ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, որի համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով շարադրված են նշված օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում՝ օպերատոր հասկանությունը, մասնավորապես, այն, որ օպերատոր է հանդիսանում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունը, սակայն առաջարկվում է փոփոխել և սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր) անկախ պատկանելությունից:
Գործող կարգավորումների համաձայն՝ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարագավորումները։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել երթուղիների սպասարկման իրականացման նոր ընթացակարգ, որով առաջարկվում է ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերված ծառայությամբ։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կագվարումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Նշված փոփոխության արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում որոշված վճարը՝ անկախ նրանից, թե որքան ուղևոր է տեղափոխել:
Նշված ընթացակարգի առավելությունը կայանում է նրանում, որ փոխադրող կազմակերպությունը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ, տվյալ դեպքում, համայնքը հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաև ինքնուրույն սահմանելով փոխադրման վճարի չափը ինքնուրույն որոշել այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:
Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաև համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար, օրինակ՝ աղբահանության ծառայության համար կազմակերպությունները ներգրավում են գնումների մասին օրենքով սահմանված կարգով և նրանց վճարվող ծառայության արժեքը կապված չէ համայնքի կողմից աղբահանության համար սահմանված վճարի չափից:
Բացի այդ առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման և միասնական երթուղիների չվացուցաների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսված։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 36-րդ կետի պահանջներից։