Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

         «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծի մշակումը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, համաձայն որի՝ կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Այն բխում է նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ Խարտիա) 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության (սոցիալական ապահովության ծառայությունների ստեղծման և պահպանման գործին հանրության մասնակցության ապահովումը) պահանջից: Հայաստանի Հանրապետությունը, 2005 թ. դեկտեմբերին վավերացնելով «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիան, ստանձնել է կամավորությունը խթանելու և խրախուսելու  պարտականություն: Նման պարտականություն է սահմանված նաև «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով (2002 թ. hունվարի 10):

          Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է նաև միասնական իրավական հիմքերի սահմանման, ինչպես նաև ներկայում կամավորի ներգրավման կամ կամավորի օգնության կարիք ունեցող, սակայն  իրավական հիմքեր չունեցող կազմակերպությունների (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր) համար նման իրավասության սահմանման և ոլորտում առկա կամավորի մշակույթի զարգացմանն ու ներդրմանը խոչընդոտող այլ խնդրիների լուծման անհրաժեշտությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ կրթության ընթացքում հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելու, մարդկային և սոցիալական կապիտալ ձևավորելու և աշխատաշուկային ծանոթանալու արդյունավետ միջոցներից է կամավորությունը, Կառավարության 05.12.2019 N 1753-Լ որոշմամբ 1-ին հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարությամբ նախատեսվել է կամավորության ինստիտուտի զարգացմանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումների մշակում և ներդրում (1-ին նպատակ, 1.7-րդ գործողություն): Ինչով էլ պայմանավորված` նույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակի 1-ին խնդրի 1.7-րդ գործողության կատարման շրջանակներում մշակվել է Նախագիծը և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

        Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո:

Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ, ըստ էության, բացակայում են կամավորության մշակույթի կայացման և ներդրման համար միասնական իրավական հիմքերը:  Այնուամենայնիվ, կամավորներ ներգրավելու հետ կապված որոշ ընդհանրական կարգավորումներ առկա են բարեգործության ոլորտում բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար և առավել որոշակի, ընդ որում՝ պայմանագրային կարգավորումներ առկա են հասարական կազմակերպությունների համար:

         «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է հասարակական կազմակերպություններին (բացառությամբ կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների) իրենց ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավել կամավորներ: Շաբաթական 20 ժամը գերազանցող կամավոր աշխատանքի դեպքում սահմանված են կամավորի հետ պայմանագիր կնքելու, կամավոր աշխատանքի մասին պայմանագրի բովանդակության, կամավոր աշխատանքի կատարման հետ կապված փոխհատուցման որոշակի կարգավորումներ: Հարկ է նշել, որ մինչև 20 ժամ ծանրաբեռնվածությամբ կամավոր աշխատանք կատարողների համար որևէ իրավական երաշխիք օրենքով ամրագրված չէ:

         Բարեգործության բնագավառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված են կամավորի հասկացությունը, բարեգործություն ստացողների շրջանակը, որոնց օգտին կամավորների կողմից կատարվում են անհատույց աշխատանքներ, բարեգործական կազմակերպությունները, որոնք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով: Սահմանված են նաև բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում ներգրավված կամավորների հաշվառման և խրախուսման (ՀՀ պատվավոր կամավոր, ՀՀ տարվա կամավոր կոչումների շնորհում) վերաբերյալ որոշակի օրենսդրական կարգավորումներ:  Սակայն սահմանված չի ստույգ ընթացակարգ՝ պայմանագրային կարգավորումներ, կողմերի իրավունք պարտականություններ, սոցիալական երաշխիքներ, ծախսերի հատուցման վերաբերյալ կարգավորումներ:

          Ընդ որում՝ բարեգործական կազմակերպություններից հասարակական միավորումների ձևով ստեղծված կազմակերպությունների համար կամավորներ ներգրավելու հետ կապված հարաբերությունները (ընդ որում՝ ինչպես նշվեց միայն շաբաթական 20 ժամը գերազանցող կամավոր աշխատանքի դեպքում) ներկայում կարգավորվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, իսկ հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով ստեղծված բարեգործական կազմակերպությունների համար կամավորների հետ կապված օրենսդրական որևէ նորմ, բացի «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանրական կարգավորումների, սահմանված չէ:

           Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ ներկայում կամավոր աշխատանքի համար «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված  խրախուսման երաշխիքները տարածվում են միայն բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում ներգրավված կամավորների վրա: Այլ բնագավառներում ներգրավված կամավորների  համար (որոնց թվում նաև այն հասարակական կազմակերպությունների կամավորների համար, որոնք բարեգործական ծրագրերի շրջանակներում չեն կատարում իրենց կամավոր աշխատանքները) նման երաշխիքներ սահմանված չեն:

Հատկանշական է նաև այն, որ առկա օրենսդրական կարգավորումներով հստակ տարանջատված չեն մինչև շաբաթական 20 ժամ ծանրաբեռնվածությամբ հասարակական կազմակերպության կողմից ներգրավված կամավորները և անօրինական աշխատողները,  սահմանված չեն ոլորտում գործունեություն ծավալող բոլոր սուբյեկների (կամավոր ներգրավելու անհրաժեշտություն ունեցող կազմակերպություններ, կամավոր աշխատանք կատարող անձինք)   համար հավասար պայմաններ և հնարավորություններ, սահմանված չեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները և, դրանով իսկ՝ ստույգ տարանջատված չեն աշխատանքային հարաբերություններից:

          Այսպիսով՝ ինչպես նշվեց դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա որոշակի խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը: 

          Մասնավորապես, դրանցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական խնդիրները`

1)    կամավորական գործունեություն և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, ինչպես նաև կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումները,

2)    կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները, ինչպես նաև կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձի կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմների բացակայությունը,

3)   կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց, կամավորական գործունեության իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների շրջանակի ամրագրման անհրաժեշտությունը,

4)    կամավորի և կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային ոչ ամբողջական օրենդրական կարգավորումները,

5)   կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմների բացակայությունը, ոչ միասնական  հարկային արտոնությունների առկայությունը,

6)   կամավոր աշխատանքի ընթացքում կամավոր աշխատանք կատարողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, օրենքով սահմանված դեպքերում՝ կամավոր աշխատանք կատարողների կրած վնասի հատուցման մեխանիզմների, ինչպես նաև կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի ապահովագրության երաշխիքների բացակայությունը,

7)    կամավոր աշխատանքներում քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների ներգրավման խթանիչ մեխանիզմների բացակայությունը,

8)   օրենքով սահմանված կարգով սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար կամավոր հիմունքներով աջակցող ցանցին միանալու դեպքում օրենսդրական կարգավորման ամբողջական մեխանիզմների բացակայությունը,

9)   կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների (Կազմակերպություններ, կամավորներ, կամավոր աշխատանք կատարող այլ անձինք) հաշվառման մեխանիզմների բացակայությունը,

10) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական իրավունքների և պարտականությունների ամրագրման անհրաժեշտությունն ու օրենսդրական կարգավորումների բացակայությունը,

11)  կամավոր աշխատանքներն օտարերկրյա պետություններում, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու վերաբերյալ ամբողջական օրենսդրական կարգավորումների բացակայությունը,

12)  կամավորի աշխատանքի հետ կապված իրավական, սոցիալական, ինչպես նաև այլ երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

         Պայմանավորված կամավորի ինստիտուտի կայացման և քաղաքացիական հասարակության մեջ վերջինիս դերի բարձրացման կարևորությամբ` 1985 թ. դեկտեմբերի 5-ը ճանաչվեց տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցող կամավորների միջազգային օր, իսկ 2001թ. (այնուհետև՝ 2011 թ.) հայտարարվեց կամավորների միջազգային տարի:

         Կամավորի ինստիտուտի կայացման և քաղաքացիական հասարակության մեջ վերջինիս դերի բարձրացման մեջ մեծ դերակատարում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը՝ 2001 թ. դեկտեմբերի 5-ին ընդունելով N 56/38 բանաձևը, որում  կոչ արեց պետություններին ստեղծել համապատասխան օրենսդրական հիմք՝ ոգեշնչելով մարդկանց կամավորական գործունեություն իրականացնելու հարցում: Այնուհետև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեցին 2012 թ. դեկտեմբերի 20-ի N 67/138, ինչպես նաև  2015 թ. դեկտեմբերի 7-ի N 56/38 բանաձևերը՝ աշխարհի խաղաղության պահպանությանն ու զարգացմանը կամավորներին ինտեգրելու վերաբերյալ բանաձևերը:

         ՄԱԿ-ի հանձնարարականներով անդամ երկրներին հանձնարարվել է կամավորական գործունեությունը ներառել իրենց սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ռազմավարություններում, ծրագրերում, բացառել ուղղակի և անուղղակի ձևով կամավորական գործունեությանը խանգարող, կամավոր աշխատանքը ոչ շահավետ ձևով ներկայացնող բոլոր խոչընդոտները, ինչպես նաև, հարգելով կամավորների լիիրավ անկախությունը` նրանց տրամադրել իրավական կարգավիճակ և պատշաճ սոցիալական պաշտպանություն: Կամավորության ողջ ներուժը օգտագործելու նպատակով՝ բնակչության բոլոր սոցիալական խմբերին (այդ թվում՝ երիտասարդներին, տարեցներին, կանանց, միգրանտմներին, փախստականներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնություններին) աջակցել և ներառել կամավորության մեջ՝ ապահովելով կամավորության համար հավասար պայմաններ և հնարավորություններ:

          Կամավորական գործունեության խթանման հարցում կարևոր դերակատարում ունեցել նաև Եվրոպայի Խորհուրդը, որը ևս կոչ արեց անդամ երկրներին իրենց օրենքներից և իրավակիրառական պրակտիկայից բացառել այն բոլոր արգելքները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով խոչընդոտել անձանց՝ կամավորական գործունեությամբ զբաղվելուն:

          Որպես ազգային և միջազգային տնտեսության զարգացմանը նպաստող կարևորագույն ռեսուրս և քաղաքացիական ակտիվության դրսևորման հիմնարար տարր՝ կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը հստակ կարգավորված են աշխարհի մի շարք երկրներում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Չե­խիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Ռումինիայում և այլ երկրներում:

          Ուսումնասիրված  երկրների փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ կան կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամուր ձևավորված ազգային ավանդույթներ, կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքն անմիջականորեն պաշտպանված են օրենքով: Կամավորի իրավական կարգավիճակի օրենսդրական ամրագրման բացակայությունն էական խոչընդոտներ է առաջացնում կամավորներին անօրինական աշխատողներից տարանջատելու հարցում: Մեկ այլ խնդիր է, երբ կամավոր աշխատանքների կատարման համար օրենսդրորեն նախատեսված չեն լինում պայմանագրային կարգավորման վերաբերյալ պարտադիր պահանջներ: Ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի կամավորները զրկված լինեն որոշակի իրավական, սոցիալական և այլ երաշխիքներից:

          Օրինակ, Լատվիայում, Լիտվայում, Ռումինիայում, Շվեդիայում, Չեխիայում, ինչպես նաև այլ երկրներում մինչև կամավոր աշխատանքներ կատարելը նախատեսված են պարտադիր պայմանագիր կնքելու վերաբերյալ կարգավորումներ:

          Կարևորելով կամավորի ինստիտուտի օրենսդրական համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացիական հասարակության մեջ առկա զարգացումներն ու մարտահրավերները՝ դեռևս 2006 թ., ապա նաև՝ 2010 թ., մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծեր:

           Շահագրգիռ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն տեսակետը, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա, պայմանավորված այն հանգամանքով, որ կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Արդյունքում, «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից:

        2015 թ. նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Պողոսյանը: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել:

        ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշման 3-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը, որը 2018 թվականի օգոստոսին հանվեց շրջանառությունից հետագա քննարկումների անհրաժեշտությամբ պայմանավորված:

         Արդյունքում, ոլորտի ոչ ամբողջական կարգավորումն ու դրանում առկա մի շարք խնդիրները խոչընդոտում են կամավորի ինստիտուտի կայացմանն ու հետագա զարգացմանը՝ պահանջելով համապատասխան լուծումներ:

      

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Օրենքի ընդունման նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի համար միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցումը, որը նաև համապատասխան իրավական հիմքեր կստեղծի կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման համար, օրինակ, կազմակերպությունների կամավորական ծրագրերի միջոցով տարբեր սոցիալական խմբերին` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ անձանց սոցիալական պաշտպանությանը մասնակցելու միջոցով:

Հատկանշական է նաև այն, որ 2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել 2015 թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած` ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին աշխարհի երկրների առաջնորդների ընդունած` «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030-ում» ներառված 17 նպատակները, որոնք նպատակաուղղված են վերացնելու աղքատությունը` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները առաջիկա 15 տարվա ընթացքում: Այստեղ հաշվի է առնված, որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և սոցիալական մի շարք կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:

          ՄԱԿ-ի կողմից (Կամավորականությունն ու գլոբալ նպատակները աշխատություն, 2017 թ.) առանձնահատուկ ներկայացվել է այն մոտեցումը, որ առանց հասարակության լայն շերտերի ներգրավման անհնար է հասնել նշված 17 նպատակներին, և, որ կամավորի ինստիտուտն ուժեղ ազդակ է կայուն զարգացման համար և կարող է տեխնիկական աջակցություն ապահովել և գործունեություն ծավալել բոլոր 17 նպատակներն իրացնելու համար: Հետևաբար, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ի N 56/38 բանաձևում (աշխարհի խաղաղության պահպանությանն ու զարգացմանը կամավորներին ինտեգրելու վերաբերյալ) հատուկ կարևորվել է ԿԶՆ 17 նպատակների իրացման մեջ կամավորությունն ինտեգրելը ՝ հատկապես զարգացող երկրներում: Կայուն զարգացման նպատակները դիտվել են որպես գլոբալ համագործակցության կոչ, որտեղ լիիրավ գործընկերոջ դեր է հատկացվել կամավորական միություններին (A/RES/70/1 հանձնարարական, կետ 45):

           Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի համար Օրենքի նախագծով նախատեսված կարգավորումները մշակվել են նաև հաշվի առնելով Կայուն զարգացման նպատակները և կամավորի ինստիտուտի դերը նշված նպատակներն իրացնելու հարցում:

Օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորի ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերի կամավորական գործունեության և կամավոր աշխատանքների ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն:

Օրենքի ընդունմամբ կամրագրվեն.

1)      կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները,

2)     կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները կամ կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձի կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմները,

3)     կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը,

4)     կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտները (Կազմակերպությունները, կամավորները, կամավոր աշխատանք կատարող այլ անձինք),

5)     ինչպես կազմակերպությունների միջոցով, այնպես էլ անհատական նախաձեռնությունների (որպես անհատ կամ խումբ կամավոր աշխատանքներ կատարելու կամ կամավորական գործողություններ (ակցիաներ) կազմակերպելու կամ մասնակցելու) ձևով կամավոր աշխատանքների կատարման կարգավորումները,

6)     կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները,

7)     կամավորի, կամավորական կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները,

8)    կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասով հարկային արտոնությունների սահմանումը,

9)     կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման երաշխիքները,

10)  կամավոր աշխատանք կատարող անձի կրած վնասի հատուցման իրավական հիմքերը,

11)    կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից (դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ կապված քաղաքացիական պատասխանատվությունից) ապահովագրության երաշխիքները,

12)   կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների տվյալների շտեմարան վարելու վերաբերյալ կարգավորումները,

13)   կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական իրավունքները և պարտականությունները, պատասխանատվությունն ինչպես միմյանց, այնպես էլ՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված երրորդ անձանց նկատմամբ:

         Հարկ է նշել, որ կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում Օրենքի նախագծով չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով: Նշված սկզբունքը խրախուսվում է նաև միջազգային պրակտիկայում (Միացյալ ազգերի կազմակերպություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Եվրոմիություն): Ավելին Օրենքի նախագծով որոշակի երաշխիքներ (սոցիալական, իրավական և այլ), իրավունքներ և պարտականություներ նախատեսվել են նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձանց համար:

          Օրենքի նախագծով նախատեսվել է նաև, որ կամավորական գործունեություն կարող են իրականացնել և կամավորներ ներգրավել առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը: Սակայն, այս դեպքում նրանց կամավորական գործունեությունը պետք է իրականացվի  «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեգործական ծրագրին համապատասխան:

Նախատեսվել է նաև սահմանափակում, որի համաձայն՝ կամավորները չեն կարող ներգրավվել ինչպես կամավորական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հաշվի են առնվել ինչպես Միացյալ ազգերի կազմակերպության,  Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոմիության կողմից միջազգային պրակտիկայում ամրագրված մոտեցումները և բազմաթիվ երկրներում (օրինակ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Էստոնիա, Բելիգիա) կամավորական գործունեության մեջ նաև մասնավոր հատվածին ներգրավելու պրակտիկան, այնպես էլ՝ երկրում փաստացի որոշակի առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական գործունեությունը:

Ինչպես արդեն նշվեց, Օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները, կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները կամ կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձանց կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմները:

Այս առումով էական նշանակություն ունի, Օրենքով ինչպես «կամավոր աշխատանք» հասկացության, այնպես էլ՝ «օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանք» հասկացության սահմանումը:

Աշխատանքի վիճակագիրների 19-րդ միջազգային կոնֆերանսի զեկույցում (ԱՄԿ, վիճակագրության ստորաբաժանում, 2013 թ.) ընտանիքի անդամների համար անհատույց աշխատանքը չպետք է հաշվարկվի որպես կամավոր աշխատանք: Եվ էական նշանակություն ունի ազգային մակարդակներում օրենսդրորեն որոշակիացնել ընտանիքի անդամին և ընտանեկան հարաբերությունների բնույթը: Նշենք նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված է նաև, որ ընտանեկան օրենսդրությունը կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև: Հետևաբար ընտանեկան հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են վերը նշված նորմատիվ իրավական ակտերով:

«Ընկերական կամ հարևանական հարաբերությունների» վերաբերյալ կարգավորումների առումով նշենք, որ ընկերական և հարևանական հարաբերությունների շրջանակներում օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները չեն կարգավորվել, աշխատանքների կատարման հստակ պայմաններ կամ կարգ չի նախատեսվել այդ շրջանակներում օգնություն ցուցաբերող անձանց ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու, օրենքով կարգավորվող դրույթները որոշակիորեն մեղմացնելու նպատակով:

Ուսումնասիրված մի շարք երկրներում ևս ընտանեկան, հարևանական կամ ընկերական հարաբերությունների շրջանակներում կատարվող աշխատանքները բացառվում են կամավոր աշխատանքների իրավական կարգավորումների դաշտից (կամավոր աշխատանքները կարգավորող համապատասխան օրենքի գործողությունը չի տարածվում նման հարաբերությունների վրա), օրինակ, Իսպանիայում, Պորտուգալիայում, Լյուքսեմբուրգում, Մոնտենեգրոյում, Բելգիայի Թագավորությունում, Սերբիայում, Էստոնիայում:

          Օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառման մատյաններ վարելու վերաբերյալ կարգավորումներ: Հաշվառման մատյաններում ըստ իրենց ցանկության հաշվառվելու են կամավորները, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այն անձինք, որոնք ներգրավվելու են կամավորական կազմակերպությունների կողմից կազմակերպված կամավորական գործողություններում (ակցիա): Նախատեսվել է նաև, որ հաշվառման մատյաններում չեն կարող վերջիններիս վերաբերյալ տվյալներ հաշվառվել, եթե կամավորը կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձը  գրավոր հրաժարվել են հաշվառվելուց:

Հաշվառման մատյանների վարումը էական նշանակություն ունի միասնական տեղեկատվական բազայի ձևավորման հարցում: Միասնական տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն կտա կամավոր աշխատանք կատարողների ներուժի կարիքն ունենալու պարագայում (ինչպես, օրինակ, բնական աղետների դեպքերում կամ այլ առաջին հրատապության աշխատանքների ներգրավելու նպատակով) արագ կոորդինացնել կամավորների հավաքագրման աշխատանքները, վերջիններիս ներուժն օգտագործել հասցեական: Այն անհրաժեշտ կլինի նաև կամավոր աշխատանքների համար վերջիններիս խրախուսման ներկայացնելու կամ կամավոր աշխատանքները հավաստող տեղեկատվություն կամ երաշխավորագրեր տրամադրելու, ազգային և միջազգային ֆորումներում կամ ազգային և միջազգային տարբեր գիտաժողովներում, տարբեր աշխատանքային խմբերում, ինչպես ակտիվ կամավորների, այնպես էլ` կամավորական գործունեություն իրականացնող ակտիվ կազմակերպությունների, կամավոր աշխատանք կատարողների կամ կամավորական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու և այլ դեպքերում:

Ուսումնասիրված երկրների փորձը ցույց է տալիս, որ տվյալների միասնական բազա վարվում է շատ երկրներում, սակայն տարբեր մեխանիզմերով, օրինակ, Սերբիայում կազմակերպությունների կողմից վարվում են հաշվառման մատյաններ և լիազոր նախարարության կողմից տվյալների շտեմարան, Հունգարիայում և Չեխիայի Հանրապետությունում՝ կազմակերպությունների կողմից վարվում է պարտադիր հաշվառում, իսկ կամավորական կազմակերպությունները պարտադիր կարգով գրանցվում են լիազոր մարմնում, Ավստրալիայում ևս կազմակերպությունների կողմից պարտադիր հաշվառում է վարվում, Մակեդոնիայում՝ կազմակերպությունները վարում են պարտադիր հաշվառում, իսկ կամավորներին տրամադրվում են անձնական գրքույկներ, որի տրամադրման և գրանցման կարգը սահմանում է լիազոր նախարարությունը: Այս առումով, Նախագծով առավել ճկուն մեխանիզմ է նախատեսվել, ուղղակի ըստ ցանկության հաշվառման մատյանների վարման տարբերակով:

          Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքեր և միասնական օրենսդրական կարգավորումներ ապահովելու նպատակով՝ Օրենքի  նախագիծը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ հարկային օրենսգրքում, ինչպես նաև «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթով:

          Մասնավորապես՝

1)    Օրենքի նախագծով կամավորների և կամավոր աշխատանք կատարող այլ անձանց համար նախատեսվում են կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս կրած վնասի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով հատուցման երաշխիքներ: Ինչով էլ պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումներով ապահովվում է նշված երաշխիքների իրացման համար ամբողջական իրավական հիմքերի առկայությունը:

2)   ՀՀ հարկային օրենսգրքով (147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարների), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները, համարվում են նվազեցվող եկամուտներ (նվազեցումներ): Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նման կարգավորում ամրագրել նաև կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար: Միջազգային փորձի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կամավորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ծախսերը ոչ ձեռնարկատիրական գործունեության մասով չեն հարկվում մի շարք երկրներում, ինչպես, օրինակ, Իտալիայում, Սլովենիայում, Հունգարիայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում:

3)   «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում խմբագրվում է կամավորի հասկացությունը («կամավոր» հասկացությունն ամբողջական սահմանվում է Օրենքով), Օրենքով սահմանվում է բոլոր կամավորների (այդ թվում՝ բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում ներգրավված) համար երաշխիքների, իրավունքների և պարտականությունների, պատասխանատվության հստակ և միասնական շրջանակ, ինչպես նաև պայմանագրային կարգավորումների ապահովում: «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով միայն բարեգործական որակված ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավված կամավորների համար սահմանված խրախուսման երաշխիքները փոփոխությունների արդյունքում նախատեսվում է սահմանել բոլոր կամավորների համար, անկախ այն հագամանքից, թե Օրենքով նախատեսվող որ բնագավառներում կամ աշխատանքներում նրանք կներգրավվեն:

4)    «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով հասարակական կազմակերպություների կողմից կամավորներ ներգրավելու, կամավորների հետ պայմանագրեր կնքելու, կամավորների ներգրավվման վերաբերյալ այլ կարգավորումները փոփոխությունների արդյունքում կմիասնականացվեն՝ դրանով իսկ ամրագրելով կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող բոլոր կազմակերպությունների և կամավորների համար միասնական, հավասար հնարավորություններ, իրավական, սոցիալական և այլ երաշխիքներ: Կնախատեսվի նաև  պայամագրի կնքում մինչև շաբաթական 20 ժամ կամավոր աշխատանք կատարող կամավորների համար՝ վերջիններիս համար ևս ապահովելով այն իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, որոնցից զրկված են առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում:

5)   «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկման շրջանակներում խնդիր է սոցիալական աջակցության ոլորտում սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների, անձանց համար կամավոր հիմունքներով օրենքով սահմանված աջակցող ցանցին միանալու դեպքում օրենսդրական կարգավորումների, կամավորների ներգրավման և կամավոր աշխատանքի հետ կապված ամբողջական մեխանիզմների բացակայությունը: Նշենք, որ կամավոր հիմունքներով սոցիալական ծառայություների տրամադրմանը մասնակցությունը՝ բխում է Խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության (սոցիալական ապահովության ծառայությունների ստեղծման և պահպանման գործին հանրության մասնակցության ապահովումը) պահանջից: Մասնավորապես, խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով երկիրը (որպես Խարտիան և մասնավորապես նշված պարբերությունը վավերացնող կողմ) պարտավորվել է խրախուսել անհատների և կամավորների կամ այլ կազմակերպությունների մասնակցությունը սոցիալական ծառայությունների ստեղծման և պահպանման գործին: Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2013 թ.` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14.2-ի (Հանրության մասնակցությունը  սոցիալական ապահովության ծառայությունների ստեղծման և պահպանման գործին) վերաբերյալ եզրակացություններում ներկայացվել են որոշակի հարցադրումներ կապված կամավորական կազմակերպություններին սոցիալական ծառայությունների ոլորտում տրամադրվող աջակցության, հարկային արտոնությունների,  կամավորական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ ընթացակարգերի և պայմանների առկայության, կամավորական կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների չափանիշների մոնիթորինգի վերաբերյալ: Այս առումով ինչպես նշվեց երկրում ներդրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար ապահովված է աջակցող ցանցի միջոցով կամավորության հիմունքներով անհատների և կամավորների կամ այլ կազմակերպությունների մասնակցության հնարավորությունն ու իրավունքը: Սակայն կամավորների ներգրավման և կամավորական կազմակերպությունների գործունեության կամ կամավոր աշխատանքի կատարման ստույգ ընթացակարգերը, պայմանագրային կարգավորումները, հարկային արտոնությունները կամավորության մասով սահմանված չեն: Նշված խնդրի կարգավորման նպատակով Օրենքի նախագծի փաթեթում ներառվել է համապատասխան նախագիծ, որով կամավորական գործունեության շրջանակներում օրենքով սահմանված կարգով սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձի համար կամավոր հիմունքներով աջակցող ցանցին միանալու դեպքում կապահովվեն օրենսդրական ամբողջական կարգավորումները,

6)   Օրենքի նախագծով նախատեսվում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը դատական կարգով լուծելու վերաբերյալ կարգավորում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացմամբ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերով հայցվորների համար կամարագրվի դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվելու վերաբերյալ երաշխիք:  Նախատեսվել է նաև Հայաստանի Հանրապետությունում կամավորական գործունեություն կամ կամավոր աշխատանք կատարելու նպատակով ՀՀ ժամանող անձանց համար՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, ՀՀ մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնություն:

Օրենքի նախագծով նախատեսվում են կամավոր աշխատանքի խրախուսման որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝ «ՀՀ պատվավոր կամավոր» և «ՀՀ տարվա կամավոր» կոչումների շնորհման և խրախուսման այ ձևերի սահմանման ընթացակարգ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և նույն օրենքով ՝ համապատասխան իրավական հիմքերը ապահովելու նպատակով լրացումներ են նախատեսվել նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

         Օրենքի ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, ինպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 274-Ն որոշման մեջ,
  2. 2. «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերը չեն հակասում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»,  «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին»,  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին», ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության վերաբերյալ նշենք.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կամավորի ինստիտուտը (ամբողջական օրենսդրական կարգավորումներով) երկրում նոր է ներդրվում և համապատասխան կազմակերպություններում կամ շահագրգիռ կողմերի մոտ պրակտիկ վիճակագրություն կամ տվյալների բազա չի վարվում, հնարավոր չէ կանխատեսել ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին որևէ ֆինանսական գնահատական:

 

  • Քննարկվել է

    27.05.2020 - 11.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21404

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծով սահմանվել է հաշվառման մատյանի վարումը։ Թեպետ նշվել է, որ այն պետք է կրի հայեցողական բնույթ և ամեն դեպքում պետք է ելնել կամավորի համաձայնությունից՝ դրույթը ձևակերպվել է այնպես, որ մատյանը վարվում է ոչ թե կամավորի համաձայնության դեպքում, այլ քանի դեռ կամավորը չի հրաժարվել։ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում: Գտնում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ՝ Հաշվառման մատյանը վարվում է կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրավոր համաձայնության դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 18-րդ հոդվածով ամրագրվել են պայմանագրի լուծման հիմքերը, որպես հիմք առկա է նաև 7-րդ կետում սահմանված կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներով բացակայում են կամավոր աշխատանքի վայրը սահմանող դրույթներ, ուստի եթե օրենսդիրը ելնում է պայմանագրի բովանդակությունը և էական պայմանները օրենքով սահմանելու տրամաբանությունից, պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, հակառակ դեպքում լուծման հիմքերից վկայակոչածը չի գործի։ Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 7. Կամավորության գործունեություն և կամավորական աշխատանք կատարելու ժամանակ կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Իրավասությունը նշանակում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձանց, հասարակական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ (Տե՛ս Авакьян С. А. Конституционный лексикон: Государственно-правовой терминологический словарь / С. А. Авакьян — М.: Юстицинформ, 2015, с. 514 ): Աշխատանքի իրավասությունը հաստատվում է անձի աշխատանքային համապատասխան ոլորտում իրավունքներն ու պարտականությունները սահմանող պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ակտով։ Անձը համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում հնարավորություն չի ունենելու կատարելու կամավոր աշխատանք։ Կազմակերպությունը, հիմնվելով իր գործունեության առանձնահատկությունների և ուղղությունների վրա, հաշվի առնելով կամավորի աշխատանքի հնարավոր ազդեցությունը այլ անձանց կյանքի և առողոջության վրա, պետք է գնահատի կամավորի մասնագիտական գիտելիքները և հնարավորությունները կամավոր աշխատանքը իրականացնելու համար։ Ներկայացված խնդրի հաշվառմամբ անտրամաբանական է նախատեսել օրինակ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետներին, տեխնոլոգիական վթարներին, համաճարակների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու հանգամանքով։ Նշված սահմանափակումը հակասում է Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակի իրականացմանը: Եթե կամավորական աշխատանքը կատարվում է կոնկրետ ոլորտում հմտություն կամ փորձառություն ձեռք բերելու նպատակներից ելնելով, և անձը դեռ չունի մասնագիտական գործունեության իրավասություն, նախագծով սահմանված կամավորության նպատակները դառնում են հռչակագրային։ Առաջարկում ենք 6-րդ հոդվածի 1-ին մասը խմաբգրել հետևյալ բովանադակությամբ՝ «1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

Տեսնել ավելին