Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
14.02.2020
5․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իրավակարգավորումներ Ներկայացված նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեում կարգապահական խախտման գործերը քննվում են կարգապահական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 7 անդամից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և 3 իրավաբան գիտնական՝ դարձյալ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Գտնում ենք, որ Կոմիտեում կարգապահական հանձնաժողովի ձևավորումն ուստի նաև գործունեությունը ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է, քանի որ բոլոր անդամների նշանակումն իրականացնում է Կոմիտեի նախագահը, իսկ վիճակահանությամբ Կոմիտեի 3 ծառայող ընտրելը ևս ձևական բնույթ է կրում, քանի որ վերջիններս հանդիսանում են Կոմիտեի նախագահի անմիջական ենթակաները։ Բացի այդ, նախագծով սահմանված չէ կարգապահական խախտման դեպքերի ամբողջական շրջանակը՝ արդյոք դրանք ներառում են միայն քրեական գործերի քննության ընթացքում թույլ տված ընթացակարգային խախտումները, վարքագծի անթույլատրելի դրսևորումները (Կոմիտեում պետք է ընդունել նաև վարքագծի կանոնագիրք), թե նաև շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները։ Հարկ է նշել, որ բարձրացված խնդիրը վերաբերում է նաև իրավապահ այլ մարմիններին, քանի որ այդ համակարգերում ևս նշված հարցի վերաբերյալ իրավակարգավորումները բացակայում են։ Ներկայացված նախագծով նախատեսված չեն նաև կարգապահական հանձնաժողովի՝ վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ որոշումները այլ սուբյեկտների կողմից ԿԿՀ բողոքարկելու հնարավորության վերաբերյալ իրավակարգավորումներ։ Հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ հանրային շահի տեսանկյունից վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները կարող են անդրադառնալ նաև հանրային ծառայության բնագավառում պետության քաղաքականության հետ։ Նախագծով Կոմիտեի ծառայողի ատեստավորման գործընթացում նախատեսվում է նաև արտահերթ ատեստավորման ինստիտուտը, մասնավորապես՝ նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ Կոմիտեի ծառայողի ցանկությամբ։ Նախագծով նախատեսված չէ, թե ինչ հիմքով կարող է Կոմիտեի նախագահը նշանակել ծառայողի արտահերթ ատեստացիա, ինչը հայեցողական լայն հնարավորություններ և ծառայողի նկատմամբ սուբյեկտիվ մոտեցմամբ ճնշում բանեցնելու գործիքակազմ է ընձեռում Կոմիտեի նախագահին։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 7 անդամներից երեքին նշանակում են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ մեկական թեկնածու սկզբունքով։ Եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանում ընտրել միասնական թեկնածու, ապա հանձնաժողովի անդամին նշանակելու լիազորությունը փոխանցվում է ԱԺ մեծամասնությանը։ Մյուս չորս անդամների նշանակման իրավասությունը պետք է վերապահել Կոմիտեի նախագահին՝ վիճակահանությամբ Կոմիտեի անդամների թվից ընտրելուց հետո։ Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև հակակոռուպցիոն ոլորտում վերջին 5 տարում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության երկու կառույցների ներկայացուցիչներ։ 2․ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները պետք է տեղադրվեն Կոմիտեի պաշտոնական կայքում։ 3․ «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանաբար քննիչների՝ (նաև դատախազների, դատավորների) վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ կարգապահական պատասխանատվության հարցով ներքին կարգապահական հանձնաժողովների որոշումները այլ սուբյեկտների կողմից մամուլի և տեղեկատվական այլ աղբյուրների հրապարակումների հիման վրա ԿԿՀ բողոքարկելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ 4․ Կոմիտեի նախագահի կողմից ծառայողի արտահերթ ատեստացիա նշանակել որպես կարգապահական վարույթի արդյունք՝ կարգապահական տույժ չնշանակելու դեպքում, եթե վարույթի արդյունքում պարզվում է, որ խախտումը էական չէ և կապված է ծառայողի մոտ մասնագիտական տեղեկատվության պակասի հետ։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների