Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ 29 ԱՊՐԻԼԻ N 566-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2019թ. թիվ 1130-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» № 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություները և լրացումները.
1) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կազմակերպությունը, որին հատկացվում է դրամաշնորհ, որոշվում է սույն կարգի համաձայն կազմակերպվող և անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) արդյունքներով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի։ Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա։
10. Դրամաշնորհի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ՝ բյուջեի կատարման մասին որոշում)։»:
2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-10.3 կետերով․
«10.1. Մինչև բյուջեի կատարման մասին որոշմամբ ֆինանսական միջոցներ նախատեսվելը սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան կարող է կնքվել դրամաշնորհի պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում իրականացվելիք ծրագիրը կարող է կատարվել միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Սույն կետի համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Սույն կետը կարող է կիրառվել, եթե դրամաշնորհային ծրագիրը պետք է սկսվի տվյալ ծրագրի համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում դրամաշնորհային մրցույթի իրականացումը ժամկետի առումով անհնար է:
10.2. Պետական մարմինը դրամաշնորհի պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:
10.3. Բյուջեի կատարման մասին որոշման հաստատումից հետո համապատասխան պետական մարմնի ղեկավարը կազմավորում է տվյալ դրամաշնորհի հատկացման նպատակով անցկացվելիք մրցույթի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմը բաղկացած է առնվազն 5 անդամից։ Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով հանձնաժողվի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ (այսուհետ` նախագահ) և քարտուղար (այսուհետ` քարտուղար): Հանձնաժողովում պետք է ընդգրկվի տվյալ բնագավառի հասարակական կազմակերպության առնվազն մեկ ներկայացուցիչ՝ վերջինիս համաձայնությամբ։»:
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Նիստին ներկա անդամները պարտադիր կարգով ստորագրում են հանձնաժողովի որոշումները:»։
4) 14-րդ կետում «24 ժամ առաջ» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
5) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1-14.5 կետերով.
«14.1. Հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը։
14․2. Դրամաշնորհի մրցույթի ընթացակարգին արգելվում է սույն կարգի 14․3 կետով սահմանված փոխկապակցված անձի/անձանց միաժամանակյա մասնակցությունը, ինչի վերաբերյալ ներկայացվում է հայտարարություն։
14․3. Սույն կարգի իմաստով փոխկապակցված անձ/անձիք են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի № 526-Ն որոշման 1-ին հավելվածի 20-րդ գլխում նշված ֆիզիկական և իրավաբանական անձիք։
14․4. Հանձնաժողովը`
ա) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.
բ) փոփոխություններ է կատարում հրավերում.
գ) պարզաբանումներ է ներկայացնում դրամաշնորհի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ.
դ) բացում և գնահատում է հայտերը.
ե) որոշում է մրցույթի հաղթողին (հաղթողներին):
14.5. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը:
6) 15-րդ կետի՝
ա. «բ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ.1» և «բ.2» ենթակետերով.
«բ.1) ստանում և հաշվառում է հայտերը.
բ.2 ) տրամադրում է հրավեր.»
բ. «դ» ենթակետում, 18-րդ կետում «աշխատակազմի ղեկավարին» բառերից առաջ լրացնել «գլխավոր քարտուղարին կամ» բառերը։
գ. «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ.1» և «դ.2» ենթակետերով.
«դ.1) կազմակերպում է դրամաշնորհի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման աշխատանքները.
դ.2) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` սույն կարգի պահանջներին համապատասխանության համար.»։
դ. «ե» ենթակետում «անդամ չէ» բառերից հետո լրացնել «և չունի քվեարկելու իրավունք» բառերը։
ե. «զ» ենթակետում «իրականացնում է» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով» բառերը։
7) 19-րդ կետում «առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով։
8) 20-րդ կետի՝
ա. «ժա» ենթակետում «հանձնաժողովի հայեցողությամբ» բառերը փոխարինել «տվյալ ոլորտի առանձնահատկություններից ելնելով» բառերով։
գ. «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ» ենթակետով.
«ժբ) ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները։»։
9) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1 և 20.2 կետերով․
«20.1. Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը մրցույթին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է անհրաժեշտության դեպքերում ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).
20․2. Դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։»։
10) 23-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի կողմից մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու օրը քարտուղարն այդ փոփոխությունները ներկայացնում է պետական մարմնի գլխավոր քարտուղարին կամ աշխատակազմի ղեկավարին, որն այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը տեղադրում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։
Մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունները պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվանից:»։
11) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը և նշված է «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը։»։
12) 28-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել․
13) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հայտերի բացման նիստում նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված։
Հայտերի բացման նիստում քարտուղարը հրապարակում է`
ա) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).
բ) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
գ) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
դ) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
ե) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.
զ) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին․
է) հանձնաժողովի անդամներին է տրամադրում պետական մարմնի կնիքով կնքված հայտերի գնահատման թերթիկների (այսուհետ` գնահատման թերթիկ) երկուական օրինակ` հայտերի բացման նիստի ավարտից հետո։»
14) 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29.1-29.6 կետերով․
«29.1. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է մրցույթի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`
ա) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
բ) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները.
գ) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
դ) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
ե) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
զ) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.
ե) տվյալներ` առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ.
ը) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
թ) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
ժ) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
ժա) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:»։
29.2. Եթե հանձնաժողովի անդամը կամ մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:
29.3. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:
29.4. Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:
29.5. Եթե առկա է սույն հոդվածի 29.4-րդ մասով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ մրցույթի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
29.6. Հայտերի բացման նիստի օրվա ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»։
15) 30-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«30․ Հանձնաժողովի անդամները գնահատում են հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում, և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:»․
16) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-34.4 կետերով․
«30.1. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:
30.2. Հայտը գնահատվում է բավարար, եթե 30-րդ կետի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները: Նման դեպքում մասնակիցը կամ մասնակիցները հայտարարվում են ընտրված:
30.3. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է մրցույթի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
30․4. Հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը նիստի արձանագրությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»։
17) 35-րդ և 36-րդ կետում «աշխատակազմի ղեկավարը» բառերից առաջ ավելացնել «գլխավոր քարտուղարը կամ» կառերը, իսկ 35-րդ կետում «աշխատակազմի ղեկավարին» բառից առաջ «գլխավոր քարտուղարին կամ» բառերով։
18) 36.2. կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը և պայմանագրով նախատեսված ծրագրի կատարման հաշվետվության օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։»։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկասյա ժամնետում հաստատել դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող հայտարարությունների, հրավերների, դրամաշնորհի պայմանագրի ու պայմանագրով նախատեսված ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման օրինակելի ձևերը։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի հաստատման օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին № 566-Ն որոշումը։
 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
 
 
ՎԱՐՉԱՊԵՏ՝
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 
 
 
 
  • Քննարկվել է

    05.11.2019 - 20.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12363

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

20.11.2019

Առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ դրա հիմքը և նախատեսվող մեխանիզմները հնացած են և չեն կարող պատշաճ ապահովել մրցակցային ու թափանցիկ գործընթացներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների տրամադրման կարգը, որի նախնական տարբերակը քննարկվել է մի շարք հասարակական կառույցների հետ։ Առաջարկում ենք դիտարկել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների տրամադրման նշված կարգը, որի հետ կարելի է ծանոթանալ սույն հղումով՝ https://bit.ly/2O3nvsq ։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

20.11.2019

6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 20.2 կետի կարգավորումները հանել Նախագծից՝ հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները, իսկ այդ կետում նշված փաստաթղթերի օրինակելի ձևերը առանձին հավելվածի տեսքով սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Այսպես՝ Նախագծի 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող 20.2 կետի կարգավորումների համաձայն՝ «Դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։»։ Այդ առնչությամբ հաշվի առնելով Որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի կողմից, հետևաբար ՀՀ ֆինանսների նախարարը դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը կարող է ընդունել միայն նորմատիվ հրամանի տեսքով, ինչի համար որևէ օրենքով լիազորված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծից հանել նաև Նախագծի 1-ին կետի 18-րդ ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը: 7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.1 կետի «ե» պարբերությունը հանել, քանի որ հայտերի բացման նիստում մրցույթում առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ տվյալներ չեն կարող լինել: Ավելին, Որոշման 30-րդ կետի համաձայն՝ «Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:»: 8. Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.4 կետում անհրաժեշտ է հանել «սույն հոդվածի 3-րդ մասում» բառերը, քանի որ ՀՀ կառավարության որոշումներում դրույթները համարակալվում են հերթական համար ունեցող կետերով: 9. Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.5 կետում անհրաժեշտ է «սույն հոդվածի 29.4 մասով » բառերը փոխարինել « 29.4 կետով» բառերով հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշումներում դրույթները համարակալվում են հերթական համար ունեցող կետերով: 10. Նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակային հաջորդականությունը ապահովելու համար առաջարկում ենք նոր լրացվող 29.3 կետը համարակալել 29.6 կետով, իսկ 29.6 կետով նախատեսված դրույթները շարադրել 29.3 կետի ներքո: 11. Նախագծով անհրաժեշտ է հստակ տարանջատել հայտերի բացման նիստի և հայտերի գնահատման նիստի կանոնակարգումները, ինչպես նաև անհրաժեշտ է Նախագծով հստակեցնել, թե հայտերի գնահատման նիստը նույն Որոշման 31-րդ կետում նշված Հանձնաժողովի ամփոփիչ նիստն է, թե՝ ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ նույն հասկացությունները օգտագործել Նախագծում:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

20.11.2019

2. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող Որոշման հավելվածի 9-րդ կետով առաջարկվում է պետության կողմից կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնել մրցութային կարգով, բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ դրանք հատկացվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում: Այդ առնչությամբ, հաշվի առնելով նախկինում և ներկայումս լայն տարածում գտած այն արատավոր պրակտիկան, երբ պետական բյուջեի միջոցներից զգալի աջակցություն են ստացել այն ՀԿ-ները, հիմնադրամները կամ այլ տեսակի ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք հիմնականում այս կամ այն կերպ փոխկապակցված են տվյալ պահին գործող քաղաքական իշխանության հետ կամ կիսում են նրանց կողմից վարվող քաղաքականությունը , գտնում ենք, որ Նախագծով մրցութային կարգից տարբերվող բացառություններ պետք է սահմանվեն միմիայն պայմանավորված արտակարգ կամ չնախատեսված իրավիճակներում, երբ ի հայտ է եկել անհետաձգելի պահանջ և այդ աջակցության տրամադրումը չի կարող հետաձգվել: 3. Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 10.1 կետի կարգավորումները, քանի որ նախ պարզ չէ, թե ինչու պետք է կազմակերպության հետկնքվի դրամաշնորհային պայմանագիր, եթե իրականացվելիք ծրագրի համար ՀՀ կառավարությունը տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրով դեռևս ֆինանսական միջոցներ չեն հատկացվել և թե ինչու այդպիսի միջոցները պայմանագրի կնքումից հետո 6 ամսվա ընթացքում չհատկացնելու պարագայում լուծել այն(ինչու նախապես կնքել և հետո էլ այն լուծել): Երկրորդ. ինչ չափանիշների հիման վրա է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմինը գնահատելու, թե տվյալ ծրագրի համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից արդյոք կազմակերպությունները կարողանալու են անհրաժեշտ ժամկետում իրականացնել ծրագիրը, թե ոչ և արդյո՞ք նման կարգավորումները հայեցողական լիազորություն չեն տա իրավասու պետական մարմիններին իրենց համար «ցանկալի» կազմակերպությունների հետ, առանց մրցույթ հայտարարելու, նախապես կնքել դրամաշնորհի պայմանագիր՝ պատճառաբանելով ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետների սուղ լինելը: 4. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 10.3 կետի կարգավորումների համաձայն՝ Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար, մինչդեռ նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությամբ առաջարկվում է Որոշման 15-րդ կետի «ե» պարբերության մեջ, որը սահմանում է, որ քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, լրացնել, որ քարտուղարը չունի նաև քվեարկելու իրավունք: Հետևաբար, ոչ միայն Նախագծի և Որոշման, այլև Նախագծով առաջարկվող կարգավորումների միջև առկա է ներքին հակասություն, և պարզ չէ, թե Նախագծով առաջարկվում է, որ Հանձնաժողովի քարտուղարը լինի Հանձնաժողովի անդամ, թե՝ ոչ: 5. Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ»պարբերություն անհրաժեշտ է փոխարինել «բ» պարբերությամբ՝ պահպանելով տառերի այբբենական հաջորդականությունը:

Տեսնել ավելին