Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով Աշնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագրի հաստատումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման, սերմերի ներմուծումից կախվածության նվազման, տեղական սերմնարտադրության ծավալների ավելացման և տեղական հավաստագրված սերմերի հասանելիության բարձրացման, ցանքատարածությունների և արտադրողականության աճի ապահովման անհրաժեշտությամբ։

 

 

  2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության 2023 թվականի աշնանը կատարվել են աշնանացան ցորենի շուրջ 47439 հեկտար մակերեսով ցանք, որը 2022 թվականի աշնանը (69143 հեկտար)  իրականացված ցանքատարածությունների նկատմամբ պակաս է շուրջ 21 704 հեկտարով։ Հարկ է  նշել, որ 2023 թվականի աշնանը աշնանացան ցորենի ցանքատարածությունները զիջում են անգամ 2020-2022 թվականների ցանքատարածությունների միջին մակարդակը (շուրջ 56 800 հեկտար)։ Վերոնշյալը մեծապես պայմանավորված է  այն հանգամանքով, որ 2023 թվականին պետական աջակցության ծրագիրը չի իրականացվել, ինչպես նաև շուկայում արձանագրվել է ցորենի կտրուկ գնանկում, որի արդյունքում տեղական արտադրության ցորենը դարձել է ոչ մրցունակ։ Դրան զուգահեռ ներկա իրավիճակում հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման խնդիրը շարունակում է մնալ խոցելի։ Միաժամանակ,  վերջին տարիների ցանքատարածությունների մակերեսների ցուցանիշների վերլուծությունը փաստում է, որ առնվազն առաջիկա 3-4 տարիների ընթացքում առանց պետական աջակցության ծրագրերի իրականացման հնարավոր չէ ոլորտը դարձնել շատ թե քիչ եկամտաբեր և մրցունակ։

Բացի վերոնշյալը, ներկայումս հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի որակյալ սերմերի պահանջարկը բավարարվում է առավելագույնը 15-20 տոկոսով՝ արտերկրից (հիմնականում ՌԴ-ից) միջին հաշվով տարեկան շուրջ 3500 տոննա ներմուծումների և 2500 տոննա տեղական արտադրության հաշվին։ Ցանքի համար հիմնականում օգտագործվում են անհայտ ծագման, ցածրորակ սերմեր և այն հանդիսանում է հիմնական պատճառը, որ հանրապետությունում տարիներ շարունակ աշնանացան ցորենի միջին բերքատվության ցուցանիշը չի գերազանցում 22-23 ց/հա-ը, այն դեպքում, երբ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը գերազանցվում է առնվազն 3-4 անգամ։

Հաշվի առնելով, որ աշնանացան ցորենի որակյալ սերմացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է կատարել մեծածավալ ներկրումներ, որով պայմանավորված տրանսպորտային փոխադրումների համար կատարվող ծախսերը մեծ ազդեցություն են ունենում սերմի արժեքի վրա, այդ իսկ պատճառով էլ կտրուկ նվազում է վճարունակ պահանջարկը Ուստի հանրապետությունում յուրաքանչյուր բնակլիմայական գոտու համար հարմարեցված և տնտեսական բարձր արդյունավետություն ունեցող սորտերի ընտրության, ցանքատարածությունների ավելացման, միջին բերքատվության բարձրացման, արտադրանքի ինքնարժեքի նվազեցման հիմնական նախապայմանը աշնանացան ցորենի տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության  զարգացումն է։

          Ցածր բերքատվության, բարձր ինքնարժեքի և իրացման ցածր գնի պատճառով հանրապետությունում աշնանացան ցորենի մշակությունը շարունակում է մնալ տնտեսապես ոչ ձեռնտու։ Այդ պատճառով էլ ցանքատարածությունները վերջին 10 տարիների ընթացքում աստիճանաբար նվազել են շուրջ 100 000 հեկտարից հասնելով շուրջ 55 000 հեկտար։

Հարկ է նշել, որ Արարատյան հարթավայրում աշնանացան ցորենը ցանքաշրջանառության մեջ ունի կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ տարիներ շարունակ ցանքաշրջանառության չիրականացումը, հողի մշակության միօրինակ աշխատանքները, նպաստել են հողերի ֆիզիկական հատկությունների անկմանը և սննդատարրերով աղքատացմանը, ուստի այդ հողերի բերրիության վերականգնման կարևորագույն նախապայման է հանդիսանում ցանքաշրջանառությունը։ Բացի այդ, այն հանդիսանում է կարևորագույն ագրոտեխնիկական միջոցառում որպես մոլախոտային բուսականության, հիվանդությունների և վնասատուների հարուցիչների դեմ պայքարի և դրանց տարածումը կանխարգելող միջոց։

Արարատյան հարթավայրի ջրովի պայմաններում աշնանացան ցորենը բերքատվությամբ առնվազն  կրկնակի անգամ գերազանցում է անջրդի պայմաններում մշակության ցուցանիշը։

Միաժամանակ, այն հողատարածքներում, որտեղ հնարավոր չէ կայուն և անհրաժեշտ քանակի ջրամատակարարում ապահովել և դրանով պայմանավորված բարձր ջրապահանջարկ ունեցող մշակաբույսերի մշակությունը կարող է փոխարինվել ցածր ջրապահանջարկ ունեցող աշնանացան ցորենով։

 

 

 

3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, բուսաբուծության ճյուղի զարգացմանը, ըստ գոտիների հիմնավորված, նպատակային և արդյունավետ մշակության իրականացմանը, համախառն արտադրանքի ծավալների ավելացմանը և տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

 

4․Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ աշնանացան ցորենի սերմնարտադրության ծավալների ավելացման և ցորենի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել դրա մշակությունը ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողերի վրա պարենային ցորեն արտադրելու նպատակով մշակություն իրականացնող տնտեսավարողը և մինչև 150  հա (ներառյալ) մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սերմնարտադրություն իրականացնող հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողը։ Միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝

  • աշնանացան ցորենի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, որոնց հսկողությունը իրականացնում են համայնքները․
  • ցանքը պետք է կատարվի 1 հեկտարի հաշվով սերմերի առավելագույնը 300 կգ նորմայով․
  • անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից տրամադրվում է անվճար խորհրդատվություն, միաժամանակ անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է N 1  աղյուսակում.
  • տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր շահառու կարող է իրականացնել ինչպես պարենային ցորենի արտադրության համար նախատեսված աշնանացան ցորենի ցանքեր, այնպես էլ սերմնարտադրության համար նախատեսված ցանքեր, սակայն երկուսի հանրագումարը չի կարող գերազանցել 150 հեկտարը․
  • յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 8,0 մլն դրամը (80 000 դրամ X 100 հա), իսկ յուրաքանչյուր հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողի համար՝  15,0 մլն դրամը (100 000  դրամ X 150 հա), 
  • ծրագրի շահառուներին միևնույն հողատարածքում աշնանացան ցորենի մշակության համար չեն կարող օգտվել սոցիալական աջակցության այլ ծրագրերից։

      Աշնանացան ցորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար,չիզել, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) միջին  հաշվով կազմում են շուրջ 160 000 ՀՀ դրամ։

      Փոխհատուցումը տրամադրվում է աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ, իսկ սուպերէլիտային և էլիտային  վերարտադրության սերմերով  սերմնադաշտերի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ սահմանաչափով։

Միաժամանակ հարկ է նշել, որ սերմերի ցանքի նորման 1 հեկտարի հաշվով սահմանվել է մինչև 300 կգ հաշվի առնելով, որ սորտային առանձնահատկություններով (1 հա-ի հաշվով պահանջվող ծլունակ սերմերի քանակը) և ցանքի համար օգտագործվող շարքացաններով պայմանավորված այն կարող է տարբեր լինել։

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մինչև 2027 թվականը աշնանացան ցորենի ցանքատարածությունները կավելանան  շուրջ 19 000, իսկ սերմնադաշտերը 1000 հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։

 

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

 

 

 

 

 

 

                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

  • Քննարկվել է

    02.07.2024 - 22.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2358

Տպել