Տիգրան Ստեփանյան
10.11.2024
Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում ձեր առաջարկած պատասխանատվություն սահմանող սանկցիան՝ անմիջապես 50 հազար ՀՀ դրամ տուգանքի նշանակումը փոխարինել <<Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական>> սանկցիայով։
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի 8 հունիսի N 943-Լ որոշմամբ հաստատված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը կյանքի բոլոր ոլորտներում և համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով ապահովել նրանց անկախ կյանքը և սոցիալական ներառումը։
Միջոցառումների ցանկի 3-րդ կետով նախատեսվում է սահմանել ապրանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն ապահովելու նպատակով։ Որպես նշյալ միջոցառման կատարման արդյունքն՝ §դ¦ ենթակետով նախատեսվում է վերանայել առևտրի և ծառայությունների, սպառողների իրավունքների, զբոսաշրջության ոլորտի օրենսդրությունը և ամրագրել համապատասխան դրույթներ։
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) 2010 թվականին։ Կոնվենցիայի վավերացմամբ պետությունը պարտավորվել է ապահովել հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության նպատակով։
Մասնավորապես՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, ինչպես նաև այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և´ քաղաքներում, և´ գյուղական վայրերում:
Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Օրենքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝
1) մյուսների հետ հավասար հիմունքներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովումը:
Նույն օրենքը սահմանում է նաև մատչելիության հասկացությունը, համաձայն որի՝ այն ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցությունների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային և գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է։
Ներկայացվածի համատեքստում պետք է փաստել, որ «Առևտրի և ծառայությունների մասին» գործող օրենքում (այսուհետ՝ Օրենք), որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտը, ամրագրված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության ապահովման որևէ պահանջ։
Ընթացիկ իրավիճակը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձիք, առևտրի և ծառայությունների ոլորտում ցանկանալով իրացնել սպառողի կարգավիճակից բխող իրենց իրավունքները, բախվում են առավելապես առևտրի և ծառայությունների սպասարկման անմատչելիության խնդրին։ Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսների հետ գտնվում են անհավասար պայմաններում և չեն կարողանում ունենալ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցություն ունենալու հնարավորություն։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների ոլորտում մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության հասանելիությունը պետք է լինի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում։
Հաշվի առնելով, որ առևտրի և ծառայությունների ոլորտը անկյունաքարային դեր է խաղում մարդու անկախ կյանքի, համայնքում ինտեգրվելու, ինչպես նաև սեփական կենսագործունեության ապահովման համար՝ անհրաժեշտ է դրա մատչելիությունն ապահովելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ ամրագրելով հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելիության պայմաններ։
Այսպիսով, Նախագծերի կարգավորման առարկան հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության հնարավորության ապահովումն է մյուսների հետ հավասար հիմունքներով։
Միաժամանակ նշենք, որ Քաղաքաշինության նախարարի 2006 թ. նոյեմբերի 10-ի
N 253-Ն հրամանով շենքային տարածքների մատչելիության ապահովման պահանջին, ապա հաստատված է ՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը, որի կիրառումը պարտադիր է։
Եվ չնայած նրան, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի N 253-Ն հրամանով սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական մատչելիության պահանջներ, սակայն նույնիսկ վերջին տարիներին կառուցված և շահագործման հանձնված առևտրի և ծառայության ոլորտի օբյեկտները հիմնականում ապահովված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նվազագույն պայմաններով: Հարկ է նշել նաև, որ առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալելիս պարտադիր չէ, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձը հանդիսանա այդ օբյեկտի սեփականատեր կամ կառուցապատող, ուստի այս դեպքում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթը ըստ էության չի տարածվում առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների վրա։ Հետևապես, Նախագծերով առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել մատչելիություն նաև առևտրի և ծառայությունների սպասարկման ոլորտում։ Միաժամանակ նշված պահանջը տարածվելու է ՀՀ տարածքում առկա առևտրի և ծառայությունների ոլորտում գործող բոլոր, այդ թվում՝ պետական կառույցներում գործող, օբյեկտների վրա։
2․ Առևտրի և ծառայությունների սպաոսարկման մատչելիության պահանջները սահմանող միջազգային փորձը։
Եվրոպական Միության երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների մատչելիությունը
Եվրոպական Միության երկրներում[1] հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների մատչելիությունը խանութներում կարգավորվում է ինչպես տեղական, այնպես էլ ԵՄ մակարդակով։
ԵՄ երկրներում գործում է Ապրանքների և ծառայությունների մատչելիության պահանջների վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 17-ի Եվրոպական խորհրդի 2019/882 դիրեկտիվը[2] , որը կոչվում է նաև Եվրոպական Մատչելիության Ակտը (European Accessibility Act, EAA) ընդունվել է 2019 թվականին և նպատակ ունի բարելավել ապրանքների և ծառայությունների մատչելիությունը մարդկանց համար, ովքեր ունեն ֆիզիկական, սենսորային կամ այլ տեսակի սահմանափակ կարողություններ:
Մատչելի ապրանքների և ծառայությունների պահանջարկը մեծ է, և կանխատեսվում է, որ ապրանքներից և ծառայություններից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը զգալիորեն կաճի: Միջավայրը, որտեղ ապրանքներն ու ծառայություններն ավելի մատչելի են, թույլ է տալիս ավելի ներառական հասարակություն ստեղծել և հեշտացնում է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը:
Ահա մի քանի հիմնական սկզբունքներ, որը սահմանում Եվրոպական Մատչելիության Ակտը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների մատչելիության և համընդհանուր դիզայնի սկզբունքները:
Ֆիզիկական մատչելիություն
Խանութների տարածքում տեղաշարժը։
Շատ խանութներ պետք է ապահովեն հարմարեցված մուտքեր, ներառյալ պանդուսներ և լայն անցումներ, որպեսզի մարդիկ, ովքեր օգտագործում են շարժողական օգնության միջոցներ, կարողանան հեշտությամբ մուտք գործել:
Ապրանքների դասավորություն:
Ապրանքները պետք է տեղադրված լինեն այնպիսի բարձրության վրա, որ հաշմանդամություն ունեցող անձիք կարողանան ինքնուրույն վերցնել ապրանքները:
Ցուցանակներ և հրահանգներ:
Հասարակական վայրերում, այդ թվում՝ խանութներում, պահանջվում է տրամադրել հստակ և ընթեռնելի ցուցանակներ, երբեմն նաև՝ Բրայլյան գրի և սենսորային ուղղորդիչների միջոցով:
Թվային մատչելիություն։
Էլեկտրոնային առևտուր:
ԵՄ-ն խթանում է թվային ապրանքների մատչելիությունը: Օրինակ՝ էլեկտրոնային առևտրային կայքերը և հավելվածները պետք է համապատասխանեն մատչելիության ստանդարտներին, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն տեսողական կամ շարժողական սահմանափակումներ, կարողանան կատարել գնումներ:
Վաճառքի ինքնասպասարկման տերմինալներ:
Վաճառքի տերմինալները և վճարային մեքենաները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ունենալով ձայնային հրահանգներ, շոշափելի էկրաններ և Բրայլյան գրություն:
Ապրանքների մատչելի դիզայն։
Շատ արտադրողներ պարտավորվում են իրենց արտադրանքները մշակել «համընդհանուր դիզայնի սկզբունքներին» համապատասխան: Դա նշանակում է, որ ապրանքները պետք է նախատեսված լինեն օգտագործման համար տարբեր ֆիզիկական և սենսորային կարողություններ ունեցող մարդկանց կողմից:
Օրինակ՝ հեռախոսները, կենցաղային սարքերը, տեսախցիկները և այլ տեխնոլոգիաներ ունեն դյուրին օգտագործման ռեժիմներ՝ մեծացված տեքստ, ձայնային հրահանգներ և հեշտացված ինտերֆեյս:
Էլեկտրոնային համակարգերի մատչելիություն:
Վճարման համակարգերը պետք է լինեն մատչելի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, ներառյալ տերմինալները, որոնք տեղակայված են ճիշտ բարձրության վրա, ինչպես նաև ինտերֆեյսները, որոնք հարմար են օգտագործման համար:
Հավասար հնարավորություններ։
ԵՄ անդամ երկրներում խանութներն ունեն պարտավորություն հավասար պայմաններ ստեղծելու բոլոր հաճախորդների համար, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց: Սա ներառում է խանութի անձնակազմի հատուկ պատրաստվածություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց օգնություն ցուցաբերելու համար:
Հասանելիության ստանդարտներ։
Եվրոմիության EN 301 549[3] ստանդարտը սահմանում է թվային տեխնոլոգիաների և ծառայությունների մատչելիության պահանջները, որոնք պարտադիր են ԵՄ բոլոր երկրներում:
Այս ամենը նպաստում է, որ հաշմանդամություն ունեցող անձիք ԵՄ-ում ունենան անկախություն և հավասար պայմաններ խանութներում գնումներ կատարելու համար, ինչպես նաև կարողանան օգտվել առկա բոլոր ծառայություններից:
Այս քայլերը կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայր ստեղծելու համար, որը կլինի ներառական և հավասար իրավունքներով։
Ակտը սահմանում է նաև բացառություններ, այն է այն չի տարածվում այն ընկերությունների վրա, որոնք ունեն մինչև 10 աշխատող և որի տարեկան շրջանառությունը կազմում է 2 մլն եվրո։ Եվ այն ընկերությունների նկատմամբ, որոնք հիմնավոր փաստում են, որ արտադրանքը կամ ծառայությունները հասանելի դարձնելու ծախսերը զգալիորեն ավելի շատ կլինեն, քան իրենց կարողությունները։
Հանրային հատվածի մարմինների մատչելիության կանոնակարգ 2018թ[4]
Մատչելիությունը նշանակում է համոզվել, որ ընկերության մատուցած ծառայությունները և դրանց բովանդակությունը կարող են օգտագործվել և հասկանալի լինել հնարավորինս լայն լսարանի կողմից:
Մատչելիության կանոնակարգերը հանրային հատվածի մարմինների համար ուժի մեջ է մտել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Կանոնակարգի հիմնական նպատակը, որ ընկերությունների կայքը կամ բջջային հավելվածն դարձնել «ընկալելի, գործունակ, հասկանալի և ամուր»: Դրանք պետք է՝
համապատասխանի միջազգային WCAG 2.2 AA հասանելիության ստանդարտին
հրապարակվի մատչելիության հայտարարություն՝ ընկերության ծառայության կամ բջջային հավելվածի հասանելիության մասին։
Ինտրանետ և էքստրանետ կայքերը նույնպես ծածկված են հասանելիության կանոնակարգերով: Սրանք ներքին կայքեր են, որոնք հաշմանդամություն ունեցող անձիք կարող են օգտագործել:
Լեհաստանի ապրանքների և ծառայությունների մատչելիության մասին օրենք[5]
2024 թվականի ապրիլի 26-ին Լեհաստանի խորհրդարանն ընդունել է «Որոշ ապրանքների և ծառայությունների համար մատչելիության պահանջների մասին» օրենքը: Օրենքը ուժի մեջ կմտնի մինչև 2025 թվականի հունիսի 28-ը, հաշվի առնելով նոր պարտավորությունների լայն շրջանակը, որոնց պետք է նախապատրաստվեն ձեռնարկությունները: Օրենքը Լեհաստանում իրականացնում է այսպես կոչված մատչելիության եվրոպական ակտը («EAA»): EAA-ն ներդաշնակեցնում է մատչելիության պահանջները այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց և որոնց համար կան տարբերություններ ԵՄ երկրների միջև այդ պահանջների առումով:
Օրենքի շնորհիվ հատուկ կարիքներ ունեցող անձանց հասանելի կլինեն ամենատարածված ապրանքներն ու ծառայությունները, ինչպիսիք են համակարգիչները, հեռախոսները, պլանշետները, էլեկտրոնային գրքերը, էլեկտրոնային առևտուրը և թվային տեղեկատվական ծառայությունները մարդատար տրանսպորտում: Տնտեսվարող սուբյեկտները պետք է նաև ապահովեն իրենց կայքերի և բջջային հավելվածների հասանելիությունը, ներառեն մատչելի հրահանգներ և պայմանագրեր և շփվեն հաճախորդների հետ տարբեր ուղիներով, որպեսզի չբացառեն նրանցից որևէ մեկը հատուկ կարիքների կամ հաշմանդամության պատճառով:
Օրենքի հիմնական նպատակն է վերացնել սոցիալական բացառումը, որն առաջանում է առօրյա ապրանքների և ամենատարածված ծառայությունների սահմանափակ հասանելիության պատճառով:
Կիրառման շրջանակը
Ակտը կկիրառվի 2025 թվականի հունիսի 28-ին կամ դրանից հետո վաճառվող/մատուցվող որոշ ապրանքների և ծառայությունների նկատմամբ:
Օրենքը կներառի.
Նոր պարտականություններ
Այս ապրանքների և ծառայությունների համար Օրենքը սահմանում է «մատչելիության պահանջների» օրինակով.
Օրենքը նախատեսում է բացառություններ վերը նշված պահանջներից, սակայն վերը նշված պարտավորությունները, մասնավորապես, սահմանում է Օրենքով ընդգրկված արտադրողների, ներմուծողների, դիստրիբյուտորների կամ ծառայություններ մատուցողների վրա:
Վերահսկիչ մարմիններ և պատժամիջոցներ։
Ակտի կիրառման նկատմամբ վերահսկողությունը վստահված է Լեհաստանի Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական պետական հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահին և շուկայի վերահսկող մարմիններին (օրինակ՝ Էլեկտրոնային հաղորդակցության գրասենյակի նախագահին, ֆինանսական օմբուդսմենին) և մաքսային մարմիններին: Այդ մարմինները լայն լիազորություններ կունենան, այդ թվում՝ կարգադրել, որ ապրանքը կամ ծառայությունը ճշգրտվի, շուկայից հանվի կամ արգելվի հասանելի դարձնել, ինչպես նաև կարգադրել, որ որոշակի տեղեկատվություն տրամադրվի սպառողներին։ Այդ նպատակով իշխանությունները կկարողանան ստուգումներ իրականացնել կամ պատվիրել ապրանքների փորձարկումներ:
Օրենքը նաև նախատեսում է տուգանքներ օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար՝ նախորդ տարվա ազգային տնտեսության միջին ամսական աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով (2023թ.՝ 71,554,80 PLN), բայց տույժի նշանակման տարվան նախորդող տարվա շրջանառության 10%-ից ոչ ավելին:
Եթե ակտով ներդրված նոր պարտավորությունները չափազանց ծախսատար են կամ տնտեսվարող սուբյեկտներից պահանջում են չափազանց էական տեխնոլոգիական փոփոխություններ, ապա դրանք կկարողանան սահմանափակել մատչելիության ներդրումը այն պահանջներով, որոնք անհամաչափ բեռ չեն ներկայացնում: Այնուամենայնիվ, ընկերությունները պարտավոր կլինեն նկարագրել և փաստաթղթավորել Օրենքից այս բացառության կիրառման պատճառները, և շուկայի վերահսկող մարմինն իրավունք կունենա գնահատել դրա հիմնավորվածությունը: Ակտի նախագծում հաշվի են առնվում նաև միկրո ձեռնարկությունների առանձնահատկությունները և մատչելիությունը ֆինանսավորելու նրանց ցածր կարողությունը: Այդ իսկ պատճառով ծառայություններ մատուցող միկրոձեռնարկությունները ազատված են օրենքի դրույթներից:
Ռուսաստանի Դաշնությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների և ծառայությունների մատչելիությունը
Ռուսաստանի Դաշնությունում[6] հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների և ծառայությունների մատչելիությունը խանութներում կարգավորվում է մի շարք օրենքներով և ծրագրերով, որոնք նախատեսված են ապահովելու հավասար պայմաններ հասարակության բոլոր անդամների համար:
Օրենսդրական հիմքերը
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը և «Հաշմանդամների իրավունքների մասին օրենքը» պարտավորեցնում են հասարակական վայրերին, ինչպես նաև խանութներին ապահովել մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՌԴ № 181-ФЗ օրենքի (2008) մի շարք դրույթներ սահմանում են որպեսզի հանրային վայրերը լինել մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ թե՛ ֆիզիկական, այնպես էլ ծառայությունների մատչելիության առումով:
Ֆիզիկական մատչելիություն - Մուտք և տեղաշարժ:
«Շենքերի և շինությունների հասանելիություն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար» շինարարկան նորմի համաձայն 59.13330.2020[7] խանութներում, հատկապես խոշոր առևտրային կենտրոններում, պետք է լինեն պանդուսներ, լայն դռներ, հարմարեցված վերելակներ և տարածքներ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար:
Ապրանքների և ցուցադրումների դասավորությունը պետք է կազմակերպվի այնպես, որ շարժողական սահմանափակումներ ունեցող անձինք կարողանան հեշտությամբ մուտք գործել և գտնել անհրաժեշտ ապրանքները:
Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվի օգնություն՝ կապված ապրանքների ընտրության և տեղափոխման հետ, ինչը նաև պահանջվում է օրենսդրությամբ:
Շատ խանութներում տեղադրվում են հատուկ տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել ծառայությունները, օրինակ՝ ինքնասպասարկման տերմինալներ, որտեղ նախատեսված են ձայնային հրահանգներ և խոշորացրած տեքստեր: - Վճարային տերմինալները և դրամարկղային սարքավորումները նույնպես հարմարեցվում են՝ ապահովելով դրանց հեշտ օգտագործումը:
Տեղեկատվական մատչելիություն
Շատ խանութներում ապահովվում են տեսողական և լսողական օգնության միջոցներ: Օրինակ, պիտակների և ցուցանակների տեքստերը կարող են ներկայացվել խոշոր տառերով, իսկ լսողական սահմանափակումներ ունեցող անձանց համար կարող են լինել հատուկ ձայնային ազդանշաններ:
Նկատվում է նաև ծառայությունների թվային մատչելիության զարգացում՝ ինտերնետ-խանութները պարտավոր են ապահովել վեբ-կայքերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ օգտագործելով հատուկ ծրագրեր և հավելվածներ:
Ռուսաստանի խոշոր առևտրային ցանցերը, ինչպիսիք են **«Մագնիտ», «Աշան», «Пятёрочка»**, իրականացնում են ծրագրեր և նախագծեր, որոնք նպատակ ունեն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց խանութներում սպասարկման մակարդակը: - Սովորաբար խանութների անձնակազմը պետք է լինի պատրաստված օգնություն ցուցաբերելու հաշմանդամություն ունեցող անձանց հաճախորդներին:
Հասանելիության ծրագրեր
Ռուսաստանում գործում են մի շարք պետական ծրագրեր, որոնք նպատակ ունեն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց համար ապրանքների և ծառայությունների մատչելիությունը: Այս ծրագրերից է «Հասանելի միջավայր» (Доступная среда), որն ուղղված է հանրային վայրերի, այդ թվում՝ խանութների, մատչելիության բարելավմանը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
QR-կոդը որպես հասանելության միջոց[8]՝ տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար
Նոր և արագ փոփոխվող բջջային տեխնոլոգիաներին համընթաց տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար օգտագործվում են QR-կոդեր՝ որպես արդյունավետ միջոց տեղեկատվության մատչելիության հասանելիության նպատակով ՝ տեսողության համար մատչելի ձևաչափով։
Ժամանակակից բջջային հեռախոսներն ունեն ներկառուցված ծրագիր, որը կարդում է տեղեկատվությունը համակարգչային էկրան՝ Talk Back – Android օպերացիոն համակարգի համար, VoiceOver – օպերացիոն համակարգի համար Mac OS. Բջջային սարքի այս գործառույթի շնորհիվ տեսողության խանգարումներ ունեցող անձը կարող է գործարկել սկանավորում և ստանում է QR կոդեր մուտք ապրանքների մասին տեղեկատվություն ստացման համար՝ ներկայացված աուդիո ձևաչափով: Ապրանքների բնութագրերի մասին տեղեկատվության ստացման նկատակով QR (արագ արձագանքման) կոդի առկայության ապահովում, մասնավորապես՝
Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա QR կոդ:
Կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տվյալ ապրանքի մասին ամբողջական տեղեկություններ:
Կոդը բաղկացած է սպիտակ ֆոնի վրա քառակուսի ցանցի մեջ տեղադրված սև քառակուսիներից, որը կարելի է կարդալ համապատասխան բջջային սարքի միջոցով ՝ սկանավորման միջոցով։
Չնայած օրենսդրության առկայությանը, առկա են նաև մարտահրավերներ, քանի որ որոշ խանութներ կամ փոքր բիզնեսներ դեռևս չեն բավարարում մատչելիության բոլոր պահանջները: Հատկապես գյուղական և փոքր բնակավայրերում մատչելիության ապահովումը դեռևս կարող է մնալ խնդիր: Ռուսաստանում քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
3․ Կարգավորման նպատակը․
Նախագծի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը առևտրի և ծառայությունների ոլորտում՝ համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով ապահովելով նրանց անկախ կյանքը և սոցիալական ներառումը։
4․ Նախագծով առաջարկվող փոփոխությունները և ակնկալվող արդյունքը.
Խնդրո առարկա հարցի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելի հնարավորություն՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն այդպիսի պահանջները չապահովելու համար։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանելու լիազորությունը վերապահել Կառավարությանը՝ հետագայում Կառավարության որոշմամբ սահմանելով առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության հստակ պահանջներ։
Նախատեսվում է Կառավարության կողմից սահմանել Առևտրի և ծառայությունների ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության հետևյալ պահանջները՝
Առևտրի և ծառայությունների ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության պահանջները ըստ էության բաժանվում են 3 խմբի՝
1․ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիության ապահովում՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանի
Առևտրի օբյեկտը պետք է ունենա մատչելի միջավայր շարժունակության խնդիրներ ունեցող անձանց համար, մասնավորապես՝
- անվասայլակների համար թեքահարթակներ, վերելակներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված զուգարաններ և ավտոմատ դռներ։
- կայանատեղի ունենալու դեպքում մուտքի մոտ հատկացված տարածք հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքենաների կայանման համար
- վերելակներում, ուր սակավաշարժուն, այդ թվում նաև լսողության թերությունով քաղաքացին, կարող է հայտնվել մենակ, պետք է սարքավորված լինեն երկկողմանի կապով դիսպետչերի կամ հերթապահի հետ, կամ հարկավոր է նախատեսել զանգի կոճակ։
- Զուգարանում էլեկտրական զանգը կամ տեղեկատուն պետք է միացվի հերթապահ սենյակին և պետք է նախատեսվի վթարային լուսավորում։
Մթերային խանութներում նախատեսվում է մեկ զուգարանակոնք յուրաքանչյուր 400մ2 առևտրային մակերեսի համար, իսկ ոչ մթերային խանութներում՝ յուրաքանչյուր 600մ2 համար, բայց երկու զուգարանակոնքից ոչ պակաս: Մինչև 150մ2 առևտրասրահի մակերես ունեցող առևտրի կազմակերպությունների շինություններում գնորդների համար սանհանգույցներ կարելի է չնախատեսել:
Առևտրի սրահներում հիմնական անցուղիների լայնությունը պետք է լինի ոչ պակաս.
1) մինչև 100մ2 առևտրի սրահի դեպքում՝ 1,4մ,
2) 101-ից մինչև 150մ2` 1,6մ,
3) 151-ից մինչև 400մ2` 1,8մ,
4) 401-ից ավելի՝ 2,2մ:
- Գնումների զամբյուղ՝ հարմարեցված անվասայլակ օգտագործող անձի համար առկայություն։
- Բազմահարկ առևտրի կենտրոնում յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսել 2-3 տեղանոց հանգստի գոտիներ, այդ թվում նաև թիկնաթոռ-սայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Սննդի օբյեկտների դահլիճներում հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերը (սեղանները) հարկավոր է տեղադրել ելքի մոտ, բայց ոչ անցումային գոտում։
2․ Տակտիլային մակերես միջավայրի նույնականացման համար
Տեսողության խանգարում ունեցող անձանց համար մատչելի ձևով պետք է տեղադրվի տեղեկատվություն՝ առևտրի սրահների և բաժինների գտնվելու վայրի, ապրանքների տեսականու և դրանց գների, ինչպես նաև առևտրային կազմակերպության վարչակազմի հետ կապի եղանակների մասին:
Տեսողական խնդիրներ ունեցող գնորդների ուշադրությունը գրավելու համար անհրաժեշտ տեղեկատվության վրա պետք է օգտագործվեն հետիոտնային ուղիների ծածկույթի վրա նախազգուշական ֆունկցիա կատարող շոշափողական (տակտիլ) միջոցները՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանին համապատասխան։
- տեղեկատվական, վճարային տերմինալների, բանկոմատների գտնվելու վայրի նույնականացման համար տակտիլային մակերեսի առկայության ապահովում։
- ՀԴՄ-ի հասանելի տարածքի հեշտ նույնականացման ապահովում տակտիլային պիկտոգրամայի առկայություն։
3․ QR-կոդը որպես հասանելության միջոց՝ տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրման պահանջ։
Հաշվի առնելով նաև, որ առևտրի և ծառայությունների ոլորտում նախատեսվում է սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնց իրագործման համար տնտեսավարողներին անհրաժեշտ կլինի հիմնավոր ժամանակահատված, հետևապես առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո և գործում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, իսկ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում առկա առևտրի և ծառայությունների ոլորտում գործող բոլոր, այդ թվում՝ պետական կառույցներում գործող, օբյեկտների վրա, նախատեսվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության պահանջներ, որոնց խախտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն (տուգանքի նշանակում), հետևապես նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության: Միևնույն ժամանակ նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ չի պարունակում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի դ) ենթակետի ապահովման անհրաժեշտությամբ։
[1] https://www.consilium.europa.eu/en/policies/accessibility-goods-services/
[2] https://eur-lex.europa.eu/eli/dir/2019/882/oj
[3] https://www.etsi.org/human-factors-accessibility/en-301-549-v3-the-harmonized-european-standard-for-ict-accessibility
[4] https://www.gov.uk/guidance/meet-the-requirements-of-equality-and-accessibility-regulations
[5] https://www.twobirds.com/en/insights/2024/poland/240506-parlament-uchwalil-ustawe-o-dostepno%C5%9Bsci-produktow-i-uslug
[6] https://tiflocentre.ru/voprosy-po-adaptacii-magaz.php
[7] https://tiflocentre.ru/documents/sp59-13330-2020.php
[8] https://xn----9sb0a0acc8a.xn--p1ai/images/OurPublications/QR-code%20method.pdf
Քննարկվել է
07.11.2024 - 23.11.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 487
Տպել10.11.2024
Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում ձեր առաջարկած պատասխանատվություն սահմանող սանկցիան՝ անմիջապես 50 հազար ՀՀ դրամ տուգանքի նշանակումը փոխարինել <<Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական>> սանկցիայով։
10.11.2024
․․նախագծի իրական նպատակը սպառիչ ներկայացված է վերջինիս հիմնավորման 6-րդ կետի 1-ին պարբերությամբ, ․․ ինչպես միշտ
07.11.2024
Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ընդունելի և ողջունելի է։ Միևնույն ժամանակ, այն չի կարող ապահովել հարցի կարգավորումը։ Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված տուգանքը համադրելի չէ կատարվող ծախսերի և համապատասխան պայմանների ապահովման համար։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով տնտեսվարող սուբյեկտի կողմից երկու անգամ օրենքի խախտման համար տուգանքի հանրագումարը կազմելու է 150,0 հազար դրամ և ինչ։ Պատժամիջոցների սահմանումը պետք է համադրելի լինի կատարվելիք ծախսերի հետ։ Օրինակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մետրոյի երթևեկության միջին արժեքը կազմում է 3-4 Եվրո, սակայն առաջացող տուգանքը առանց տոմսի երթևեկելու համար կազմում է 80 Եվրո։ Պարզ տրամաբանությամբ, առաջարկվող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում պետք է սահմանել առաջին անգամ խախտում կատարելու համար առնվազն 1,0 մլն ՀՀ դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի թույլ տալու համար առնվազն 2,0 մլն դրամ։ Բացի այդ հարկ է նշել, որ տուգանքի մեծության սահմանումը, ինչպես որոշ անձիք կարծում են, պետք է համադրելի լինի թե նվազագույն աշխատավարձի, թե նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ասեմ՝ որևէ կապ չունի։ Միաժամանակ, բոլոր հավասար պայմաններում, առաջարկում եմ սահմանել անցումային դրույթ, տնտեսվարող սուբյեկտների կողմից բավարար ժամանակ տալու համար՝ տարածքները համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ տեղյակ չլինելու պատճառաբանություն չլսելու համար։