Լրամշակման փուլում է
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Ապոստիլ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
2) Պաշտոնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչական, դատական և այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչի կամ էլեկտրոնային ձևաչափով կազմված և տրամադրված փաստաթղթեր:
Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացում
- Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:
- Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կազմված և տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:
- Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացվում են Արդարադատության նախարարության կողմից:
- Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու, դիմումի ուսումնասիրության կարգը և ժամկետները, ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումը իրականացնելու կարգը, ինչպես նաև ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանում է Արդարադատության նախարարը:
- 5. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների:
- Պաշտոնական փաստաթուղթը սահմանված ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայության դիմաց գանձվող վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Օտարերկրյա պետության կողմից կազմված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում
- 1. Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր՝ առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
- Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերի ապոստիլով հաստատված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը կամ փաստաթուղթը ազատվել է օրինականացումից:
Հոդված 5. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքեր.
- Պաշտոնական փաստաթուղթնապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
- փաստաթուղթը պատրաստվել կամ հաստատվել, կամ կնիքվել է դրա լիազորությունը չունեցող անձի կամ մարմնի կողմից,
- փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձևաչափին,
- փաստաթղթիապոստիլով վավերացումը չի բխում Կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից
- փաստաթղթիապոստիլով վավերացնելու լիազորությունը վերապահված չէ տվյալ մարմնին,
- փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի և փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
- անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատված կնիքը կամ դրոշմակնիքը,
- փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
- չի ներկայացվել փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և վճարումը հավաստող անդորրագիրը,
- փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
- փաստաթուղթը ակնհայտ կեղծ է:
Հոդված 6. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը կազմող և տրամադրող մարմնի կողմից տեղեկությունների տրամադրում
- Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող և տրամադրող մարմինները և պաշտոնատար անձիք Արդարադատության նախարարություն ներկայացնում են իրենց կողմից կազմվող պաշտոնական փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշները: Պաշտոնական փաստաթղթի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձևանմուշ սահմանված լինելու դեպքում Արդարադատության նախարարություն է տրամադրվում նաև այդ ձևանմուշը:
- Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգերի ուժի մեջ մտնելը պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատման գործընթացը իրականացվում է գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
02.06.2020 - 13.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Նոտարական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8532
Տպել