Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ՀՀ կառավարությանը։ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա. ենթակետի համաձայն՝ տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում պետական գաղտնիքի շարքին են դասվում Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական՝ պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին տեղեկությունները, իսկ է. ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի  11-ի թիվ 53-Ն որոշմամբ հաստատվել է ըստ գերատեսչական պատկանելիության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որի 20-րդ կետով պետական գաղտնիքի շարքին են դասվում Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական` պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին տեղեկությունները, իսկ 26-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները:

Հարկ է նշել, որ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունները ներկայումս շուրջ երեք տասնյակ են, և դրանք յուրաքանչյուր տարի փոխվում են՝ կապված ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալից կամ այլ պատճառներից (սնանկացում, անվանափոխություն, լուծարում և այլն)։ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, որտեղ ամեն օր աշխատում, ելումուտ են անում բազմաթիվ մարդիկ, որոնք չունեն պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններին առնչվելու թույլտվություն։ Ռազմավարական պաշարների պահուստի հետ առնչվում են նաև կազմակերպությունների, նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինների բազմաթիվ աշխատակիցները, որոնք նույնպես պետք է ունենան  պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն։

«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն, ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը, լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ։ Էլեկտրոնային հաշվետվության համակարգը, որն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը, պետք է գործարկվեր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, սակայն առաջացել են համակարգի գործարկման հետ կապված որոշակի խնդիրներ: Բացի այդ, փաստաթղթաշրջանառության գաղտնիությունն ապահովող տեխնիկական սարքերի (միջոցների ու համակարգչային ծրագրերի) պատրաստումը և մշակումը ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի թիվ 991-ՆԳ որոշման 16.16 կետի պահանջի համաձայն՝ ՀՀ տարածքում հետագա կիրառման նպատակով թույլատրվում է միայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից: Հարկ է նշել նաև, որ գաղտնիությունն ապահովող տեխնիկական սարքերի (միջոցների ու համակարգչային ծրագրերի) պատրաստումը և մշակումը թույլատրված է միայն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ին, հետևաբար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը և ներդրումը, որը կապահովի  փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը, այս պահին հնարավոր չէ:

Հաշվի առնելով ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների և տեղեկությունների գաղտնի ձևաչափով ներկայացման հարցում տեխնիկական բնույթի խնդիրները՝ ներկայումս փաստաթղթաշրջանառության գաղտնիությունն ապահովող միասնական էլեկտրոնային հարթակի կիրառումը հնարավոր չէ, ուստի հաշվետվությունների հետ կապված աշխատանքները Պետական ռեզերվների գրասենյակի կողմից իրականացվում են նախկինի պես։ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվու են ՆԳՆ sra@mia.gov.am պաշտոնական կայքին, իսկ ամփոփ հաշվետվությունները ՀՀ կառավարություն ներկայացվում են գաղտնի ձևաչափով: Որոշակի խնդիրներ են առաջացել ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների և տեղեկությունների գաղտնի ձևաչափով ներկայացման հարցում:

Սույն օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը, վերացնել լիազոր մարմնի նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում առկա խնդիրները, որոնք առաջանում են «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքում ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                                                   

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    05.06.2024 - 20.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1150

Տպել