինքնակամ ճանապարհային նշաններ, արգելապատնեշներ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելու կամ ապամոնտաժելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով կամ բաժանարար գոտիով անասուններ քշելու համար նախատեսվում է կիրառել տարբեր խստության պատժամիջոցներ՝ կապված հասցված վնասի աստիճանից։

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհներին և ճանապարհային ենթակառուցվածքներին վնասման հետևանքով պետությանը  հասցված վնասի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատասխանատվության միջոցները, ինչը կնվազեցնի տվյալ ոլորտում առկա խնդիրները:

 

  1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ. 

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 56-րդ կետի պահանջներից, այն է՝ ճանապարհներին հասցված վնասների, այդ թվում՝ ճանապարհային նշանների և կահավորանքի այլ տարրերի գողության և/կամ վնասման համար պատասխանատվության խստացում:

  • Քննարկվել է

    16.08.2022 - 07.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Քրեական օրենսդրություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2671

Տպել