Հիշել նախագիծը

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Բժշկական օգնություն և սապասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը որևէ կերպ կանոնակարգված չէր։ Այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը, որոշակի դեպքերում, առաջացնում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման և մարդու իրավունքներին միջամտության դեպքում օրենքով նվազագույն երաշխիքներ ամրագրելու նպատակով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) ՀՕ-338-Ն օրենքով լրացվել է 7․1-ին հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից): Օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահվել է լիազորություն սահմանելու տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները պահպանվում են հիշյալ կարգին համապատասխան:

Վերոնշյալով պայմանավորված` մշակվել է «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ): Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բժշկական կազմակերպություններում իրականացվող տեսալուսանկարահանման գործընթացը անմիջականորեն կապված է անձնական տվյալների մշակման հետ, այդ թվում բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ` նախագծով հստակ սահմանվել են դրույթներ, համաձայն որոնց` տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

Նախագծով նախատեսվել է նաև, որ բժշկական կազմակերպությունները պարտավոր են սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ իրենց մոտ ներդնել տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման քաղաքականություն, ինչը ենթադրում է մանրամասն ընթացակարգերի հաստատում, որոնք առնվազն պետք է սահմանեն`

1) տեսագրությունների հասանելիության մակարդակները,

2) տեսագրությունների օգտագործման, պահպանման և ոչնչացման կանոնները,

3) տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման գործընթացը,

4) տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներին կամ չարաշահումներին արձագանքելու վերաբերյալ դրույթներ,

5) բժշկական կազմակերպության աշխատողներից, պացիենտներից և այցելուներից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ արձագանքները հավաքագրելու գործընթացը:

2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմնավեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    22.07.2024 - 06.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2224

Տպել