Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի n 369-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների մասնակցության գործընթացի պարզեցմամբ և Ծրագրով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջների հստակեցմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթև կոնստրուկցիայով և այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.
- 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ.
- 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ.
- 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։
Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը) ու փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները:
Ծրագրին մասնակցության նպատակով 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ ներկայացվել է 207 դիմում, կնքվել է 27 պայմանագիր, 2 տնտեսավարողի տրամադրվել է փոխհատուցում՝ 14.5 մլն դրամ: Կատարվել է տեղազննություն 207 տնտեսություններում, որից 187-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 122 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և հստակեցնել Ծրագրին մասնակցության գործընթացը, մասնավորապես, նախնական և յուրաքանչյուր փուլի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները:
Գործող Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը, ներկայացնում են դիմումի հետ միաժամանակ, որից հետո միայն Նախարարության կողմից կատարվում է տեղազննություն։ Միաժամանակ գործող Ծրագրով առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո շինարարական ավարտական ակտի ներկայացման պահանջը տնտեսավարողների համար առաջացնում է դժվարություններ, քանի որ շինարարական ավարտական ակտը տրամադրվում է օբյեկտը շահագործման հանձնելու պատրաստ լինելու պայմաններում:
- Նախագծով փաստաթղթերի ներկայացման գործընթացը բաժանվում է երկու փուլի, և տնտեսավարողին հնարավորություն է տրվում տեղազննության արձանագրության դրական եզրակացության դեպքում միայն 5-ամսյա ժամկետում ներկայացնել ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը և շինարարական աշխատանքներ իրականացնող լիցենզավորված կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը։ Նախագծով հանվել է Ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմակերպության կողմից նախարարություն հայտի ներկայացման և հրապարակվող ծրագրի կապալառուների ցանկում ընդգրկման պահանջը, և տնտեսավարողներին հնարավորություն է տրվել ազատ ընտրելու կապալառու կազմակերպությանը: Միաժամանակ, հստակեցվել է՝
- յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ծրագրի շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմը,
- տեղազննության և մոնիթորինգի իրականացման ժամկետները։
4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:
-
Քննարկվել է
19.03.2020 - 05.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7490
Տպել