Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, գտնում ենք, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը պրևենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա:

Նշված հարցերի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հատուկ ընդգծել է փաստաբանի մասնագիտության կենտրոնական դերն արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում: Ինչպես նշել է Եվրոպական դատարանն, առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ և անհրաժեշտ նախապայման Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջների իրագործման համար:

Հետևաբար՝ վերոնշյալ արարքներն ունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, քանի որ դրանք իրենց բացասական ազդեցությունն  են ունենում ոչ միայն փաստաբանի և նոտարի անձի, այլ նաև վերջիններիս կողմից իրականացվող մասնագիտական գործունեության արդյունքի վրա և հանդիսանում են վերջիններիս վրա ճնշում գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջոց:

Ուստի, Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար: Միևնույն ժամանակ, փաստաբանին զրպարտելն առաջարկվում է նախատեսել որպես քրեորեն հետապնդելի արարք՝ փաստաբանին ներառելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նշված անձանց շարքում (դատախազ, քննիչ, հետաքննություն կատարող անձ,  դատական ակտերի հարկադիր կատարող):

                 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է փոխոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, մասնավորապես՝

  1. առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար:
  2. սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հետ համատեղ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ փաստաբանը և նոտարը հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, և հնարավորինս կբացառվի վերջիններիս վրա ճնշում գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հնարավորությունը:

  • Քննարկվել է

    15.01.2019 - 30.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7907

Տպել

Առաջարկներ`

Լիանա Բաբաջանյան

19.01.2019

Այսինքն՝ խոսքի ազատության ոլորտում կատարում ենք հետընթաց՝ կրկին վերադառնալով վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելուն: Գործող քրեական օրենսգրքի << Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը> վերտառությամբ հոդվածն արդեն իսկ նախատեսել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը պաշտպանելու մեխանիզմ, որը պարզապես կյանքի չի կոչվում: Բավական է նոր արգելքներ, սահմանափակումներ և պատիժներ մոգոնեք, մանավանդ որ այս նորամուծությունը պայմանավորված է կոնկրետ մարդկանց կոնկրետ փաստաբանների նեղ շրջանակի անձնական շահերը սպասարկելու համար:

Վարազդատ Հարությունյան

17.01.2019

Հաշվի առնելով, որ սնանկության գործերով կառավարիչը նույնպես իրականացնում է անկախ մասնագիտական գործունեություն, ինչպես նաև այն, որ հանցակազմով նկարագրված օբյեկտիվ կողմի գործողությունները կարող են հանգեցնել սնանկության վարույթում կառավարչի իրավաչափ գործողությունների խոչընդոտանը, ուստի առաջարկում եմ ներառել նաև սնանկության գործով կառավարիչներին։

Արտակ Մարտիրոսյան

16.01.2019

Առաջարկում եմ նաև փաստաբաններից ու նոտարներից բացի ավելացնել սնանկության կառավարիչներին ևս, քանի որ վերջիններս իրենց գործունեության ողջ ընթացքում գտնվում են պարտապանի և պարտատիրոջ շահերի բախման կիզակետում և դրանով պայմանավորված նույնպես անհրաժեշտություն ունեն համարժեք պաշտպանության:

Տեսնել ավելին