«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը (այսուհետ նաև՝ Նախագիծ) պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հայտարարագրման գործող համակարգում կատարված էական փոփոխություններով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ին ընդունվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը:
Սույն որոշմամբ սահմանվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնյա հանդիսացող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի ձևերը։ 2020 թվականի հունվարի 30-ի նշված որոշումը արտացոլում էր «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան գլխով հայտարարագրերին ներկայացվող պահանջները և ներառում էր հայտարարագրում ներառվող ամբողջ տեղեկատվությունը։ Սակայն, 2021 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի փետրվարի 17-ին։ Օրենքի ընդունումը բխում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) նախանշված կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ուղղություններից։ Օրենքով ամբողջովին վերանայվել են հայտարարագրման ինստիտուտը կարգավորող՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ գլխի դրույթները։
Մասնավորապես՝ Օրենքով ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով սահմանվել են հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, ծախսերի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվությունը և այլն։ Ծախսերի հայտարարագրի ներդրմամբ պայմանավորված վերանայվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ գլխի վերնագիրը, ինչպես նաև սույն գլխի այլ կարգավորումներ։ Օրենքով վերանայվել է գույքի հայտարարագրերի բովանդակությունը: Վերանայվել է թանկարժեք գույքի դրամական շեմը: Սահմանվել է, որ թանկարժեք գույք է հանդիսանում չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույքը: Ներդրվել է փաստացի տիրապետվող գույքի, հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը: Ընդլայնվել է գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Օրենքով հստակեցվել է նաև հայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները: Վերանայվել է եկամտի հայտարարագրում ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Փոփոխությունների են ենթարկվել նաև շահերի հայտարարագրման որոշ կարգավորումներ և այլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը` առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշումը։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ իրականացնել համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է խմբագրել որոշումը, այն համապատասխանեցնելով Օրենքով սահմանված կարգավորումներին՝ ներառելով նոր ներդրված ինստիտուտները։ Ընդ որում, հաշվի առնելով փոփոխությունների լայնածավալ բնույթը, նպատակահարմար է գտնվել որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքով հայտարարագրերի համակարգում իրականացված փոփոխություններին:
-
Քննարկվել է
31.03.2021 - 15.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5736
Տպել