Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետութան մշտական բնակչությունը կազմում է 2 961 600 մարդ, որից կին՝ 1 562 300 (52,7%):
Բնակչության ընդհանուր թվաքանակում 63 տարին լրացած մարդկանց թիվը կազմում է 419 174 մարդ կամ ընդհանուր բնակչության 14,1%-ը: 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց ընդհանուր թվաքանակում կանայք կազմում են 60% կամ 251 596 մարդ: Հայաստանի Հանրապետության բնակչության տարիքային կառուցվածքին բնորոշ է ֆեմինիզացիան, ինչն առավել ընդգծվում է ավագ տարիքում:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացված բնակչության թվաքանակի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանում 63 տարեկանից բարձր անձանց քանակը կկազմի մոտ 22 տոկոս:
2019թ-ին կյանքի սպասվելիք միջին տևողությունը Հայաստանում 75,4 տարի է (կանանց համար՝ 78,7, տղամարդկանց համար՝ 71,9): Կյանքի միջին սպասվող տևողության աշխարհի միջին ցուցանիշը 72 է:
Ուշագրավ ցուցանիշ է նաև տարեցների զբաղվածության մակարդակի ցուցանիշը, որը բավական ցածր է` աշխատող տարեցների թիվը կազմում է շուրջ 48 000 կամ տարեցների ընդհանուր թվի 11,4 %-ը:
Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանությունն նույնացվում է նրանց մատուցվող խնամքի և սոցիալական այլ ծատռայությունների հետ: Հանրապետությունում չկա տարեցների իրավունքները պաշտպանող որևէ կառույց, բացի նրանց սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններից:
Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին բնակվում է շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը: Միաժամանակ 150 տարեց ընդգրկված է Լոռու և Շիրակի մարզերի 10 համայնքներում 2018թ. ստեղծված ակտիվ երկարակեցության խմբերում, որոնք ակտիվորեն զբաղվում են համայնքի խնդիրներով, օգնում համայնքի խնամքի կարիք ունեցող տարեցներին: Յուրաքանչյուր խումբ ունի իր լիդերը, իսկ նրանց աշխատանքը համակարգվում է մարզային համակարգողի կողմից: Հանրապետությունում բնակվող ավելի քան 7400 տարեց անձ օգտվում է սոցիալական այս կամ այն ծառայությունից:
Պետական ենթակայություն տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ, իսկ մեկ շահառուի՝ տնային պայմաններում մեկ օրվա խնամքի ծախսը՝ 390 դրամ:
Անկախ այն հանգամանքից, որ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ, ընդունվել՝ իրավական ակտեր, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և նոր մարտահրավերներ: Մասնավորապես`
1) գործող սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կողմից՝ տարեցների սոցիալհոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքներն ամբողջ ծավալով բավարարելու անկարողությունը.
2) տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների աշխարհագրորեն անհամաչափ բաշխվածությունը (դրանք հիմնականում տեղակայված են քաղաքային համայնքներում և սպասարկում են սահմանափակ թվով տարեցների).
3) Հայաստանում տարեցների ակտիվության ցուցանիշների ամբողջական հավաքագրման մեխանիզմի բացակայությունը. (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժանմունքի կողմից տարածաշրջանի երկրների տարեցների ակտիվության իրավիճակի գնահատման համար առաջարկված 22 հիմնական ցուցանիշներով բնութագրվում են տարեցների զբաղվածության մակարդակը, նրանց մասնակցությունը հասարակական կյանքին, անկախ, առողջ և անվտանգ կյանքը, տարեցների ակտիվ կենսաակերպ վարելու համար հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, սակայն Հայաստանում ներկայումս հավաքագրվում է ընդամենը 11 ցուցանիշ: Քանի որ ժամանակակից հասարակություններում տարեցների ակտիվության ցուցանիշները համարվում են անհրաժեշտ գործիք տարեց մարդկանց ներուժի չափման համար, ուստի Հայաստանում բացակայող ցուցանիշները խոչընդոտ են հանդիսանում տարեցների ակտիվությունը լիարժեք գնահատելու համար).
4) տարեցներին մատուցվող սոցիալական և առողջապահական ծառայությունների ոչ բավարար որակը և մատչելիությունը.
5) տարեցների՝ սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը.
6) տարեցների՝ առավել երկար աշխատանքային կյանքի ապահովման բավարար հիմքերի բացակայությունը.
7) պետական և համայնքային մակարդակներում որոշումների կայացմանը տարեցների մասնակցության ապահովման մեխանիզմների բացակայությունը. 8) տարեցներին համայնքային պատշաճ ծառայություններ մատուցելու համար պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող ֆինանսավորման ոչ բավարար լինելը.
9) ծառայությունների պատվիրակման համար ռեսուրսների և «մրցակցային» մեխանիզմների անբավարար լինելը և այլն.
10) համայնքային և այլընտրանքյաին ծառայությունների անբավարար լինելը. 11) ծերաբանության և ծերաբուժության (գերիատրիա, գերոնտոլոգիա) ինստիտուտների անկատարությունը և այլն: Առկա խնդիրների լուծումը այսօր արդեն հրամայական է դարձել խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացումը և դրանց փոխարինումը այլընտրանքային համայնքային ծառայություններով:
|