Լրամշակման փուլում է
«Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաև այլ հանրօգուտ բնագավառների ոչ առևտրային կազմակերպությունների անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ներկայիս «Հիմնադրամների մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) տալիս է անձենմխելի կապիտալով հիմնադրամներ ստեղծելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը կանոնակարգով իրավանորմերը կատարելագործել տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների և այլ հիմնադրամների միջև էական տարբերությունը կայանում է նրանում, որ անձեռնմխելի կապիտալ հանդիսացող ակտիվները, որպես կանոն, արգելվում է ծախսել կամ որևէ կերպ օտարել, իսկ հիմնադրամի նպատակաների իրագործման համար թույլատրվում է օգտագործել բացառապես անձեռնմխելի կապիտալի շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները։
Ներկայումս անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, սպորտային և այլն կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի Էնդաումնեթի 2017 թվականին կազմել է 37 մլրդ․ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված անձեռնմխելի կապիտալի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար։
Թեև վերոգրյալը վկայում է, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը կենսունակ և կարևոր գործիք է ոչ առևտրային կազմկերպության արդյունավետ գործունեության ապահովման համար, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության շրջանակներում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների վրա տարածվում են մի շարք սահմանափակումներ, որոնց առկայությունը գործնականում կարող է խոչընդոտներ ստեղծել անձեռնմխելի կապիտալի համալրման գործընթացին։ Այսպես, ներկայիս օրենքով անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու միջոցով, իսկ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը տրամադրվում է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված շահառուներին:
Վերը շարադրված սահմանափակումները հիմնադրամին հնարավորություն չեն տալիս պետական պարտատոմսերից բացի այլ տեղ ներդնել անձեռնմխելի կապիտալի ակտիվները։ Բացի այդ, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը Օրենքով կարող է ծախսվել բացառապես տարեկան ծրագրով սահմանված միջոցառումների շրջանակներում, ինչը նշանակում է, որ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը չի կարող օգտագործվել նվիրատուի կոնկրետ մատնանշած նպատակին, եթե այդպիսի նպատակը ամրագրված չէ հիմնադրամի տարեկան ծրագրով։
Այս առնչությամբ կարևոր ենք համարում արձանագրել, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ անձեռնմխելի կապիտալի ակտիվները ներդրվում են ոչ միայն պետական պարտատոմսերում, այլև այլ տեսակի ներդրումային միջոցներում, ուստի ժամանակի ընթացքում դրանք աճում են հիմքում ընկած ակտիվների կողմից առաջացած տոկոսներից ստացված եկամտի շնորհիվ:
Ներկայացվածի համատեքստում Նախագծով առաջարկվում է ներկայիս օրենքով հիշատակված սահմանափակումները կրճատել՝ դրանով նպաստելով հիմնադրամների անձեռնմխելի կապիտալի ընդլայնմանը և լայն կիրառմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ ստեղծելով բարենպաստ և մրցակցային միջավայր։ Նշենք նաև, որ ներդրումային քաղաքականության նպատակներից է տարածաշրջանի երկրների համեմատ լավագույն ներդրումային օրենսդրության ձևավորումը՝ ազատ ու հավասար մրցակցության ու կանխատեսելիության իմաստով և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը։ Այս իմաստով նախագծով առաջարկվող կարգավորումներով հնարավոր կլինի պոտենցիալ ներդրող հանդիսացող արտասահմանյան ընկերություններին ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտներում և ծրագրերում, քանի որ Նախագծով առաջարկվում է ստեղծել գործիքակազմ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների նկատմամբ առկա օտարերկրյա ներդրումների ծավալները մեծացնելու համար։ Այսպիսով, ներդրումային գրավչությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար կարևոր է կրճատել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների նկատմամբ ներկայումս առկա սահմանափակումները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի օտարերկրյա ներդրողներին ներգրավել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում։
3․ Կարգավորման առարկան. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 1) անձեռնմխելի կապիտալը բացի պետական պարտատոմսերում ներդնելուց, կարող է ներդրվել նաև բանկային ավանդներում, 2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը, բացի անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված շահառուներից, կարող է տրամադրվել նաև անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով չնախատեսված նվիրատուի մատնանշած շահառուներին, եթե նվիրատուի մատնանշած նպատակը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրից («2. Տնտեսություն» բաժին՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում»)։
-
Քննարկվել է
20.12.2023 - 04.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1431
Տպել