Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Սահմանվել է բազմաբնակարան շենքի պահպանման և կառավարման, ինչպես նաև պարտադիր վճարների կատարման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն, ինչպես նաև մեխանիզմներ են նախատեսվել ընդհանուր դրամական միջոցների տնօրինման թափանցիկությունն ապահովվելու համար:

 

  • Քննարկվել է

    31.05.2018 - 15.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20886

Տպել

Առաջարկներ`

Արամ Թադևոսյան

15.06.2018

1. Պայմանավորված ներդրումային պայմաններից և բնակիչների եկամուտներից, բնակելի միջավայրի գրավչության ու հարմարավետության մակարդակը, տարբեր բազմաբնակարան շենքերում տարբեր է: Կառուցված են հասարակական սպասարկման որոշակի տարրերով՝ • կենտրոնացված ջեռուցման և սառնամատակարարման համակարգ, • տաք և սառը ջրամատակարարում, • սեփական 6/0,4 կՎ և 0,4 կՎ էլ. ենթակայան, • հրդեհամարման համակարգ, • հակահրդեհային պաշտպանություն, • վերելակային տնտեսություն, • նկուղային ավտոհանգրվան, • արտաքին և ներքին լուսավորության համակարգ, • պահնորդային ծառայություն • անվտանգության համակարգ և այլն, միասնական համալիրում: Այդ դեպքում ամբողջ շենքի համար բնակելի և ոչ բնակելի սենքերի կազմի և մակերեսների ամբողջությամբ որոշվում է բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգը, որը բաժանվում է. 1) հարմարավետության առաջին կարգ՝ նախատեսված բարձր եկամուտներ ունեցող բնակիչների համար, հասարակական սպասարկման սենքերի զարգացած համալիրով բնակելի շենքեր, 2) հարմարավետության երկրորդ կարգ՝ նախատեսված միջին եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի զարգացած համալիրով կամ միայն ծառայողական սենքերի նվազագույն կազմով բնակելի շենքեր, 3) հարմարավետության երրորդ կարգ՝ նախատեսված ցածր եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի համալիրով բնակելի շենքեր: 1.1. Վերոգրյալի հանգույն, յուրաքանչյուր հարմարավետության դասի բազմաբնակարան շենքի կառավարում ուրույն գիտելիքներ և հմտություններ է պահանջում, տարբեր պահանջների կատարում և աշխատանքների կազմակերպում: 1.2. Հարմարավետության առաջին կարգի շենքերում կառավարման տարբեր մոդելներ հաջողությամբ քննություն են բռնել՝ ինչպես համատիրությունների, այնպես էլ հավատարմագրային և անհատ կառավարիչների դեպքում: 1.3. Պատկերը այլ է հարմարավետության երկրորդ և երրորդ կարգի շենքերի դեպքում: Առաջարկում եմ նախագծում տարբերակել բազմաբնակարան շենքերի հարմարավետության դասերը: Կանոնակարգել համապատասխան դասի կառավարվող շենքի սպասարկմանը ներկայացվող պահանջները, որակները և կարգը: Կանոնակարգել հարմարավետության առաջին դասի շենքերի բնակելի և ոչ բնակելի տարածքների կոմունալ ծառայությունների սպառողների և դրանց մատակարարումը կազմակերպող կառավարող ընկերության հնարավոր վեճերի պարզաբանման և լուծման կարգը: 2. Բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքները հիմնականում օգտագործվում են կոմերցիոն նպատակով, որպես վարձակալման համար նախատեսված բնակելի սենքեր ու սպասարկման համակարգի սենքեր: 2.1. Երևանի քաղաքապետարանը, յուրաքանչյուր տարի սահմանելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բազմաբնակարան շենքերի համար պարտադիր նորմերի պահպանման վճարներ, առանձին սահմանում է նաև տվյալ շենքերում կոմերցիոն տարածքների պարտադիր նորմերի պահպանման վճարները, որոնք կրկնակի ավել են սահմանվում բնակարանների վճարներից: 2.2. Կառավարման այլ մոդել ունեցող շենքերում, նույնպես կոմերցիոն տարածքների պարտադիր նորմերի վճարները էականորեն բարձր են լինում բնակարանների պարտադիր նորմերի վճարներից: 2.3. Կարող ենք փաստել, որ վերոգրյալ միջավայրում ձևավորվել է գործարար սովորույթ: Առաջարկում եմ կախված բազմաբնակարան շենքի հարմարավետության դասից և գտնվելու գոտուց, նախագծում ներառել՝ կոմերցիոն սենքերի կամ ոչ բնակելի տարածքների պարտադիր նորմերի տարբերակված գործակիցներ, որոնք կհաշվարկվեն այն համամասնությամբ, որպեսզի ապահովվեն որոշակի հարմարավետության կարգ ունեցող բազմաբնակարան շենքերի շահութաբերությունը: 3. Շենքի ներքին և արտաքին գովազդների մասով, նախագիծը որևէ կարգավորում չի ներառում: Առաջարկում եմ նախագծում ներառել արտաքին և ներքին գովազդների թույտվության, վարձավճարների և չափսերի մասին համապատասխան կետեր՝ ըստ շենքի հարմարավետության դասի և գտնվելու վայրի գոտիավորման: Հստակեցնել, շենքի ընդհանուր ժողովի կողմից արտաքին և ներքին գովազդների վճարների մասին որոշման ընդունման դեպքում, գովազդատու կազմակերպության պարտավորությունը թաղապետարանի նկատմամբ:

Լուսինե Մկրտչյան

13.06.2018

Հանրային քննարկման ժամկետը խնդրվում է երկարաձգել՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնել առաջարկներ: Այս կարևորագույն ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը լայն հանրային քննարկման անհրաժեշտություն ունի:

Արա Առաքելյան

12.06.2018

Հաշվի առնելով այն փաստը, որ կան համատիրությունների հաջողված օրինակներ, առաջարկում եմ բոլոր համատիրությունները լուծարելու փոխարեն հնարավորություն տալ բազմաբնակարան շենքի բնակիչներին ընտրելու (քվեարկության միջոցով)՝ իրենք ցանկանում են կառավարումն իրականացնել նոր մոդելով, թե նախկին մոդելով (համատիրության միջոցով): Այլապես ստացվում է, որ որոշ դեպքերում (մասնավորապես հաջողված համատիրությունների դեպքում) կառավարման մոդելի փոփոխությունը լինելու է բնակիչների կամքին հակառակ, պարտադրված և ռիսկային:

Տեսնել ավելին