Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Ներկայացվող նախագծերի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում` չաշխատող անձի), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) համակարգերին առնչվող` հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-ին գլխով կարգավորվում են չաշխատող անձին մայրության նպաստի իրավունքին առնչվող հարաբերությունները:

Մանավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չաշխատող անձանց մայրության նպաստի նպատակը պետությունից անվճար ծննդօգնության ծառայություն ստացող անձանց պետական բյուջեի միջոցներից միանվագ դրամական օգնություն (նպաստ) տրամադրելն է, օրենսդրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը Օրենքով սահմանվել է որպես նպաստի իրավունք տվող պայման. երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Բացի դրանից, ծննդօգնության պետական հավաստագիրն այն փաստաթղթերից մեկն է, որի հիման վրա նշանակվում է մայրության նպաստ:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ սահմանված են այն մայրության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև բացառությունները, երբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը նշանակվում է մայրության նպաստ։

Ծննդօգնության պետական հավաստագրերը հղիության 22-րդ շաբաթականը լրանալիս քաղաքացիներին տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած:

Խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ կատաարված փոփոխությամբ սահմանել է, որ եթե մայրության նպաստ նշանակելու դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ապա Ծննդօգնության պետական հավաստագիր չի ներկայացվում (այսինքն, որպես բացառություն, սահմանել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է ծննդօգնության պետական հավաստագիր չստացած կնոջը)։ 

Չաշխատող անձի մայրության նպաստին և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաև միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:

Հարկման հատուկ համակարգերի փոփոխությամբ պայմանավորված (վերացել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը և ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը)` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները տրամադրվեցին միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին: 

Մասնավորապես, Օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակվում է որպես չաշխատող անձ: 

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատողները չունեն խնամքի նպաստի իրավունք:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները չունեն այդ օրենքով սահմանված  ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի իրավունք:

Չնայած այն հանգամանքին, որ և' ընտանեկան ձեռնարկատիրության, և' միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերը հատուկ են, այնուհանդերձ, դրանք  ունեն ձեռնարկատիրական գործունեության, բովանդակային առումով, տարբեր բնութագրեր: Առաջին դեպքում ձեռնարկատիրական գործունեության համար կարևորվում է գործունեությունը ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացնելը, իսկ մյուսի դեպքում` սահմանված չափանիշներին բավարարելը:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետության կողմից միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին տրվող սոցիալական երաշխիքները: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին»  և  «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքներում:

2. Կարգավորման առարկան 

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար չսահմանել որևէ առանձնահատկություն` նրանց վրա տարածելով այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված և այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը (միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողինը հաստատագրված է` ամսական 5000 դրամ, իսկ այլ գործատուի վարձու աշխատողինը հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափով), առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հաշվի առնելով, որ խնդրո առարկա օրենքների` փոփոխության ենթակա դրույթների կիրառմամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները 2020 թվականի հունվարի 1-ից չեն կարողացել իրացնել իրենց խնամքի նպաստի և ժամանակավոր անաշխատունակության նպաստի, նախագծերի անցումային դրույթներով նախատեսվում է կարգավորել անցումային ժամանակաշրջանի խնդիրները: 

Հարկ է նշել, նախագծերի փաթեթի ընդունմամբ հավելյալ ծախսեր կատարելու ահնրաժեշտություն չի առաջանա, քանի որ ոչ մի նպաստի տեսակի մասով շահառուների շրջանակը չի ընդլայնվում (2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ որևէ նպաստի իրավունք ունեցողը պահպանում է այդ իրավունքը):

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագծերի ընդունման դեպքում  միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար կսահմանվեն այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ծննդօգնության պետական հավաստագիրը չի հանդիսանա չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունք տվող պայման:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն, 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշումների մեջ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    13.03.2020 - 30.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11640

Տպել