Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

Նախագծով նախատեսվում են փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 164 և 3271 հոդվածներում:

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությունը պայմանավորված է դրանում ամրագրված իրավանորմը հստակեցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելության սկզբունքի պատշաճ իրացումն ու, դրանով պայմանավորված նաև' խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Այսպես' ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում' նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար: Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար: Այսինքն' օրենսդիրը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մաս): Այնինչ, լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե անգամ կատարվել է պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից, օժտված է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով, ուստի' առկա է նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն: Հատկանշական է, որ հիշյալ ծանրացնող հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում լրացվել է 2010 թվականին' պայմանավորված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությամբ պայմանավորված' վերջինիս կամ նրա մերձավորի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի դեմ առավել արդյունավետ և համարժեք միջոցներով պայքարելու անհրաժեշտությամբ, մինչդեռ հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձևակերպման պայմաններում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ:

 

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 3271 հոդվածի 1-ին մասի փոփոխությունը պայմանավորված է հիշյալ նորմի դիսպոզիցիան հստակեցնելու, իրավական որոշակիություն ապահովելու և այդպիսով՝ քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 3271 հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք օր տևողությամբ այլընտարքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպես նաև ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատություններից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար:

Դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ քրեաիրավական հետևանքներ այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար կարող են առաջանալ այն դեպքերում, երբ վերջինս, գտնվելով ծառայության վայրում, ինքնակամ թողնում է այն կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չի ներկայանում ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից: Այսինքն՝ դիսպոզիցիայում ստույգ թվարկված են ծառայության չներկայանալու դեպքերը, որոնց պարագայում միայն կարող է քննարկվել այլընտրանքային ծառայողին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է այլընտրանքային աշխատանքային ծառայողի իրավական կարգավիճակի, ծառայության հիմքի և կարգի, աշխատանքային և այլ պայմանների հետ կապված հարաբերությունները, որոնց ընդհանուր համադրման համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, ով 36 ամիս ժամկետով աշխատանքային պարտականություններ է կատարում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկի մեջ մտնող համապատասխան քաղաքացիական հիմնարկում: Հիշյալ ցանկում հիմնականում ընդգրկված են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Համաձայն կազմակերպությունների կանոնագրքի՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամերն են ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Մնացած ժամանակահատվածն այլընտրանքային աշխատանքային ծառայողն ազատ տիրապետում է իր հայեցողությամբ և գիշերում տանը, հետևաբար ծառայության է ներկայանում տանից:

Ընդ որում, այլընտրանքային ծառայողի կողմից սահմանված աշխատանքային ժամի ավարտից հետո տուն գնալը և հաջորդ օրը տնից ծառայության ներկայանալը չի կարող դիտարկվել որպես ծառայության վայրից արձակվելիս վերադառնալ, քանի որ ՀՀ գործող օրենսդրությունը որևէ իրավական ակտով չի սահմանում «ծառայությունից արձակվել» հասկացությունը՝ բացառությամբ ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի, որը, սակայն, կիրառելի է բացառապես զինծառայողների նկատմամբ: Հետևաբար՝ առանց հարգելի պատճառների ժամանակին տնից ծառայության վայր չներկայանալու դեպքում ոչ հստակ իրավակարգավորման պայմաններում իրավիճակին համապատասխան քրեաիրավական գնահատական տալը և անձին քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու անխուսափելիության սկզբունքի իրացումը դառնում է անհնարին:

Օրենսդրական նման կարգավորման պայմաններում իրավակիրառողը հնարավորություն չի ունենում այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների փաստացի ծառայության չներկայանալու պայմաններում ձեռնարկել քրեաիրավական ներգործության միջոցներ և ստիպված կայացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության իրականացման վրա:

 

            Առաջարկվող լուծումները

  1. Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան' քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով' անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:
  2. Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 3271 հոդվածի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով առանց հարգելի պատճառի ծառայության չներկայանալն առհասարակ:

 Ընդ որում, հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլընտրանքային աշխատանքային ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայություն անցնելը, այսինքն՝ որպես ծառայությունից խուսափող անձինք՝ այլընտրանքային աշխատանքային և զինվորական ծառայողները քրեաիրավական իմաստով նույն իրավական կարգավիճակն ունեն, հետևաբար, առաջարկվող կարգավորմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվել  այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար՝ իրավական որոշակիություն ապահովելու նպատակով:

 

 

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:

 

          Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի և 3271 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիաները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանը, ինչպես նաև  զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    15.01.2018 - 04.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8772

Տպել

Առաջարկներ`

Միհրան Մինասյան

21.01.2018

Ներկա դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքով չկա որևէ դրույթ՝ որը կնվազեցնի բարձրահարկ վթարային շենքերի քանակի աճը ՀՀ-ում և պատիժ կսահմանի այն պատասխանատու անձանց նկատմամբ՝ որոնց պատճառով շենքերը դառնում են վթարային։ Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն պարտադիր նորմերը չպահպանելը պետք է ստեղծի իրավական հետևանքներ համատիրության և համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ։ Պարտադիր նորմերի շարքին է դասվում շենքի նկուղներում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների անսարքությունը վերացելու աշխատանքը։ Կան դեպքեր երբ անսարքության հետևանքով ամիսներ և տարիներ շարունակ շենքի նկուղներում մեծ քանակությամբ ջրեր և կեղտաջրեր են թափվում ։ Հետևաբար շենքի հիմքերը թուլացնելով շենքը դարձնում են վթարային։ ՈՒստի՝ անհրաժեշտ է ՀՀ քրեական օրեսգրքով պատիժ սահմանել բազմաբնակարան շենքի հիմքերի անվտագության հսկողությունը չկատարող և շենքը վթարային դարձնող պատասխանատու անձանց նկատմամբ ։ առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ՝ 091533890

Միհրան Մինասյան

18.01.2018

Ներկա դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլխով ներկայացված են այն դեպքերը՝ որոնք թույլ են տալիս անձին ենթարկել քրեական պատասխանատվության երեխայի և ընտանիքի շահերի դեմ կատարած հանցանքի համար։ Ինչպես հայտնի է ընտանեկան լուրջ վեճերի ժամանակ հաճախ է պատահում , որ ծնողները կամ այլ անձինք դիմեն ոստիկանություն, որպեսզի լուծում գտնեն թե որ ծնողի մոտ է ապրելու իրենց անչափահաս երեխան մինչև դատարանի կողմից վճիռ կայացվելը։ Կարելի է մատնանշել 2016թ-ի հուլիսի 8-ի զոքանչի սպանության դեպքը կատարված իր-իսկ փեսայի կողմից, որը փորձում էր տեսակցել իր հարազատ անչափահաս երեխային։ Ինտենետային կայքում տես դեպքի մանրամասները։ Դեռևս հիշեցնեմ, որ մինչև զոքանչի մահվան պահը ոստիկանությունը չի կարողացել որևէ իրավական ճիշտ լուծում տալ հարցին, որպեսզի ծնողական իրավունքներից չզչկված հայրը կարողանա տեսակցել իր հարազատ երեխային։ Սույն օրինակի վերլուծությամբ տեսնում ենք, որ պետք է ոստիկանությանը տալ հնարավորություն քրեորեն պատժելու այն անձին՝ որը չի ենթարկվում կարգ ու կանոնին, իհարկե եթե քրեական օրեսգիրքը ունի համապատասխան կարգ ու կանոն։ Ուստի գտնում եմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքում պետք է ավելացնել նոր դրույթ՝ որի համաձայն քրեական գործ կհարուցվի այն անձանց նկատմամբ՝ որոնք կխոչընդոտեն ան-չափահաս երեխային տանել այն ծնողի հաշվառման հասցե որտեղ նա (այսինքն երեխան ) հաշվառված է։ Հիշեցնում եմ, որ Բնակչության Պետական Ռեգիստրի մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն յուրաքանչյուր անչափահաս երեխա պարտադիր պետք է ունենա հաշվառման հասցե իր օրինական ներկայացուցչի հաշվառման հասցեում։ Եթե դատական ակտի բացակայության պատճառով չկա հնարավորություն որպեսզի երեխան հաշվառված լինի իր երկու ամուսնալուծված ծնողների տարբեր հասցեներում ՝ տարբեր ժամանակահատվածներով, ապա անհրաժեշտ է ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանել դատարանի համար պարտադիր նորմ՝ որպեսզի ամուսնալուծության վճոով որոշված լինի անչափհաս երեխային տեսակցելու օրերը և ժամերը և այդ հիմքով երեխան հաշվառված կլինի իր երկու ծնողների տարբեր հասցեներում տարբեր ժամանակահատվածներով։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ՝ 091533890

Տեսնել ավելին