«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 346-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից:
Այսինքն, ներկայումս գործող խմբագրությամբ վերոնշյալ նորմից բխում է, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, որը, հանդիսանալով անձնական երաշխավոր, դիտավորությամբ չարամտորեն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:
Նախևառաջ, հարկ է նշել, որ նորմի այսպիսի ձևակերպումը հաջողված չէ և գործնականում առաջացնում է դժվարություններ պարտավորության չարամտորեն չկատարելն ապացուցելու տեսանկյունից:
Մասնավորապես՝ Օրենսգրքի 346-րդ հոդվածում կիրառված «չարամտորեն» հասկացությունը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ չկա որևէ իրավական ակտ, որով կբացահայտվի դրա իմաստն ու բովանդակությունը: Այսինքն՝ օրենսդրական ամրագրում չի տրվել և չի հստակեցվել, թե ինչ չափանիշներով է անհրաժեշտ գնահատել անձնական երաշխավորի արարքում չարամտության առկայությունը, ինչն անընդունելի է:
Ստացվում է, որ «չարամտորեն» տերմինը զուտ գնահատողական հասկացություն է, և յուրաքանչյուր դեպքում վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի անձի կողմից չարամտություն ցուցաբերած լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ոչ միատեսակ պրակտիկայի ձևավորմանը նորմի՝ տարընկալումներ առաջացնող ձևակերպման պատճառով:
Իրավական որոշակիության պահպանման պահանջին է անդրադարձել ՀՀ Սահմանադրական դատարանը, մասնավորապես՝ «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270), «Օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449):
2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 79-րդ հոդվածը նույնպես ամրագրում է օրենքների` բավարար չափով որոշակի լինելու պահանջը: Հավելենք, որ ՄԻԵԴ-ը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում (№ 28342/95, կետ 61, 1999 VII) նշել է «իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկը իրավական որոշակիության սկզբունքն է, որը, inter alia, երաշխավորում է որոշակի իրավական կայունություն»:
Պատահական չէ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը նախկինում պատասխանատվություն էր նախատեսում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու համար, և 2017 թվականին կատարված համապատասխան փոփոխությամբ օրենսդիրը հրաժարվեց այսպիսի ձևակերպումից՝ նորմի խմբագրությունից բացառելով «չարամտորեն» հասկացությունը:
Ուշագրավ է նաև այն, որ Օրենսգրքում առկա են մի շարք հանցատեսակներ, որոնց օբյեկտիվ կողմն արտահայտված է անգործությամբ, օրինակ՝ Օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, և օրենսդիրն ի սկզբանե ձեռնպահ է մնացել քննարկվող խնդրահարույց տերմինի կիրառումից, քանի որ այդ արարքների չարամտորեն կատարումն ինքնին ընդգրկված է ուղղակի դիտավորության մեղքի ձևի մեջ:
Անհրաժեշտ է նշել, որ քննարկվող նորմից «չարամտորեն» հասկացության բացառումը արդարացված է նաև այն հանգամանքով, որ շրջանառության մեջ դրված քրեական օրենսգրքի նոր նախագծի 470-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն երաշխավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, այսինքն՝ նախագծի հեղինակների կողմից չի պահպանվել գործող նորմում առկա, անհարկիորեն կիրառված վերոնշյալ հասկացությունը:
Այսպիսով՝ իրավական որոշակիության սկզբունքի պահպանման հիմնական երաշխիք է համարվում իրավական նորմերի, դրանցում օգտագործված եզրույթների անհրաժեշտ հստակությունը, ինչը բացակայում է քննարկվող նորմում: Ուստի, առաջարկում ենք «չարամտորեն» բառը հանել Օրենսգրքի 346-րդ հոդվածից:
Նշյալ համատեքստում, կարծում ենք՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև անձնական երաշխավորի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում վրա հասնող պատասխանատվությանն առնչվող արտասահմանյան երկրների փորձն ու օրենսդրական մոտեցումները:
Մասնավորապես, Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անձնական երաշխավորի կողմից իր վրա դրված պարտավորությունները չկատարելու դեպքում նրա նկատմամբ նշանակվում է տուգանք:
Համանման նորմ նախատեսված է նաև Ռուսաստանի քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասով և Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ մասով:
Լատվիայի քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է պատասխանատվություն երաշխավորի կողմից երաշխավորության՝ որպես անվտանգության միջոցի դրույթների խախտման համար: Այդ դեպքում նույնպես երաշխավորի նկատմամբ կիրառվում է տուգանք:
Մոլդովայի քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անձնական երաշխավորի կողմից դեպոզիտ փոխանցված գումարը բռնագանձվում է հօգուտ պետության, եթե երաշխավորը չի ապահովում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը կատարում է այնպիսի գործողություններ, որոնց կանխարգելման համար կիրառվել է անձնական երաշխավորություն, երաշխավորի նկատմամբ կիրառվում է տուգանք:
Միջազգային փորձի համապարփակ ուսումնասիրությունից բխում է, որ վերոնշյալ պետությունները ձեռնպահ են մնացել գնահատողական հասկացություններին օրենսդրական ամրագրում տալուց, ինչով էլ պայմանավորված է հետազոտված նորմերում «չարամտորեն» եզրույթի արտացոլված չլինելը:
Անդրադառնալով Օրենսգրքի 346-րդ հոդվածում ամրագրված արարքի դիտավորությամբ կատարելուն՝ հարկ է նկատել, որ անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտականությունները միայն դիտավորությամբ չկատարելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը չի հանդիսանում անհրաժեշտ և բավարար միջոց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված պահանջը, այն է՝ անձնական երաշխավորի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը ապահովելու համար:
Այսինքն, գործող կարգավորման պայմաններում անձնական երաշխավորի կողմից անզգուշություն դրսևորելու հետևանքով կասկածյալի կամ մեղադրյալի քննությունից կամ դատից խուսափելու համար անձնական երաշխավորը ենթակա չէ քրեական պատասխանատվության, մինչդեռ հնարավոր են իրավիճակներ, երբ օրինակ՝ վերջինս չի նախատեսել իր գործողության (անգործության) հետևանքով կասկածյալի կամ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից խուսափելու հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել:
Հատկանշական է այն փաստը, որ քննարկվող արարքի համար միայն դիտավորության մեղքի ձևով պատասխանատվություն նախատեսելը խնդրահարյուց է նաև այն տեսանկյունից, որ երբեմն արարքի՝ անուղղակի դիտավորությամբ կամ հանցավոր ինքնավստահությամբ կատարված լինելու հանգամանքի ապացուցումը դժվարանում է՝ պայմանավորված մեղքի նշված ձևերի ոչ հստակ տարանջատմամբ, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում արարքի որակման հարցում:
Ուստի, կարծում ենք՝ վերոնշյալ արարքի անզգուշությամբ կատարման քրեականացումը կնպաստի անձնական երաշխավորի կողմից առավել զգոնությամբ և բարձր պատասխանատվությամբ քրեական դատավարության ընթացքում իր ստանձնած պարտականությունների կատարմանը հետամուտ լինելուն: Նշվածը պայմանավորված է այն իրողությամբ, որ ներկայումս պրակտիկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ որպես անձնական երաշխավոր հանդես եկող անձինք կասկածյալի կամ մեղադրյալի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալը և այլ դատավարական պարտականությունները չկատարելը պատճառաբանում են իրենց արարքում դիտավորության բացակայությամբ: Այսինքն՝ անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելը վերջինս արդարացնում է այն հանգամանքով, որ չի նախատեսել հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և չի ցանկացել դրանց վրա հասնելը, այն է՝ կասկածյալի կամ մեղադրյալի քննությունից կամ դատից խուսափելը:
Քննարկվող նորմի ձևակերպումը ոչ միայն վկայում է դրա պրակտիկ կիրառման անարդյունավետության մասին, այլև կասկած է հարուցում անձնական երաշխավորության՝ որպես խափանման միջոցի ընտրման նպատակահարմարության կապակցությամբ: Բանն այն է, որ գործող կարգավորումը հնարավորություն չի ընձեռում վարույթն իրականացնող մարմնին անհրաժեշտ և բավարար գործիքակազմի միջոցով սույն խափանման միջոցի կիրառմամբ կանխել քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը, ինչն էլ փաստում է անձնական երաշխավորություն խափանման միջոցի՝ քրեադատավարական օրենքով ամրագրված իր նպատակին չծառայելու հանգամանքի մասին:
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է այն մասին, որ ներկայիս խմբագրությամբ գործող նորմն ունի խիստ սահմանափակ կիրառելիություն, այն է՝ կարգավորման՝ փաստացի չգործող նորմի կարգավիճակ ունենալը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ քննարկվող նորմն ունի վերախմբագրման կարիք դրա արդյունավետ կիրառելիությունը ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը չի տարանջատում խափանման միջոցների կիրառումը՝ ըստ հանցագործությունների ծանրության աստիճանի: Այսինքն, անգամ առանձապես ծանր հանցանք կատարած անձի նկատմամբ կարող է կիրառվել անձնական երաշխավորություն խափանման միջոցը, ինչը, կարծում ենք՝ անընդունելի է:
Բանն այն է, որ անձնական երաշխավորություն խափանման միջոցը առանձնակի վստահության և անձնական երաշխավոր հանդես եկող անձի հեղինակության վրա հիմնված դատավարական հարկադրանքի միջոց է, ինչը հանրային բարձր վտանգավորություն ունեցող հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառելը խիստ անարդյունավետ և աննպատակահարմար է: Դրանով իսկ պայմանավորված՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անձնական երաշխավորության կիրառումը սահմանափակել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն ենթադրաբար կատարած անձանց նկատմամբ՝ բացառելով նշյալ խափանման միջոցի ընտրման հնարավորությունը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց նկատմամբ:
Նախագծով նաև առաջարկվում է անձնական երաշխավորի նկատմամբ սահմանել իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջինս պարտավոր է հրաժարվել իր ստանձնած երաշխավորությունից այն պարագայում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը հանգեցնում է երաշխավորի կողմից իր պարտականության կամ պարտականությունների կատարման անհնարինության:
Մասնավորապես, օրինակ՝ այնպիսի իրավիճակներում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը, անձնական երաշխավորի պահանջն անտեսելով, թեկուզև մեկ անգամ հրաժարվում է վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, ապա երաշխավորը պարտավոր է անմիջապես ներկայանալ վարույթ իրականացնող մարմին և հրաժարվել երաշխավորությունից:
Հարկ է նշել, որ նման կարգավորման պայմաններում երկուստեք կպաշտպանվեն մի կողմից անձնական երաշխավորի շահերը, քանի որ վերջինս զերծ կմնա կասկածյալի կամ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկվելուց, մյուս կողմից՝ նախաքննության շահերը, քանի որ վարույթ իրականացնող մարմնին կընձեռնվի հնարավորություն փոփոխելու և խստացնելու ընտրված անձնական երաշխավորություն խափանման միջոցը, եթե կասկածյալը կամ մեղադրյալը հետամուտ չի լինում պատշաճ վարքագիծ դրսևորելուն, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուն կամ այլ դատավարական պարտականություններ կատարելուն, ինչն էլ վկայում է ընտրված խափանման միջոցի (անձնական երաշխավորություն) ոչ արդյունավետ լինելու մասին:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ գտնում ենք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան հոդվածների վերախմբագրումն անհրաժեշտություն է:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
22.01.2020 - 06.02.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5622
Տպել