Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  կայքի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով ներկայացված ռիսկային և զգայուն տեղեկատվության հանրային մեծ նշանակությունը, իրավական ակտերի փոփոխությունները դրել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչպես նաև նախաձեռնում է իրականացնել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպում-քննարկումներ՝ հասարակությանը ի հայտ եկած նոր ռիսկերը և դրանցով պայմանավորված վտանգները իրազեկելու համար:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:

Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները:

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.07.2021 - 17.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հանրային քննարկում

02.07.2021 19:28

https://www.arlis.am/documentview.aspx?docid=125320

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7768

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

17.07.2021

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ գրասենյակ) նախագիծը գնահատում է խնդրահարույց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման, թափանցիկ և լավ կառավարման սկզբունքների տեսանկյունից։ Բացի այդ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու պետական համակարգի համար, քանի որ Նախագծի հեղինակները նշել են, որ e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը: Ստացվում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը հարցման միջոցով այնուամենայնիվ հասանելի է լինելու հանրության համար և հետևաբար ենթակա է լինելու հրապարակման, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի նախատեսում այդպիսի տեղեկատվության տրամադրման համար սահմնափակման հիմք։ Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչպես է նախագծով նախատեսված նպատակը կյանքի կոչվելու՝ հաշվի առնելով նախագծի հեղինակների կողմից մեջբերված հիմնավորումները։ Այդպիսի արհեստական գործընթացները կարող են ստեղծել բարենպաստ պայմաններ պետական մարմինների չարաշահումների և տեղեկատվության մատչելիության ոչ իրավաչափ սահամափակումների համար։ Կազմակերպությունը ուսումնասիրել է նաև ոլորտին առնչվող միջազգային ուղղենիշային փաստաթղթերը, որոնք արտահայտում են տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում ձևավորված սկզբունքները, միջազգային մարմինների մոտեցումները և պետությունների պրակտիկան։ ՄԱԿ-ի, ԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի Խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողներն իրենց 2004 թ. Համատեղ հռչակագրում նշել են, որ «պետական մարմիններից պահանջվում է ակտիվորեն հրապարակել, նույնիսկ հարցման բացակայության դեպքում, հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք տեղեկություննե: Պետք է համակարգեր ներդրվեն, որպեսզի ժամանակի ընթացքում ավելացվի այդպիսի պարբերական բացահայտման ենթակա տեղեկատվության քանակը» (JOINT DECLARATION By the UN Special Rapporteur on Freedom of Opinion and Expression, the OSCE Representative on Freedom of the Media and the OAS Special Rapporteur on Freedom of Expression 6 December 2004, p.34, https://www.osce.org/files/f/documents/5/5/99558.pdf): «Հոդված 19» ոչ կառավարական կազմակերպության`Գրաքննության դեմ պայքարի միջազգային կենտրոնի կողմից մշակվել են «Հասարակության իմանալու իրավունքը. Տեղեկատվության ազատության օրենսդրության սկզբունքները» վերնագրով 9 սկզբունքներ (Principle 1: Maximum disclosure, Principle 2: Obligation to publish, Principle 3: Promotion of open government, Principle 4: Limited scope of exceptions, Principle 5: Processes to facilitate access, Principle 6: Costs, Principle 7: Open meetings, Principle 8: Disclosure takes precedence, Principle 9: Protection for whistleblowers), որոնք հաստատվել են ՄԱԿ-ի կարծիքի և արտահայտման ազատության հարցերով հատուկ զեկուցողի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2000 թ. նստաշրջանի իր զեկույցում (E/CN.4/2000/63) , որպես միջազգային և տարածաշրջանային օրենսդրության և ստանդարտների, զարգացող պետական պրակտիկայի և ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա մշակված սկզբունքներ: Երկրոդ սկզբունքը վերաբերում է տեղեկատվության հրապարակման պարտավորությանը, որի համաձայն՝ պետական մարմինները պարտավոր են հրապարակել կարևոր (key) տեղեկատվություն։ Նշված սկզբունքը սահմանում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը նշանակում է ոչ միայն այն, որ պետական մարմինները պետք է պատասխանեն տեղեկտավության ստանալու համար ուղարկված հարցումներին, այլ նաև պետք է ակտիվորեն հրապարակեն և լայնորեն տարածեն նշանակալի հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը ողջամիտ սահմաններում՝ կախված ռեսուրսներից և կարողությունից: Առնվազն, պետական մարմինները պարտավոր են պարբերաբար հրապարակել և թարմացնել, ի թիվս այլնի, հասարակության վրա ազդող ցանկացած որոշման կամ քաղաքականության բովանդակությունը, ինչպես նաև որոշման պատճառները և որոշման ձևավորման համար կարևորագույն նյութերը, ներառյալ շրջակա միջավայրի, սոցիալական կամ մարդու իրավունքների վրա ազդեցության բոլոր գնահատումները: Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակի զեկույցում արձանագրվել է, որ տեղեկատվության մատչելիության իրավունքը ժողովրդավարական մասնակցության, պետության և պետական կառավարման վերահսկողության և կոռուպցիայի մոնիտորինգի կարևոր գործիքն է: Ժողովրդավարական համակարգերում, որոնցում պետության գործելավարքը կարգավորվում է հրապարակայնության և թափանցիկության կանոններով, պետության ձեռքում գտնվող տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարական մասնակցության, հասարակական գործերի լավ և թափանցիկ կառավարման, ինչպես նաև հասարակության կողմից կառավարության և նրա մարմինների վերահսկման հիմնարար պահանջն է, քանի որ այն քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տալիս մանրազնին ուսումնասիրել իշխանությունների գործողությունները (http://www.oas.org/dil/access_to_information_iachr_guidelines.pdf) ։ Հանդիպումների կամ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հնարավոր սահմանափակման մասով, ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է միայն Բուլղարական փորձը։ Բուլղարիայի հանրային տեղեկատվության մատչելիության մասին օրենքը նախատեսում է, որ տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել, եթե այն պարունակում է ընթացիկ կամ առաջիկա բանակցությունների վերաբերյալ կարծիքներ և դիրքորոշումներ։ Միաժամանակ ամրագրված են նաև տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ, այն է, որ նշված սահմանափուկումը չի կարող կիրառվել նման տեղեկատվության ստեղծման օրվանից 2 տարի անց և պաշտոնական հանրային տեղեկատվության հասանելիությունը չի կարող սահմանափակվել գերակշռող հանրային շահի առկայության դեպքում (Law for access to public information of Bulgaria, Art. 13. Prom. SG. 55/7 Jul 2000, amend. SG. 1/4 Jan 2002, amend. SG. 45/30 Apr 2002, amend. SG. 103/23 Dec 2005, amend. SG. 24/21 Mar 2006, amend. SG. 30/11 Apr 2006, amend. SG. 59/21 Jul 2006, amend. SG. 49/19 Jun 2007, amend. SG. 57/13 Jul 2007, amend. SG. 104/5 Dec 2008, amend. SG. 77/1 Oct 2010, amend. SG. 39/20 May 2011.)։ Ընդգծենք, որ նշված տեղեկատվության տրամադրման սահմանափակումը նախատեսված է օրենքով։ Հաշվի առնելով, որ գործողումների արդյունքում ընդունված որոշումները, ստորագրված փաստաթղթերն անմիջական ազդեցություն կարող են ունենալ անձանց իրավունքների և օրինական շահերի վրա, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության հրապարակումը բխում է պետական մարմինների գործունեության հաշվետվողականության, թափանցիկության և լավ կառավարման սկզբունքներից, առաջարկում ենք Նախագիծը չեղարկել։

Shushan Doydoyan

05.07.2021

Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին. 1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։ 2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։ 3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։ 4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։

Shushan Doydoyan

05.07.2021

Շատ անորակ, վտանգավոր նախագիծ է։

Տեսնել ավելին