Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________2022 թվականի N ________ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
N ___ Լ որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
- Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է հանրապետությունում հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, կապիտալ ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։
- Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝
- խթանել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը.
- խթանել նոր աշխատատեղերի ստեղծմանը.
- խթանել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը.
- նպաստել գյուղատնտեսության մեջ պետական և մասնավոր կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը.
- նպաստել գյուղատնտեսության ոլորտում մրցակցության բարձրացմանը:
- Ծրագրի մասնակիցներն են`
- ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
- Շահառուները կարող են օգտվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից, բացառությամբ նույն հողակտորի վրա միևնույն նպատակով իրականացվող ծրագրերի։
- Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն՝ ծրագրի N 1 աղյուսակով նախատեսված՝ շահառուի կողմից փաստացի իրականացված միջոցառումների ծախսերի փոխհատուցման տեսքով, շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի (այսուհետ՝ փոխհատուցան պայմանագիր) հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է նախարարության կողմից։
- Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ և դրանց սահմանների միավորմամբ՝ առնվազն 100 հա հանրագումարային մակերեսով, (այսուհետ՝ միավորված հողամաս), խրախուսել հանրապետությունում առկա գյուղատնտեսական մասնատված հողակտորների միավորմանը (կոնսոլիդացիային)։
- Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝
- առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը, ներառյալ՝ ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, պետք է լինի առնվազն 100 հա,
- առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների թվաքանակը՝ առնվազն 40 միավոր։
- շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 10%-ը,
- առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո։
- Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանում է նախարարությունը) և տեղեկանք կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։ Նախարարությունը, դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված դիմումը և շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր։
- Փոխհատուցման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը մշակում է նախարարությունը և ծրագրի հաստատումից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացներն օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված միջոցառումների և աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։ Միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված միջոցառումների և աշխատանքների իրականացման ժամկետները սահմանվում են փոխհատուցման պայմանագրով։
- Ծրագրից օգտվելու համար շահառուն պարտավոր է միավորված հողամասում իրականացնել N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը։
- Սույն ծրագրի 9-րդ կետից բացի, շահառուն պարտավոր է՝
- միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ (այսուհետ՝ հողամասերի միավորում)․
- հողամասերի միավորումն և N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 2 տարվա ընթացքում.
- ջրավազան(ներ)ը կառուցել՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար ոչ պակաս, քան 1000 խորանարդ մետր ջրի ծավալով, ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը:
- Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։
- Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:
- Յուրաքանչյուր շահառուի համար սահմանված՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա-ի գնահատված ընդհանուր ծախսերի առավելագույն սահմանաչափը 2760000 ՀՀ դրամ է (հաշվարկները ներկայացվում են N 1 աղյուսակում):
- Այն դեպքում, երբ հողամասերի միավորումը շահառուի կողմից իրականացվել է առանց N 1 աղյուսակում նշված որևէ աշխատանքների կատարման, ապա շահառուն սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացնում է տվյալ աշխատանքի կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրավոր հիմնավորումներ։ Սույն կետում նշված գրավոր հիմնավորումների բացակայության կամ նախարարության կողմից դրանց՝ ոչ բավարար համարվելու դեպքում չկատարված աշխատանք(ներ)ի համար N 1 աղյուսակում նախատեսված ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
- Հողամասերի միավորման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով․
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
- միավորված հողամասի նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․
- N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների կամ դրանց մի մասի իրականացման համար փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ այդ աշխատանքները պետք է իրականացված լինեն ծրագրով նախատեսված փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո:
- Նախարարությունը, սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում ներկայացված տեղեկատվությունները և ուսումնասիրության նպատակով իրականացնում մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Մոնիթորինգի արդյունքների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ հողերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների կատարման արդյունքները ծրագրի պահանջներին համապատասխանելու (դրական եզրակացություն) կամ չհամապատասխանելու (բացասական եզրակացություն) վերաբերյալ։
- Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ եզրակացությունը նախարարության կողմից տեղեկացվում է շահառուին։
- Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
- Ծրագրի ֆինանսական գնահատականի համար հիմք է ընդունվել կանխատեսումը, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը 2023 թվականին կկազմի շուրջ 1000 հա, 2024 թվականին՝ շուրջ 1500 հա, 2025 թվականին՝ շուրջ 2000 հա։
- Ծրագրի իրականացման գնահատված արժեքը 2023 թվականին կկազմի 2.76 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 4.14 մլրդ դրամ, 2025 թվականին՝ 5.52 մլրդ դրամ:
- Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև՝ սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի ժդ) կետի և 29-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ մասի պահանջների։ Սույն կետով նախատեսված պետական տուրքերի վճարումից ազատման համար շահառուն համապատասխան նոտարական գործողություններ իրականացնող մարմնի և գույքային իրավունքների գրանցում իրականացնող մարմնին է ներկայացնում փոխհատուցման պայմանագիրը, որը պետք է պարունակի տվյալներ ձեռքբերվող հողամասերի վերաբերյալ։
- Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
- գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով.
- գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 0.84%-ով․
- համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 10%-ով.
- գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.
- ոռոգելի հողատարածությունների ավելացում՝ շուրջ 4500 հա-ով.
- ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.
- հողերի շուկայի զարգացում.
- նոր աշխատատեղերի ստեղծում.
- մշակվող հողատարածքների ծավալների ավելացմամբ վճարվող հարկերի մուտքագրում.
- գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։
- Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը՝
- Միավորվող (կոնսոլիդացվող) հողամասերի ձեռքբերման իրավական փաստաթղթերի հետ կապված խնդիրներ (սեփականատերերի բացակայություն, ժառանգության ճանաչման գործընթաց, իրավունքների գրանցման բացակայություն, անհայտ սեփականատերեր և այլն).
- Գյուղատնտեսական նշանակության հողերի գնի բարձրացում.
- Առանձին հողամասերը մեկ գույքային միավորում միավորելու տեխնիկական անհնարինություն։
Աղյուսակ N 1
1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման համար փոխհատուցվող ծախսերը
|
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Աշխատանքի քանակը |
Միավորի արժեքը, դրամ |
Ընդամենը, դրամ |
1. |
Մակերեսային և խորքային քարերի համավքում քարհավաք մեքենաներով և կուտակում: |
հա |
1 |
300000 |
300000 |
2. |
Հավաքված քարերի տեղափոխում: |
հա |
1 |
100000 |
100000 |
3. |
Տարածքի հարթեցում գրեյդերով: |
հա |
1 |
75000 |
75000 |
4․ |
Տարածքի հողի անալիզ, մեխանիկական կազմի և հզորության որոշում։ |
հա |
1 |
20000 |
20000 |
5. |
Գոմաղբի, թռչնաղբի, տորֆի և զանազան կոմպոստների կիրառում։ |
տ/հա |
30-40 |
5000 |
150000 |
6. |
Խորը վար տրակտորային գութաններով 30-35 սմ: |
հա |
1 |
50000 |
50000 |
7. |
Հողի նախապատրաստական աշխատանքներ` չիզել փխրեցում մինչև 1 մ խորությամբ: |
հա |
1 |
65000 |
65000 |
8. |
Ոռոգման նպատակով ջրավազանի կառուցում |
մ3 |
1000 |
2000000 |
2000000 |
|
Ընդամենը |
|
|
|
2760000 |
-
Քննարկվել է
18.03.2022 - 04.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4327
Տպել