Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում համարել նաև այդ համակարգով իրազեկումը: Միևնույն ժամանակ չի սահմանվում աշխատողի կողմից ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման պահանջ, հետևաբար, նախագծով ըստ էության սահմանվում է աշխատողի ծանուցված լինելու կանխավարկածը` անկախ աշխատողի կողմից իրականում ծանուցված լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը չի երաշխավորում աշխատողի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և վերջինիս իրավունքների խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործատուի պահանջով թույլատրելի համարել Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բոլոր դեպքերում արտաժամյա աշխատանքի կատարումը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թույլատրելի է համարում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի կատարումը նաև այն դեպքում, երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն: Մեջբերված դրույթի ձևակերպումը հնարավորություն է տալիս գործատուին իր հայեցողությամբ գնահատելու համապատասխան աշխատանքի կատարման անհրաժեշտությունը և ըստ էության առանց որևէ սահմանափակման պահանջելու աշխատողից արտաժամյա աշխատանքի կատարում` պայմանավորելով այն «իր պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոգրյալ դրույթի ձևակերպման անորոշությունից` գտնում ենք, որ 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքում արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ: Հետևաբար, առաջարկվում է Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ի մասը, որով սահմանվում է արտաժամյա աշխատանքի կատարման առավելագույն ժամաքանակը իրար հաջորդող երկու օրվա, ինչպես նաև տարվա ընթացքում: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում աշխատողի իրավունքների պաշտպանության համար նվազագույն երաշխիքների ապահովման պետության գործառույթից և հղի է գործնականում աշխատողներին արտաժամյա աշխատանքում ներգրավելու չարաշահման, վերջիններիս իրավունքների ոտնահարման վտանգներով: Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունների սահմանումը թողնել կողմերի հայեցողությանը` ի հակադրություն գործող իրավակարգավորման, որով ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում, պետությունն ըստ էության հրաժարվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների համար հանգստի իրավունքը երաշխավորող նվազագույն պահանջները սահմանելու գործառույթից: Հաշվի առնելով ՀՀ-ում արձանագրվող գործազրկության ցուցանիշները, ակնհայտ է, որ վերոգրյալ կատեգորիաների աշխատողների համար երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանելու իրավունքը կողմերի հայեցողությանը թողնելը փաստացի հանգեցնելու է գործատուի հայեցողությամբ դրանք սահմանելու անսահմանափակ իրավունքին: Նախագծի 11-րդ և 12-րդ հոդվածներով առաջարկվում է կողմերի համաձայնությամբ սահմանել հավելման չափերը, որոնք ենթակա են վճարման աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատող աշխատողներին, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարող աշխատողներին: Մինչդեռ, գործող Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարելու համար վճարման ենթակա հավելման նվազագույն չափեր` բացառելով հավելման չափի որոշման բնագավառում գործատուի բացարձակ հայեցողությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը: