«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը.
««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է հեղինակային իրավունքի բնագավառի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից։
Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է`
«1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:
- Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.
ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,
բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»:
Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է:
Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս աշխարհում ընդլայնվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների օգտագործման և տարածման հետ կապված հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և չկարգավորված իրավահարաբերություննեերի առաջացմանը: Այսօր թվային միջավայրում և գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության հուսալի և արդյունավետ միջոցներ:
Գործող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ չեն համապատասխանում ներկայումս միջազգային պրակտիկայում կիրառվող որոշ մոտեցումներին և ենթակա են վերանայման։ Մասնավորապես, օրենքի ընդունումից հետո մշակվել և ուժի մեջ են մտել երկու նոր միջազգային պայմանագրեր։
«Տեսալսողական կատարումների մասին» 2012 թվականի Պեկինի պայմանագիրը նպատակ ունի կատարելագործել կատարողների իրավունքները և նրանց տրամադրել ավելի արդյունավետ ու միատեսակ պահպանություն:
2013 թվականին Մարաքեշում ընդունված «Կույրերի, տեսողական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը նախատեսում է հեղինակային իրավունքի որոշակի սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց՝ ավելի լիարժեք ու արդյունավետ մասնակցելու և ներգրավվելու հասարակական և մշակութային կյանքին:
Գործող օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների և գրադարանների կողմից ստեղծագործությունների վերարտադրմանը, չեն համապատասխանում ներկայիս պահանջներին և այդ կապակցությամբ անհրաժեշտություն կա հստակ սահմանափակումներ մտցնել այդ ստեղծագործությունների իրավունքների նկատմամբ։ Նախագծում ընդգրկված հեղինակային իրավունքի սահմանափակումները նպատակաուղղված են հանրության շրջանում գիտելիքի, մշակութային արժեքների, ստեղծագործությունների էլ ավելի լայն հասանելիության ապահովմանը։ Դրանք հնարավորություն կտան կրթական հաստատություններին և գիտահետազոտական ինստիտուտներին, գրադարաններին ու արխիվներին ոչ առևտրային հիմունքներով ստեղծագործություններ մատակարարել միմյանց՝ իրենց ընթերցողներին տրամադրելու, ինչպես նաև ստեղծագործությունների օրինակներն ուսանողներին ներքին ապահով ցանցով տրամադրելու համար:
Գործող օրենքով լիարժեք կարգավորված չէ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգը, որը կատարելագործման կարիք ունի: Նախագծում նախատեսվում է մտավոր սեփականության ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների հավատարմագրման գործընթացը և հավատարմագիր ստանալու համար անհրաժեշտ պայմանները: Նախատեսված են դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ:
Մասնավորապես՝ կազմակերպությանն անդամակցող իրավատերերին իրավունք է վերապահվել ստուգել տարեկան հաշվետվությունները, ծանոթանալ իրենց հասանելիք հոնորարների հաշվարկման-բաշխման փաստաթղթերին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հրավիրել անկախ աուդիտ։ Կազմակերպության գործունեության վերահսկողության իրավունք է վերապահվել նաև պետական լիազոր մարմնին:
Մի շարք խնդիրներ կան նաև մալուխային վերահաղորդումների հետ կապված հեղինակային իրավունքին և հարակից իրավունքներին առնչվող հարաբերությունների, ինչպես նաև տեսալսողական կատարումների ամրագրումների արտադրության և օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման հարցերում։
Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել հեղինակային իրավունքի օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների, մասնավորապես հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հուսալի և արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրության հստակեցում և իրավակիրարկման ոլորտի խնդիրների վերացում։ Մյուս կողմից իրականացվող քաղաքականությունը ենթադրում է, որ այդ իրավունքների տրամադրումն ու կիրարկումը պետք է համապատասխանի նաև հանրության շահերին և բացառի չարաշահման հնարավորությունները։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է՝ բնագավառի ներկա միջազգային զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու մեխանիզմների կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով։ Օրենքը նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունները։ Բացի դրանից, նախագծի ընդունումը բավարար իրավական հիմքեր կստեղծի բնագավառի միջազգային ինտեգրման գործընթացների համար։