Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում մշակված կարևոր իրավական ակտերից է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)։ Այն անմիջական գործողության օրենք է, որը միասնական, համակարգված և համապարփակ կերպով կարգավորում է քրեաիրավական հասարակական հարաբերությունները։ Օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով։

Բարձր գնահատելով Օրենսգրքի ակնհայտ առավելություններն ու դրական նշանակությունը՝ հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում, պետք է նշել, որ այն զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասն առկա էին Oրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում։ Օրենսգրքի կիրառման ավելի քան տաս տարիների ընթացքում, երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների արդյունքում Օրենսգրքում ավելի քան հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։ Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Ընդունելով դրանց մեծ մասի ողջամիտ և առաջադիմական բնույթը, այնուամենայնիվ պետք  է նշել, որ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են Օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու Օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին։

Ըստ էության Օրենսգիրքը սինթեզում է ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի դրույթները, սակայն այն զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով, հետևաբար Օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի:

Եթե ընդհանրացնելու լինենք Օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝

ա) հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսում,

բ) սխալներ և հակասություններ,

գ) բացեր։

 

Ա) Հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսում.

Հանցագործության այս կամ այն տեսակի համար պատիժ նախատեսելիս օրենսդիրը պետք է հիմք ընդունի ոչ միայն պատճառված վնասի չափը, այլև հիմնվի կրիմինալոգիական իրողության վրա, որի կարևոր տարրերից մեկը հանցանք կատարողի անձն է։ Ցավոք, օրենսդիրը գրեթե երբեք հաշվի չի առնում այս իրողությունը։

Կրիմինալոգիական իրողության անտեսումը հանգեցնում է հանցագործությունների տարբեր տեսակների համար նախատեսվող պատիժների անհամամասնությանը։

Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը, որի հետ է առնչվում նաև իրավաբանական կամ փաստական սխալի ինստիտուտը։ Այս հարցը ներկայումս որևէ օրենսդրական լուծում չի ստացել։ Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական պետությունների քրեական օրենսդրություններում սխալի ինստիտուտը մանրամասն կարգավորվում է, ինչը նպաստում է օրենքի միասնական կիրառմանը և ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի ապահովմանը։

Տարբեր երկրների քրեական օրենսգրքերը հիմնվում են «անձի հայեցակարգի» վրա, համաձայն որի` պատժվում է հանցանք կատարած անձը, ուստի պատիժը պետք է համապատասխանի ոչ միայն հանցագործության, այլ նաև անձի հանրային վտանգավորությանը։ Այս հայեցակարգը ավելի պրագմատիկ բնույթ ունի։ Պատժի հիմնական նպատակը այս դեպքում հանցանք կատարած անձին ուղղելն է և նրա վերասոցիալականացումը։ Օրենսգիրքը, հիմնվելով արարքի հայեցակարգի վրա, շատ դեպքերում թույլ չի տալիս ոչ միայն ապահովելու արդարության սկզբունքը, այլև պրագմատիկ և ժամանակակից պայմաններին ու քրեական իրավունքի տեսությանը համապատասխան քրեաիրավական քաղաքականություն իրականացնել։

Լուրջ թերություններ ունի նաև պատժի համակարգը։ Գործող օրենսդրության պայմաններում հաճախ ազատազրկման այլընտրանք չնախատեսելը հանգեցնում է  այդ պատժատեսակի չարդարացված կիրառման, ինչն էլ արդեն պրոբլեմներ է ստեղծել քրեակատարողական հիմնարկների համար։ Բացի այդ, ազատազրկում պատժատեսակի հաճախակի կիրառումը կարող է նպաստել հասարակական հարաբերությունների քրեականացմանը: Դատարանները հաճախ ելքը գտնում են պատիժը պայմանականորեն չկիրառելով, բայց այս ինստիտուտի ոչ հստակ ու թերություններով աչքի ընկնող օրենսդրական կարգավորումը չի նպաստում պատժողական քաղաքականության արդյունավետությանը։ Խնդրի լուծման ուղիներից մեկը ազատազրկման իրական այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկի ընդլայնումն է և դրանց կիրառման համար արդյունավետ ու գործուն մեխանիզմների ներդնումը։

Խնդրահարույց է համարվում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի կիրառման ընթացակարգը: Մասնավորապես՝ գործնականում դատարանն անձի վրա որևէ պարտականություն չի դնում, պայամանվորված այն հանգամանքով, որ բացակայում է հսկողության որևէ գործուն մեխանիզմ։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի հարցերին։ Գործող քրեական օրենսգրքում այս հարցերը շատ դեպքերում թերի են։ Մասնավորապես, վերանայման կարիք ունի անչափահասների համար նախատեսված պատժի համակարգը։

 

Բ) Սխալներ և հակասություններ։

Սրանք դրսևորվում են բազմաթիվ ինստիտուտներում և բազմազան ձևերով. հանցակազմի սխալ նկարագրություն, լեզվական անճշտություններ և այլն։

Մեկ այլ հիմնախնդիր է հանցակազմի ծանրացնող հանգամանքների հարցը, երբ որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է այլ հանցագործության հետ զուգորդված լինելու հանգամանքը։ Միշտ վեճերի տեղիք է տալիս այն հարցը, թե արդյոք արարքը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ, թե ոչ: Այն դեպքում, երբ որակվում է հանցագործությունների համակցությամբ ստացվում է, որ անձը նույն հանցագործության համար կրկնակի է պատժվում։ Իսկ միայն ծանրացնող հանգամանքներով արարքը որակելու դեպքում կարծես թե անձը մեկ հանցագործության համար է պատասխանատվության ենթարկվում։ Այս հարցի լուծումը նման ծանրացնող հանգամանքներից հրաժարվելն է:

Սխալների ու հակասությունների մի խումբ էլ վերաբերում է Օրենսգրքի և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի ու ՀՀ Սահմանադրության միջև առկա հակասություններին։ Միջազգային պայմանագրերի դրույթները որոշ հանցակազմերում սխալ են կամ  ոչ ամբողջական են արտացոլված։

 

Գ) Բացեր

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը և քրեական օրենսդրության նորմերի վերլուծությունը ցույց են տալիս, որ շատ հարցեր իրենց օրենսդրական լուծումը չեն ստացել։

Այսպես, քրեական իրավունքի տեսությանը հայտնի է քրեաիրավական նորմերի մրցակցության ինստիտուտը, երբ կատարված արարքի կամ իրադրության հատկանիշները առկա են քրեական օրենսգրքի մեկից ավելի տարբեր հոդվածներում և հարց է առաջանում, թե որ նորմը պետք է կիրառվի տվյալ իրադրության կապակցությամբ։ Տեսության, ինչպես նաև մի շարք երկրների քրեական օրենսդրություններում այս հարցը կարգավորված է։ Մինչդեռ, Օրենսգիրքը հարցի ոչ մի լուծում չի պարունակում, ինչը գործնական դժվարություններ է առաջացնում:

Օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, պատիժը մեղմացնելու մի շարք ինստիտուտներ։ Ընդ որում, կարող են լինել իրադրություններ, որ միաժամանակ առկա լինեն  դրանցից մի քանիսի հատկանիշները։ Օրինակ` հնարավոր է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել և պատիժը պայմանականորեն չկիրառել։ Ընդ որում, այս երկու ինստիտուտների միջև մրցակցությունը բացակայում է։ Հարց է առաջանում, կարո՞ղ է արդյոք դատարանը միաժամանակ կիրառել այս երկու ինստիտուտները։ Քրեական օրենքը այս հարցին չի պատասխանում։

Վերը թվարկված գործոնների ամբողջությունը, ինչպես նաև հասարակական հարաբերությունների մշտական զարգացումը ներկայումս հանգեցրել են այնպիսի մի իրավիճակի, որի պայմաններում 2003 թվականի Օրենսգիրքն իր փիլիսոփայությամբ և տրամաբանությամբ, կառուցվածքով և ներուժով, տարատեսակ փոփոխություններով, բազմատեսակ և իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաև հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեաիրավական հարաբերությունները և  բավարար է արմատական բարեփոխման անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Ընդ որում, հայեցակարգային սխալներն ու կրիմինալոգիական իրողության անտեսումը վերացնելը հնարավոր է միայն նոր քրեական օրենսգրքի շրջանակներում, որովհետև հայեցակարգային մեկ դրույթի փոփոխությունը հանգեցնում է բազմաթիվ քրեաիրավական նորմերի և ամբողջ քրեական օրենսգրքի տրամաբանության փոփոխության։

Ներկայումս առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության մասին։ Ուստի կարծում ենք, որ անցած տասնամյակի ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի ընդունումը։ Արդյունքում քրեական նոր օրենսգիրքը պետք է պահպանի այն լավագույնն ինչն առկա է գործող օրենսգրքում և զերծ մնա այնպիսի հեղափոխական բնույթի փոփոխություններից, որոնք մեր պայմաններում կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դրա կիրառումը։

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ:

Նախագիծը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ հիմնական խնդիրները.

  1. ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից,
  2. հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը,
  3. ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին և կրիմինալ սպառնալիքներին,
  4. ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը,
  5. երաշխավորել հանցագործության զոհի (տուժողի) իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, առավելագույն պայմաններ ստեղծել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքն իրականացնելու համար,
  6. կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը` հարկադրանքի, կանխման և վերականգնողական գործառույթների հավասարակշռությունն ապահովելու նպատակով,
  7. ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրերի նորմերին, միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը։

Նախագիծի հիմնական բնութագրիչները պետք է լինեն հետևյալները.

ա) Նախագիծը պետք է հիմնվի կրիմինալոգիական իրողության վրա և հաշվի առնի այն։ Այս տեսանկյունից անչափ կարևոր է հանցակազմերը կառուցելիս, պատիժները նախատեսելիս, ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ սահմանելիս հաշվի առնել ոչ միայն քրեական իրավունքի դոգմատիկան, այլև՝ բժշկության, հոգեբանության, կրիմինալոգիայի և այլ գիտությունների նվաճումները։

բ) Նախագիծը պետք է հիմնվի ոչ միայն «արարքի հայեցակարգի» այլև «անձի հայեցակարգի» վրա։ Անհրաժեշտ է հասկանալ, որ օրենքը պատժում է ոչ թե հանցագործությունը, այլ հանցանք կատարողին։ Ըստ այդմ էլ քրեական պատասխանատվության ենթարկելու, պատիժ նշանակելու, պատժից կամ պատասխանատվությունից ազատելու հարցերը անհրաժեշտ է կարգավորել հիմք ընդունելով ոչ միայն հանցագործության պատկանելությունը դասակարգման այս կամ այն խմբին, այլև՝ հանցանք կատարողի անձնավորությունը, նրա հանրային վտանգավորությունը, կրիմինալոգիական բնութագիրը, ուղղման և վերասոցիալականացման հնարավորությունները։ Սրա հետ կապված անհրաժեշտ է, որ քրեական պատասխանատվության և պատժի հարցերը լուծելիս հաշվի առնվեն ոչ միայն հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այլ հանցագործության եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցագործության դրդապատճառը, նպատակը և այլն։

գ) Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով հետևողականորեն ապահովել ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը։ Դրա համար անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել իրավաբանական ու փաստական սխալի ինստիտուտները, լուծել մեղքի ձևի ու տեսակի խնդիրը աֆեկտի և հարբածության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքերում։ Սրա հետ կապված` անհրաժեշտ է քրեական օրենսգրքում ներմուծել մեղքի արժեքաբանական տեսության որոշ տարրեր։

դ) Անհրաժեշտ է վերանայել պատժի համակարգը և դրանում նախատեսել ազատազրկման այլընտրանք հանդիսացող գործուն պատժատեսակներ, կատարելագործել եղածները, նախատեսել քրեական պատասխանատվության այլընտրանք հանդիսացող միջոցներ, ինչը թույլ կտա տնտեսելու քրեաիրավական հարկադրանքը։ Քրեաիրավական հարկադրանքի տնտեսումը կարող է իրականացվել նաև քրեական օրենսգրքի Հատուկ մասի մի շարք հոդվածներում ազատազրկում պատժատեսակի ավելի կարճ ժամկետներ նախատեսելով (դեպենալիզացիա)։

ե) Նախագծով պետք է մեծ ուշադրություն դարձնել տուժողի շահերի պաշտպանությանը և պատճառված վնասի հատուցմանը։ Այս տեսանկյունից կատարելագործման կարիք ունեն գույքային սանկցիաները։ Աշխարհի շատ երկրների քրեական օրենսդրություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտացոլված է այն հանգամանքը, որ դրանք նպատակաուղղված են պատճառված վնասի հատուցմանը։

 զ) Անհրաժեշտ է իրականացնել ապաքրեականացում և քրեականացում։

Ապաքրեականացումը պետք է վերաբերի այն արարքներին, որոնց քրեականացումը իրականացվել է պահի ազդեցության տակ, մեկ կոնկրետ դեպքի առնչությամբ` առանց հաշվի առնելու արարքների քրեականացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, ապաքրեականացումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Դրանց թվին է դասվում արարքի հանրային վտանգավորության ցածր աստիճանը, մասնավորապես՝ պատճառված վնասի նվազ կարևորությունը, դրա բնույթը: Ուստի, ապաքրեականացում իրականացնելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել այդ արարքի դեմ ոչ թե քրեաիրավական, այլ վարչական կամ քաղաքացիաիրավական միջոցներով պայքարելու հնարավորությունը:

Որոշ դեպքերում կարելի է մասնակի ապաքրեականացում իրականացնել՝ հանցակազմի մեջ լրացուցիչ հատկանիշներ մտցնելով, ինչը կնպաստի հանցավոր համարվող արարքների շրջանակի նեղացմանը: Մասնավորապես՝ հանցակազմի մեջ որպես լրացուցիչ հատկանիշներ կարող են ընգրկվել հանցագործության շարժառիթը, կատարման եղանակը, ձևական հանցակազմերի դեպքում՝ հանրորեն վտանգավոր հետևանքները: Այս հատկանիշները կարող են դառնալ այն ցուցիչները, որոնց օգնությամբ կարելի է հանցավոր և իրենից բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող արարքները սահմանազատել ոչ հանցավոր արարքներից:

Ապաքրեականացման համար կարևոր չափանիշ կարող են լինել նաև ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը, ՀՀ Սահմանադրությունը. եթե նշված իրավական ակտերով որևէ արարքի համար անթույլատրելի է համարվում դրա քրեական պատասխանատվությունը, ապա այդ արարքը պետք է ապաքրեականացվի:

Նույն գործոնները հաշվի առնելով պետք է իրականացվի նաև քրեականացումը: Քրեականացումը պայմանավորված է նաև հետևյալ հանգամանքներով. միջազգային պարտավորություններ, գլոբալ գործընթացներ, գիտատեխնիկական առաջընթաց (մասնավորապես` կիբեռհանցավորություն, գենետիկայի, բժշկագիտության բնագավառում ներկայումս տարածում ստացող հանրավտանգ արարքներ, ահաբեկչության տարբեր դրսևորումներ և այլն)։ Քրեականացումը պայմանավորված է նաև հանրավտանգ արարքների այնպիսի նոր դրսևորումներով կամ դրանց հնարավորությամբ, որոնք հասարակական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների հետևանք են:

է) Պետք է խստացնել քրեական պատասխանատվությունը կրկնահանցագործների նկատմամբ` նախատեսելով նրանց նկատմամբ պատժի նշանակման այնպիսի կարգ, որն իրականում կհամապատասխանի այդ անձանց հանրային վտանգավորության աստիճանին։ Լուծման ուղիներից մեկը ռեցիդիվի դեպքում պատժի առավելագույն չափի խստացումն է, ինչն առկա է երկրների մեծ մասի քրեական օրենսդրություններում։

ը) Անհրաժեշտ է ապահովել քրեական օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը.

Քրեական օրենսգիրքը պետք է ունենա հասկացությունների ցանկ` դրանց բովանդակության պարզաբանմամբ, ինչը զգալիորեն կհեշտացնի իրավակիրառողի գործը, կապահովի հասկացությունների միատեսակ ըմբռնումը և օրենքի միատեսակ մեկնաբանությունն ու կիրառումը։ Բացի այդ, անհրաժեշտ է սահմանել հանցագործությունների որակման կանոնները հատկապես հանցագործությունների համակցության և բարդ հանցագործությունների դեպքերում։

թ) Պետք է ապահովել քրեական օրենսգրքի համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրերին և ՀՀ Սահմանադրությանը։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կարգավորում են ստացել հետևյալ առանցքային հարցերը.

  • հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել է նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը.
  • հստակեցվել են Օրենսգրքում առկա սկզբունքները և դրանց իրացման պայմանները.
  • փոփոխություններ է կատարվել հանցագործությունների դասակարգման մեջ.
  • լուծվել են քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքի որակման հարցերը.
  • վերացվել է ռեցիդիվի տարբեր տեսակների դասակարգումը: Ռեցիդիվը պարզապես նախատեսվել է որպես պատիժը ծանրացնող հանգամանք` պատժի պարտադիր խստացում նախատեսելով միայն այն դեպքում, երբ անձը նախկինում ազատազրկման ձևով պատիժ է կրել և դատվածությունը դեռևս չհանված կամ չմարած կատարել է այնպիսի դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման.
  • կատարելագործվել և հստակ չափանիշներ է նախատեսվել մեղսունակության, սահմանափակ մեղսունակության, ինչպես նաև հարբածության վիճակում հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության ինստիտուտների կապակցությամբ.
  • հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և պատիժների համակարգը, իսկ որոշ դեպքերում այդ նորմերի կիրառումը տարածելի է նաև քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ.
  • սահմանվել են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգ.
  • նախատեսվել են փաստական սխալի տարբեր իրավիճակները և արարքի որակման առանձնահատկությունները.
  • հստակ չափանիշներ են մշակվել հանցագործության փուլերը միմյանցից սահմանազատելու, ավարտման պահը որոշելու համար.
  • վերանայվել է հանցակցության ինստիտուտը և գործնականում առաջացող պրակտիկ խնդիրներին տրվել է օրենսդրական լուծումներ.
  • ընդարձակվել է ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը, ինչպես նաև վերանայվել են պատժի նպատակները.
  • նախատեսվել են քրեական պա­տաս­խա­նատ­վու­թ­յունն ու պատիժը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները հաշվի առնելու հստակ կանոններ.
  • նախատեսվել է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի ու պայմանների սպառիչ և մանրակրկիտ կանոնակարգում.
  • հստակեցվել և կատարելագործվել է պատժից ազատելու ինստիտուտը, մասնավորապես` պատիժը պայմանականորեն չկիրառելը, վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը և այլ ինստիտուտների գործնական կիրառման համար հստակ չափանիշներ են նախատեսվել.
  • սահմանվել է անվտանգության միջոցների և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների համակարգը.

Նախագծի Հատուկ մասը կառուցվել  է հետևյալ սկզբունքային դրույթների վրա.

  • քրեաիրավական ներգործության մեղմացումը պետք է կշռադատված և իրավաբանորեն հիմնավորված ու արդարացված լինի։ Այն չպետք է առաջացնի քրեական օրենքի պահպանական և կարգավորիչ գործառույթների անհիմն թուլացում.
  • վերականգնողական արդարադատությունը չի կարող միանշանակորեն ենթադրել քրեական սանկցիաների մեղմացում։ Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել համապատասխան սանկցիաների համաչափությունը և հիմնավորվածությունը՝ հիմք ընդունելով հանցագործություններից առավել վտանգավորի համար նախատեսված պատժատեսակներն ու պատժաչափերը.
  • ապաքրեականացումը միայն որոշակի հանցակազ­մերով իրավակիրառական պրակտիկայի բացակայության պատճառով անթույլատրելի է.
  • ժամանակակից պահանջներին համապատասխանող քրեական օրենքը պետք է առավելագույնս հիմնված լինի իրավակիրառական պրակտիկայի պահանջմունքների վրա։ Այդ իմաստով անհրաժեշտ է նախատեսել հանցանքների և քաղաքացիական իրավախախտումների, ինչպես նաև հանցանքների և վարչաիրավական խախտումների սահմանազատման հստակ չափանիշներ.
  • Նախագծի գործողության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է բացառել բոլոր այն դեպքերը, երբ ընդհանուր բնույթի հանցագործությունները նախատեսված են որպես հատուկ օբյեկտների դեմ ուղղված հանցագործությունների հանցակազմի հատկանիշ կամ ծանրացնող հանգամանք (օրինակ՝ հասարակական, քաղաքական կամ պետական գործչի սպանությունը նախատեսված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում).
  • բացառել որպես ծանրացնող հանգամանք նախատեսել այլ հանցագործության հետ զուգորդված լինելու հանգամանքը.
  • Հստակեցնել և պարզեցնել Նախագծի Հատուկ մասի կառուցվածք:

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի N 137-Ա հրամանով ստեղծված ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի և Արդարադատության նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:

  • Քննարկվել է

    19.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21730

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

09.12.2019

Նախագծում բացակայում են «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով պարտադիր քրեականացում պահանջող անյպիսի արարքներ, ինչպիսին են 1. Հետամտումը՝ անձի նկատմամբ դիտավորյամբ շարունակաբար կատարվող սպառնալից գործողությունները, որոնք այդ անձի մոտ վախ են հարուցում սեփական անվտանգության համար: 2. Սեռական հետապնդում՝ սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսեւորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը։ 3. Կանանց սեռական օրգանների խեղումը։ 4. Հարկադիր, վաղ տարիքում եւ երեխաների ամուսնությունը

Ստելլա Չանդիրյան

09.12.2019

Նախագծի 197-րդ հոդվածն առաջարկում ենք համալրել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝ «Սույն հոդվածի իմաստով կամքն անտեսել է համարվում այն իրավիճակը, երբ հանցագործության սուբյեկտը գործել է՝ չունենալով տուժողի համաձայնության ողջամիտ համոզմունք։ Համոզմունքի ողջամտությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում նաւե այն քայլերը, որոնք հանցագործության սուբյեկտը կատարել է համոզելու, որ հանցագործությունից տուժող անձը համաձայն է։»։

Ստելլա Չանդիրյան

09.12.2019

Նախագծի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված են սպանությունը ծանրացնող մի շարք հանգամանքներ։ Հարկ է նկատել, որ ցանկը սպառիչ կերպով չի անդրադառնում կնասպանության կամ գենդերային հիմքով սպանության դեպքերին։ Արդյունքում առաջանում է իրավիճակ, երբ գենդերային հիմքով կատարվող սպանություններն ու կնասպանության դեպքերը պատշաճ արձագանք չեն ստանում պետության կողմից։ Նշվածի կապակցությամբ հակ է ընդգծել, որ առանձնացնում են գենդերային հիմքով պայմանավորված սպանությանն անդրադարձող երկու հիմնական մոտեցում. կնասպանությունը՝ որպես հանցագործության առանձին տեսակ սահմանելը կամ գենդերային հիմքով կատարված արարքը որպես ծանրացնող հանգամանք դիտարկելը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ նախագծում։

Տեսնել ավելին