Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

    Օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապացույցների շարքում ներառել մասնագետի կողմից կազմված ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ: Միաժամանակ, դրանով իսկ պայմանավորված, քրեական պատասխանատվություն է սահմանվում մասնագետի կողմից ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մասնագետի կողմից տրված ակտը կհամարվի որպես ինքնուրույն ապացույցի տեսակ՝ խուսափելով  ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր կատարելուց, ապահովելով քրեական դատավարության օպերատիվությունը և արդյունավետությունը:

  • Քննարկվել է

    24.06.2019 - 09.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10157

Տպել

Առաջարկներ`

Արտակ Ղազարյան

28.06.2019

Կարծում եմ նախագիծը խիստ թերի է և լավ օրինակ, թե ինչպես կարելի է ոչ խորքային հետազոտության /կամ ընդհանրապես հետազոտության բացակայության/ արդյունքում հզորագույն հարվածներ հասցնել հայրենական ապացույցների տեսությանը: Նախագծի առաջին հոդվածով նախտեսվում է իբրև ապացույցի առանձին տեսակ դիտարկել մասնագետի ակտը՝ համապատասխանաբար փոփոխություններ կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածում, դրա երկրորդ մասը լրացնելով՝ «6.1 մասնագետի ակտը» բովանդակությամբ: Մասնագետի ակտը՝ իբրևինքնուրույն ապացույցի տեսակ դիտարկելու հիմնավորում է բերվում այն, որ դրանով հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնի պահանջով նշանակված վերստուգումների, գույքագրումների և այլ ստուգողական գործողությունների արդյունքում ստացված մասնագիտական ակտերը դիտարկել իբրև ինքնուրույն ապացույց՝ խուսափելով դրանց «դատավարականացման» այլ փաստաթուղթ ճանաչելու եղանակից: Հեղինակները նշում են, որ գործնականում նշված մասնագիտական գործունեության արդյունքում կազմված ակտերը ճանաչվում են այլ փաստաթղթեր, իսկ դրանից հետո ստացված մասնագիտական ակտի հիման վրա նշանակվում է փորձաքննություն, որպիսի պայմաններում տեղի են ունենում ավելորդ փաստաթղթաշրջանառության, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր: Հենց այդ հավելյալ «ծախսերի» չեզոքացման նպատակով էլ առաջարկվում է մասնագետի ակտը դիտարկել իբրև առանձին ապացույց: Ընդ որում՝ նախագծի հեղինակները իբրև դրական փորձի օրինակ բերում են ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում 04.07.2003թ. N 92-Ф3 ֆեդերալ օրենքով կատարված լրացումներով տեղ գտած փոփոխությունները, մասնավորապես այն, որ ներկայում ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում մասնագետի եզրակացությունը դիտարկվում է իբրև ապացույցի ինքնուրույն տեսակ: Նախագծի հետազոտման արդյունքում առկա են հետևյալ դիտողությունները. Նախագծով առաջարկվում է զուտ պարզ փոփոխություն կատարելով ավելացնել մասնագետի ակտը քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասում այն դիտարկելով իբրև առանձին ապացույց, միևնույն ժամանակ՝ նախագծով բաց են մնում այնպիսի հիմնարար հարցերի պատասխաններ, թե ո՞ր դեպքում, ինչ կարգով է ձեռք բերվելու ապացույցի տվյալ տեսակը, մյուս կողմից՝ նախագծում նշված չէ թե մասնագետի ակտ ապացույցի տեսակը ինչպիսի բովանդակային ու ձևական պահանջների պետք է համապատասխանի: Այս հիմնահարցերի պատասխանների բացակայության պայմաններում՝ ներկայացված նախագիծը խիստ թերի է, ինչի պայմաններում խիստ անհստակ է դառնում փորձագետի եզրակացության և առաջարկվող «մասնագետի ակտ» ապացույցների տեսակների տարանջատման չափնիշը. ի՞նչ հատկանիշով է մեկը տարբերվելու մյուսից, արդյո՞ք մասնագետի ակտ տալու համար պետք է կատարվել հետազոտություններ, թե ոչ և եթե այո ապա ինչ չափանիշով է առաջնորդվելու վարույթն իրականցնող մարմինը այն հարցը որոշելիս նշանակել փորձաքննություն, թե՞ մասնագետի ակտ ստանալու համար «մասնագիտական հետազոտություն»: Նախագծով մասնագետի ակտը ստանալու դատավարական կարգ սահմանման բացակայության, մասնագետի ակտի և փորձագետի եզրակացության ապացույցների տեսակների միջև հստակ բովանդակային ու ձևական սահմանների բացակայության, ինչպես նաև նախագծի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջով, այն է՝ գործող քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը՝ «Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը» հանելով, կարող է վտանգ ստեղծվել, որ վարույթն իրականցնող մարմինը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառում հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված փորձաքննություն նշանակելու ու կատարելու բարդ քննչական գործողության կատարման փոխարեն ընտրի իր համար ավելի պարզ տարբերակը՝ մասնագետի ակտ ստանալու տարբերակը: Իսկ մասնագետի ակտ ստանալու դատավարական կարգի բացակայության պայմաններում կարող են վտանգվել ինչպես կասկածյալի, մեղադրյալի, այնպես էլ տուժողի իրավունքներն ու օրինական շահեր, որոնք երաշխավորվում էին փորձաքննություն նշանակել ու կատարելու քննչական գործողության կատարման դեպքում, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Ամենով հանդերձ, գտնում ենք, որ նախագծի հեղինակները մեջբերելով ՌԴ քրեական դատավարության օրենսգրի կարգավորումները, չեն ուսումնասիրել այդ փոփոխության արդյունքում առաջ եկող բարդությունները, ոչ էլ տեսության մեջ 2003թ. ծայր առարծ քննարկումները /Ռուսական հեղինակավոր դատավարագետների կողմից մասնագետի եզրակացություն ապացույցի տեսակետի վերբերյալ նշվում է, որ ապացույցի այդ տեսակը հայրենական ապացույցների տեսության համար որոշակի առումով իբրև հանելուկ է հանդես գալիս, տե՛ս Курс уголовного процесса / Под ред. д.ю.н., проф. Л.В. Головко. – 2-е изд., испр. – М.: Статут, 2017, էջ 503/ : ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում մասնագետի եզրակացությունը իբրև առանձին ապացույցի տեսակ ներդրվել է բոլորովին այլ, ներկայացված նախագծի հիմնավորումներին տրամագծորեն հակառակ նպատակով. մասնավորապես, ինչպես նշում են Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի գիտնականները, այդ փոփոխությունները ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում պայմանավորված են եղել ոչ թե վարույթն իրականցնող մարմնի աշխատանքը թեթևացնելու, ավելորդ փաստաթղթաշրջանառությունը թոթափելու, այլ՝ քրեական դատավարության մասնավոր մասնակիցներին՝ մասնավորապես պաշտպանության կողմին անգլոսաքսոնական քրեական դատավարությանը բնորոշ մոտեցմամբ ինքնուրույն «սեփական» փորձագիտական եզրակացությունը ստանալու հնարավորություն ընձեռելու միտումով/Տե՛ս նշվ. աշխ. էջեր 504-505/ : Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված, որ ռուսական դատավարագիտության մեջ քննադատվում է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի «կողմեր» հասկացության այնպիսի ընկալումը, որը ներ է առնում նաև վարույթի իրականցնող մարմնին /Овсянников И. Дискуссиям о заключении специалиста 10 лет //Законность. 2015. № 2. էջեր 48–51/: Մյուս կողմից ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի նշյալ փոփոխություններից հետո առաջ եկավ «մասնագետի եզրակացություն» և «փորձագետի եզրակացություն» ապացույցի տեսակտների տարանջատման չափանիշների անհստակությունը, ինչը, ինչպես նշվեց հստակեցված չէ նաև առաջարկվող նախագծով: Երկու ապացույցի տեսակների մեջ տարանջատման հստակ չափանիշի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՌԴ Գերագույն դատարանը իր 2010թ. դեկտեմբերի 21-ին կայացված № 28 որոշման մեջ /Постановления Пленума Верховного Суда РФ от 21 декабря 2010 г. № 28 ≪О судебной экспертизе по уголовным делам≫. https://rg.ru/2010/12/30/postanovlenie-dok.html/ , փորձ է արել որոշակի չափանիշներ սահմանել՝ մասնավորապես՝ նշելով, որ. «մասնագետը չի կատարում իրեղեն ապացույցների հետազոտում և չի ձևակերպում հետևություններ, այլ միայն արտահայտում է դատողություններ այն հարցերով, որոնք կողմերը իրեն ներկայացրել էին: Ուստի հետազոտության իրականցման անհրաժեշտության դեպքում պետք է անցկացվի դատական փորձաքննություն»: Նշյալ որոշումը մի կողմից հիմք հանդիսացավ տեսաբանների այն պնդումների, որ այս երկու ապացույցների սահմանազատման հիմնական չափանիշը հետազոտություն կատել-չկատարելու մեջ է /Տե՛ս, օրինակ, Соколов, А. Ф. Использование специальных знаний в уго¬ловном судопроизводстве: учеб. пособие / А. Ф. Соколов, М. В. Ре¬мизов; Яросл. гос. ун-т им. П. Г. Демидова. – Ярославль, 2010, էջ 112/, մյուս կողմից այդպիսի չափանիշը իր հերթին իր անհստակության պատճառով գործնականում հանգեցրեց այնպիսի իրավիճակների, որտեղ խորը և համապարփակ հետազոտության հիման վրա արված մասնագետի եզրակացությունը դիտարկվում է անթույլատրելի ապացույց հենց մասնագիտական եզրակացության հետազոտություն վրա հիմնված լիենլու, մասնագետի եզրակացության հետազոտական մասի առկայության պատճառաբանությամբ. դատարանները մերժում են այդպիսի եզրակացությունը իբրև ապացույց գործին կցելու կողմի միջնորդությունը /Դատարանի կողմից այդպիսի պատճառաբանություններով որոշումների օրինակներ տե՛ս Коновалов А.И., Сидоров А.С. О некоторых проблемах оценки и использования заключений и показаний специалиста в уголовном процессе // Вестник криминалистики. 2010. Вып. 3(35)/: Այս ամենով հանդերձ, կարծում ենք, որ նախագծի հիմնավորումներում ռուսական փորձի իբրև դրական օրինակ ներկայացնելը ոչ համապարփակ ու խորքային հետազոտության արդյունք է:

Andranik Daniel

27.06.2019

Այս նախագծի ընդունումից հետո ակտեր կազմողների մեծ մասը կհրաժարվի իրենց պաշտոններից, որի պատճառով համապատասխան մասնագետների ահավոր դեֆիցիտ կառաջանա, ինչը կբերի պետական բյուջեի եկամուտների պակաս հավաքմանը

Andranik Daniel

27.06.2019

Նախ ինչ է նշանակում օբյեկտիվ ակտ, որ իրավական ակտն է սահմանում «օբյեկտիվ ակտ» եզրույթը։

Տեսնել ավելին