Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է Paramyxoviridae ընտանիքի Morbillivirus-ը։  

Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիարավ անդամ-երկիր է և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման և գրանցման: Կենդանիների վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով:

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին»  N 1081-Ն որոշման  հավելվածների  ցանկում ՄԵԿԺ հիվանդությունն ենթակա է պարտադիր ծանուցման, որը սահմանված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով։

2016 թվականին Վրաստանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայք էջում, որտեղ նաև հրապարակված են վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված դեպքերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը, քանի որ հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2018 թվականի փետրվարի 15-ի ՀՀ կառավարության N 6 արձանագրային որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտություն ծրագիրը, սակայն ախտորոշիչ միջոցի ձեռքբերելու նպատակով մրցույթները չեն կայացել, ուստի ծրագիրը հնարավոր չի եղել իրականացնել։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախատեսել է՝ մինչև 2027 թվականը Եվրոպական երկրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը և Ադրբեջանի  Հանրապետությունը ճանաչել ՄԵԿԺ հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բազմիցս կազմակերպել է հանդիպումներ և քննարկումներ, և իր աջակցությունն է հայտնել հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր ճանաչվելու համար օգնել միջոցառման իրականացման մեթոդաբանության, ինչպես նաև հետագայում փաստաթղթերի փաթեթը ԿԱՀԿ ներկայացնելու հարցում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ սույն նախագիծը անգլերեն թարգմանված տրամադրվել է նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող ղեկավար Էռան Ռայզմանին՝ կարծիքի։

Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ԿԱՀԿ–ին և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, հետևաբար միջազգային հարթակներում անասնահամաճարակային իրավիճակի կայունությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է հանրապետությունում շարունակական իրականացնել ՄԵԿԺ հիվանդության շճահետազոտության ծրագիրը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի ընդունման նպատակն է՝

  • շճաբանական հետազոտությունների վրա հիմնված իրականացնել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատում,
  • հայտնաբերել կամ բացառել թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը,
  • Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում ճանաչել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդությանից պատմականորեն կամ դասական զերծ երկիր։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ծրագրի ֆինանսական բաղադրիչը

Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ աղբյուներով։

Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝

  • ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռք բերում,
  • նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:

Միաժամանակ նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է կառաջանա հաջորդ տարի ներկայացնել բյուջետային հայտ՝ շուրջ 20 500,0 հազ. դրամ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:  

 

  1. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի Գյուղատնտեսությունը բաժնի՝  ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովվի ՄԵԿԺ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, կստեղծվեն անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։

  • Քննարկվել է

    30.05.2024 - 14.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2217

Տպել