Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի  N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով Վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 10-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) ցանկը, կարգը և պայմանները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով նոր խմբագրությամբ է սահմանվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածը («Կացարանով ապահովելը»):

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումը

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝

  1. օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով կացարան տրամադրվում է.
  • բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում.
  • հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).
  1. կացարան տրամադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)՝ բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով.
  2. կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը, բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը հաստատում է կառավարությունը:

Համապատասխան սոցիալական խմբին պատկանող անձանց (ընտանիքներին) սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով: Հարկ է նկատի ունենալ, որ նշված որոշման մեջ կատարվել են բավականին ծավալուն փոփոխություններ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը այժմ նույնպես գտնվում է շրջանառության մեջ։ Ընդ որում, «Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) չափորոշիչները, հատուցման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փոխկապակցված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա չեն բավարար թվով կացարաններ, իսկ շահառուների թիվն ավելին է՝ ներկայացված Նախագծով առաջարկվում է որպես կացարանով ապահովման այլընտրանք եղանակ կիրառել բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցումը։

  1. Կարգավորման առարկան

Նախագծի համաձայն՝ բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում (այսուհետ՝ Հատուցում) կարող են ստանալ՝

  • հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձինք (ընտանիքները)։ Ընդ որում, նշված ընտանիքներին վարձավճարի հատուցում տրամադրվում է, եթե բավարարում են Նախագծով նախատեսված պայմաններին և համապատասխան հանգամանքներից (տեղահանում և այլն) դեռևս չի անցել 6 ամիս, իսկ եթե 6 ամիսն անցել է, ապա  կարող են դիմել ՄՍԾ-ին՝ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվելու համար՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ․
  • Որոշմամբ սահմանված կարգով արտահերթ տեղավորման ենթակա անձը (ընտանիքը), որը ազատ կացարանի բացակայության պատճառով դեռևս չի տեղավորվել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Ընդ որում, նշված դեպքում անձը (ընտանիքը) հանվում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի հերթացուցակից և կորցնում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարան ստանալու իր իրավունքը և հետագայում կարող է նորից դիմել ընդհանուր հիմունքներով։ Քանի որ սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանների թիվն ավելի քիչ է, քան շահառուների, ուստի, եթե, սահմանված հանգամանքները հաշվի առնելով, արդեն իսկ կայացվել է ընտանիքին սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման մասին որոշում և ազատ կացարան առկա չէ, ուրեմն նշված ընտանիքին անհրաժեշտ է տրամադրել այլընտրանքային տարբերակ, տվյալ դեպքում նախատեսվում է տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում․
  • Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրսգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտները։  Ընդ որում, նշված անձանց բնակարանի վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները այժմ կարգավորվում է Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշմամբ, սակայն նախատեսվում է ՄՍԾ—ի կողմից տրամադրվող բնակարանի վարձավճարի հատուցման բոլոր դեպքերը ընդգրկել մեկ որոշման մեջ, ուստի, սահմանվել է նաև, որ սույն փաթեթի ընդունման դեպքում Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշման մանկատան շրջանավարտներին բնակարանի վարձակալության հատուցմանը վերաբերող դրույթները կճանաչվեն ուժը կորցրած․
  • Որոշման N 1 հավելվածով նշված անձին (ընտանիքին), ում հետ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է ժամկետից շուտ՝ ընտանիքի՝ նշված հավելվածով սահմանված սոցիալական խմբի (կարգավիճակի) կորցնելու դեպքում։ Սույն կետով նախատեսված դեպքում հատուցումը տրամադրվում է այն անձին (ընտանիքին), ով Որոշմամբ սահմանված կարգով կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելուց հետո սահմանված ժամկետում դուրս է եկել կացարանից։ Այսինքն, նախատեսվում է սոցիալական բնակարանային ֆոնդում կարգավիճակը կորցնելու դեպքում կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը ժամկետից շուտ լուծվելու դեպքում ընտանիքին տրամադրել 3 ամիս ժամկետով բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում, որպեսզի ընտանիքը նշված ժամկետում լուծի իր բնակարանային խնդիրները, իսկ սոցիալական բնակարանային ֆոնդում ազատ կացարանները տրամադրվեն ըստ կարիքի՝ համապատասխան սոցիալական խմբին պատկանող ընտանիքներին․
  • Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը (ընտանիքը)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՆԳՆ կողմից շրջանառվող օրենսդրական փաթեթում առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ փախստականների սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված պետական ծրագրերը իրականացվելու են ՄՍԾ-ի կողմից, ուստի նշված անձինք Նախագծի շրջանակում նույնպես դիտարկվել են որպես բնակարանի վարձավճարի հատուցման  շահառու, որի արդյունքում սահմանվել են նաև որոշ անցումային դրույթներ Նախագծում։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները պետք է ինքնանպատակ չլինեն, և յուրաքանչյուր դեպքում, երբ ընտանիքն ընդգրկվում է սոցիալական աջակցության ոլորտի որևէ սոցիալական ծառայություն ստանալու  ծրագրում, պետությունից աջակցություն ստանալու ընթացքում պետք է դրսևորի ակտիվ վարքագիծ, մասնավորապես աշխատունակ անձինք պետք է ձեռքբերեն մշտական զբաղվածություն, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից և այլևս չհայտնվի այդ իրավիճակում։ Նշվածի արդյունքում օրենսդրական փաթեթներում մեծ դեր է տրվել անհատական սոցիալական ծրագրին՝ կացարանով ապահովման պետական ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես, Նախագծով սահմանվում է, որ հատուցումը վճարելու համար նաև կազմվելու է նաև շահառուի անհատական սոցիալական ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե ընտանիքի անդամը կարգի իմաստով համարվում է աշխատունակ անձ։ Ընդ որում, անհատական սոցիալական ծրագրի պայմանների չկատարման դեպքում, վարձավճարի հատուցման վճարումը դադարեցվում է, իսկ կատարման դեպքում հատուցման գումարը կարող է վճարվել ևս 3 ամիս։ Այսինքն, կացարանով ապահովման ծրագրերի շրջանակում մեծ դեր է ունենալու անհատական սոցիալական ծրագիրը, որի նպատակներից է նաև ակտիվացնել աշխատունակ անձանց և զարգացնել նրանց՝ իրենց հիմնական պահանջմունքների ինքնուրույն լուծելու ունակությունը։

          Նախագծով կարգավորվում են նաև բնակարանի վարձավճարի հատուցման կարգը, հատուցումը նշանակելու, մերժելու, դադարեցնելու, հատուցման վճարման ժամկետների և չափի հետ կապված իրավահաբերությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ժամանակավորապես կացարանով ապահովել համապատասխան շահառուներին։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում 2024 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

  • Քննարկվել է

    30.11.2023 - 18.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2302

Տպել