Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես գրավոր դիմումների քննարկման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր մոնիթորինգային այցերի ընթացքում ստացել է բողոքներ՝ կապված փաստաբանի մուտքը ազատությունից զրկման վայրեր խոչընդոտելու հետ:

Օրինակ` ոստիկանության բաժին փաստաբանի մուտքի արգելքը հիմնավորվել է պատճառաբանությամբ այն մասին, թե բերման ենթարկված և ոստիկանության բաժնում գտնվող անձը չունի որևէ կարգավիճակ, իսկ փաստաբանի մուտքը կթույլատրվի, երբ նա ձեռք բերի ձերբակալվածի կարգավիճակ: Փաստաբանի մուտքը չթույլատրելու վերաբերյալ բողոքներ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաև փաստաբանների կողմից: Այդ բողոքները վերաբերել են այնպիսի իրավիճակների, երբ փաստաբանի ունեցած տեղեկությամբ վստահորդը բերման է ենթարկված, սակայն ազատությունից զրկման կոնկրետ վայրի տեղն իրեն հայտնի չէ, որի պատճառով չի կարողանում այցելել նրան:

Հարկ է նշել, որ փաստաբանի մուտքը խոչընդոտելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, այդ թվում՝ անազատության մեջ հետագայում մնալու կամ քրեական հետապնդման ենթարկվելու հետ կապված: Փաստաբանի մատչելիության իրավունքի ապահովման հարցին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայում: Մասնավորապես, Գ. Միքայելյանի վերաբերյալ գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է ձերբակալման սկզբնական փուլում գտնվող անձի կոնկրետ իրավունքների ծավալը, որն այլ իրավունքների թվում ներառում է նաև իր փաստաբանին հրավիրելու իրավունքը:

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման կարևոր երաշխիք է նաև փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող վարքագծի քրեականացումը։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի առաջին մասը հանցագործություն է համարում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

Նկարագրված նորմով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու սուբյեկտ կարող է լինել միայն պաշտոնատար անձը: Կարծում ենք, այսպիսի կարգավորումը սահմանում է սուբյեկտային առումով քրեաիրավական ազդեցության նեղ շրջանակ: Փաստաբանի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը պետք է անհամեմատ ավելի լայն լինի: Առկա օրենսդրական կարգավորումը չի ընդգրկում այն իրավիճակները, երբ, օրինակ, ոչ թե պաշտոնատար անձն է ուղղակիորեն խոչընդոտում փաստաբանի աշխատանքը, այլ պաշտոնատար անձ չհանդիսացող անձինք՝ վերջիններիս դրդմամբ կամ հրահրմամբ:

Ուստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությանը:

Խնդրահարույց է նաև 3323-րդ հոդվածով նախատեսված սանկցիան: Այսպես, նշված հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Գործունեության պատշաճ իրացման համար սահմանված պաշտպանության մակարդակի տեսանկյունից, օրինակ, կարելի է առանձնացնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որտեղ ոչ միայն ավելի լայն է լրագրողի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը, այլև առանձնացված է պաշտոնատար անձին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, որի համար նախատեսված է անհամեմատ խիստ սանկցիա և պատժվում է՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Դրա հետ մեկտեղ, սուբյեկտների ավելի լայն շարք, ինչպես նաև ազատազրկման ձևով (մինչև 10 տարի ժամկետով՝ պայմանավորված հանցակազմի ծանրության աստիճանով) պատիժ է նախատեսված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով՝ պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու դեպքերում:

Ուստի, փաստաբանների կողմից իրենց գործունեության պատշաճ իրականացման համար ևս առկա է անհրաժեշտություն վերը նշված մակարդակի պաշտպանություն ապահովելու համար:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում առկա են կարգավորումներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում քրեական գործով վարույթի մասնակիցների, այդ թվում՝ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման:

Այսպես, Սերբիայի քրեական օրենսգրքի արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ 336-րդ «բ» հոդվածի համաձայն՝ հանցանք կատարելու, ուժի, սապառնալիքի կիրառմամբ կամ այլ կերպ դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի կամ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ դրանք կանխելը պատժվում է ազատազրկմամբ՝ 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով և տուգանքով:

Փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առավել ընդհանրական ձևակերպում պարունակող հանցակազմեր են նախատեսված, օրինակ, Ղազախստանի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի՝ փաստաբանի, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքում անձի և քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանող այլ անձանց օրինական գործունեությանը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական օգնության մատուցմանը կամ նման գործունեության ինքնուրույնությանը և անկախությանը խոչընդոտելը, եթե այդ գործունեությունն էական վնաս է պատճառել անձանց և քաղաքացիների իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, իրավաբանական անձանց իրավունքներին և օրինական շահերին, պետության և հասարակության օրենքով պահպանվող շահերին, պատժվում է՝ տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչև 2 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ՝ պատժվում է՝ տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչև 3 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ըստ Լիտվայի քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, ով, ցանկացած եղանակով, խոչնդոտում է դատավորի, դատախազի, մինչդատական վարույթն իրականացնող անձի, փաստաբանի (…) պարտականությունների կատարմանը (…)` պատժվում է՝ տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով նախատեսված սանկցիայի հետ համեմատած ուսումնասիրության առարկա դարձած վերոհիշյալ պետությունների քրեական օրենսգրքերով ոչ միայն նախատեսված է խոչընդոտող սուբեկտների ավելի լայն շարք, այլ նաև անհամեմատ ավելի խիստ սանկցիա:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշված հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ առանձին մասով, որը պատասխանատվություն կնախատեսի փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստանում է նաև բողոքներ՝ կապված փաստաբանի մուտքը քրեակատարողական հիմնարկներ խոչընդոտելու հետ: Բացի այդ, մի շարք փաստաբաններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրած բանավոր և գրավոր բողոքներով տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ խոչընդոտվում է ազատությունից զրկման վայրերում քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքն իրենց պաշտպանյալների հետ: Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում կամ ոստիկանության բաժիններում ստեղծվում են խոչընդոտներ՝ փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու, պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների արգելքների և այլ եղանակներով:

Նշված լրացմամբ կարևորվում է փաստաբանի մասնագիտական գործունեության կենտրոնական դերն արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում: Փաստաբանի ազատ մուտքը ոստիկանության բաժիններ և այնտեղ անխոչընդոտ աշխատանքը չափազանց կարևոր երաշխիք են անձի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև ազատությունից զրկված անձին հնարավոր ճնշումներից և բռնություններից պաշտպանելու տեսանկյունից:

Անհրաժեշտ է արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքն ազատությունից զրկման վայրերում ենթակա է բարձր պաշտպանության, իսկ հիշյալ լրացումը կապահովի փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը:

Նշված լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հատուկ ընդգծել է փաստաբանի մասնագիտության կենտրոնական դերն արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում: Ինչպես նշել է Եվրոպական դատարանը, առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ և անհրաժեշտ նախապայման Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջների իրագործման համար (տե՛ս Էլչին ու ուրիշներն ընդդեմ Թուրքիայի վճիռը, գանգատներ թիվ  23145/93 և 25091/94, կետ 669):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը:

Բացի այդ, առաջարկվում է 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ և 319-րդ հոդվածներին՝ խստացնելով փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված սանկցիան:

Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է նշված հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ առանձին մասով, որը պատասխանատվություն կնախատեսի փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ փաստաբանը հնարավորություն կունենա լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: Մասնավորապես, փաստաբանը հնարավորություն կունենա քրեական գործով վարույթի ողջ ընթացքում անխզելիորեն կապի մեջ գտնվել իր պաշտպանյալի հետ և կկարողանա վերջինիս հետ համաձայնեցնել իր դիրքորոշումը՝ իր պաշտպանիյալի իրավունքներն ու օրինական շահերը արդյունավետ պաշտպանելու համար:

Ազատությունից զրկման վայրեր փաստաբանների անխոչընդոտ մուտքն էական երաշխիք կհանդիսանա նաև այնտեղ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից:

Արդյունքում, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ փաստաբանի կողմից իր առջև դրված խնդիրների իրականացման համար:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    29.01.2019 - 28.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14041

Տպել

Առաջարկներ`

Justice Group

28.02.2019

(ԲՀՀ-Հայաստան արդարադատության խմբի առաջարկի ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) ... 2․ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ Ազատ արտահայտման իրավունքը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն ունի ազատ արտահայտման իրավունք, սակայն այն կարող է ենթարկվել սահմանափակումների և թույլ տալ օրենքով սահմանված պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում մի շարք արժեքներ պաշտպանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տարբեր եվրոպական և միջազգային կառույցներ քննադատել են զրպարտության և վիրավորանքի (defamation) համար քրեական պատասխանատվության սահմանման համար։ Քննադատության հիմքում ընկած է այն անհանգստությունը, որ ի տարբերություն քաղաքացիական պատասխանատվությանը՝ քրեական պատասխանատվությունը ավելի մեծ հավանականություն ունի ճնշելու լրատվամիջոցներին և սահմանափակելու արտահայտման ազատությունն ավելի լայն առումով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ պետությունները պետք է «քննարկեն և նկատի ունենան զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը, և ամեն դեպքում քրեական իրավունքի կիրառումը պետք է տեղի ունենա միայն ամենածանր գործերով, իսկ ազատազրկումը ոչ մի դեպքում պատշաճ պատիժ չի»։ (“General comment No. 34”, U.N. Human Rights Committee, 102nd session, published 12 September 2011, www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/GC34.pdf): 2002թ․ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը նշել է, որ «զրպարտության և վիրավորանքի քրեականացումը չի հանդիսանում արտահայտման ազատության արդարացված սահմանափակում, զրպարտության և վիրավորանքի բոլոր քրեական օրենքները պետք է վերացվեն և, որտեղ անհրաժեշտ է, փոխարինվեն համապատասխան քաղաքացիական օրենքներով»։ (Joint Declaration on Freedom of Expression and the Administration of Justice, Commercialisation and Freedom of Expression, and Criminal Defamation (2002), www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=87&lID=1). Ավելին, ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը պարբերաբար կոչ է անդում ԵԱՀԿ մասնակից պետություններին վերացնել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը (Tenth Anniversary Joint Declaration: Ten Key Challenges to Freedom Of Expression in the Next Decade (2010), http://www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=784&lID=1). Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երբևէ ուղղակիորեն չի բացառել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը, սակայն բազմիցս քննադատել է նման դրույթների օգտագործումը։ Երբեմն ՄԻԵԴ-ն առաջարկել է, որ քրեական պատասխանատվության կիրառումը միայն կարող է բավարար լինել, որպեսզի արձանագրվի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ նման սանկցիան անհամաչափ է։ ՄԻԵԴ-ն ավելի հստակ է գտնվել պատժի տեսակի առումով։ Մասնավորապես, դատարանը նշել է, որ «ազատազրկումը լրատվամիջոցի գործունեության հետ կապված կարող է համապատասխան լինել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ հանգամանքներում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն ոտնահարվել են, օրինակ, ատելության խոսքի կամ բռնության դրդման դեպքերում» (Cumpănă and Mazăre v. Romania, no. 33348/96 (2004). Զրպարտության և վիրավորանքի այլ գործերով ևս դատարանը գտել է, որ ազատազրկումը 10-րդ հոդվածի խախտում է՝ անկախ նրանից՝ քրեական պատասխանատվությունն ինքնին արդարացված է, թե՝ ոչ (Օրինակ՝ Affaire Belpietro c. Italie, no. 43612/10 (2013), Affaire Mika c. Grèce, no. 10347/10 (2013), Mariapori v. Finland, no. 37751/07 (2013)). Ներպետական դատարանները պետք է զերծ մնան քրեական պատասխանատվության ենթարկելուց՝ հատկապես ազատությունից զրկման: Նման պատիժները վտանգում են ազատ արտահայտման իրավունքի հիմքերը և հանդես են գալիս որպես ամբողջ լրատվամիջոցների գրաքննություն (ցենզուրա)՝ խթանելով մամուլի՝ որպես հանրային վերահսկողի դերը: Չնայած որ պատժի նշանակումը ներպետական դատարանների գործն է, սակայն նման պատիժը կարող է համապատասխանել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ դեպքերում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն խախտվել են, օրինակ՝ ատելության խոսքի կամ բռնությանը դրդման դեպքերում (Mahmudov and Agazade v. Azerbaijan, 18 December 2008): Նույնիսկ երբ քրեական պատասխանատվությունը եղել է փոքր տուգանքի տեսքով, դա կարող է հանգեցնել անուղղակի գրաքննության, քանի որ նման պատիժը կարող է խանգարել հետագայում նման քննադատություն անելուն (Lingens v. Austria, 8 July 1986, Barthold v. Germany): Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հետևյալը․ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1․ Պետք է միատեսակ մոտեցում լինի մի կողմից փաստաբանին, մյուս կողմից՝ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատավորին, դատական ակտերի հարկադիր դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելու դեպքերում (բացի փաստաբանից՝ ներկայիս օրենսդրությամբ մյուս անձինք պաշտպանված են քր․օր․-ով)։ 2․ Անհրաժեշտ է բացառել ազատազրկումը՝ որպես պատիժ ազատ արտահայտման իրավունքի իրացման դեպքերում։ 3․ Անհրաժեշտ է չսահմանափակել ազատ արտահայտման իրավունքը այն քրեականացնելով։ 4․ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ և քննարկումներ հարցը ավելի արդյունավետ լուծելու համար օրենսդրական և պրակտիկ մակարդակներում։ 5․ Անհրաժեշտ է նաև հավելյալ քննարկումներ և ուսումնասիրություններ իրականացնել ատելության խոսքի համար արդյունավետ պատասխանատվության ապահովման համար։

Justice Group

28.02.2019

ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումներն ու նկատառումները ՀՀ քրեական օրենսգրքի 332․2 հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու 2 օրենքների նախագծերին, որոնք վերաբերում են փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուն, ինչպես նաև նրան վիրավորանք հասցնելուն կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուն։ Առաջարկում ենք, որ տվյալ նախագծում 1-ին հոդվածի 3-րդ մասում ավելացվի [․․․դրա համար լիազորված անձի կողմից․․․]․ այսինքն՝ «3. Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով դրա համար լիազորված անձի կողմից ՝․․․»։ Նույն հոդվածի փոփոխության, լրացման օրենքի մեկ այլ նախագիծ, որն այս պահին հասանելի չէ e-draft-ում, առաջարկում էր քրեականացնել փաստաբանին կամ նոտարին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը։ Առաջարկվում է նաև քրեականացնել փաստաբանին զրպարտելը։ Արդեն առկա իրավակարգավորումներով քրեականացված է պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քր․ օր․ 332․3-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ (ՀՀ քր․ օր․ 332․3-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեականացված է նաև Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ (ՀՀ քր․ օր․ 344-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև դատավորին զրպարտելը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ (ՀՀ քր․ օր․ 344-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Պատիժը նաև նախատեսում է ազատազրկում։ Բացի այդ՝ քրեականացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը (ՀՀ քր․ օր․ 332․2-րդ հոդված)։ Տվյալ կարգավորումը բարձրացնում է մի կողմից ազատ արտահայտման իրավունքի, մյուս կողմից՝ փաստաբանի՝ իր գործունեությունն ազատ իրականացնելու ապահովման, ինչպես նաև արդարադատության ապահովման հարցեր։ 1․ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ: ՀՀ ներպետական օրենսդրությամբ բացակայում են փաստաբանի՝ փաստաբանական գործունեության իրացման կայուն երաշխիք հանդիսացող իրավական լծակները: Գործող օրենսդրությամբ քրեորեն արգելված արարք է հանդիսանում միայն փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ի տարբերություն փաստաբանի նկատմամբ վիրավորանքի, զրպարտության քրեորեն անպատժելիությանը՝ քրեական օրենսդրությամբ արգելված արարքներ են հանդիսանում իրենց լիազորությունների առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանին, դատավորին վիրավորելը: ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում դատախազին զրպարտելու համար։ Իհարկե հաշվի առնելով վերոնշյալ անձանց կողմից հասարակական կյանքում օրինականության ամրապնդման առաքելությունը՝ միանգամայն տրամաբանությունից զուրկ է փաստաբանին մարդու իրավունքների պաշտպանից և դատավորից զատելը, հատկապես այն պայմաններում, որ նշված մասնագիտացմամբ բոլոր անձինք էլ գործում են հանուն արդարադատության իրականացման: Վերը նշվածը հիմնավորվում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականով, որի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո: Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: Հարկ է նկատել, որ փաստաբանին վիրավորելը, նրա մասնագիտական գործունեությանն խոչընդոտելն ինքնին խախտում է ՀՀ-ի կողմից վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը: Վերոնշյալ միտքը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով: Վերոնշյալ միտքը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով, որի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Նշվածը հիմնավորվում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, ըստ որի փաստաբանների հատուկ կարգավիճակը տալիս է նրաց կենտրոնական դեր արդարադատության ապահովման գործընթացում՝ որպես միջնորդ հասարակության և դատարանի միջև: Նման դիրքորոշումը բացատրվում է սովորական միջամտություն փաստաբանների նկատմամբ: Հաշվի առնելով այս ոլորտում փաստաբանների առանցքային դերը՝ օրինական է ենթադրել, որ նրանք նպաստում են պատշաճ արդարադատության իրացմանը՝ այդպիսով պահպանելով հանրային վստահությունը։ Տվյալ պարագայում փաստաբանին վիրավորելը, փաստաբանի գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը մշտապես պետք է դիտարկել արդարադատության իրականացման նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն, հետևաբար խնդիրը չպետք է դիտարկել միայն որպես փաստաբանի պատվի, արժանապատվության, գործարար համբավի նվաստացում, այլև այն որպես կանոն խոչընդոտում է տվյալ փաստաբանի պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը: Վերը նշվածն առավել ցայտուն դրսևորվում է քրեական դատավարության շրջանակներում, որպիսի պայմաններում փաստաբանն առաջնորդվելով իր վստահորդի լավագույն շահով՝ արժանանում է մյուս կողմի պարսավող գնահատականին՝ նույնացվելով իր վստահորդի անձի հետ: Այս պայմաններում ցանկացած միջամտություն, որը կարող է դրսևորվել վիրավորանքի, զրպարտության տեսքով, իրապես խոչընդոտ է ստեղծում փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար: Վերոգրյալը բերում է այն եզրահանգման, որ արդարադատության իրացման համատեքստում պետք է ապահովվի փաստաբան-մարդու իրավունքների պաշտպան- դատախազ- դատավոր հավասարակշռությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության: Փաստաբանի մասնագիտական գործունեության ապահովման, փաստաբանի դերի ամրապնդման , այդուհանդերձ հասարակական կյանքում արդարադատության իրականացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության արդյունավետ իրականացման գործընթացում անհրաժեշտ է փաստաբանի գործունեության իրավական երաշխիքների ստեղծումը, որպիսի պայմաններում առաջնային է փաստաբանին վիրավորելը, զրպարտելը՝ որպես համարժեք պատժելի արարք սահմանելը: ...

Տեսնել ավելին