Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս.

«1.1. Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 13-րդ կետ.

«13) սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասում «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 123-րդ հոդվածում «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառը:

Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառը:

Հոդված 6. Օրենսգրքի 216-րդ հոդվածում «պահանջները» բառից հետո լրացնել «, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «կապված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Վիճակագրական» բառը փոխարինել «Վիճակագրության» բառով։

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.

2) լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու և լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր։»։

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը

 

  1. Աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացնելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չի տրամադրվում վարձատրություն՝ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:
  2. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:
  3. Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    08.10.2021 - 25.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15291

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2021

Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների նկատմամբ Նախագծով նախատեսված պարտականությունից բացառություն նախատեսելը խտրականությունից զերծ մնալու և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների խախտում է։ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն․ «Բոլորը հավասար են օրենքի առջև»։ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն․ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Նախագծի հեղինակները նշում են, որ բացառությունը նախատեսվել է «օբյեկտիվ հիմքով» և այդ հիմքը այն է, որ վերը նշված սուբյեկտների պաշտոնը ընտրովի է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։ Հաշվի առնելով վերը արտահայտված դիրքորոշումները՝ Առաջարկում ենք․ 1. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծըֈ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2021

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 07.07.2010թ. թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ աշխատանքի ընտրության ազատությունը, որպես սահմանադրորեն ամրագրված սոցիալական ազատություն, ներառում է, ի թիվս այլոց, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նաև արդեն ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը: ՀՀ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 15.11.2019թ. թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրական բովանդակությանը և արտահայտել հետևյալ իրավական դիրքորոշումը․ «հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք»: Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ նաև՝ Խարտիա) 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով: Խարտիայի 24-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա: Խարտիան սահմանել է, որ գործատուն աշխատողին չի կարող ազատել աշխատանքից, բացի այն դեպքերից, երբ առկա են հիմնավոր պատճառներ, որոնք ներառում են՝ (1) աշխատողի կարողության կամ վարքագծի հետ կապված պատճառները, (2) որոշ տնտեսական պատճառները: ՀՀ Սահմանադրական դատարանը 19.03.2019 թ. թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ ընդգծել է, որ աշխատանքից անհիմն ազատվելուց պաշտպանության սահմանադրական կարևորագույն երաշխիքներից է այն, որ աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով: Ընդ որում՝ աշխատանքից ազատման հիմքերն օրենքով սպառիչ նախատեսելուց բացի՝ պետությունը պետք է ապահովի այդ հիմքերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 75-րդ («Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը»), 78-րդ («Համաչափության սկզբունքը»), 79-րդ («Որոշակիության սկզբունքը»), 80-րդ («Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը») և 81-րդ («Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան») հոդվածների պահանջներին: Այսպիսով՝ վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան բոլոր աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց աշխատանքային հարաբերությունների «դադարեցումը» կապում է միայն աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ կապված պատճառների հետ, այլ կերպ ասած՝ աշխատողից անկախ պատճառնելով աշխատանքային հարաբերությունների դադարեցում չի թույլատրվում, ուստի՝ այս համատեքստում Նախագծերի կարգավորումները խնդրահարույց են։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2021

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ։ Աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 242): Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 243, մաս 2): Հատկանշական է, որ օրենսդիրը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունն ապահովելու պարտականությունը դնելով գործատուի վրա, միաժամանակ նախատեսել է, որ մի շարք մասնագիտությունների, աշխատանքների դեպքում, որոնք կարող են սպառնալիք լինեն բնակչության առողջության պահպանման, մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվելու տեսակետից, ինչպես նաև՝ մինչև տասնութ տարեկան աշխատողների դեպքում, գործատուն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի համապատասխան աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը։ Այսինքն՝ օրենսդիրը նպատակ հետապնդելով լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ բնակչության առողջության պահպանման, աշխատողին մասնագիտական ռիսկից զերծ պահելու հետ կապված, նախատեսել է, որ որոշ կատեգորիայի աշխատողներ ենթակա են պարտադիր բժշկական զննության, որը պետք է կազմակերպվի աշխատանքային ժամին և գործատուի միջոցների հաշվին, քանի որ գործատուն ի սկզբանե կրում է պարտավորություն՝ ապահվելու բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ։ Քննարկվող նախագծով գործատուի համար բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու պարտականություն սահմանելու փոխարեն սահմանվել է իրավունք լուծելու աշխատանքային պայմանագիրը այն դեպքում, երբ աշխատողը սեփական միջոցների հաշվին չի կարողանում իրականացնել ՊՇՌ թեստավորման պահանջը։ Հարկ է նշել, որ․ պարտադիր պատվաստման կամ թեստավորման վերաբերյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատողին, հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու կարգավորումները խնդրահարույց են աշխատանքի ընտրության ազատության բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքի տեսանկյունից։ առանձին խումբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հակահամաճարակային սահմանափակումների չկիրառումը անտրամաբանական է և խտրական։

Տեսնել ավելին