Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

  • 1-ին մասի «անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք, ոչ կանոնավոր փոխադրոմներ իրականացնողներ» բառերով.
  • 3-րդ մասի «երկրորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «երկրորդ և երրորդ պարբերություններով» բառերով.
  • 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն կատարում է հսկիչ գնում` սույն օրենքի N 2.2 հավելվածով սահմանված կարգով, որոնց արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու հարցը քննարկելու նպատակով: Տնտեսվարող սուբյեկտների և ստուգող անձանց` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները գործում են նաև սույն պարբերությամբ սահմանվող ուսումնասիրությունների դեպքում:»:

    

   Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 2.2-ի հավելվածով.

 

 

«Հավելված 2.2
«Հայաստանի Հանրապետությունում
 ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին» Հայաստանի
 Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1.1. Սույն կարգով սահմանվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեությունը բացահայտելու համար:

1.2. Տեսչական մարմնի հսկիչ գնում է համարվում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջներ կատարելուն վերաբերող՝ տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրությունը:

Հսկիչ գնումը կատարվում է տեսանկարահանելու կամ ձայնագրելու  միջոցով :

1.3. Հսկիչ գնման համար հիմք են՝

1) տեսչական մարմնի համապատասխան աշխատակցի՝ տեսչական մարմնի ղեկավարին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում կատարելու մասին.

2)  երրորդ անձից ստացված տեղեկությունը (այսուհետ՝ դիմում): Երրորդ անձ է համարվում հսկիչ գնման կողմ չհամարվող անձ, որը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ տեսչական մարմին է ներկայացնում դիմում:

1.4. Հսկիչ գնում կատարվում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով  (այսուհետ՝ հանձնարարագիր), որում նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն, լրիվ անվանումը և գտնվելու վայրը), հսկիչ գնում կատարելու վայրը, ժամկետները և տեսչական մարմնի՝ հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)՝ վավերացված տեսչական մարմնի կնիքով:

1.5. Հսկիչ գնումը կատարվում է առանց տնտեսավարող սուբյեկտների նախնական ծանուցման։

Հսկիչ գնումից հետո հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտին (իրավաբանական անձի դեպքում՝ ղեկավարին կամ փոխարինող պաշտոնատար անձին):

1.6. Հսկիչ գնումի արդյունքում կազմվում է տեսչական մարմնի սահմանված ձևով արձանագրություն՝ երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են  հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրությունը կազմելու վայրը, հսկիչ գնում կատարելու վայրը, ժամանակը, հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի (անձանց) (անունը, ազգանունը, պաշտոնը): Արձանագրությունն ստորագրում է հսկիչ գնում կատարող անձը (անձինք) և տնտեսվարող սուբյեկտը (իրավաբանական անձի դեպքում՝ ղեկավարը կամ փոխարինող պաշտոնատար անձը)  կամ նրա անունից ծառայություն մատուցողը: Արձանագրությունն հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին (իրավաբանական անձի դեպքում՝ ղեկավարին կամ փոխարինող պաշտոնատար անձին), որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

  1. Տեսչական մարմնի հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեից տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին:»:

   Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    20.05.2021 - 05.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5577

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.05.2021

Միաժամանակ կարելի է տեսչական մարմնին, ՀՀ օրենսդրությամբ, տալ լիազորությունների մեծ շրջանակ, սակայն չստանալ ցանկալի արդյունք, քանի որ մարդկային գործոնը բավականին մեծ է: Տվյալ պարագայում խախտումը արձանագրելու, հետագա գործողություններ իրականացնելու՝ խախտումը վերացնելու և կանխարգելելու համար անհրաժեշտ է կամք, ինչով տվյալ տեսչական մարմինը, մասնավորապես տրանսպորտի բնագավառում օժտված չէ: Առկա են օրինակներ երբ ակնհայտ խախտումը չի արձանագրվել տեսչական մարմնի կողմից, չիրականացնելով օրենքով վերապահված լիազորությունները, տալով անհեթեթ հիմնավորումներ: Հետևաբար կարծում ենք, որ օրենքի նախագիծը բացառապես միտված է տոտալ վերահսկողութուն իրականացնելու փոքր տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, այն էլ պետական բյուջեի միջոցներով:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.05.2021

Առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնող պետական մարմինների ցանկը- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և այլն:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.05.2021

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «1-ին մասի «անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և ֆիզիկական անձանց» բառերով»: Առաջարկվում է չմասնավորեցնել, քանի որ օրենքի տվյալ դրույթը սահմանում է, թե ովքեր են հանդիսանում տնտեսվարող սուբյեկտներ, այլ ոչ թե դրանց գործունեության տեսակները: Կարծում ենք, որ հնարավոր են դեպքեր երբ ֆիզիզկական անձինք իրականացնեն օրինակ կանոնավոր ուղևորափոխադրումներ, կամ այլ բնագավառներում ապօրինի գործունեություն, կամ ավտոկայարանային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագիր չունեցող կազմակերպությունների կողմից իրականացվի տոմսերի վաճառք և այլ ապօրինի գործունեություն: Տվյալ դեպքերում նույնպես հնարավոր ենք համարում, որ իրականացվի հսկիչ գնում:

Տեսնել ավելին