Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից։ ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշումը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:

Որոշման  հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերից բխում է, որ անձնական օգնականի ծառայությունների մատուցման շրջանակներում կնքվում է երկկողմ պայմանագիր՝ շահառուի և անձնական օգնականի միջև, սակայն նշված ծառայության համար վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) հատկացված միջոցների հաշվին:

Տվյալ իրավակարգավորումը գործնականում խնդիր է առաջացնում, քանի որ Ծառայությունը պետական բյուջեի միջոցների հաշվին վճարում է կատարելու մի պայմանագրի շրջանակներում, որի կողմը չի հանդիսանում։

Բացի այդ, ֆիզիկական անձ հանդիսացող շահառուն և անձնական օգնականը հարկային վճարումների տեսանկյունից ինքնուրույն սուբյեկտ չեն հանդիսանում և տվյալ դեպքում առկա է հարկային գործակալի անհրաժեշտություն, ուստի առկա իրավակարգավորման դեպքում խնդիր է առաջանալու նաև անձնական օգնականի ծառայությունների պայմանագրի հիման վրա հարկերի վճարման տեսանկյունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել պայմանագրի նոր ձև, որը կնքվելու է միասնական սոցիալական ծառայության և անձնական օգնականի միջև:

Շահառուի և անձնական օգնականի միջև Ձև N 2-ով կնքվող պայմանագրով սահմանված է, որ պայմանգիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի ժամկետով։ Այնինչ, ծառայությունը տրամադրվում է ԾԱԾ-ի հիման վրա, որի գործողության ժամկետը կարող է լինել ավելի երկար։ Հետևաբար ծառայությունը շարունակական ստանալու համար շահառուն ստիպված պետք է կրկին դիմի և ստանա ԾԱԾ:

Շահառուները և անձնական օգնականի թեկնածուները դիմում են տարբեր հարցերով, որոնք հստակեցման կարիք ունեն։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես, նախագծով նախատեսվել է պայմանգրի կնքման դրույթ անձնական օգնականի և ՄՍԾ-ի միջև, սահմանվում է նաև այդ պայմանգրի օրինակելի ձևը։  

 Նախագծով սահմանվում է, որ սահմանված ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում հաշմանդամություն  ունեցող անձին ծառայություն է մատուցում մեկ՝ նույն անձնական օգնականը։ Սրանով կարգավորվում է այն խնդիրը, որ շահառուները դիմում են և պահանջում, որ իրենց տարբեր ժամերի ծառայություն մատուցեն տարբեր անձնական օգնականներ։

Նախագծով սահմանվում է, որ եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը չի ապահովել սովորելու կամ աշխատելու պահանջը, ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) այդ մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է անձնական օգնականի և ՄՍԾ-ի միջև կնքված պայմանգրի լուծումը։ Այս դեպքում, անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի միջև կնքված պայմանգիրը համարվում է ոչ իրավազոր։ Դրանից հետո տվյալ հաշմանդամություն ունեցող անձի հետ պայմանգիր հաջորդիվ կնքվում է, եթե նա արդեն իսկ աշխատում կամ սովորում է։

Նախագծով նախատեսվում է անձնական օգնականի և շահառուի միջև կնքվող պայանագրի գործողության ժամկետը համապատասխանեցնել ԾԱԾ-ի գործողության ժամկետին։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել անձնական օգնականի ծառայության հետ կապված իրավահարաբերությունները և բարելավել  օրենսդրական դաշտը։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ 2024 բյուջեի հայտով անձնական օգնականի ծառայության ներդրման համար նախատեսվել է 151,048․8 հազ.դրամ` հաշմանդամություն ունեցող 100 անձի  անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով։

Սույն նախագծով նախատեսված փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չեն առաջացնում:

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

Նախագիծը անուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներին և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

 

  • Քննարկվել է

    19.03.2024 - 03.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1591

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Ընդհանուր դիտարկում - Նախագիծը չի արձագանքում այն մտահոգություններին, որոնք առկա են հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների շրջանում անձնական օգնականի ծառայության վերաբերյալ։ Ավելին, այն չի նպաստում կառավարության որոշման համապատասխանեցմանը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Նախագծով առաջարկվում է, որ ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում ծառայությունը չի կարող մատուցվել միաժամանակ 1-ից ավելի անձնական օգնականների կողմից։ Միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումը մտահոգություններ է առաջացնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8.1-րդ հոդվածի առումով, որը պաշտպանում է բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Կոնվենցիան արգելում է պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Տվյալ դեպքում չկա որևէ հիմնավորում, թե ինչու է միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Նախագծով առաջարկվում է հղում անել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին։ Հարկ է նկատել, որ «Զբաղվածության մասին» օրենքի նշված կետերը վերաբերում են «զբաղվածություն», «աշխատանք փնտրող անձ» և «գործազուրկ» հասկացություններին, որոնք նախագծի այդ հատվածում չեն օգտագործվել և վերաբերելի չեն։ Իսկ «աշխատող» հասկացությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ աշխատելու հանգամանքը որպես պայման դիտարկելը չի բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անտեսում է մարդկային աջակցության կարիք ունեցող և աշխատելու հնարավորություն չունեցող անձանց կենսական կարիքները։

Տեսնել ավելին