Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին վճարվող վարձատրության չափը և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվում են Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների
ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողների դրամական վճարների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների չափերը:

Յուրաքանչյուր տարի թվով 3 փրկարարական ծառայող (2-ը՝ հրշեջ-փրկարարական, 1-ը՝ քաղաքացիական պաշտպանություն մասնագիտությամբ) 2 տարի ժամկետով պետական պատվերի շրջանակներում գործուղվում են ուսման կամ վերապատրաստման Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիա: Ռուսական կողմը ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին ապահովում միայն կեցությամբ՝ հատկացնում է հանրակացարանային բնակելի տարածություն: Գործուղված փրկարարական ծառայողներին, ըստ պաշտոնների (որպես կանոն գործուղվում են ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները), Որոշմամբ ամսական վճարվում է միջին հաշվարկով 108 000 ՀՀ դրամ (ներկայումս գործող փոխարժեքով՝ 225 ԱՄՆ դոլար): Գործուղված ծառայողներին սննդի, կոմունալ վճարումների, դեղորայքի և այլ անհրաժեշտ կենցաղային ծախսերի համար գումար չի վճարվում: Որոշմամբ վճարվող ամսական վճարների չափը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հնարավորություն չի տալիս հոգալ ծառայողի նվազագույն կարիքները և այլ անհրաժեշտ ծախսերը (հնարավոր չէ ապահովել նվազագույն պայմաններ կենսագործունեության համար): Արդյունքում, գործուղված փրկարարական ծառայողները ստիպված են լինում ուսմանը և վերապատրաստմանը զուգահեռ, դասընթացներից ազատ ժամերին, կատարել վճարովի աշխատանք, ինչը չի կարող իր բացասական հետևանքները չթողնել ուսումնական գործընթացի վրա:

Ընդ որում, Նախագծով օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվելիք դրամական վճարների և ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների կրթաթոշակների բարձրացման գծով ծախսերի հաշվարկման (գնագոյացման/գնորոշման) համար որպես օրենսդրական կամ կանոնակարգային հիմք ընդունվել է «Ռուսաստանի Դաշնությունում ամբողջական սպառողական զամբյուղի մասին» ՌԴ 2012 թվականի նոյեմբերի 20-ի ֆեդերալ օրենքը և Մոսկվայի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 10-ի «Մոսկվա քաղաքում 2019 թվականի երկրորդ եռամսյակում կենսաապահովման նվազագույն չափերը սահմանելու մասին» № 1177-ՊՊ որոշումը:  Համաձայն նշված որոշման՝ Մոսկվա քաղաքում 2019թ. երկրորդ եռամսյակում սահմանվել են կենսաապահովման (կենսագոյության) հետևյալ նվազագույն չափերը՝

- ազգաբնակչության մեկ շնչի հաշվարկով՝ 17 679 ՌԴ ռուբլի (132 062 ՀՀ դրամ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 23.09.2019թ. դրությամբ սահմանված փոխարժեքով` 1 ՌԴ ռուբլի/7.47 ՀՀ դրամ),

- աշխատունակ բնակչության համար՝ 20 195 ՌԴ ռուբլի (150 856 ՀՀ դրամ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 23.09.2019թ. դրությամբ սահմանված փոխարժեքով` 1 ՌԴ ռուբլի/7.47 ՀՀ դրամ),

- երեխաների համար՝ 15 225 ՌԴ ռուբլի (113 730 ՀՀ դրամ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 23.09.2019թ. դրությամբ սահմանված փոխարժեքով` 1 ՌԴ ռուբլի/7.47 ՀՀ դրամ):

Հարկ է նշել, որ վերը նշված նվազագույն չափերի մեջ հաշվարկված է միայն սննդամթերքի ձեռք բերման համար անհրաժեշտ ծախսերը (կոմունալ, դեղորայքի և այլ նմանատիպ ծախսերը չեն մտնում):

Այսպես. ՌԴ համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայող (կուրսանտ)՝ 150 856 ՀՀ դրամ x մեկ անձ + ընտանիքի անդամ (ամուսին)՝ 132 062 ՀՀ դրամ x մեկ անձ + ընտանիքի անդամ (երեխա)՝ 113 730 ՀՀ դրամ x մեկ անձ = 396 648 ՀՀ դրամ ամսական:

Այսինքն, երեք անձից բաղկացած ընտանքի կենսաապահովման համար, ըստ ՌԴ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափերի, ամսական անհրաժեշտ է ՀՀ դրամով հաշվարկած 396 648 դրամ, որի մեջ չեն մտնում կոմունալ, դեղորայքային և այլ անհրաժեշտ ու առաջնային ծախսեր:

Ուստի, Նախագծով առաջարկվում է որոշակիորեն, միջինը՝ 15 000 ական դրամով, բարձրացնել Որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների (Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների) ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարները:
Առաջարկվում է նաև բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները՝ 18 000 դրամի փոխարեն սահմանելով 99 000 դրամ:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ Որոշմամբ ուսման գործուղված շարքային կազմի (շարքայինից ավագ ենթասպա) ծառայողների համար սահմանված չեն դրամական վճարներ, Նախագծով առաջարկվում է կրտսեր խմբի ծառայողների համար ևս սահմանել վճարներ, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար 99 000 ՀՀ դրամ, այլ օտարերկրյա պետությունների
ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար՝ 144 000 ՀՀ դրամ:
Որոշմամբ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողների դրամական վճարները սահմանվում են ըստ պաշտոնների, ընդ որում՝ նախատեսվում են միայն Կենտրոնական ապարատի վարչության պետի, Մարզային (Երևան քաղաքի) վարչության պետի, առանձին բաժնի պետի, փրկարարական ջոկատի հրամանատարի և խմբի պետի պաշտոնները: Մինչդեռ՝ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղվում են նաև այլ պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողներ, որոնք Որոշմամբ սահմանված չեն: Քննարկվող իրավակարգավորումները գործնականում դժարություններ են ստեղծում այլ պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում ուսման համար սահմանված դրամական վճարների վճարման հարցում:
Ուստի, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողների դրամական վճարները սահմանել ոչ թե ըստ կոնկրետ հաստիքային պաշտոնների, այլ պաշտոնների խմբերի:
Միաժամանակ, Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) համապատասխան նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում: Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշմամբ կարգավորվում են փրկարարական ծառայողի վերապատրաստման (որակավորման) հետ կապված հարաբերություները, սակայն, նշված որոշմամբ կամ այլ իրավական ակտով սահմանված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փրկարարական ծառայողներին վճարվելիք  վերապատրաստման հետ կապված ծախսերի (դրամական վճարների) չափերը:

Հաշվի առնելով, որ Օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում գործուղված փրկարարական ծառայողների ուսումն ու վերապատրաստումը զուգորդվում են, Նախագծով առաջարկվում է Որոշմամբ սահմանված դրամական վճարների շրջանակներում միաժամանակ ապահովել նաև փրկարարական ծառայողների վերապատրաստումը:

2.

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, համաձայն որի նախատեսվում է՝

- բարձրացնել Որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների (Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների) ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող ամսական դրամական վճարները՝ միջինը 15 000 ական դրամով,
- բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները՝ 18 000 դրամի փոխարեն սահմանելով 99 000 դրամ,
- կրտսեր խմբի ծառայողների համար ևս սահմանել վճարներ, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար 99 000 ՀՀ դրամ, այլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար՝ 144 000 ՀՀ դրամ,
- օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների դրամական վճարները սահմանել ըստ պաշտոնների խմբերի:

3.

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման, վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների բարձրացմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների նվազագույն սոցիալ-կենցաղային պահանջները, անհրաժեշտ ծախսերը, կենսագործունեության համար նվազագույն պայմանները, ինչը կխթանի, ընդհանուր առմամբ, ծառայողների ուսումնական գործընթացը և վերջիններիս կողմից մասնագիտական ու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումը:

5.

Նորմատիվ բնույթի հիմնավորվա­ծությունը

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Յուրաքանչյուր տարի թվով 3 փրկարարական ծառայող 2 տարի ժամկետով պետական պատվերի շրջանակներում գործուղվում են ուսման կամ վերապատրաստման Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիա: Տարեկան նշված ակադեմիաներում ունենում ենք թվով 6 ունկնդիր, որոնցից յուրաքանչյուրին (Փրկարարական ջոկատի հրամանատարին հավասար ավագ խմբի պաշտոններ) ամսական վճարվում է միջին հաշվարկով Որոշմամբ սահմանված 108 000-ական դրամ (6 ծառայող x 108 000 դրամ = 648 000 դրամ ամսական):
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համար նախատեսվում է սահմանել 117 000 դրամ՝ 108 000 դրամի փոխարեն: Հետևաբար՝ 6 ծառայող x 117 000 դրամ = 702 000 դրամ ամսական:
Առաջարկվող փոփոխության արդյունքում ամսական տարբերությունը կկազմի 702 000 դրամ - 648 000 դրամ = 54 000 դրամ, տարեկան՝ 54 000 դրամ x 12 ամիս = 648 000 դրամ:
Այսպես, սույն նախագծի ընդունմամբ 2020 թվականի պետական բյուջեում կառաջանա մոտավոր միջին հաշվարկով 648 000 դրամի լրացուցիչ ծախս, որը նախատեսվում է 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիաներում պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված թվով 6 ունկնդիր փրկարարական ծառայողներին Որոշմամբ սահմանված դրամական վճարների տարբերությունը վճարելու համար:

Նախագծով առաջարկվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների սահմանման և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների բարձրացման արդյունքում պետական բյուջեի վրա ազդեցության ֆինանսական գնահատական ներկայացնել հնարավոր չէ, քանի որ մինչ օրս օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներ ուսման կամ վերապատրաստման չեն գործուղվել, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողներ չկան:

 

 

 

Արտակարգ իրավիճակների նախարար                                        Ֆելիքս Ցոլակյան

  • Քննարկվել է

    08.11.2019 - 24.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7648

Տպել