Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական փաթեթի ընդունումը մեծապես պայմանավորված է մեր երկրի իրավակիրառ պրակտիկայում ներկայում լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների քննարկման, ինչպես նաև ազատությունից զրկման վայրեր կատարած այցերի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են պատճառաբանված լինում: Ավելին, Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես համապատասխան որոշում չի կայացրել՝ բավարարվելով միայն կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին գրություն հասցեագրելով: Որոշ դեպքերում էլ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհարկի ձգձգում է կամ ընդհանրապես չի քննարկում հիշյալ սահմանափակման հետագա կիրառման անհրաժեշտության հարցը:

Այս առումով, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրակտիկայում կալանավորված անձանց վերոնշյալ սահմանադրական իրավունքները չեն ապահովվում, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումներով:

ՀՀ օրենսդրությունն այս առումով թեև բովանդակում է որոշակի կարգավորումներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն իրավունքի իրական երաշխավորման համար: Այսպես, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ այն չի պարունակում կալանավորված անձի՝ օրինական ներկայացուցչի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության արգելքի կիրառելիության հստակ չափանիշներ՝ այն կապելով միայն «քննության շահ» գնահատողական և որոշակիության սկզբունքին չհամապատասխանող եզրույթի հետ: Միաժամանակ, հոդվածը չի բովանդակում տեսակցությունների արգելքի պատճառաբանության և հիմնավորվածության, ինչպես նաև որոշման պարբերական վերանայման վերաբերյալ հստակ պահանջներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ներպետական օրենսդրության կարգավորման թերությունները վերացնելու, այնպես էլ ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու պահանջով:

Այսպես, ԽԿԿ-ի իրավաբանության համաձայն՝ ազատազրկված անձանց համար շատ կարևոր է բավարար շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին հերթին կալանավորված անձը պետք է հնարավորություն ստանա պահպանելու հարաբերություններն իր ընտանիքի և մերձավոր ազգականների հետ: Ղեկավար սկզբունք պետք է լինի՝ արտաքին աշխարհի հետ շփման աջակցությունը: Այդպիսի շփման որևէ սահմանափակում պետք է հիմնավորված լինի միմիայն անվտանգության շահերի ողջամիտ պաշտպանությամբ (…)[1]:

Այս առումով, ԽԿԿ-ն Հայաստանի վերաբերյալ 2011 թվականի զեկույցում նշել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել արդյունավետ քայլեր` ապահովելու համար, որ ազատությունից զրկված անձանց՝ տեսակցություններ ունենալու և հեռախոսակապից օգտվելու իրավունքներն անհիմն կերպով չսահմանափակվեն[2]:

Կալանավորված անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու կարևորությունն ընդգծվել է նաև «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականի 2-րդ մասի 24.1-րդ կանոնում, ըստ որի՝ ազատությունից զրկված անձանց պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակների, հեռախոսակապի կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ:

Դրա հետ մեկտեղ ըստ 24.2-րդ կանոնի՝ հաղորդակցությունները և տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների կամ վերահսկման, ելնելով քրեական գործի քննությունը շարունակելու անհրաժեշտությունից՝ կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության, ինչպես նաև հանցագործության կանխարգելման և հանցագործությունից տուժածների պաշտպանության համար: Այնուհանդերձ, այդ սահմանափակումները, ներառյալ՝ դատական մարմինների որոշումներով նախատեսված կոնկրետ սահմանփակումները, պետք է ցանկացած պարագայում թույլատրեն շփումների թույլատրելի նվազագույն մակարդակ:

Միաժամանակ, 99-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկված անձինք պետք է ունենան տեսակցություններ և պահպանեն կապն ընտանիքի և այլ անձնաց հետ այնպես, ինչպես դա նախատեսված է դատապարտյալների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործով դատական մարմնի կողմից որոշակի ժամանակահատվածով կիրառվել է արգելք:

Հիշյալ կանոնների մեկնաբանությունների համաձայն՝ այն կանոնները, որոնց հիման վրա կիրառվում է սահմանափակումն ունեն կարևոր նշանակություն: Դրանք պետք է հստակ ձևակերպված լինեն, «համապատասխանեն գործող օրենսդրությանը», ինչպես պահանջում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և չպետք է թողնվեն ազատությունից զրկման վայրի վարչակազմի հայեցողությանը (տե՛ս Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/095):  Սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի և համապատասխանեցվեն անձի անհատական ռիսկայնության աստիճանին: Այսպես, օրինակ՝ նամակագրությունը կարող է ենթարկվել ստուգման (արտաքին զննման)` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով, սակայն նամակագրության բովանդակությանը ծանոթանալը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հստակ տեղեկություն այն մասին, որ նամակագրության բովանդակությունը հակաիրավական բնույթ է կրում: Այն դեպքում, երբ առկա է անվտանգության սպառնալիք պետք է ոչ թե չտրամադրել տեսակցություններ, այլ ուժեղացնել հսկողություն դրանց անցկացման ընթացքում[3]:

Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից 1955 թվականի օգոստոսի 30-ին ընդունված «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները» նույնպես պարունակում են դրույթներ ազատությունից զրկված անձանց շփումն արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով։ Այսպես, ըստ ստանդարտ կանոնների 37-րդ կետի՝ ազատությունից զրկված անձանց պետք է հնարավորություն տալ ինչպես գրավոր հաղորդակցության կարգով, այնպես էլ այցելությունների ընթացքում, կանոնավոր ժամանակահատվածների ընդմիջումով և հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտաանիքների և անբասիր վարկ ունեցող ընկերների հետ:

Հատկանշական է, որ ազատությունից զրկված անձանց տեսակցության իրավունքն ուղղակիորեն փոխկապակցված է վերջիններիս երեխաների հիմնարար իրավունքների հետ, որոնք, մասնավորապես, սահմանված են «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 9-րդ հոդվածով, որի համաձայն՝ համապատասխան պետական մարմինները պետք է ապահովեն երեխաների՝ իրենց ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի իրականացումը (…):

Հեռախոսազանգերի կամ տեսակցությունների հնարավորության բացարձակ արգելքի վերաբերյալ ԽԿԿ-ն նշել է, որ նման ցանկացած սահմանափակում պետք է հստակորեն հիմնավորվի նախաքննության պահանջներով, ենթակա լինի հաստատման վարույթին առնչություն չունեցող մարմնի կողմից և կիրառվի հստակ ժամանակահատվածի համար: Գրավոր որոշումը պետք է պարունակի կիրառված յուրաքանչյուր սահմանափակման հիմքերը և պետք է տրամադրվի ազատությունից զրկված անձին և(կամ) նրա փաստաբանին: Սահմանափակումները պետք է պարբերաբար վերանայվեն՝ դրանց շարունակական անհրաժեշտության առկայությունը քննարկելու համար[4]:

Այսպիսով, միջազգային և ներպետական իրավական կարգավորումների լույսի ներքո մանրազնին վերլուծության ենթարկելով ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելն արգելելու հարցերը՝ կարելի է ենթադրել, որ.

  1. ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում,
  2. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից պետք է առանձնացնել ազատությունից զրկվածի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել ավելի խիստ պահանջներ.
  3. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցության իրավունքը սահմանափակելու լիազորությամբ չպետք է օժտված լինի վարույթն իրականացնող մարմինը,
  4. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
  5. դրանք պետք է անհապաղ հանձնվեն կալանավորվածին և(կամ) նրա փաստաբանին՝ բողոքարկման իրավական հնարավորությունից լիարժեք օգտվելու նպատակով,
  6. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է պարբերաբար վերանայվի՝ անկախ ազատությունից զրկված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով վերոգրյալից՝ սույն նախագծով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են կալանավորված անձի՝ մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու հստակ մեխանիզմի նախատեսմանը, ազգային օրենսդրության միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը:

Մասնավորապես` առաջարկվում է.

  1. կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների հետ արգելելը նախատեսել որպես դատավարական հարկադրանքի միջոց,
  2. նշված դատավարական հարկադրանքի միջոցը մինչդատական վարույթում կիրառել միայն քննիչի պատճառաբանված միջնորդությամբ` դատախազի որոշմամբ,
  3. դատական քննության փուլում կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու ձևով դատավարական հարկադրանքի միջոցը կիրառել դատարանի որոշմամբ,
  4. սահմանել կալանքի տակ գտնվելու ընթացքում մերձավոր ազգականի հետ մեղադրյալի տեսակցությունն արգելելու հստակ հիմքեր,
  5. դատավարական հարկադրանքի նշված միջոցը կիրառել միայն դրա վերաբերյալ միջնորդության մեջ նշված կալանավորված անձի մերձավոր ազգականի նկատմամբ,
  6. նախատեսել դատավարական հարկադրանքի նշված միջոցը կիրառելու վերաբերյալ որոշումն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կալանավորված անձին, նրա պաշտպանին՝ քրեական գործով վարույթին մասնակցության դեպքում, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկելու հստակ պահանջ,
  7. նախատեսել քննիչի միջնորդությամբ կամ դատախազի նախաձեռնությամբ նշված հարկադրանքի միջոցի ժամկետի երկարացման անհրաժեշտության և իրավաչափության հարցերը վերանայելու և այդ մասին պատճառաբանված որոշում կայացնելու պահանջ,
  8. դատավարական հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտության վերացման դեպքում նախատեսել դատախազի կամ քննիչի կողմից այն վերացնելու պարտականություն,
  9. նախատեսել դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելը վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին որոշումներ բովանդակելու պահանջ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից համատեղ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: Սա իր հերթին հավելյալ խթան կհանդիսանա ազատությունից զրկված անձանց կողմից օրինապահ վարքագծի դրսևորման համար:

Օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի նաև ազատությունից զրկված անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդմանը՝ նվազեցնելով կալանքի տակ գտնվելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքերը, ինքնավնասումների ու այլ խնդրահարույց իրավիճակներն ազատությունից զրկման վայրերում:

Ի վերջո, կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ արգելելու ընթացակարգը լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

[1]Տե´ս 1991 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԽԿԿ-ի գործունեության մասին 2-րդ ընդհանուր հաշվետվության 51-րդ կետը:

[2]Տե՛ս ԽԿԿ-ի զեկույցը 2010 թվականի մայիսի 10-ից 21-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Փաստաթուղթ թիվ CPT/Inf (2011) 24, կետ 124-126: Զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով. http://www.cpt.coe.int/documents/arm/2011-24-inf-eng.pdf:

[3] Տե´ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի մեկնաբանությունները, էջ 13 (hասանելի է հետևյալ կայքում՝ http://www.refworld.org.ru/docid/55c36e8b4.html):

[4] Տե´ս ԽԿԿ-ի 2010 թվականի փետրվարի 5-ից 15-ը Վրաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը, կետ 108:

  • Քննարկվել է

    25.05.2018 - 09.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11429

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի և Եվրոպական Միության կողմից քրեական դատավարության մասնակիցների՝ կասկածյալների և մեղադրյալների, իրավունքների ապահովման և պաշտպանության առանցքային երաշխիքների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի համաձայն՝ իրավունքների սահմանափակումները չեն կարող բացառապես հիմնվել հանցագործության տեսակի կամ դրա վտանգավորության աստիճանի վրա, ցանկացած սահմանափակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի իրավասու մարմնի կողմից՝ գործի փաստական հանգամանքների անհատական գնահատմամբ։ Այս դրույթը պահանջում է, որ նմանատիպ սահմանափակումները ընդունվեն միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ այլ իրավապահ մարմինը, որոնք ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով չեն համարվում որպես դատական իշխանություն, իրավասու չեն իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելու (Տե՛ս Proposal for a DIRECTIVE OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the right of access to a lawyer in criminal proceedings and on the right to communicate upon arrest․ /*COM/2011/0326 final - COD 2011/0154*/ http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A52011PC0326): Առաջարկում ենք, որ կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ սահմանափակումը ընդունվի միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ: Սույն մոտեցումը առկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտապնի աշխատակազմի կողմից ի սկզբանե ներկայացված նախագծում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

Գտնում ենք, որ կալանքի տակ գտնվող անձինք հնարավորություն պետք է ունենան բողոքարկելու դատարանի որոշումը, որով արգելվում է տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ՝ որպես արդարադատության մատչելիության իրավունքի երաշխիք: ՄԱԿ-ի կողմից մշակված ազատազրկվածների դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ հիմնական սկզբունքների և ուղենիշների համաձայն` (…) ազատությունից զրկված ցանկացած անձ պետք է ունենա կալանավայրի պայմանների, ներառյալ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ դատական պաշտպանության իրավունք (Տե'ս Report of the Working Group on Arbitrary Detention United Nations Basic Principles and Guidelines on remedies and procedures on the right of anyone deprived of their liberty to bring proceedings before a court. P.17 http://www.ohchr.org/Documents/Issues/Detention/DraftPrinciplesAndGuidelinesRightCourtReview.pdf): Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում դատական բողոքարկման ընթացակարգի համատեքստում բանտարկյալները կարգապահական տույժի դեմ բողոքի հետ միասին ներկայացնում են նաև դիմում դատական ծախսերի վճարումներից ազատվելու նպատակով: Այսպես, չնայած օրենսդրությամբ դեռ սահմանված չէ, որ բանտարկյալները ազատվում են դատական հարկերից, բայց Celle Prison ղեկավարության շնորհիվ բանտարկյալները ազատված են դատական ծախսերի վճարումից: Հաշվի առնելով այն, որ բանտարկյալների համար չպետք է սահմանվեն ֆինանսական խոչընդոտներ կարգապահական տույժերի բողոքարկման համար, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ`ԽԿԿ) պատվիրակությունը հորդորել է Գերմանիայի մնացած քաղաքների համապատասխան մարմիններին նույնպես վերացնել դատական ծախսերի վճարման իրավական պահանջը նմանատիպ վարույթների շրջանակներում (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13): Գերմանիայում, Վրաստանում, Նիդերլանդներում, այլ երկրներում կարգապահական տույժի նշանակման վերաբերյալ որոշումները, ենթակա են դատական կարգով բողոքարկման։ Որպես կարգապահական տույժ սահմանվում է մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը (Տե՛ս Public Defender (Ombudsman) of Georgia. Natioanl Preventive Mechanizm. Bulletin№3(2005) p. 11-12; Article 51 of the Penitentiary Principles Act of the Netherlands. https://ihl-databases.icrc.org/applic/ihl/ihl- nat.nsf/0/4dcca5be395ff03ec12577060033c97d/$FILE/Prisons%20Act.pdf)։ Հաձնարարականի 60․4-րդ կետի համաձայն՝ պատիժը չպետք է ներառի ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք։ ԽԿԿ-ի պատվիրակությունը, իր զեկույցներում հղում կատարելով Հանձնարարականի սույն դրույթի վրա, բազմիցս նշել է, որ բանտարկյալների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը չպետք է ընդհանուր արգելք դնի ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի վրա և ցանկացած սահմանափակում կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հանցագործությունը անմիջականորեն կապված է տվյալ շփման հետ (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13, p. 36 https://rm.coe.int/168071803e)։ Նորվեգիան և Ֆինլանդիան որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն կարգապահական տույժի արդյունքում իրավունքների կորուստը չի կարող խոչընդոտել բանտարկյալի շփումը արտաքին աշխարհի հետ (Տե՛ս Imprisonment Act of Finland (767/2005) 4 § http://www.vankeinhoito.fi/material/attachments/rise/saannokset-osanliitteet/6IOn6IKW7/Vankeuslaki_- _Imprisonment_Act.pdf , Report to the Norwegian Government on the visit to Norawy carried ot by European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 18 to 27 May 2011. CPT/inf (2011) 33, p. 29 https://rm.coe.int/1680697887)։ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք (Տե՛ս Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment. Adopted by General Assembly resolution 43/173 of 9 December 1988. http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/DetentionOrImprisonment.aspx), որը պետք է պահպանվի նաև կարգապահական տույժի կիրառման դեպքում։ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կաննոնների համաձայն՝ կարգապահական զանցանքների համար իբրև պատժաձևեր պետք է արգելել մարմնական պատիժները, չլուսավորվող խցում բանտարկելը և պատժի դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը ստորացնող ձևերի կիրառումը: ՀՀ օրենսդիրը սահմանել է իրավունքների սահմանափակում և արժանապատվությունը նվաստացնող պայմաններ ազատազրկած անձանց համար պատժախցում գտնվելու ժամանակ (Տե՛ս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդված; ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ և 98-րդ հոդվածները)։ Անհրաժեշտ է գործող օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն վերացնելու պատժախցում գտնվելու ժամանակ ազատազրկված անձանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումները և արժանապատվությունը նվաստացնող ձևերի կիրառումը։ Հիմք ընդունելով սույն վերլուծության հիմքում ընկած դիրքորոշումը, որ կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ պետք է սահմանվեն հավասար պաշտպանության իրավունքներ և կարգապահական տույժը չպետք է հանգեցնի տեսակցության իրավունքի սահմանափակմանը և արժանապատվության նվաստեցմանը, անհրաժեշտ է ինկորպորացնել նշված երկների իրավական ակտերի իրավակարգավորումները գործող օրենսդրությունում և Նախագծով առաջարկվող կալանավորված անձանց իրավունքների վերաբերյալ դրույթներում: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծում ավելացնել հետևյալ դրույթ. «Տեսակցությության իրավունքի սահմանափակումը կամ սահմանափակման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ որոշումն ստանալու պահից 5 օրվա ընթացքում»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձի հաղորդակցությունները և տեսակցությունները մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշման հիման վրա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

Առաջարկում ենք Նախագծով սահմանված Օրենսգրքի նոր 1531հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով. «3. Կալանավորված անձը իրավունք ունի անարգել տեսակցելու իր անչափահաս երեխաների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։ Առաջարկում ենք Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 133 (1)հոդվածով. «Հոդված 133 (1) . Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակելը 1. Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակումները կատարվում են կալանավորված անձանց համար՝ սույն օրենսգրքի 153 (1)-րդ, 153(2)-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով և կարգով»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Ձերբակալված և կալանավորված անձի իր մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակումները կարգավորվում են ձերբակալված անձանց համար՝ սույն հոդվածով նախատեսված կարգով»։

Տեսնել ավելին