Հիշել նախագիծը

Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին

                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների ու ձկնամթերքի  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 2319-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-իԿաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 2305-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-իՄեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 1416-Ն որոշումների կիրարկումն առաջացնում է մի շարք խնդիրներ, բացի այդ որոշումներով սահմանված կարգերում կան անհամապատասխանություններ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի: Գործող որոշումներում սահմանված չեն փորձաքննության իրականացման գործընթացում անհրաժեշտ նմուշառման ակտերը: Որոշումների մի շարք դրույթներ ունեն վերախմբագրման և հստակեցման կարիք, ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային և կիրարկման առումով:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի, Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների ու ձկնամթերքի  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 2319-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-իԿաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 2305-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-իՄեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասինN 1416-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչել և սահմանել նոր կարգ, որով անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար սահմանվում է փաստաթղթի ձև՝ նմուշառման ակտ, որը կհավաստի թե նմուշառումը, թե փորձաքննության նպատակով նմուշների ուղարկումը կամ ներկայացումը, այդ թվում՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարվող նմուշառումը՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: Սահմանվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության տրման ժամկետ:

Հիմք ընդունելով առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ, որով նոր խմբագրությամբ է շարադրվել  ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների, կաթի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:

 

                                                                Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի մեղրի,  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

                                                                   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի,  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    24.10.2019 - 08.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7212

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.10.2019

26. Կարգի 35-րդ կետում նշվում է, որ պայմանական պիտանին օգտահանվում է սույն կարգի համաձայն,մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կարգի նախագծով օգտահանման դեպքերի, ձևերի և եղանակների մասին դրույթներ սահմանված չեն: 27. Կարգի 36-րդ կետը խիստ խնդրահարույց է, քանի որ ստացվում է, որ փորձաքննություն իրականացնողը պետք է ունենա բավականին մեծ սառնարանային պահեստ բոլոր նմուշներից պահպանելու համար, ինչը ավելորդ ծախս և միջոցներ է պահանջում: Հաշվի առնել, որ փորձաքննության արդյունքներով օգտագործման համար պիտանի ճանաչված մթերքի նմուշները պահպանելու անհրաժեշտությունը ընդհանրապես չկա: 28. Կարգի 37-րդ կետում հաշվի առնել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքում պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչվում է ոչ թե նմուշը, այլև փորձաքննության ներկայացված իրացման ենթակա մթերքի խմբքանակը, որի համար էլ տրվում է եզրակացություն: 37-րդ կետում անհրաժեշտ է սահմանել, վերադարձի ենթակա որ նմուշների մասին է խոսքը՝ հետազոտված նմուշների, պահեստային նմուշների, թե հետազոտությունից հետո մնացած նմուշների մնացորդների: Հաշվի առնել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո մնացած նմուշների մնացորդները ոչ մի դեպքում ենթակա չեն վերադարձման, որովհետև տվյալ փորձաքննության տեղում հիվանդությունների հարուցիչների և վարակների տարածման սահմանափակմանն ուղղված ռիսկեր կան, որի նպատակով փորձաքննության ավարտից հետո, բացառությամբ պահեստային նմուշների, մյուս նմուշների մնացորդները ենթակա են դենատուրացիայի և վնասազերծման ու ոչնչացման, որի համար փորձաքննություն կատարողը պետք է ունենա համապատասխան մասնագիտական ունակություններ և լաբորատոր սարքավորումներ ու կարողություններ: Նմուշների պահպանման դեպքում առաջ է գալիս պահեստային նմուշների հարցը՝ փորձաքննության արդյունքների վիճարկման գործընթացը ապահովելու նպատակով, որն իրատեսական է միայն փորձաքննությամբ խնդիր հայտնաբերելու դեպքերում, երբ առաջ է գալիս մթերքի օգտագործման համար ոչ պիտանի լինելու և օգտահանման կամ ոչնչացման հարցը: Մնացած դեպքերում նմուշ պահելու կարիքը չկա, մնում է միայն հետազոտությունների ավարտից հետո մնացած նմուշների ոչնչացման հարցը, որը պետք է կատարվի և կարող է կարգավորվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: 29. Կարգի 38-րդ կետում հաշվի առնել, որ ռեֆերենս կամ այլ տեսակի լաբորատորիա փորձարկման արդյունքները չեն կարող ներկայացվել. ցանկացած լաբորատորիա, այդ թվում՝ ռեֆերենս, ներկայացվում են նմուշները, իսկ փորձաքննության արդյունքը դա փորձաքննության եզրակացությունն է, որը ոչ մի դեպքում և հիմքով չի կարող ներկայացվել ռեֆերենսին, որովհետև վիճարկման դեպքում ռեֆերենսը չպետք է և իրավունք չունի տեղեկանա կամ գիտենա վիճարկման հարցի վերաբերյալ փորձաքննություն կատարողների տված արդյունքների մասին: 30. Կարգի 39-րդ կետում հաշվի առնել, որ տեղեկացման համար սահմանված ժամկետի հիմքը կարող է լինել հաստատված փաստը, հետևաբար տեղեկացումը պետք է լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության կազմելու ամիս ամսաթիվը և ժամը, իսկ <<պայմանական պիտանի կամ ոչ պիտանի արտադրանքի հայտնաբերումը>> ձևակերպումը վերացական է և հետագայում գործողությունների ու հետևանքների մասով հիմնավոր և ընդունելի լինել չի կարող: 31. Կարգի 40-րդ կետի ձևակերպումը վերանայել, որովհետև կրկնակի փորձաքննությունը միանշանակ չէ ընկալման, մեկնաբանության և կիրառման տեսանկյուններից, իսկ իմաստն այն է, որ պահման պայմանների չպահպանման դեպքում նույն օրը չիրացված մթերքը հաջորդ օրը իրացման ենթակա է սույն կարգի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկվելուց հետո ստացված արդյունքների հիման վրա:

Արմեն Վարդանյան

28.10.2019

19. Կարգի 23-րդ կետում գրանցամատյանում» բառը փոխարինել սահմանված կարգով հաստատված ձևի անասնաբուժասանիտարական փորձաքննության նմուշառման գրանցամատյանում» բառերով, բացի այդ, անհրաժեշտ է սահմանել գրանացամատյանի ձևի և լրացման կարգի վերաբերյալ դրույթներ: 20. Կարգի 24-րդ կետը խնդրահարույց է, քանի որ անասնաբուժասանիտարական փորձաքննության հիմնական խնդիրը մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների առկայության հայտնաբերումն է, իսկ կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչները չեն հայտնաբերվում և նույնականացվում ԳՕՍՏ-ով, ԳՕՍՏ-ը վերաբերում է սպառման համար արդեն պատրաստի սննդամթերքում տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշների /ծանր մետաղ, թունաքիմիկատ, նիտրատ, ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ և այլն/ նկատմամբ հետազոտություններին, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, որպես անասնաբուժություն, կենդանիների առողջության պահպանման նպատակով հիվանդությունների բացահայտում, տարածման կանխում և վերացում, տեխնիկական կանոնակարգման տիրույթում չէ: 21. Կարգի 29-րդ կետում նշված դրույթները անասնաբուժասանիտարական փորձաքննության շրջանակներում առանձնահատկություն չեն և չեն կարող լինել, որովհետև դրանք օրինաչափություն են և ուղղակի չեն կարող սահմանվել փորձաքննության իրականացման առանձնահատկություն: 22. Կարգի 31-րդ կետը խմբագրաման կարիք ունի, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով փորձաքննության եզրակացության և պիտակի բացակայության համար պատասխանատվություն նախատեսված չէ: 23. Կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետում պարզ չէ և հիմնավորման կարիք ունի, թե ինչու է մինչև 5 նմուշի համար սահմանված 1 ժամ, իսկ 6 և ավելի նմուշի դեպքում՝ 2 ժամ, եթե գործնականում կատարվող նմուշառումից հետո նմուշներից քսուկների պատրաստման գործում 5-ը կամ 6-ը բացարձակ նշանակություն չունեն, վերցված 1 նմուշից կարող են պատրաստվել մի քանի քսուկներ, հետո կարող է պահանջվել նույն նմուշից կամ այլ նմուշից ևս պատրաստել քսուկներ, իսկ քսուկները պատրաստելուց հետո մանրադիտակային հետազոտության ենթարկվում են ոչ թե նմուշները, այլև դրանցից պատրաստված քսուկները կամ այլ պատրաստուկները: Գործնականում կարող են հետազոտվել 1 ժամվա ընթացքում ոչ միայն 5 կամ 6 նմուշներ, ավելի ճիշտ՝ դրանցից պատրաստված տասնյակ պատրաստուկներն ու քսուկները, որից հետո հետագա աշխատանքի համար պահանջվող ժամանակը կախված է քսուկների մանրադիտակային պատկերից և արդյունքներից, ուստի նման ժամանակի սահմանումը և տարանջատումը սխալ է և բացարձակ չհիմնավորված մասնագիտական տեսանկյունից: 24. Կարգի 33-րդ կետում հաշվի առնել, որ օրենքով, որպես այդպիսին, գրանցման կարգ սահմանված չէ, խոսք կարող է լինել սահմանված կարգով հաստատված ձևի անասնաբուժասանիտարական փորձաքննության գրանցամատյանի մասին, բացի այդ, անհրաժեշտ է սահմանել գրանացամատյանի ձևի և լրացման կարգի վերաբերյալ դրույթներ: 25. Կարգի 34-րդ կետում հաշվի առնել, որ մատնանշված 22-րդ կետում ԳՕՍՏ սահմանված չէ, եթե խոսքը գնում է 24-րդ կետով սահմանված ԳՕՍՏ-ին, ապա դրանք բացառապես վերաբերում են լաբորատոր հետազոտության մեթոդներին, դրանցով պիտանի կամ պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչելը հնարավոր չէ: Բացի ադ, 34-րդ կետի 2-րդ ենթակետի ձևակերպումից ստացվում է որ 33-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով օրինակ՝ մեղրը, կաթը, ձուն հնարավոր է աղաջրում պահելու միջոցով վարակազերծել,, ինչը ևս 1 անգամ փաստում է, որ բոլոր տեսակի կենդանական ծագման մթերքի փորձաքննությունները չի կարելի սահմանել մեկ կարգով:

Արմեն Վարդանյան

28.10.2019

14. Կարգի 15-րդ կետում և կարգի տեքստում պետք է» ձևակերպումները հանել և դրույթները շարադրել գործողությունների <<կատարվում են...>> շարադրմամբ: 15. Կարգի 14-րդ և 16–րդ կետերը ըստ էության նույնն են, կրկնորդում եմ միմյանց, անհրաժեշտ է միավորել կամ դրանցից մեկը հանել: 16. Կարգի 18-րդ կետի ձևակերպումը խնդրահարույց է, որովհետև գործնականում այն կիրառելի է կենդանիների մսեղիքի և տվյալ մսեղիքից ստացված ներքին պարենքիմատող օրգանների և այլ ենթամթեքի նույնականացման համար, այն էլ բակային մորթի իրականությունում և պայմաններում, իսկ ձկան կամ կաթի կամ կաթնամթերքի կամ ձվի դեպքում նման պահանջի սահմանումը անիրատեսական է և կիրառելի չէ: 17. Կարգի 19-րդ կետը խնդրահարույց է և կիրառման ենթակա չէ, քանի որ կետային կամ միացյալ նմուշների իմաստեվ հարց է, օրինակ՝ ինչպես է հնարավոր նշվածը, եթե խոշոր եղջերավորների, խոզի, ձիու, ոչխարի, այծի դեպքում պետք է նմուշներ վերցվեն իրացման ենթակա խմբաքանակի յուրաքանչյուր մսեղիքից թե գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, թե սպանդանոցում: Կետային կամ միացյալ նմուշը ուղղակի աբսուրդ է անասնաբուժասանիտարական փորձաքննության դեպքում, որովհետև նմուշներ վերցվում են յուրաքանչյուր մսեղիքի դեպքում ավշային հանգույցներից, լյարդից, մկաններից, սրտամկանից, ստոծանուց, ուղեղից և այլն, որոնք լինելով բոլորովին տարբեր հյուսվածքային կազմության և կոնսիստենցիայի՝ ուղղակի չեն կարող խառնվել և միացյալ նմուշ դառնալ, չհաշված նաև այն հանգամանքը, որ խմբաքանակում կարող են լինել ինչպես տարբեր ֆերմերային կամ գյուղացիական տնտեսությունների ծագման, այնպես էլ տարբեր տեսակի կենդանիների՝ տավարի, խոզի, ոչխարի, այծի մսեղիք կամ տավարի, ոչխարի, այծի կաթ կամ պանիր, տարբեր տեսակի ձկներ կամ հավի, լորի ձու կամ տարբեր փեթակային տնտեսությունների մեղր, որի պարագայում կետային կամ միասնական նմուշի մասին խոսելն անիմաստ է: Մյուս կողմից էլ հաշվի առնել, որ տվյալ մսեղիքից կամ ձկից վերցված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի նմուշը ենթակա է առանձին հետազոտության՝ տվյալ կենդանատեսակի և տվյալ կենդանու մսեղիքում կամ ձկան մոտ ինֆեկցիոն կամ ինվազիոն հիվանդության հարուցիչ/ներ/ի առկայությունը բացահայտելու նպատակով, որտեղ պետք է ընդունել այն իրողությունը, որ նույնիսկ միասնական նմուշի գաղափարը պայմանական ընդունելու դեպքում, առաջանալու է այն խնդիրը, որ անհնար կլինի պարզել, թե միասնական նմուշում հայտնաբերված ախտածին մանրէն կամ որդը որ մսեղիքից կամ ձկից է վերցվել, որտեղից է ծագել խնդիրը, հետևաբար անհնար է լինելու բացահայտել ախտահարված և արդյունքում ոչ պիտանի կամ վտանգավոր մսեղիքը կամ ձուկը և այլն, հետևաբար հետագծելիության սկզբունքով հնարավոր չի լինի բացահայտել վայրը, հիվանդության աղբյուրը, ծագումը, անապահով կետը կամ վայրը, կենդանիների խումբը: Բացի այդ նույն կետում նմուշները անասնաբուժական վկայականով փորձաքննության ներկայացնելը ևս անիրատեսական է և գործնական կիրառման ենթակա չէ, քանի որ արդեն նշվեց, որ փորձաքննությունը, որպես կանոն, իրականացվում է մթերքի իրացման վայրում կամ փորձաքննություն իրականացնողի տարածքում, որոնք որպես կանոն նույն գործունեւոթյան վայրում են տեղակայված, հետևաբար միևնույն շուկայում կամ իրացման վայրում նմուշներ տեղափոխելու համար անասնաբուժական ձևաթուղթ անհրաժեշտ չէ, ստացվում է լրացուցիչ և ձևական վարչարարություն, ընդորում, հատկանշական է, որ ստացվում է նմուշների տեղափոխման համար անասնաբուժական ձևաթուղթը պետք է լրացնի և ինքն իրեն տրամադրի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողը, որովհետև այդ ուղեկցող փաստաթղթում պետք նշվի, թե ում է տրամադրվում /պատասխան՝ փորձաքննություն կատարողին/ և ուր է տեղափոխվում /պատասխան՝ փորձաքննության/ և ով է ուղեկցող փաստաթուղթ տրամադրողը /պատասխան՝ փորձաքննություն կատարողը/: Իրականությունում ձև2 վկայականը տրվում է օրինակ՝ կենդանու ծագման վայրից՝ կենդանու մորթից առաջ անասնաբուժական զննում և նրա առողջությունը հավաստած անասնաբույժի կողմից՝ հանրապետության տարածքով մորթից ստացված մսեղիքի փոխադրման համար, որով էլ մսեղիքը ներկայացվում է իրացման վայր և ընդունվում փորձաքննության: 18. Կարգի 22-րդ կետում հաշվի առնել, որ իրականությունում նմուշը վերցնողը հենց փորձաքննությունը կատարող կազմակերպությունն է կամ անձն է: Գործնականում նման դրույթ կարող է սահմանվել միայն այն դեպքում, երբ վերահսկողության շրջանակներում տեսուչը վերցնի նմուշ և ներկայացնի լաբորատոր հետազոտության, սակայն այս դեպքը վերահսկողության կարգավորման առարկա է, այլ ոչ թե սույն կարգի: Նույնիսկ տվյալ փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում փորձաքննության ենթակա մթերքի սեփականատերը կամ իրացնողը չի կարող կատարել կրկնակի նմուշառում, նա կարող է միայն պահանջել կատարված սկզբնական նմուշառման ժամանակ վերցված պահեստային նմուշը, եթե այն վերցվել է իր պահանջով, և այլ փորձաքննողին դիմելու դեպքում նրան ներկայացնել պահեստային նմուշը, որը սահմանված կարգով պարտավոր է իրացման համար նախատեսված մթերքի խմբաքանակից կատարել նմուշառում և փորձաքննություն՝ զուգահեռաբար փորձաքննելով նաև պահեստային նմուշը:

Տեսնել ավելին