ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Հաշտարարության ինստիտուտի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ այն ամբողջ աշխարհում վեճերի լուծման տարածված այլընտրանքային եղանակներից է: Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային եղանակով կարգավորման նկատառումներից ելնելով՝ 2015 թվականի մայիսի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացվել է 31.1-րդ գլխով, որը նվիրված է հաշտարարների իրավական կարգավիճակին: Մասնավորապես՝ նշված գլխով տրված են հաշտարարի և հաշտարարության հասկացությունների սահմանումները, հաշտարարության սկզբունքները, հաշտարարի վարքագծի կանոնները, նրանց իրավունքները և պարտականությունները, հաշտարարության վարման վերաբերյալ դրույթներ և այլն:

    «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ սահմանվեց, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը, իսկ վկայակոչված օրենքում Սահմանադրության 103-րդ հոդվածի ուժով չնախատեսվեցին հաշտարարությանը առնչվող կարգավորումներ:

      Միաժամանակ, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի հաշտարարության վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը պահանջում է հաշտարարության ինստիտուտի օրենսդրական ամրագրում:

       Վերոգրյալը վկայում է «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

       2. Առաջարկվող կարգավորման բնույթը

     «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  • ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները.
  • սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները.
  • նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը.
  • նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:

        3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

        Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

         Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

        4. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

 

 

  • Քննարկվել է

    20.02.2018 - 07.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11024

Տպել

Առաջարկներ`

Լիանա Բաբաջանյան

21.02.2018

Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<25 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող գործունակ ֆիզիկական անձը>>: Այլապես կստացվի, որ երկրաբանը կամ վիրաբույժը նույնպես կարող է դառնալ հաշտարար: Նախագիծը ԻԿԿ-ից հեռացնելու մասով հաշտարարին չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ԻԿԿ-ից՝ փաստացի չնախատեսելով կազմակերպությունից հեռացնելու մասին որոշման բողոքարկման կարգ: Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամին և արդարադատության նախարարություն: Հաշտարարը, որի վերաբերյալ ԻԿԿ-ից հեռացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրում այն բողոքարկելու դատարան>>:

Էդուարդ Կարապետյան

21.02.2018

Առաջարկում եմ ավելացնել համապատասխան դրույթներ, որով հաշտարարը կարող է վավերացնել կողմերի միջև կնքված հաշտությունը և այդ կերպ վավերացված հաշտությունը պարտադիր է կողմերի համար, ենթակա չէ փոփոխության առանց հաշտարարի կրկնակի վավերացման: ինչպես նաև այն հիմք է հանդիսանում հետագայում դատավարության ընթացքում:

Տեսնել ավելին