Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դավիթ Ասատրյան 13.08.2022 20:16:49 Առաջարկում եմ նախագծի 10-րդ հոդվածում դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմի փոխարեն սահմանել երեք կամ հինգ թիվը ապահովելով գոծով որոշումների բնականոն կայացումը: Այն դեպքում, երբ դատավորների կազմը սահմանվի չորս, ապա այս պարագայում մեծ է ռիսկը որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումները կմերժվեն ոչ թե այն հիմքով, որ կազմը այդպիսի որոշում է կայացրել, այլ այն հիմքով, որ դատական կազմը չի կարողացել պարզ մեծամասնությամբ որոշում կայացնել: Չի ընդունվել Նախագծում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) հենց չորս անդամ ընդգրկող կազմին վերապահելը պայմանավորված է նրանով, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծմանը մասնակցեն դատական և օրենսդիր ճյուղերի ընտրած հավասար թվով անդամներ: Հենց սրանով պայմանավորված էլ Նախագծում նախատեսվել է, որ քննարկվող կազմում պետք է ընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ: Ինչ վերաբերում է նրան, որ այս դեպքում ձայների կիսվելու հավանականությունը մեծանալու է, և կազմը չի կարողանալու պարզ մեծամասնությամբ որոշում կայացնել, ապա հարկ է նկատի ունենալ, որ հենց ԲԴԽ-ը կազմված է զույգ թվով անդամներից (10 անդամներ): Նույն ձևով Վճռաբեկ դատարանի քրեական պալատը կազմված է զույգ թվով անդամներից (6 անդամ):
2 Լուսինե Մկրտչյան 25.08.2022 19:38:48 Առաջարկվում է <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի նոր 2-րդ մասի ձևակերպումը շարադրել հետևյալ բովանդակությամբ, քանի որ միտքը ընկալելի չէ, տարանջատված չէ <<ինչպես նաև>>-ով և առկա են կրկնություններ․ <<Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննելիս՝ որպես Բարձրագույն դատական խորհուրդ, հանդես են գալիս սույն օրենսգրքով սահմանված դատական կազմերը։>>։ Ըստ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհուրդը (սահմանադրորեն ամրագրված10 անդամները միասին) վերոնշյալ հարցերի քննարկման ժամանակ հանդես է գալիս՝ որպես դատարան,ուստի Նախագծով առաջարկվող դատավոր և գիտնական երկուական անդամներով կազմերը ճիշտ կլինի ձևակերպել <<դատական կազմեր>>։ Նախագծի մյուս նորմերում ևս լրացնել <<դատական>> բառը։ Չի ընդունվել Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի(այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 79-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում օգտագործված ձևակերպումները համահունչ են գործող Դատական օրենսգրքում օգտագործվող ձևակերպումներին (Դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ-ն լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունների դադարեցման հարցերը, Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին ԲԴԽ-ի կայացրած որոշումների տեսակները): 2-րդ դիտարկման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ, անդրադառնալով Սահմանադրությամբ ԲԴԽ-ի համար օգտագործվող «որպես դատարան» հանդես գալու բնութագրիչին, նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին: Նախկինում գործած Արդարադատության խորհրդին առնչվող՝ «գործում է որպես դատարան» եզրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 18 դեկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. « …. սահմանադրական դատարանը գտնում է, որ «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա՝ որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը: Վերջինս փաստվում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում անմիջապես հաջորդող այն կանոնակարգմամբ, համաձայն որի՝ «Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին»: Սահմանադրական դատարանի մեջբերված իրավական դիրքորոշումից հետևում է, որ ԲԴԽ-ի վերաբերյալ Սահմանադրությամբ օգտագործվող «որպես դատարան» հանդես գալու բնութագրիչը վերաբերում է բացառապես նրա կազմակերպման և գործունեության կարգին, որոնք պետք է համապատասխանեն դատարաններին բնորոշ հատկանիշներին: Ըստ այդմ, պատահական չէ այն, որ գործող Դատական օրենսգրքում ևս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի կարգավորմանն ուղղված նորմերում «դատական» բառը երբևէ չի հիշատակվում:
3 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 26.08.2022 16:36:08 Առաջարկվող փոփոխությունների համատեքստում ստացվում է, որ ԲԴԽ լիազորություններից դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը լուծելիս, ինչպես նաև՝ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը լուծելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես նոր և այլ կազմավորում ունեցող մարմին, ինչն ունակ է հանգեցնելու դրա կողմից կայացված որոշումների լեգիտիմության և վստահելիության խնդիրների: Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոլեգիալության կարգով որոշումների կայացման կարգին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ 1598 որոշմամբ արձանագրել է, որ «[…] կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։ […]Կոլեգիալ կառավարման անհրաժեշտությունը, մասնավորապես, նպատակ ունի բազմակարծության ապահովման (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված), սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարման, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով երաշխավորել տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացումը։ […] Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։ […] Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը»։ Անդրադառնալով դատավորների թեկնածուների հավակնորդներին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումների համար անհրաժեշտ ձայներին՝ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից»։ Հետևաբար, Բարձրագույն դատական խորհրդի որպես մեկ միասնական կոլեգիալ մարմնի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության և առավել ևս դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի լուծման համար այլ կազմի նախատեսումը, քան մեկ միասնական մարմնի կողմից որոշման կայացումը իրավաչափ չէ և Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշման համատեքստում բացառում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից լեգիտիմ որոշումների կայացման կարողունակությունը: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության լեգիտիմության վրա ազդելու է նաև այն հանգամանքը, որ մյուս լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս այն հանդես է գալու մեկ միասնական 10 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնի կարգավիճակով: Ընդ որում, որպես դատարան հանդես գալու մյուս դեպքերում՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեակա հետապնդում կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս ևս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալու 10 անդամից բաղկացած կոլեգիալ դատարանի կարգավիճակով: Նման տարբերակումը որևէ կերպ հիմնավորված չէ: 2. Նախագծի նույն հոդվածի 1.3 կետը սահմանում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթով ձեւավորվում է առանձին կազմ, իսկ 1.5 կետը սահմանում է, որ նախատեսված կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով։ Ստացվում է, որ կարգապահական պատասխանատվության հարցեր քննելիս դատարանի կարգավիճակով հանդես եկող Բարձրագույն խորհրդի կազմը ձևավորվելու է վիճակահանությամբ, ինչը պրակտիկայում ունակ է հանգեցնելու ինչպես որպես դատարան գործող մարմնի ձևավորման նկատմամբ միջամտության, այնպես էլ անկախության, անաչառության և լեգիտիմության այլ վտանգների: 3. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Դատական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս լրացնել նոր երկրորդ եւ երրորդ նախադասություններով, համաձայն որոնց՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին..»: Այսինքն, Բարձրագույն Դատական խորհրդի երեք անդամից բաղկացած կազմը կարող է քննարկել և որոշում կայացնել դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ինչը կրկին Խորհրդի սահմանադրական կարգավիճակի իմաստազրկում է: 4. Նախագծի 15-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացում. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքում որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված»: Նման կարգավորման պայմաններում, չորս անդամից կազմված Խորհրդի կազմով որոշումների կայացման համար օբյեկտիվորեն կարող են ձայներն անբավարար լինել՝ հանգեցնելով նաև Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության տապալման և կարգապահական պատասխանատվության ինստիտուտի իմաստազրկման: 5. Առաջարկվող փոփոխություններով (Նախագծի հոդված 18)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ որոշման կայացմանը չմասնակցած անդամների կազմով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշումների դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին: Վենետիկի հանձնաժողովը, կարևորելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման հնարավորությունը, ընդունել է, որ բողոքարկման մեխանիզմը պետք է անկախ դատարանի կարգավիճակ ունենա ։ Ավելին, վերանայող դատական մարմնի կազմը պետք է նախատեսված լինի օրենքով։ Որոշումները պետք է վերանայվեն անաչառ դատական մարմնի կողմից, որը բողոքը կքննի դատաքննության բոլոր երաշիքները ապահովելով ։ Այս համատեքստում, Նախագծով սահմանված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնող ատյանի անդամների կազմն ու ընդհանուր թիվը: Նման պայմաններում, Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների համալրված չլինելու դեպքում կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունը կարող է իրականացվել տարբեր թվակազմով ատյանի կողմից՝ հանգեցնելով ինչպես իրավազորության, այնպես էլ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն բավարար թվակազմի տարբերության տարբեր դատավորների վերաբերյալ որոշումների կայացման համար՝ խախտելով նաև իրավական որոշակիության սկզբունքը և օրենքով նախատեսված դատարանի կողմից գործի քննության՝ դատավորի իրավունքը: Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա մշակել դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական բնույթին և էությանը: Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմի ներդրման հարցը քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան Չի ընդունվել 1. Ինչպես նշվել է նախագծի հիմնավորմամբ Դատական օրենսգրքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսման հարցը բազմիցս բարձրացվել և կարևորվել է ինչպես «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցներում: Մյուս կողմից, հիմնավորմամբ, կարևորելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսման անհրաժեշտությունը, նշվել է, որ բողոքարկման մոդելի ընտրությունը պետք է հաշվի առնի ներպետական օրենսդրությամբ, առաջին հերթին Սահմանադրությամբ, այս մարմնի կարգավիճակի առաձնահատկությունները: Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Սահմանադրության 175-րդ հոդվածը նախատեսում է ԲԴԽ-ի լիազորությունները, որոնց թվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը: Այս համատեքստում ԲԴԽ-ի կարգավիճակի առանձնահատկություններին և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները դատական ատյաններում բողոքարկելու հարցին անդրադարձել է Սահմանադրական դատարանը: 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների համար դասական տարբերակով բողոքարկման նախատեսումը պրակտիկայում կարող էր մի շարք խնդիրներ առաջացնել թե' կիրառելիության, թե' արդյունավետության առումներով: Բացի դրանից, նման կարգավորումը չէր բխի նաև դատական համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի սահմանադրական կարգավիճակից ու առաքելությունից: Սահմանադրական դատարանը, ժամանակին գնահատելով Արդարադատության խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում վերջնական ակտ կայացնելու իրավասության սահմանադրականությունը, նշել է, որ «Մեթոդաբանական նշանակության կարևոր հանգամանքն այն է, որ առավելապես գործող դատավորներից ու նաև գիտնական իրավաբաններից կազմված այդ մարմինը սահմանադրական իր իրավասության շրջանակներում ու օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում գնահատում է, թե իր իսկ կողմից դատավորի պարտականությունների համար լիազորված պաշտոնատար անձը որքանով է հավատարիմ իր երդմանը և ինչպես է կատարում պաշտոնական պարտականությունները: Սահմանադրական դատարանը գտել է, որ այս համակարգն ամբողջական է՝ իր գործառույթների կատարումը ներհամակարգային կայունության ու արդյունավետության ապահովման տեսանկյունից երաշխավորելու հարցում: Այն դուրս չի գալիս դատավորի պաշտոնական պարտականությունների կատարումը, նրա ծառայողական պիտանելիությունը գնահատելու սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներից, ինչն այս մարմնի բացառիկ իրավասությունն է: Այս հարցում դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեր արդարադատության խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի» (ՍԴՈ-1063)։ Վերահաստատելով մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և ի լրումն դրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է՝ հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի գործառութային դերը դատարանների և դատավորների անկախության ապահովման հարցում, ինչպես նաև դատական համակարգում ներառված մյուս դատարանների սահմանադրական գործառույթները, Սահմանադրության գործող կարգավորումների պայմաններում որևէ իրավական հնարավորություն առկա չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին այդ մարմնի որոշումների իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության որևէ մարմնում վերանայելու համար: Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ՝ բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այսպիսով, ամբողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին: Բացի դրանից, տվյալ որոշումների վերանայումը, դրանով իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը դուրս է Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթների շրջանակներից: Սահմանադրական դատարանը նույն գործով mutatis mutandis կիրառելի է համարում նաև ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտված իր այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ « …. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ներկա դատական համակարգի պայմաններում նման որոշումների դատական կարգով բողոքարկումն օրենսդրորեն ամրագրված առկա շրջանակներից դուրս կարող է աղերսներ ունենալ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդարադատության խորհրդի կազմի մեջ ներառված են հիմնականում գործող դատավորներ ՀՀ դատական համակարգի տարբեր օղակներից, ներառյալ` ՀՀ վճռաբեկ դատարանը: Նման պայմաններում ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների համակարգում նախատեսված չէ այնպիսի դատական ատյան, որի դատավորներն իրենց կարգավիճակով ավելի բարձր կլինեն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներից: Այս կապակցությամբ սույն գործով սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել նաև իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը, որտեղ սահմանադրական դատարանն անընդունելի է համարել հավասար կամ ցածր պետաիշխանական մակարդակի վրա գտնվող դատավորի կողմից նույն դատարանի նախագահի կամ վերադաս ատյանի դատարանների դատավորների գործողությունների (անգործության) վիճարկման վերաբերյալ դիմումները քննության առնելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև արդարադատության խորհրդի խնդրո առարկա որոշումների նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ որոշումները ԲԴԽ-ի բացառիկ իրավասությունն է, իսկ այս կապակցությամբ ԲԴԽ-ի որոշումների վերանայման լիազորության վերապահումը դատական ատյաններից որևէ մեկին կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին և կիմաստազրկեր խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի: Սահմանադրական դատարանի վերը ներկայացված դիրքորոշման, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և համեմատական փորձի համատեքստում Հայաստանի Հանրապետության համար որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման ընդունելի մոդել համարվել է Ուկրաինայի մոդելը, որում կարգապահական գործի քննությունն իրականացնում ու կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնում է Արդարադատության բարձրագույն խոհրդի կազմից ընտրված 4 անդամից կազմված Կարգապահական պալատը, իսկ վերջինի որոշումների դեմ բողոքները քննում է Արդարադատության բարձրագույն խորհուրդը: Ընդ որում, հարկ է կարևորել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովը «Ուկրաինայում Գերագույն դատարանը և դատական ինքնակառավարվող մարմինները կարգավորող իրավական շրջանակի վերաբերյալ» 2019 թվականի կարծիքում նշել է. «2016 թվականի «Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին» օրենքի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի իրականացումը մտնում է Արդարադատության բարձրագույն խորհրդի լիազորությունների մեջ և իրականացվում է կարգապահական պալատների կողմից, որոնց կազմի մեծ մասը պետք է լինեն դատավորներ: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ գոյություն ունեցող դատական կարգապահությանը վերաբերող ընթացակարգը ընդհանուր առմամբ համապատասխանում է կիրառելի չափանիշներին և, ճիշտ կիրառման դեպքում, պետք է ավելի ադեկվատ հավասարակշռություն ապահովի դատավորների անկախության և հաշվետվողականության միջև [CDL-AD(2019)027-e, Ukraine - Opinion on the Legal framework in Ukraine governing the Supreme Court and judicial self-governing bodies, adopted by the Venice Commission at its 121st Plenary Session, Venice, 6-7 December 2019, § 63]:»: Հայտնում ենք նաև, որ սույն թվականի ապրիլի 12-ին Արդարադատության նախարարը դիմել է Եվրոպայի խորհրդին՝ խնդրելով առաջարկություններ տրամադրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման հնարավոր լուծումների վերաբերյալ: Ի պատասխան՝ ԵԽ-ի փորձագետների կողմից կազմված կարծիքում որպես այս խնդրի հնարավոր լուծման տարբերակ առաջարկվել է նաև այն մոտեցումը, որը և որդեգրվել է Նախագծով. մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը 1-ին ատյանի կարգով լուծում է ԲԴԽ-ի որոշակի թվով անդամների կազմը, իսկ որոշման դեմ բողոքը քննում են դրա կայացմանը չմասնակցած ԲԴԽ մյուս անդամները [European Union and Council of Europe Partnership for Good Governance 2019-2022, Project “Support to the judicial reform – enhancing the independence and professionalism of the judiciary in Armenia”, OPINION on possible solutions related to the Minister of Justice's authority to initiate disciplinary proceedings against the judges and the institute of the appeal against the decisions of the Supreme Judicial Council, էջ. 27]: Վերոնշվածի համատեքստում հարկ ենք համարում կարևորել, որ Նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների կայացումը և դրանց դեմ բողոքների քննությունը դուրս չի գալու (10 անդամից կազմված) ԲԴԽ-ի իրավասության շրջանակներից: Վերջին հաշվով նշված երկու հարցերի վերաբերյալ որոշումները կայացվելու է ամբողջ ԲԴԽ-ի կողմից, պարզապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որպես առաջին ատյան քննելու է խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը, իսկ այդ կապակցությամբ կայացրած որոշումների դեմ բողոքները՝ ԲԴԽ-ի՝ նշված կազմում չընդգրկված մյուս անդամները: Այսինքն՝ վերջնարդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումները կայացնելու է 10 անդամից կազմված ԲԴԽ-ն՝ համապատասխան կազմերի միջոցով, որոնք, որոնք հանդես գալով ԲԴԽ-ի անունից, գործելու են որպես ԲԴԽ: Այս համատեքստում պետք է նկատի ունենալ նաև, որ այս տրամաբանությունը նոր չէ ՀՀ օրենդրությունում: Այսպես, Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյանը վերաքննիչ դատարաններն են: Միաժամանակ, Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը սահամանում է, որ վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա: Իր հերթին նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան, իսկ գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան: Նույն ձևով, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է: Իսկ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Նույն հոդվածի 7-րդ մասում ևս սահմանվում է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ: Մյուս կողմից, Նախագծի 15-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում նախատեսվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ համապատասխան կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված: Այսինքն՝ առաջին ատյանի կարգով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբեյալ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ է, որ որոշման ընդունմանը կողմ քվեարկեն ԲԴԽ-ի առնվազն երեք անդամ: Նախագծի 18-րդ հոդվածով Դատական օրենսգրքում լրացվող 153.3-րդ հոդվածի 3-րդ մասն իր հերթին նախատեսում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշումների դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին: Նշված կարգավորումից հետևում է, որ բողոքի քննության արդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացվելու համար անհրաժեշտ է, որ դրա ընդունմանը կողմ քվեարկեն ԲԴԽ-ի առնվազն 4 անդամ: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ նշված կարգավորումների արդյունքում ստացվում է, որ որպես կանոն վերջնարդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե դրան կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, այսինքն՝ 7 անդամ (3+4): 2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմի ձևավորմանը հնարավոր միջամտությունները և առաջարկությամբ նշված ռիսկերը բացառելու նպատակով էլ Նախագծով հստակ սահմանվել է, որ այդ կազմը ձևավորվելու է վիճակահանությամբ: 3. 3-5-րդ առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումը ներկայացվել է 1-ին առաջարկության վերաբերյալ դիրքորոշման շրջանակներում: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի 17-րդ հոդվածով Դատական օրենսգրքում լրացվող 156.2-րդ հոդվածում հնարավորինս մանրամասն կարգավորվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունն իրականացնող կազմում խորհրդի անդամների թվակազմի հետ կապված հարցերը:
4 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 26.08.2022 16:36:16 Առաջարկվող փոփոխությունների համատեքստում ստացվում է, որ ԲԴԽ լիազորություններից դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը լուծելիս, ինչպես նաև՝ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը լուծելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես նոր և այլ կազմավորում ունեցող մարմին, ինչն ունակ է հանգեցնելու դրա կողմից կայացված որոշումների լեգիտիմության և վստահելիության խնդիրների: Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոլեգիալության կարգով որոշումների կայացման կարգին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ 1598 որոշմամբ արձանագրել է, որ «[…] կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։ […]Կոլեգիալ կառավարման անհրաժեշտությունը, մասնավորապես, նպատակ ունի բազմակարծության ապահովման (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված), սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարման, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով երաշխավորել տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացումը։ […] Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։ […] Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը»։ Անդրադառնալով դատավորների թեկնածուների հավակնորդներին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումների համար անհրաժեշտ ձայներին՝ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից»։ Հետևաբար, Բարձրագույն դատական խորհրդի որպես մեկ միասնական կոլեգիալ մարմնի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության և առավել ևս դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի լուծման համար այլ կազմի նախատեսումը, քան մեկ միասնական մարմնի կողմից որոշման կայացումը իրավաչափ չէ և Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշման համատեքստում բացառում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից լեգիտիմ որոշումների կայացման կարողունակությունը: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության լեգիտիմության վրա ազդելու է նաև այն հանգամանքը, որ մյուս լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս այն հանդես է գալու մեկ միասնական 10 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնի կարգավիճակով: Ընդ որում, որպես դատարան հանդես գալու մյուս դեպքերում՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեակա հետապնդում կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս ևս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալու 10 անդամից բաղկացած կոլեգիալ դատարանի կարգավիճակով: Նման տարբերակումը որևէ կերպ հիմնավորված չէ: 2. Նախագծի նույն հոդվածի 1.3 կետը սահմանում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթով ձեւավորվում է առանձին կազմ, իսկ 1.5 կետը սահմանում է, որ նախատեսված կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով։ Ստացվում է, որ կարգապահական պատասխանատվության հարցեր քննելիս դատարանի կարգավիճակով հանդես եկող Բարձրագույն խորհրդի կազմը ձևավորվելու է վիճակահանությամբ, ինչը պրակտիկայում ունակ է հանգեցնելու ինչպես որպես դատարան գործող մարմնի ձևավորման նկատմամբ միջամտության, այնպես էլ անկախության, անաչառության և լեգիտիմության այլ վտանգների: 3. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Դատական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս լրացնել նոր երկրորդ եւ երրորդ նախադասություններով, համաձայն որոնց՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին..»: Այսինքն, Բարձրագույն Դատական խորհրդի երեք անդամից բաղկացած կազմը կարող է քննարկել և որոշում կայացնել դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ինչը կրկին Խորհրդի սահմանադրական կարգավիճակի իմաստազրկում է: 4. Նախագծի 15-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացում. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքում որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված»: Նման կարգավորման պայմաններում, չորս անդամից կազմված Խորհրդի կազմով որոշումների կայացման համար օբյեկտիվորեն կարող են ձայներն անբավարար լինել՝ հանգեցնելով նաև Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության տապալման և կարգապահական պատասխանատվության ինստիտուտի իմաստազրկման: 5. Առաջարկվող փոփոխություններով (Նախագծի հոդված 18)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ որոշման կայացմանը չմասնակցած անդամների կազմով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշումների դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին: Վենետիկի հանձնաժողովը, կարևորելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման հնարավորությունը, ընդունել է, որ բողոքարկման մեխանիզմը պետք է անկախ դատարանի կարգավիճակ ունենա ։ Ավելին, վերանայող դատական մարմնի կազմը պետք է նախատեսված լինի օրենքով։ Որոշումները պետք է վերանայվեն անաչառ դատական մարմնի կողմից, որը բողոքը կքննի դատաքննության բոլոր երաշիքները ապահովելով ։ Այս համատեքստում, Նախագծով սահմանված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնող ատյանի անդամների կազմն ու ընդհանուր թիվը: Նման պայմաններում, Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների համալրված չլինելու դեպքում կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունը կարող է իրականացվել տարբեր թվակազմով ատյանի կողմից՝ հանգեցնելով ինչպես իրավազորության, այնպես էլ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն բավարար թվակազմի տարբերության տարբեր դատավորների վերաբերյալ որոշումների կայացման համար՝ խախտելով նաև իրավական որոշակիության սկզբունքը և օրենքով նախատեսված դատարանի կողմից գործի քննության՝ դատավորի իրավունքը: Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա մշակել դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական բնույթին և էությանը: Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմի ներդրման հարցը քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան Չի ընդունվել 1. Ինչպես նշվել է նախագծի հիմնավորմամբ Դատական օրենսգրքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսման հարցը բազմիցս բարձրացվել և կարևորվել է ինչպես «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցներում: Մյուս կողմից, հիմնավորմամբ, կարևորելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսման անհրաժեշտությունը, նշվել է, որ բողոքարկման մոդելի ընտրությունը պետք է հաշվի առնի ներպետական օրենսդրությամբ, առաջին հերթին Սահմանադրությամբ, այս մարմնի կարգավիճակի առաձնահատկությունները: Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Սահմանադրության 175-րդ հոդվածը նախատեսում է ԲԴԽ-ի լիազորությունները, որոնց թվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը: Այս համատեքստում ԲԴԽ-ի կարգավիճակի առանձնահատկություններին և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները դատական ատյաններում բողոքարկելու հարցին անդրադարձել է Սահմանադրական դատարանը: 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների համար դասական տարբերակով բողոքարկման նախատեսումը պրակտիկայում կարող էր մի շարք խնդիրներ առաջացնել թե' կիրառելիության, թե' արդյունավետության առումներով: Բացի դրանից, նման կարգավորումը չէր բխի նաև դատական համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի սահմանադրական կարգավիճակից ու առաքելությունից: Սահմանադրական դատարանը, ժամանակին գնահատելով Արդարադատության խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում վերջնական ակտ կայացնելու իրավասության սահմանադրականությունը, նշել է, որ «Մեթոդաբանական նշանակության կարևոր հանգամանքն այն է, որ առավելապես գործող դատավորներից ու նաև գիտնական իրավաբաններից կազմված այդ մարմինը սահմանադրական իր իրավասության շրջանակներում ու օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում գնահատում է, թե իր իսկ կողմից դատավորի պարտականությունների համար լիազորված պաշտոնատար անձը որքանով է հավատարիմ իր երդմանը և ինչպես է կատարում պաշտոնական պարտականությունները: Սահմանադրական դատարանը գտել է, որ այս համակարգն ամբողջական է՝ իր գործառույթների կատարումը ներհամակարգային կայունության ու արդյունավետության ապահովման տեսանկյունից երաշխավորելու հարցում: Այն դուրս չի գալիս դատավորի պաշտոնական պարտականությունների կատարումը, նրա ծառայողական պիտանելիությունը գնահատելու սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներից, ինչն այս մարմնի բացառիկ իրավասությունն է: Այս հարցում դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեր արդարադատության խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի» (ՍԴՈ-1063)։ Վերահաստատելով մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և ի լրումն դրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է՝ հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի գործառութային դերը դատարանների և դատավորների անկախության ապահովման հարցում, ինչպես նաև դատական համակարգում ներառված մյուս դատարանների սահմանադրական գործառույթները, Սահմանադրության գործող կարգավորումների պայմաններում որևէ իրավական հնարավորություն առկա չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին այդ մարմնի որոշումների իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության որևէ մարմնում վերանայելու համար: Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ՝ բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այսպիսով, ամբողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին: Բացի դրանից, տվյալ որոշումների վերանայումը, դրանով իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը դուրս է Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթների շրջանակներից: Սահմանադրական դատարանը նույն գործով mutatis mutandis կիրառելի է համարում նաև ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտված իր այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ « …. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ներկա դատական համակարգի պայմաններում նման որոշումների դատական կարգով բողոքարկումն օրենսդրորեն ամրագրված առկա շրջանակներից դուրս կարող է աղերսներ ունենալ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդարադատության խորհրդի կազմի մեջ ներառված են հիմնականում գործող դատավորներ ՀՀ դատական համակարգի տարբեր օղակներից, ներառյալ` ՀՀ վճռաբեկ դատարանը: Նման պայմաններում ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների համակարգում նախատեսված չէ այնպիսի դատական ատյան, որի դատավորներն իրենց կարգավիճակով ավելի բարձր կլինեն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներից: Այս կապակցությամբ սույն գործով սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել նաև իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը, որտեղ սահմանադրական դատարանն անընդունելի է համարել հավասար կամ ցածր պետաիշխանական մակարդակի վրա գտնվող դատավորի կողմից նույն դատարանի նախագահի կամ վերադաս ատյանի դատարանների դատավորների գործողությունների (անգործության) վիճարկման վերաբերյալ դիմումները քննության առնելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև արդարադատության խորհրդի խնդրո առարկա որոշումների նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ որոշումները ԲԴԽ-ի բացառիկ իրավասությունն է, իսկ այս կապակցությամբ ԲԴԽ-ի որոշումների վերանայման լիազորության վերապահումը դատական ատյաններից որևէ մեկին կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին և կիմաստազրկեր խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի: Սահմանադրական դատարանի վերը ներկայացված դիրքորոշման, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և համեմատական փորձի համատեքստում Հայաստանի Հանրապետության համար որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման ընդունելի մոդել համարվել է Ուկրաինայի մոդելը, որում կարգապահական գործի քննությունն իրականացնում ու կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնում է Արդարադատության բարձրագույն խոհրդի կազմից ընտրված 4 անդամից կազմված Կարգապահական պալատը, իսկ վերջինի որոշումների դեմ բողոքները քննում է Արդարադատության բարձրագույն խորհուրդը: Ընդ որում, հարկ է կարևորել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովը «Ուկրաինայում Գերագույն դատարանը և դատական ինքնակառավարվող մարմինները կարգավորող իրավական շրջանակի վերաբերյալ» 2019 թվականի կարծիքում նշել է. «2016 թվականի «Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին» օրենքի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի իրականացումը մտնում է Արդարադատության բարձրագույն խորհրդի լիազորությունների մեջ և իրականացվում է կարգապահական պալատների կողմից, որոնց կազմի մեծ մասը պետք է լինեն դատավորներ: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ գոյություն ունեցող դատական կարգապահությանը վերաբերող ընթացակարգը ընդհանուր առմամբ համապատասխանում է կիրառելի չափանիշներին և, ճիշտ կիրառման դեպքում, պետք է ավելի ադեկվատ հավասարակշռություն ապահովի դատավորների անկախության և հաշվետվողականության միջև [CDL-AD(2019)027-e, Ukraine - Opinion on the Legal framework in Ukraine governing the Supreme Court and judicial self-governing bodies, adopted by the Venice Commission at its 121st Plenary Session, Venice, 6-7 December 2019, § 63]:»: Հայտնում ենք նաև, որ սույն թվականի ապրիլի 12-ին Արդարադատության նախարարը դիմել է Եվրոպայի խորհրդին՝ խնդրելով առաջարկություններ տրամադրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման հնարավոր լուծումների վերաբերյալ: Ի պատասխան՝ ԵԽ-ի փորձագետների կողմից կազմված կարծիքում որպես այս խնդրի հնարավոր լուծման տարբերակ առաջարկվել է նաև այն մոտեցումը, որը և որդեգրվել է Նախագծով. մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը 1-ին ատյանի կարգով լուծում է ԲԴԽ-ի որոշակի թվով անդամների կազմը, իսկ որոշման դեմ բողոքը քննում են դրա կայացմանը չմասնակցած ԲԴԽ մյուս անդամները [European Union and Council of Europe Partnership for Good Governance 2019-2022, Project “Support to the judicial reform – enhancing the independence and professionalism of the judiciary in Armenia”, OPINION on possible solutions related to the Minister of Justice's authority to initiate disciplinary proceedings against the judges and the institute of the appeal against the decisions of the Supreme Judicial Council, էջ. 27]: Վերոնշվածի համատեքստում հարկ ենք համարում կարևորել, որ Նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների կայացումը և դրանց դեմ բողոքների քննությունը դուրս չի գալու (10 անդամից կազմված) ԲԴԽ-ի իրավասության շրջանակներից: Վերջին հաշվով նշված երկու հարցերի վերաբերյալ որոշումները կայացվելու է ամբողջ ԲԴԽ-ի կողմից, պարզապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որպես առաջին ատյան քննելու է խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը, իսկ այդ կապակցությամբ կայացրած որոշումների դեմ բողոքները՝ ԲԴԽ-ի՝ նշված կազմում չընդգրկված մյուս անդամները: Այսինքն՝ վերջնարդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումները կայացնելու է 10 անդամից կազմված ԲԴԽ-ն՝ համապատասխան կազմերի միջոցով, որոնք, որոնք հանդես գալով ԲԴԽ-ի անունից, գործելու են որպես ԲԴԽ: Այս համատեքստում պետք է նկատի ունենալ նաև, որ այս տրամաբանությունը նոր չէ ՀՀ օրենդրությունում: Այսպես, Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյանը վերաքննիչ դատարաններն են: Միաժամանակ, Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը սահամանում է, որ վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա: Իր հերթին նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան, իսկ գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան: Նույն ձևով, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է: Իսկ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Նույն հոդվածի 7-րդ մասում ևս սահմանվում է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ: Մյուս կողմից, Նախագծի 15-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում նախատեսվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ համապատասխան կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված: Այսինքն՝ առաջին ատյանի կարգով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբեյալ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ է, որ որոշման ընդունմանը կողմ քվեարկեն ԲԴԽ-ի առնվազն երեք անդամ: Նախագծի 18-րդ հոդվածով Դատական օրենսգրքում լրացվող 153.3-րդ հոդվածի 3-րդ մասն իր հերթին նախատեսում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշումների դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին: Նշված կարգավորումից հետևում է, որ բողոքի քննության արդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացվելու համար անհրաժեշտ է, որ դրա ընդունմանը կողմ քվեարկեն ԲԴԽ-ի առնվազն 4 անդամ: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ նշված կարգավորումների արդյունքում ստացվում է, որ որպես կանոն վերջնարդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե դրան կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, այսինքն՝ 7 անդամ (3+4): 2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմի ձևավորմանը հնարավոր միջամտությունները և առաջարկությամբ նշված ռիսկերը բացառելու նպատակով էլ Նախագծով հստակ սահմանվել է, որ այդ կազմը ձևավորվելու է վիճակահանությամբ: 3. 3-5-րդ առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումը ներկայացվել է 1-ին առաջարկության վերաբերյալ դիրքորոշման շրջանակներում: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի 17-րդ հոդվածով Դատական օրենսգրքում լրացվող 156.2-րդ հոդվածում հնարավորինս մանրամասն կարգավորվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունն իրականացնող կազմում խորհրդի անդամների թվակազմի հետ կապված հարցերը: