Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկմամբ արձանագրված՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից պաշտոնական գործուղումների ընթացքում կանոնավոր չվերթերով ավիատոմսերի գնման գործընթացի շրջանակներում անհամապատասխանությունների բացառման, իրավական բացի լրացման, պետական միջոցների հնարավոր խնայողության և ընդհանուր համակարգի պարզեցմամբ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առաջարկվող լուծումները.

            «Գնումների մասին» օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից պաշտոնական գործուղումների ընթացքում կանոնավոր չվերթերով ավիատոմսերի գնման գործընթացը կարգավորվում է Որոշմամբ: Որոշման համաձայն ավիափոխադրման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող www.govtravel.am ինտերնետային հասցեում զետեղված որոնողական էլեկտրոնային հարթակի միջոցով: Գործող իրավակարգավորմամբ պատվիրատուները ցանկացած այլ ինտերնետային կայքից կարող են ձեռք բերել նախընտրելի ավիատոմսեր՝ համակարգի միջոցով ձևավորված ավիատոմսի արժեքից ցածր արժեքով: Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ որոշ պատվիրատուներ նախապես ավիատոմսեր վաճառող կազմակերպությունների մոտ իրականացնում են ամրագրումներ, ինչի արդյունքում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն հնարավորություն չի ունենում համակարգի միջոցով ամրագրել շահավետ ավիատոմսեր, որոնց գինը կլիներ ավելի ցածր, քան ավիատոմս վաճառող կազմակերպության միջոցով ամրագրված և ձեռքբերված գինն է: Միաժամանակ վերջինիս կողմից տրամադրված գնային առաջարկը հիմք է ստեղծում պատվիրատուին հիմնավորելու իր կողմից գործարքի կնքման արդյունավետությունը: Արդյունքում, ավիատոմսեր վաճառող կազմակերպությունների համար ստեղծվում է հնարավորություն նախապես ամրագրված ցածր արժեք ունեցող ավիատոմսերը տրամադրել պատվիրատուներին առավել բարձր չհիմնավորված արժեքներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն հանդիսանում է 100% պետական մասնաբաժին ունեցող ընկերություն, օժտված է գործառույթի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմով և աշխատանքային ռեսուրսով՝ Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ա), գ), դ), ե), զ), է) ենթակետերով նախատեսված պատվիրատուների կողմից պաշտոնական գործուղումների ընթացքում կանոնավոր չվերթերով ավիատոմսերի ձեռքբերման միակ օպերատոր ճանաչել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին, միաժամանակ ծառայությունների համար ներկա պահին գործող միջնորդավճարի չափը նվազեցնելով 2 տոկոսային կետով՝ սահմանելով 3 տոկոս: Այս տոկոսային չափը ընդունելի կարող է լինել, եթե պետական գործուղումների համար ավիատոմսերի ապահովման ծավալները դառնում են էապես ավել, քան ներկայում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից ապահովվող ծավալներն են, որը մոտավոր կազմում է պետական գործուղումների համար ձեռքբերվող ավիատոմսերի 60 տոկոսը։

Նախագծով առաջարկվում է նաև պարզեցնել նվազագույն արժեքից տարբերվող գնով՝ տնտեսապես շահավետ ավիատոմսերի ձեռք բերման ընթացակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով պրակտիկ իրավիճակներին:

Այնուհետև, նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է ապահովել «Համաձայնության» ինստիտուտը, որի ներդրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ պատվիրատուի կողմից որոնումների կատարումը որոշ դեպքերում եղել է ոչ նպատակային, արհեստական՝ դրանով մեծացնելով համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոնում է կատարվել՝ չունենալով որևէ հիմք։ Պատվիրատուի ղեկավարը կամ գործուղման գործընթացով զբաղվող իրավասու անձը տեղյակ չեն եղել, որ արդեն իսկ իրականացվում են գործուղվողի համար ավիատոմսի որոնման աշխատանքներ։ Համաձայնության առկայությունը հնարավորություն է տալիս խուսափել ոչ նպատակային որոնումներից, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տալիս արդյունավետ ու նպատակային հետևել պատվիրատու մարմիններում գործուղումների կազմակերպման գործընթացներին։ Նախատեսվում է Համաձայնության փաստաթուղթը ինտեգրել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգին, որպեսզի Պատվիրատուի կողմից ավիատոմսի որոնման ու ձեռքբերման գործընթացի հիմքը լինի թափանցիկ ու ավիատոմսի ձեռքբերման գործընթացով զբավող մասնագետը զերծ մնա առանց պաշտոնական հիմքի կամ բանավոր համաձայնության գործընթաց իրականացնելու։

Այնուհետև, նախագծով նախատեսվում է govtravel.am հարթակի մուտքը պատվիրատուի կողմից դարձնել խիստ նույնականացման գործիքի կիրառմամբ։ Այդ պահանջը հանդիսանում է նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջ։ Սա հնարավորություն կտա խուսափել հարթակ մուտք գործելու իրավունքը այլ անձի տրամադրելուց։

Այնուհետև, ամփոփելով շուրջ 7 տարվա ընթացքում ավելի քան 330 պատվիրատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքները՝ առաջարկվում է վերացնել «կանաչ» և «կարմիր» պիտակներ հասկացությունները, քանի որ դրանք ներկայում այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով ավիաընկերությունների կանոնների փոփոխությունները, անընդհատ կատարվող նորացումները և մի շարք այլ տեխնիկական հանգամանքներ։ Համապատասխանաբար, առաջարկվում է նոր համակարգում նախատեսել վերահսկողական ավելի ճկուն ու բազմաֆունկցիոնալ գործիքակազմի ներդրում, որով կարելի է ավելի արդյունավետ ու թիրախային կազմակերպել վերահսկողությունը, ավելին՝ արագ ու ժամանակին արձագանքել հնարավոր խախտումներին կամ շեղումներին։ Ուսումնասիրության համար թիրախ են դառնալու բոլոր այն ձեռքբերումները, որոնք կատարվել են նվազագույն արժեքից տարբերվող արժեքով, որոնք էլ կարող են համարվել շահավետ կամ ոչ շահավետ՝ հիմք ընդունելով ձեռքբերված հիմնավորվածությունը։ Այս վերահսկողության համար համակարգում նախատեսվելու է համապատասխան ինքնաշխատ գործիքակազմ։

Հաշվի առնելով տարիների ընթացքում հիմնական օգտագործվող կանոնների վիճակագրությունը՝ Նախագծով պարզեցվել և անգամ կրճատվել են նախկինում գործող կանոնները։ Նախագծով «բացառիկ դեպքի»կանոնի կիրառումը դառնում է առավել խիստ ու ենթադրում է փաստաթղթավորման բարձր մակարդակ, խիստ հիմնավորվածություն ու համակարգում դրանց հասանելիության ապահովում։

Այնուհետև, Նախագծով փոփոխությունը ենթադրում է Govtravel.am հարթակի էական փոփոխություն։ Մասնավորապես, հարթակում ինքնաշխատ տարբերակով գեներացվելու են որոնման և ձեռքբերման արդյունքների հաշվետվությունները, կիրառման կարգի փաստը, ինչպես նաև նախատեսվում է պատվիրատուների կողմից հավաքագրվող փաստաթղթերի վերբեռնման ու տեղեկատվության պահպանման գործիքակազմի ներդրում, որը վերահսկող մարմիններին հնարավորություն կտա առցանց տարբերակով ունենալ մշտական հասանելիություն համապատասխան տեղեկատվությանը, պատշաճ կազմակերպել վերապահված գործառույթները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի, Պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի կիրառման արդյունքում կբացառվեն «Գնումների մասին» օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից պաշտոնական գործուղումների ընթացքում կանոնավոր չվերթերով ավիատոմսերի գնման գործընթացում առկա անհամապատասխանությունները, կլրացվի իրավական բացը՝ մասնավորապես լիազորող նորմի մասով, կաապահովվի պետական միջոցների առավել տնտեսում և ընդհանուր govtravel.am համակարգի պարզեցում, ինչպես նաև վերահսկողական լայն գործիքակազմի ներդնում։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
  2. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
  3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    15.01.2024 - 30.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1503

Տպել