Հիշել նախագիծը

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.   Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Միջազգային քրեական դատարանի 1998թվականի հուլիսի 17-ի կանոնադրության` Հռոմի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) շրջանակներում հիմնադրված՝ Միջազգային քրեական դատարանի հետ (այսուհետ՝ Միջազգային դատարան) Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերը, սահմանում է Միջազգային դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համար լիազորված մարմինները և Միջազգային դատարանի հետ համագործակցության ընթացքում իրավական հարցերով օժանդակության ձևերը:
  2. Սույն օրենքում եզրույթներն օգտագործվում են Կանոնադրության մեջ սահմանված իմաստներով:

 

Հոդված 2.   Միջազգային դատարանի հետ համագործակցության իրավական հիմքերը

  1. Միջազգային դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Կանոնադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 3.  Միջազգային դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համար լիազորված պետական մարմինները

 

  1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային դատարանի միջև հաղորդակցությունն իրականացվում է լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմնի) միջոցով, որը

1) մինչդատական վարույթում գտնվող գործերով համագործակցության վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն է,

2) դատարանի վարույթում գտնվող գործերով համագործակցության  և դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

3) սույն օրենքի 6-ից 8-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, որն իր լիազորություններն իրականացնում է օրենքով սահմանված կարգով:

  1. Միջազգային դատարանի հետ համագործակցելիս Լիազոր մարմինը կարող է՝

1)     Միջազգային դատարանից ստանալ հարցումներ,

2)     որոշումներ կայացնել Միջազգային դատարանի հետ համագործակցության թույլատրելիության վերաբերյալ, համագործակցության ընթացակարգեր մշակել և անհրաժեշտության դեպքում որոշումներ կայացնել Միջազգային դատարանի իրավազորության բողոքարկման մասին,

3)     որոշումներ կայացնել համագործակցության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին,

4)     Միջազգային դատարանին տրամադրել հարցման կատարման արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն,

5)     Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում հարցման մեջ նշված հարցերի վերաբերյալ Միջազգային դատարանի հետ հանդիպումներ անցկացնել,

6)     անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խորհրդատու նշանակելու և (կամ) օրենսդրությանը համապատասխան այլ իրավական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ,

7)     որոշումներ կայացնել որևէ անձի Միջազգային դատարանին փոխանցելու մասին,

8)     համապատասխան պետական մարմնին փոխանցել Միջազգային դատարանի՝ քրեական հետապնդում սկսելու հարցումը՝ Կանոնադրության 70-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետին համապատասխան,

9)     որոշումներ կայացնել Միջազգային դատարանի՝ ազատազրկման ձևով պատժի կատարման համար դատապարտյալին ընդունելու և Միջազգային դատարանի կողմից սահմանված դրամական տուգանքի և (կամ) այլ ծախսերի վճարում կատարելու հարցման վերաբերյալ, 

10)   սահմանել հարցման կատարման ձևը և դրա կատարման համար անհրաժեշտ պայմանները՝ հարցման մեջ նշված անհետաձգելի միջոցների ձեռնարկումն ապահովելու նպատակով,

11)    Միջազգային դատարանին փոխանցել Հայաստանի Հանրապետության անունից համապատասխան պետական մարմինների կողմից հավաքված ապացույցներն ու տեղեկությունները, 

12)    Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Միջազգային դատարանից պահանջել Միջազգային դատարանի հարցման կատարման ծախսերի փոխհատուցումը,

13)    իրականացնել Կանոնադրությամբ և սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 4.  Պետական մարմինների՝ Միջազգային դատարանի հարցումների կատարումն ապահովելու պարտավորությունները

  1. Լիազոր մարմինը և համապատասխան պետական մարմինները, որոնք ստացել են Միջազգային դատարանի հարցումը, ապահովում են դրա կատարումը Կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին և ժամկետներին համապատասխան:

 

Հոդված 5.  Միջազգային դատարանի հետ խորհրդակցությունները

  1. Լիազոր մարմինն իրավասու է Միջազգային դատարանի հետ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային դատարանի հարցման վերաբերյալ՝ Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան: Միջազգային դատարանի հետ խորհրդակցություն է անցկացվում, եթե հարցման կատարումը՝

1)     հակասում է Կանոնադրության 93-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ պետության հիմնարար իրավական սկզբունքներին,

2)     առնչվում է պետության ազգային շահերին,

3)     վտանգում է այլ գործերի ընթացիկ քննությունը կամ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը,

4)     առնչվում է պետական կամ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձին:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6.  Իրավազորությունը և գործի ընդունելիության հետ կապված խնդիրների որոշումը

  1. Միջազգային դատարանի իրավազորությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այն հանցագործությունների վրա, որոնք Կանոնադրության համաձայն գտնվում են Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում: Եթե Միջազգային դատարանը համարում է, որ հանցավոր վարքագիծը գտնվում է իր իրավազորության շրջանակներում, Լիազոր մարմինը, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների հետ, կարող է ընդունել Միջազգային դատարանի հարցումը կամ Կանոնադրության 19-րդ հոդվածին համապատասխան՝ վիճարկել Միջազգային դատարանի իրավազորությունը:
  2. Եթե Լիազոր մարմինը չի վիճարկում Միջազգային դատարանի իրավազորությունը, վարույթի բոլոր նյութերը ներկայացվում են Միջազգային դատարան: Վարույթի նյութերը Միջազգային դատարան ներկայացնելիս քրեական հետապնդման ժամկետը կասեցվում է:
  3. Միջազգային դատարանի իրավազորությունը վիճարկելու որոշումը չի կարող բողոքարկվել:

 

Հոդված 7.   Միջազգային դատարանին ապացույցներ և (կամ) տեղեկություններ ներկայացնելը

  1. Լիազոր մարմինը կարող է Միջազգային դատարան ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից քննության ընթացքում ստացված ապացույցները և (կամ) տեղեկությունները, եթե դրանք հնարավորություն են ընձեռում քրեական հետապնդում սկսել, կամ նպաստում են նախաքննության ընթացքին:

 

Հոդված 8.  Իրավիճակը Միջազգային դատարանի քննարկմանը ներկայացնելը

  1. Լիազոր մարմինը, Կանոնադրության 14-րդ հոդվածի համաձայն, կարող է որոշում կայացնել Միջազգային դատարանի քննարկմանը ներկայացնել այն իրավիճակը, որում ենթադրաբար կատարվել է Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործությունը, դատարանի կողմից այդ իրավիճակը քննության առնելուհարցումով:
  2. Իրավիճակը ներկայացնելու ժամանակ հնարավորինս նշվում են համապատասխան հանգամանքները և կցվում են այն հաստատող փաստաթղթերը, որոնք հասանելի են Հայաստանի Հանրապետությանը:
  3. Լիազոր մարմինը, առանց անհարկի ձգձգման, Կանոնադրության 14-րդ հոդվածի շրջանակներում կայացված որոշումն ուղարկում է Միջազգային դատարան:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 9.  Միջազգային դատարանի հարցման ձևը և այդպիսի հարցումներ ստանալու եղանակները

  1. Միջազգային դատարանից կամ ուղղակիորեն դրա մարմիններից ստացված հարցումները Լիազոր մարմին են ներկայացվում գրավոր:
  2. Հարցումը և օժանդակ փաստաթղթերը պատրաստվում են հայերենով կամ ուղեկցվում են պատշաճ կերպով վավերացված հայերեն թարգմանությամբ:
  3. Հետախուզում, ձերբակալում կամ այլ անհետաձգելի միջոցառում իրականացնելու հարցումը, որը հետագայում պետք է պատշաճ կերպով վավերացվի, կարող է ներկայացվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) օժանդակությամբ կամ Կանոնադրությամբ նախատեսված ցանկացած այլ միջոցներով:
  4. Եթե Լիազոր մարմինը համարում է, որ Միջազգային դատարանի հարցման ձևը չի համապատասխանում սահմանված պահանջներին, և (կամ) Լիազոր մարմինը չի կարող ընդունել հարցումը, ապա Կանոնադրությանը համապատասխան, անհապաղ այդ մասին ծանուցում է Միջազգային դատարանին՝ նշելով համապատասխան պատճառները, և առանց անհարկի ձգձգման՝ խորհրդակցություններ է անցկացնում Միջազգային դատարանի հետ:
  5. Եթե Լիազոր մարմինը համարում է, որ Միջազգային դատարանի հարցումն անընդունելի է, կամ մերժում է հարցման կատարումը, ապա այն անհապաղ ծանուցում է Միջազգային դատարանին հարցման անընդունելիության կամ հարցման կատարումը մերժելու մասին՝ նշելով համապատասխան պատճառները: Նախքան հարցման կատարման վերջնական մերժումը Լիազոր մարմինը խորհրդակցում է Միջազգային դատարանի հետ:

 

Հոդված 10. Միջազգային դատարանի հարցման բովանդակությունը

  1. Միջազգային դատարանի հարցման բովանդակությունը պետք է համապատասխանի Կանոնադրության մեջ շարադրված դատավարական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պահանջներին:
  2. Հարցումը ներառում է՝

1)     գործի հանգամանքների ամբողջական ուսումնասիրությունը և դրանց իրավական որակումը,

2)     մանրամասն և ամբողջական տեղեկատվություն այն անձի մասին, որի նկատմամբ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն այն անձի, վայրի կամ օբյեկտի մասին, որոնց պարզումը կամ նույնականացումը անհրաժեշտ է հարցումը կատարելու համար,

3)     հարցման նպատակի, իրականացման ենթակա ընթացակարգերի և հայցվող օժանդակության հստակ ձևակերպումը:

  1. Եթե հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններին, Լիազոր մարմինը կարող է Միջազգային դատարանից և (կամ) դրա մարմիններից պահանջել վերացնելու թերությունները:

 

Հոդված 11.  Հարցման քննարկումը և կատարումը

  1. Լիազոր մարմինը քննարկում է հարցումը և որոշում, թե որ պետական մարմինն է լիազորված հարցումը կատարելու համար, և սահմանում է համագործակցության շրջանակներում թույլատրելի գործողությունները:
  2. Եթե հարցման անհապաղ կատարումը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում այդ հարցմանն առնչվող վարույթից տարբեր վարույթով քննության ընթացքը, ապա Լիազոր մարմինը, Կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն, կարող է հետաձգել հարցման կատարումը Միջազգային դատարանի հետ համաձայնեցված ժամկետով:
  3. Հարցման քննարկման ավարտից հետո Լիազոր մարմինը համագործակցելու և այդ համագործակցության շրջանակն ընդլայնելու մասին որոշում է կայացնում:
  4. Լիազոր մարմինը և (կամ) հարցումը կատարող մարմինը հարցման ընդունման կապակցությամբ կայացված որոշման մասին գրավոր ծանուցում է սույն օրենքով բողոք ներկայացնելու համար լիազորված, Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ գործունեության իրականացման վայր ունեցող անձին:

 

Հոդված 12. Ազգային անվտանգության պաշտպանությունը

  1. Եթե Լիազոր մարմինը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ Միջազգային դատարանի հարցումը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, այն այդ մասին անհապաղ ծանուցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին և համագործակցում է Միջազգային դատարանի հետ՝ Կանոնադրության 72-րդ հոդվածի համաձայն:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում Անվտանգության խորհուրդը կարող է որոշում կայացնել հարցման կատարմանն առնչվող միջոցառումները կասեցնելու վերաբերյալ:
  3. Լիազոր մարմինը Անվտանգության խորհրդի պահանջով կարող է մերժել Միջազգային դատարանի հարցումը, եթե հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին:

 

Հոդված 13. Անձեռնմխելիությունը

  1. Եթե Միջազգային դատարանի հարցումը վերաբերում է այն անձի քրեական հետապնդմանը, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, օգտվում է անձեռնմխելիությունից, ապա Լիազոր մարմինը համապատասխան պետական մարմնին ծանուցում է այդ անձի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու հիմքերի առկայության մասին:

 

Հոդված 14. Անձին վարույթի նյութերն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռելը

  1. Լիազոր մարմնի որոշմամբ անձը, որին վերաբերում է հարցումը, կարող է ուսումնասիրել վարույթի նյութերը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կարող է սահմանափակվել՝

1)     ելնելով Միջազգային դատարանում լսման ենթակա գործի շահերից,

2)     լուրջ իրավական հիմքերի առկայության պատճառով՝ Միջազգային դատարանի կողմից այդպիսի պահանջի դեպքում,

3)     պահանջվող միջոցներն անհապաղ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով,

4)     գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով:

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հարցումները

  1. Եթե առկա են Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործության մասին փաստեր, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինները կարող են Լիազոր մարմնի միջոցով հարցում փոխանցել Միջազգային դատարան:
  2. Հայաստանի Հանրապետության անունից Միջազգային դատարան ներկայացված հարցումը պետք է համապատասխանի Կանոնադրության և սույն օրենքի պահանջներին:

 

Հոդված 16. Միջազգային դատարանի հարցումների կատարումն ապահովելու հետ կապված ծախսերի վճարման ընթացակարգը

  1. Միջազգային դատարանի հարցումների կատարման հետ կապված ծախսերը կրում է Հայաստանի Հանրապետությունը՝ բացառությամբ հետևյալ ծախսերի.

1)     վկաների, փորձագետների կամ մասնագետների ճամփորդության և անվտանգության կամ արգելանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցման հետ կապված ծախսերը,

2)     թարգմանության, բանավոր թարգմանության և սղագրության հետ կապված ծախսերը,

3)     Միջազգային դատարանի դատավորների, դատախազի, դատախազի տեղակալների, քարտուղարի, քարտուղարի տեղակալի և (կամ) ցանկացած մարմնի անձնակազմի ճանապարհածախսը և օրապահիկը,

4)     Միջազգային դատարանի կողմից պահանջվող փորձագիտական կարծիքի կամ զեկույցի հետ կապված ծախսերը,

5)     Միջազգային դատարանին փոխանցման ենթակա անձի տրանսպորտային փոխադրման ծախսերը,

6)     խորհրդակցությունից հետո ցանկացած արտակարգ ծախս, որը կարող է առաջանալ Միջազգային դատարանի հարցման կատարման արդյունքում,

7)     որոշման կատարման հետ կապված ծախսերը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծախսերը Կանոնադրության համաձայն կրում է Միջազգային դատարանը:
  2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Միջազգային դատարանի հարցման կատարման առումով փոխադարձ օգնության նպատակով մատուցված ծառայությունների ծախսերը կրում է պետությունը:
  3. Լիազոր մարմնի միջնորդության հիման վրա կայացված անձին կալանավորելու մասին որոշման կատարման հետ կապված ծախսերը, նաև անհրաժեշտության դեպքում՝ արգելանքի տակ պահվող անձի անվտանգության հետ կապված ծախսերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

Հոդված 17. Միաժամանակ ներկայացված հարցումները

  1. Եթե Հայաստանի Հանրապետությունը Միջազգային դատարանից և ցանկացած այլ պետությունից միաժամանակ ստանում է նույն անձին փոխանցելու և հանձնելու հարցումներ, Լիազոր մարմինը որոշում է կայացնում Կանոնադրության 90-րդ հոդվածի համաձայն:
  2. Եթե Հայաստանի Հանրապետությունը Միջազգային դատարանից և ցանկացած այլ պետությունից միաժամանակ ստանում է անձին փոխանցելուց բացի այլ հարցերում համագործակցության հարցումներ, Լիազոր մարմինը որոշում է կայացնում Կանոնադրության 93-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն:
  3. Եթե Լիազոր մարմինը միաժամանակ ներկայացված հարցումների դեպքում բավարարում է ցանկացած այլ պետության հարցումը, այդ մասին անհապաղ ծանուցում է Միջազգային դատարանին:

 

Հոդված 18. Վնասի փոխհատուցումը

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ անօրինական ձերբակալության կամ ցանկացած այլ անօրինական գործողության արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ դրույթները կիրառվում են միայն այն դեպքում, երբ Միջազգային դատարանի հարցման հիման վրա հետապնդվող անձի մասով արարքը սույն օրենքին համապատասխան կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
  2. Վնասի փոխհատուցման չափը կարող է նվազեցվել, կամ փոխհատուցումը կարող է մերժվել, եթե հետապնդվող անձը դիտավորյալ ձգձգել է քրեական վարույթը կամ խոչընդոտել նախաքննության անցկացումը, և նրա արգելանքի վերցվելու հիմքերը մասամբ կամ ամբողջությամբ դրանք են եղել:
  3. Անօրինական արգելանքի կամ այլ անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը չի փոխհատուցվում Հայաստանի Հանրապետության կողմից, եթե Կանոնադրության համաձայն վնասը փոխհատուցում է Միջազգային դատարանը, կամ եթե Միջազգային դատարանը որոշում է կայացնում փոխհատուցումը մերժելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ V. ԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ

 

Հոդված 19. Փոխանցման իրավական հիմքը

  1. Անձը փոխանցվում է Միջազգային դատարանին, եթե հարցումից կամ դրա օժանդակ փաստաթղթերից պարզ է դառնում, որ կատարված արարքը Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում է:
  2. Եթե Միջազգային դատարանը քննում է Կանոնադրության 17-19-րդ հոդվածների շրջանակներում ընդունելիության խնդիրը, Լիազոր մարմինը կարող է հետաձգել հարցման կատարումը, մինչև Միջազգային դատարանը տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնի:
  3. Եթե Միջազգային դատարանին են փոխանցում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Լիազոր մարմինը կարող է Միջազգային դատարանից պահանջել վարույթի ավարտից հետո անձին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

 

Հոդված 20. Հարցման բովանդակությունը և օժանդակ փաստաթղթերը

  1. Անձի կալանավորման և փոխանցման վերաբերյալ Միջազգային դատարանի հարցումը պարունակում է՝

1)     անձին նույնականացնելու համար բավարար տեղեկատվություն և տեղեկատվություն՝ անձի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ,

2)     ձերբակալման որոշման պատճենը,

3)     ձերբակալման հիմքերը:

  1. Միջազգային դատարանի կողմից արդեն դատապարտված անձի ձերբակալման կամ փոխանցման հարցումը, ի լրումն վերոնշյալի, պարունակում է՝

1)     Միջազգային դատարանի մեղադրական դատավճռի պատճենը,

2)     տեղեկանք արդեն իսկ կրած պատժի ժամկետի և պատժի կրման մնացած ժամկետի մասին, եթե անձը դատապարտվել է ազատազրկման:

  1. Հարցմանը կից ներկայացվում է գործի փաստական հանգամանքները գնահատելու համար բավարար տեղեկատվություն:

 

Հոդված 21. Հետախուզման մեջ գտնվող անձի հետախուզման և ձերբակալման հարցումը և ապացույցների պահպանումը

  1. Անձի հետախուզման և ձերբակալման հարցումը պարունակում է՝

1)     հետախուզման մեջ գտնվող անձին նկարագրող տեղեկություններ, որոնք բավարար են անձին նույնականացնելու համար, և տեղեկություններ անձի գտնվելու հնարավոր վայրի մասին,

2)     այն հանցագործության համառոտ շարադրանքը, որի համար տվյալ անձի հետախուզման և ձերբակալման հարցում է ներկայացվում, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության փաստական հանգամանքների համառոտ շարադրանքը, ներառյալ՝ հնարավորության դեպքում հանցագործության կատարման ժամանակն ու վայրը,

3)     նշում այն մասին, որ առկա է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ կալանավորման մասին որոշում կամ մեղադրական դատավճիռ,

4)     տեղեկանք առ այն, որ հետախուզման մեջ գտնվող անձին ձերբակալելու դեպքում դրան կհաջորդի փոխանցման հարցում ներկայացնելը:

  1. Հարցումը բավարարելու դեպքում Լիազոր մարմինը օրենսդրությանը համապատասխան ապահովում է հետախուզման մեջ գտնվող անձի գտնվելու վայրը պարզելու, նրան ձերբակալելու և խուզարկելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
  2. Ձերբակալման պահին իրերը, որոնք կարող են օգտագործվել որպես ապացույց Միջազգային դատարանում դատավարության ընթացքում, առգրավվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  3. Ձերբակալման և առգրավման մասին տեղեկատվությունը տրամադրվում է Լիազոր մարմնին, որն այդ մասին անհապաղ ծանուցում է Միջազգային դատարանին և Դատարանից պահանջում է ներկայացնել փոխանցման հարցումը:

 

Հոդված 22. Փոխանցելու համար կալանավորելու կարգը

  1. Լիազոր մարմինն անձի ձերբակալումից հետո 48 ժամվա ընթացքում փոխանցելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան: Դատարանը անձի արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում որոշում է կայացնում անձի կալանավորման մասին: Եթե դատարանը սահմանված ժամկետում կալանավորելու մասին որոշում չի կայացնում, ձերբակալված անձն ազատ է արձակվում:
  2. Կալանավորման որոշումը պարունակում է՝

1)     քրեական հետապնդման ենթարկվող անձի և այն հանցագործության մասին մանրամասն տեղեկություններ, որի կատարման մեջ նա մեղադրվում է,

2)     տեղեկանք առ այն, որ անձի փոխանցումը պահանջվում է Միջազգային դատարանի կողմից,

3)     տեղեկանք առ այն, որ անձն ունի բողոք ներկայացնելու և պաշտպանվելու իրավունք:

  1. Եթե քրեական հետապնդման ենթարկվող անձը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, չի կարող կալանավորվել, ապա Լիազոր մարմինը Միջազգային դատարանի հետ խորհրդակցելուց հետո կարող է տվյալ անձի նկատմամբ կալանավորման փոխարեն կիրառել օրենսդրությամբ նախատեսված այլ խափանման միջոց կամ միջոցներ:
  2. Արգելանքի վերցվելու պահին անձը պետք է նույնականացվի Միջազգային դատարանի հարցման մեջ նշված անձի հետ: Արգելանքի վերցված անձին բացատրվում են իրեն Միջազգային դատարանին փոխանցելու հիմքերը և փոխանցման պարզեցված ընթացակարգը: Արգելանքի վերցված անձը հարցաքննվում է իր անձնական տվյալների վերաբերյալ և տեղեկացվում իր պաշտպանության իրավունքի մասին:
  3. Փոխանցման ենթակա անձը կարող է կալանավորման որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն բողոքարկել վերաքննիչ դատարան:

 

Հոդված 23. Փոխանցման նպատակով կալանքը

  1. Փոխանցման նպատակով կալանքը տևում է փոխանցման վարույթի ամբողջ ընթացքում։
  2. Կանոնադրության 59-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդման ենթարկվող անձը ցանկացած ժամանակ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ կալանքից ժամանակավոր ազատ արձակման համար։ Մինչ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելը Լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում է Միջազգային դատարանին:
  3. Եթե Միջազգային դատարանի հարցմամբ փոխանցման ենթակա անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ապա նա չի կարող ազատ արձակվել կալանքից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվել առանց Լիազոր մարմնի համաձայնության։ Լիազոր մարմնի համաձայնությունը պահանջվում է նաև ազատազրկման պայմանների ցանկացած մեղմացման, տեսակցությունների և նրա նամակագրության վերահսկման համար:

 

Հոդված 24. Կալանքից ազատ արձակումը

  1. Կանոնադրության 92-րդ հոդվածի հիմքով արգելանքի մեջ գտնվող անձը ազատ է արձակվում, եթե Միջազգային դատարանի հարցումն օժանդակ փաստաթղթերի հետ միասին Լիազոր մարմին չի ներկայացվում ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում:
  2. Եթե քրեական հետապնդման ենթարկվող անձը գտնվում է կալանքի տակ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը սկսվում է անձի՝ փոխանցման նպատակով արգելանքի վերցվելու պահից։
  3. 3. Այն փաստը, որ անձն ազատ է արձակվել կալանքից սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի բացառում այդ անձի հետագա ձերբակալումը և Միջազգային դատարանին փոխանցումը, եթե փոխանցման հարցումը և հարցման օժանդակ փաստաթղթերը Միջազգային դատարանից փոխանցվում են ավելի ուշ:

 

Հոդված 25.   Փոխանցման ենթակա անձի իրավունքները

  1. Լիազոր մարմինը քրեական հետապնդման ենթարկվող անձի արգելանքի վերցվելուց հետո անհապաղ նրան և նրա պաշտպանին է ներկայացնում փոխանցման հարցումը և օժանդակ փաստաթղթերը՝ նրանց համար հասկանալի լեզվով, ինչպես նաև քրեական հետապնդման ենթակվող անձին տեղեկացնում է փոխանցման հիմքերի, փոխանցման պարզեցված ընթացակարգի և նրա հետևյալ իրավունքների մասին.

1)     վիճարկել տվյալ արարքի նկատմամբ Միջազգային դատարանի իրավազորությունը,

2)     իր շահերը պաշտպանելու համար ներգրավել իր կողմից ընտրված պաշտպանի, կամ պաշտպան չունենալու դեպքում` Լիազոր մարմնից սահմանված կարգով պաշտպանի ընտրություն կամ նշանակում պահանջել։

  1. Քրեական հետապնդման ենթակվող անձը հարցաքննվում է անձնական տվյալների մասին և տեղեկացվում իր փոխանցման հիմքերի մասին, որի ժամանակ կարող է հակափաստարկներ ներկայացնել իր կալանավորման և փոխանցման հիմքերի մասով։ Պաշտպանը կարող է մասնակցել վերոնշյալ գործողություններին։

 

Հոդված 26. Փոխանցման թույլտվությունը

  1. Քրեական հետապնդման ենթակվող անձի, ինչպես նաև առգրավված և պատշաճ կերպով պահպանված գույքի և ակտիվի փոխանցման մասին որոշումն ընդունում է Լիազոր մարմինը։
  2. Եթե քրեական հետապնդման ենթակվող անձը կամ Լիազոր մարմինը վիճարկում է Միջազգային դատարանի իրավազորությունը, ապա փոխանցման մասին որոշումը հետաձգվում է մինչև Միջազգային դատարանի կողմից որոշում կայացվելը:
  3. Եթե երրորդ կողմը կամ տուժողը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սեփականության իրավունքի պաշտպանություն է պահանջում առգրավված գույքի և ակտիվի նկատմամբ, որը կարող է օգտագործվել որպես ապացույց, ապա այդ գույքը կամ ակտիվը փոխանցվում է Միջազգային դատարան՝ պայմանով, որ վերջինս վարույթի ավարտից հետո անվճար կվերադարձնի այդ գույքը կամ ակտիվը։

 

Հոդված 27. Փոխանցման հարցման կատարումը

  1. Փոխանցման հարցումը կատարվում է առանց անհարկի ձգձգման: Այս նպատակով Լիազոր մարմինը, խորհրդակցելով Միջազգային դատարանի հետ, կայացնում է համապատասխան որոշում:
  2. Լիազոր մարմինը կարող է Միջազգային դատարանի հետ խորհրդակցությամբ հետաձգել փոխանցումը, եթե փոխանցման ենթակա անձը Հայաստանի Հանրապետությունում հետապնդման է ենթարկվում այլ հանցանքի կատարման համար կամ գտնվում է կալանքի տակ:

 

Հոդված 28. Անձի ժամանակավոր փոխանցումը

  1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում և 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում Լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել քրեական հետապնդման ենթակվող անձի ժամանակավոր փոխանցման մասին, եթե Միջազգային դատարանի հետ խորհրդակցություններից հետո համաձայնեցվեն հետևյալ հարցերը.

1)     այն ժամանակահատվածը, որի ընթացքում Միջազգային դատարանը պահանջում է անձի փոխանցումը,

2)     այն, որ անձը կմնա կալանքի տակ փոխանցման ամբողջ ժամանակահատվածում,

3)     այն, որ վարույթի ավարտից հետո անձը կվերադարձվի Լիազոր մարմնի հարցման հիման վրա:

 

Հոդված 29.   Բացառիկության սկզբունքը

  1. Միջազգային դատարանին փոխանցված անձը կարող է Միջազգային դատարանի կողմից հետապնդվել, կալանավորվել կամ դատապարտվել ցանկացած արարքի համար, որը գտնվում է Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում:

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության տարածքով անձի տրանսպորտային փոխադրումը

  1. Միջազգային դատարանի պահանջով Լիազոր մարմինը թույլատրում է Հայաստանի Հանրապետության տարածքով կալանավորված անձանց տարանցիկ տեղափոխումը Կանոնադրությանը և Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
  2. Թույլտվություն չի պահանջվում, եթե անձը տեղափոխվում է օդային տրանսպորտով՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով՝ առանց վայրէջք կատարելու:
  3. Չնախատեսված վայրէջքի դեպքում տեղափոխվող անձը ձերբակալվում է և տեղափոխվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր պահման վայր: Լիազոր մարմինը անհապաղ դիմում է Միջազգային դատարան՝ տարանցման հարցում ստանալու համար: Եթե հարցումը չի ներկայացվում ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում, ապա անձն ազատ է արձակվում արգելանքից: Եթե հարցումը ստացվում է ուշացումով, ազատ արձակված անձը կրկին ձերբակալվում է, և նրա տարանցիկ տեղափոխման համար Լիազոր մարմինը թույլտվություն է տալիս:
  4. Տարանցման համար տրված թույլտվությունը չի կարող բողոքարկվել:

 

ԳԼՈՒԽ VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՁԵՎԵՐ

 

Հոդված 31. Համագործակցության հիմնական պայմանները

  1. Կանոնադրությամբ և սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված հարցերի շուրջ Միջազգային դատարանի հետ համագործակցությունը տեղի է ունենում, եթե հարցումից և օժանդակ փաստաթղթերից պարզ է դառնում, որ տվյալ արարքը Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում է:
  2. Եթե Միջազգային դատարանը, Կանոնադրության 17-19-րդ հոդվածների համաձայն, քննարկում է իրավազորության վիճարկման հարց, ապա Լիազոր մարմինը կարող է հետաձգել հարցման կատարումը մինչև Միջազգային դատարանի կողմից որոշում կայացվելը: Այդ դեպքում Լիազոր մարմնի որոշմամբ կարող են ձեռնարկվել Կանոնադրության 19-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցներ:

 

Հոդված 32. Համագործակցության այլ ձևերը

  1. Սույն գլխի համաձայն՝ Միջազգային դատարանի հետ համագործակցությունը ներառում է Կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած վարութային գործողության իրականացում, որը հեշտացնում է Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործությունների նախաքննությունը և դրանցով քրեական հետապնդումը, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի առգրավումը։ Նման վարութային գործողությունները ներառում են՝

1)     անձանց նույնականացնելը և գտնվելու վայրը պարզելը,

2)     ապացույցներ հավաքելը, այդ թվում՝ վկաներին հարցաքննելը, Միջազգային դատարանի համար անհրաժեշտ ապացույցներ՝ ներառյալ փորձագիտական եզրակացություններ նախապատրաստելը և ներկայացնելը,

3)     ցանկացած անձի հարցաքննություն, որի նկատմամբ Միջազգային դատարանի կողմից իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում,

4)     փաստաթղթեր, այդ թվում` դատական ​​ակտեր փոխանցելը,

5)     արգելանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը,

6)     վայրերի կամ օբյեկտների տեղակայումը պարզելը,

7)     խուզարկություն, առգրավում և արգելադրում իրականացնելը,

8)     նյութեր և փաստաթղթեր, այդ թվում՝ դատական ակտեր տրամադրելը,

9)     վկաների և տուժողների պաշտպանությունը և ապացույցների պահպանումը,

10)   հանցագործությունից ստացված եկամուտը և ակտիվը, ինչպես նաև հանցագործության գործիքն ու միջոցը պարզելը և դրանց արգելադրում իրականացնելը՝ բռնագանձման նպատակով,

11)    որպես վկա կամ փորձագետ անձանց ինքնակամ Միջազգային դատարան ներկայանալը հեշտացնելը,

12)    արտաշիրմում և զննում իրականացնելը,

13)    ցանկացած այլ տեսակի օգնություն, որն արգելված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և հեշտացնում է Միջազգային դատարան իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործությունների վերաբերյալ նախաքննությունը և քրեական հետապնդումը։

 

Հոդված 33. Ժամանակավոր միջոցները

  1. Օրենքով պաշտպանված շահերը և վտանգի տակ գտնվող ապացույցները պաշտպանելու նպատակով Միջազգային դատարանի հարցման հիման վրա Լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել Կանոնադրության 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցները ձեռնարկելու վերաբերյալ:
  2. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում Լիազոր մարմինը հարցումն ստանալուց հետո բավարար հիմքերի առկայության դեպքում կարող է որոշում կայացնել Կանոնադրության 19-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին։ Այս միջոցները վերացվում են, եթե Լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում Միջազգային դատարանը հարցում չի ներկայացնում։

 

Հոդված 34. Դատավարական ձևերի կիրառումը

  1. Միջազգային դատարանի հարցումը, որպես կանոն, կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատավարական ձևի համաձայն: Միջազգային դատարանի պահանջով հարցումը կարող է կատարվել Միջազգային դատարանի կողմից սահմանված դատավարական ձևի համաձայն:

 

 

Հոդված 35. Հայաստանի Հանրապետության տարածքում ապացուցողական գործողությունների իրականացումը

  1. Լիազոր մարմինը Միջազգային դատարանի հարցման հիմքով թույլ է տալիս Միջազգային դատարանի ներկայացուցչին Կանոնադրոթյանը համապատասխան ապացուցողականգործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։
  2. Դատարանի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարածքում ապացուցողականգործողություններ իրականացնելու թույլտվություն տալու դեպքում Լիազոր մարմինը ծանուցում է քրեական հետապնդման համապատասխան միջոցներ իրականացնելու համար իրավասու պետական մարմնին։

 

Հոդված 36.   Անձի հարցաքննությունը

  1. Հարցաքննվելու դեպքում Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում հանցագործության մեջ մեղադրվող անձն իրավունք ունի՝

1)     հարցաքննվելուց առաջ անվճար ստանալու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

2)    հարցաքննությունից առաջ տեղեկացված լինելու, որ իրեն մեղադրում են Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործության մեջ,

3)     մեղադրանքի բնույթի, պատճառների և բովանդակության մասին անհապաղ և մանրամասնորեն տեղեկացվել այն լեզվով, որը մեղադրյալը լիովին հասկանում է և որով խոսում է.

4) հրավիրել իր կողմից ընտրված պաշտպանին, կամ պաշտպան չունենալու դեպքում` Լիազոր մարմնից սահմանված կարգով պաշտպանի ընտրություն կամ պետական միջոցների հաշվին նշանակում պահանջել,

5) լռելու կամ տալու ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբեթե անձն ինքնակամ չի հրաժարվել պաշտպանի ծառայություններից օգտվելու իրավունքից:

6)     ընտրված պաշտպանի հետ ազատորեն հաղորդակցվել գաղտնիության պայմաններում.

7) հայտարարելու իր մեղավորության կամ անմեղության մասին:2. Եթե անձը հարցաքննվում է ոչ այն լեզվով, որն անձը չի տիրապետում կամ ոչ պատշաճ է տիրապետում, ապա նա պետք է ունենա թարգմանիչ: Մեղադրյալին տրամադրվում են նաև անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություններ նրա համար լիովին հասկանալի լեզվով:

  1. Անձը կարող է հրաժարվել իր կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով կամ Կանոնադրության Ընթացակարգի և ապացուցման կանոններով սահմանված մերձավոր անձանց դեմ ցուցմունք տալուց, ինչպես նաև Կանոնադրության 72-րդ հոդվածին համապատասխան հրաժարվել ցուցմունք տալուց՝ պետության ազգային անվտանգության շահերին վերաբերող՝ իրեն վստահված տեղեկությունները չբացահայտելու նպատակով։ Եթե անձն օգտվում է այս իրավունքից, ապա Լիազոր մարմինը որոշում է կայացնում տվյալ պարագայում անձին հարցաքննելու թույլատրելիության վերաբերյալ:
  2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքների մասին անձը տեղեկացվում է մինչև հարցաքննությունն սկսելը:

 

Հոդված 37. Ապացույցների փոխանցումը մեկ այլ պետության

  1. Միջազգային դատարանը կարող է դիմել Լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային դատարան ներկայացված ապացույցները մեկ այլ պետության փոխանցելու համաձայնություն տալու հարցմամբ:
  2. Լիազոր մարմինը բավարարում է Միջազգային դատարանի հարցումը սույն գլխով նախատեսված դրույթներին համապատասխան, եթե հարցումը վերաբերում է Միջազգային դատարանի իրավազորության շրջանակներում գտնվող հանցագործություններին: Հակառակ դեպքում հարցը լուծվում է փոխադարձ իրավական օգնության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

 

Հոդված 38. Դատավարական փաստաթղթերի փոխանցումը

  1. Միջազգային դատարանը կարող է իր որոշումները կամ դատավարական այլ փաստաթղթերը փոխանցել Հայաստանի Հանրապետությունում ստացողին՝ դիվանագիտական ուղիներով կամ փոստային ծառայության միջոցով:

 

Հոդված 39. Միջազգային դատարան ներկայանալու հրավերը

  1. Միջազգային դատարան հրավիրվող վկայի, փորձագետի կամ մասնագետի ծանուցմանը կցվում են Կանոնադրության Ընթացակարգի և ապացուցման կանոնները, որոնք հանձնվում են անձին իրեն հասկանալի լեզվով: Դատարանը երաշխավորում է, որ Միջազգային դատարան հրավիրված վկան, փորձագետը կամ մասնագետը չի հետապնդվի, չի կալանավորվի կամ չի ենթարկվի անձնական ազատության որևէ սահմանափակման Դատարանի կողմից՝ կապված որևէ արարքի հետ, որը նախորդել է անձի Միջազգային դատարան ներկայանալուն:
  2. Հրավիրված անձը պարտավոր չէ ներկայանալ Միջազգային դատարան, եթե նրա ճանապարհածախսը չի ապահովվում Միջազգային դատարանի կողմից:
  3. Միջազգային դատարանի կողմից սույն հոդվածում նշված հարցումը ներկայացվելու դեպքում Միջազգային դատարանը Լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան փաստաթուղթ, որով հաստատվում է, որ վկաների, փորձագետների կամ մասնագետի ճանապարհածախսը կապահովի Միջազգային դատարանը:

 

Հոդված 40. Արգելանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելանքի տակ գտնվող անձը, համաձայն Կանոնադրության 93-րդ հոդվածի, կարող է ժամանակավորապես փոխանցվել Միջազգային դատարան՝ ինքնությունը պարզելու, հարցաքննվելու, առերեսման կամ քննչական այլ գործողությունների համար:
  2. Արգելանքի տակ գտնվող անձը ժամանակավորապես փոխանցվում է Միջազգային դատարան, եթե Միջազգային դատարանը ապահովում է փոխանցված անձի ճանապարհածախսը, անձին պահում է կալանքի տակ և վերադարձնում է անձին, երբ կատարվում են ժամանակավոր փոխանցման նպատակները:

 

Հոդված 41. Ապացույցների փոխանցումը

  1. Ցանկացած գույք, ակտիվ, փաստաթուղթ, գրավոր նյութ և (կամ) այլ առարկաներ, որոնք, համաձայն Կանոնադրության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, կարող են օգտագործվել որպես ապացույց, փոխանցվում են Միջազգային դատարան՝ վերջինիս պահանջով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվող երրորդ կողմը կամ տուժողը պահանջում է պաշտպանել առգրավված գույքի կամ այլ ապացույցների նկատմամբ իր իրավունքները, ապա այն փոխանցվում է Միջազգային դատարան միայն այն դեպքում, երբ Դատարանը պարտավորվում է վարույթն ավարտելուց հետո այդ գույքը կամ ապացույցն անվճար վերադարձնել:
  3. Փոխանցումը կարող է հետաձգվել, եթե գույքը կամ որևէ այլ ապացույց անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող քրեական դատավարության համար, և Միջազգային դատարանը խորհրդակցություններից հետո համաձայնում է հետաձգմանը:

 

Հոդված 42. Գույքի և ակտիվների բռնագրավումը

  1. Ապացույցներն ապահովելու համար բռնագրավված գույքը և ակտիվները կարող են փոխանցվել Միջազգային դատարան վերջինիս պահանջով՝ պայմանով, որ գույքը կամ ակտիվները կփոխանցվեն Կանոնադրության 79-րդ հոդվածում նշված նպատակային ֆոնդին կամ վնասի փոխհատուցմանը:
  2. Սույն հոդվածում նշված գույք և ակտիվներ են համարվում՝

1)     հանցագործության առարկան և գործիքը, 

2)     հանցագործության արդյունքում ձեռք բերված գումարը, գույքը և ակտիվները, ստացված եկամուտը կամ շահույթը,

3)     նվեր կամ այլ դրամական միջոցներ, որոնք նախատեսված են և (կամ) օգտագործվում են և (կամ) փոխանցված են հանցագործություն կատարելու համար:

  1. Գույքը և ակտիվներն առգրավվում են և արգելանքի վերցվում, նախքան դրանք կփոխանցվեն Միջազգային դատարան կամ մինչև Լիազոր մարմինը Միջազգային դատարանին կծանուցի փոխանցումն իրականացնելուց հրաժարվելու մասին:
  2. Գույքը և ակտիվները չեն փոխանցվում Միջազգային դատարան, եթե՝

1)     տուժողն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ տվյալ գույքը կամ ակտիվները պետք է վերադարձվեն նրան,

2)     երրորդ կողմն ունի այդ գույքի կամ ակտիվների նկատմամբ օրինական իրավունք,

3)     հանցագործությանը չմասնակցած անձն ապացուցում է, որ տվյալ գույքի կամ ակտիվի նկատմամբ իրավունքը բարեխղճորեն ձեռք է բերել մեկ այլ երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում, և այդ անձի բնակության կամ կեցության վայրը Հայաստանի Հանրապետությունում է,

4)     գույքը կամ ակտիվներն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող քրեական դատավարության համար կամ ենթակա են բռնագրավման Հայաստանի Հանրապետության տարածքում։

  1. Եթե անձն օգտվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավունքից, ապա գույքի կամ ակտիվների փոխանցումը Միջազգային դատարան հետաձգվում է մինչև փոխանցվող առարկայի իրավական կարգավիճակի սահմանումը:

 

ԳԼՈՒԽ VII. ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

Հոդված 43.   Բողոքարկումը դատարանում

  1. Միջազգային դատարանի հարցման առնչությամբ Լիազոր մարմնի կողմից կայացված որոշումը հարցման քննության ընթացակարգերի ավարտից հետո կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան այն անձի կողմից, որին անմիջականորեն առնչվել է իրականացված միջոցառումը, կամ որն ունի որոշման փոփոխման կամ վերացման օրինական հիմքեր։
  2. Եթե բողոքարկելու համար լիազորված անձը բողոքարկում է այնպիսի հարցի վերաբերյալ, որը, ըստ Կանոնադրության, կարող է քննարկվել միայն Միջազգային դատարանի կողմից, ապա Լիազոր մարմինը բողոքը փոխանցում է Միջազգային դատարան, եթե այն արդեն որոշում չի կայացրել:
  3. Հարցման քննության ավարտի դեմ բողոք կարող է ներկայացվել հարցման քննության ընթացակարգի ավարտից հետո 10 օրվա ընթացքում։
  4. Վերաքննիչ քրեական դատարանը բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում այն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում։ Բողոքը բավարարելու դեպքում միջազգային դատարանի հարցման պահանջի առնչությամբ Լիազոր մարմնի կողմից կայացված որոշումը փոփոխվում կամ վերացվում է:

 

Հոդված 44.   Միջազգային դատարանի հարցման կատարման հետաձգումը

  1. Բողոքը հանգեցնում է Միջազգային դատարանի հարցման կատարման հետաձգմանը։
  2. Կանոնադրության մեջ նշված հրատապ դեպքերում Լիազոր մարմինը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան` հետաձգումը չեղարկելու պահանջով։
  3. Եթե այդ բողոքը չի բավարարվում, ապա Միջազգային դատարանի հարցման կատարումը շարունակվում է:

 

ԳԼՈՒԽ VIII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 45. Միջազգային դատարանի որոշումների կատարման պայմանները

  1. Միջազգային դատարանի պահանջով Միջազգային դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե դատապարտված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և (կամ) մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի սեփականության իրավունքով պատկանող գույք:
  2. Միջազգային դատարանի կողմից նշանակված տուգանքները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքում ներառյալ այն դեպքում, երբ դատապարտյալի մշտական բնակության վայրը արտերկրում է, սակայն նա Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության իրավունքով պատկանող գույք։
  3. Միջազգային դատարանի որոշումը կատարվում է համաձայն Քրեակատարողական օրենսգրքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:

 

Հոդված 46. Ազատազրկում պատժատեսակի կատարումը

  1. Միջազգային դատարանի որոշմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում այն բանից հետո, երբ Լիազոր մարմինը համաձայնություն է տալիս հարցման կատարմանը:
  2. Լիազոր մարմինը, ազատազրկում պատժատեսակը կատարելու համար իրավասու պետական մարմնի հետ համաձայնեցնելով, որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ազատազրկում պատիժը կատարելու մասին Միջազգային դատարանի հարցման վերաբերյալ: Լիազոր մարմինը որոշման մասին ծանուցում է Միջազգային դատարանին։
  3. Միջազգային դատարանի հարցման հիման վրա` Լիազոր մարմինը տրամադրում է ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է Միջազգային դատարանի կողմից դատապարտված անձի պատժի կատարմանը: Միջազգային դատարանը կարող է ցանկացած ժամանակ իր ներկայացուցչին ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ ստուգելու պատժի կատարման պայմանները, հանդիպելու ու զրուցելու դատապարտված անձի հետ։ Միջազգային դատարանի և դատապարտված անձի միջև հաղորդակցությունը գաղտնի է։
  4. Եթե դատապարտված անձը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ներման, բողոքարկման կամ նոր հայտնաբերված կամ նոր բացահայտված հանգամանքների պատճառով քրեական վարույթ նախաձեռնելու մասին պահանջ է ներկայացնում, ապա Լիազոր մարմինը պահանջն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին անհապաղ ներկայացնում է Միջազգային դատարան: Միայն Միջազգային դատարանն է իրավասու կրճատելու պատժի կատարման ժամկետը կամ այլ կերպ մեղմելու պատժի կրումը:
  5. Պատժի կատարման հետ կապված այլ հարցեր լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 47. Գույքի կամ ակտիվների բռնագրավման մասին որոշման կատարումը

  1. Միջազգային դատարանի որոշումը` գույքի կամ ակտիվների բռնագրավման մասին, կատարվում է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, եթե Միջազգային դատարանը, ըստ Կանոնադրության, կայացրել է գույքը կամ ակտիվները բռնագրավելու որոշում և պահանջել է Հայաստանի Հանրապետությունից կիրառել հարկադիր միջոցներ։

 

Հոդված 48. Կատարման հետ կապված ծախսերը

  1. Կատարման հետ կապված ճանապարհածախսերը, ինչպես նաև Կանոնադրության 100-րդ հոդվածի և 103-րդ հոդվածի 4-րդ կետով նշված ծախսերը կրում է Միջազգային դատարանը։ Հայաստանի Հանրապետությունը կրում է պատժի կատարման հետ կապված այլ ծախսերը, եթե կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։

 

ԳԼՈՒԽ IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 49. Օրենքն ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    30.01.2024 - 14.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1986

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և վերջին մասում, 21-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: Ի դեպ, 3-րդ հոդվածի 11-րդ կետում, 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 36-րդ հոդվածի նախավերջին պարբերության մեջ և 46-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկություն» եզրույթը ճիշտ է օգտագործված: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

Տեսնել ավելին