Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին»

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ 

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույնները» մրցույթի (այսուհետ` մրցույթ) անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Մրցույթի նպատակն է.

1) Խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

2) Խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը:

3) Խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ վերջիններիս հեղինակության բարձրացմանը:

  1. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
  2. Մրցույթին կարող են մասնակցել.

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը և/կամ ուսուցիչները կամ նախադպրոցական հաստատության դաստիարակները:

2) հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և/կամ տնօրենները:

3)հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցը և/կամ աշխատակիցները։

  1. Սույն կարգի 4. կետի 1), 2), 3) ենթակետերում նշված խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

          1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

          2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

          3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։ 

          4) նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

          5) նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

          6) նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։

  1. Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ:
  2. Մրցույթի մասնակցի ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:
  3. Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնս 3 անդամներից:
  4. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Խմբային հայտի դեպքում սույն կարգի 4, 5, 7, 8 կետերի պահանջները գործում են խմբի բոլոր անդամների համար։
  5. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
  6. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարության) կողմից մրցույթի հայտարարությամբ հրապարակված ժամկետներում։ Ծրագրային առաջարկների ներկայացման ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ աշխատանքային օրվանից։
  7. Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ներառում է տեղեկատվություն մրցույթի փուլերի ժամկետների, մասնակցության պայմանների և չափանիշների, անվանակարգերի վերաբերյալ։
  8. Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվում է մրցույթի հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։
  9. Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք փուլերով՝

1) ծրագրային առաջարկների ընդունում,

2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,

3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

  1. Մրցույթին մասնակցողը կամ մասնակցողների խումբը ներկայացնում է ծրագրային առաջարկ, որը կարող է ուղղված լինել հետևյալ խնդիրներին.

          1) ուսումնական հաստատությունների ուսուցիչների  և դաստիարակների պարագայում՝դասավանդման այլընտրանքային, նոր ﬔթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրմանն ու կիրառմանը,  գնահատման այլընտրանքային ձևերի ներդրմանն ու կիրառմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակներում, այդ թվում շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը, ևն։

2) ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կազմակերպությունների և կառույցների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը, և այլն:

3) ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը, ևն։

  1. Մրցույթին ներկայացվող ծրագրային առաջարկը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների)  ինքնակենսագրությունը՝ CV (հայերեն լեզվով)

2) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր) պատճենը.

3) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) անհրաժեշտության այլ փաստաթղթեր, ինչպես մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում), գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները, ինչպես նաև ուսուցչի որակավորման տարակարգը հավաստող վկայականների պատճենները (առկայության դեպքում), վերապատրաստման վկայականի, այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

5) Ծրագիրը, որը պետք է բավարարի սույն կարգի 17 կետում նշված պահանջներին։

  1. Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.

1) ծրագրի նկարագիր,

2) ծրագրի նպատակ և խնդիրներ,

3) ծրագրի ակնկալվող արդյունքներ,

4) ծրագրի իրականացման պլան,

5) ծրագրի շարունակականության ապահովումը,

6) եթե ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա հետագա տարածմանը, պետք է ներառել նաև դրա կիրառության արդյունավետության գնահատում, ուղեկցող նյութեր, օրինակ՝ անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն):

7) ծրագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ ներառյալ նաև դրա սահիկաշարը:

  1. Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն հայտարարությամբ սահմանված ժամկետներում։ Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվում։ Ոչ ամբողջական ծրագրային առաջարկների պարագայում, հանձնաժողովի որոշմամբ, կարող է տրվել մինչև երեք աշխատանքային օր՝ բացակայող փաստաթղթերի ներկայացման համար։ Տրված ժամկետից հետո ոչ ամբողջական ծրագրային առաջարկները չեն դիտարկվում։

 

  1. IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

  1. Բոլոր ծրագրային առաջարկները, որ ամբողջական են և ներկայացված են հայտարարությամբ սահմանված ժամկետներում, գնահատվում են հանձնաժողովի կողմից ծրագրային առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Ծրագրային առաջարկները դասակարգվում և գնահատվում են ըստ մասնակիցների տարբեր խմբերի և անվանակարգերի։
  3. Ծրագրային առաջարկների գնահատման չափանիշներն են.
    համապատասխանությունը սույն կարգի 4-10 և 15-18 կետերին, ծրագրային առաջարկի հիմնավորվածությունը, իրատեսականությունը և շարունակականությունը։
  4. Ծրագրային առաջարկը գնահատվում է հարյուր միավորային համակարգով՝ ըստ սույն կարգի 21-րդ կետի չափանիշների։ Յուրաքանչյուր չափանիշին տրվող միավորների չափը որոշում է հանձնաժողովը:
  5. Յուրաքանչյուր ծրագրային առաջարկ գնահատվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից։ Ծրագրային առաջարկի ստացած ընդհանուր միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների միջին թվաբանականով։
  6. Մասնակիցների յուրաքանչյուր խմբի և յուրաքանչյուր անվանակարգի համար կազմվում է դասակարգման առանձին ցանկ՝ ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի։
  7. Յուրաքանչյուր փուլում պարգևատրվում են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում՝ ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից, որոնց քանակը սահմանվում է տվյալ փուլի մրցույթի հայտարարությամբ։
  8. V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
  9. Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները ներկայացնող մասնակիցները կարող է տրվել նյութական կամ դրամական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույնը չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է անհատական ծրագրային առաջարկի դեպքում և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային ծրագրային առաջարկի դեպքում։
  10. Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում արդյունքներն ամփոփելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.09.2020 - 24.09.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14430

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Ղարիբյան

14.09.2020

Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան

Գայանե Սաֆարյան

10.09.2020

Առաջարկում եմ մասնակցության համար տվյալ ոլորտում զբաղվածության պարտադիր շեմը 2 տարվա փոխարեն սահմանել՝ առնվազն 5 տարի:

Գայանե Սաֆարյան

10.09.2020

Առաջարկում եմ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռնել նաև փոխտնօրեններին:

Տեսնել ավելին