Լրամշակման փուլում է
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին առաջին անգամ սահմանադրական մակարդակով առանձնացվեց և ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանության երաշխիքները, և ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են պետաիրավական կարևորագույն հիմնահարցերից մեկը: Երեխաները ցանկացած պետության և հասարակության ապագան են և նրանից, թե որքանով են պաշտպանված նրանց իրավունքները, կախված է մեր հասարակության ապագան: Երեխաների պաշտպանությունը, ներառյալ՝ քրեաիրավական և վարչաիրավական մեխանիզմներով, պետության կարևորագույն խնդիրներից է, քանի որ հանցագործության կամ զանցանքի ենթարկված երեխան անշուշտ կկրի բարոյական, հոգեբանական, իսկ երբեմն նաև ֆիզիկական զրկանքներ և սահմանափակումներ, ինչը չի կարող չանդրադառնալ նրա զարգացման վրա:[1]
Երեխաների և նրանց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալացումն անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության համար, որպեսզի երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դեպք ստանա պատշաճ արձագանք ու գնահատական և պայմանավորված չլինի կոնկրետ մասնագետների կամ առանձին անհատների ջանասիրությունից կամ սրտացավությունից: Բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում կարևորվում է տարբեր գերատեսչությունների, մասնավորապես իրավապահ մարմինների և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համագործակցությունը, ներառյալ՝ տեղեկատվության փոխանակման, երեխաների և բռնության դեպքի մասին ուղղորդման համատեքստում:
Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի բռնությունից[2] և յուրաքանչյուր պետություն պետք է առավելագույնս ձգտի երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման, քննության և բռնության ենթարկված երեխաների աջակցության:
«Հանցագործության զոհերի պաշտպանության, աջակցության և իրավունքների նվազագույն չափանիշների հաստատման մասին և ԵՄ թիվ 2001/220/JHA շրջանակային որոշման փոխարինման մասին» Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի թիվ 2012/29/EU 2012թ.-ի հոկտեմբերի 25-ի hրահանգը սահմանում է երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և հատուկ վերաբերմունքի, հատուկ ընթացակարգերի ապահովմանը:
Ազգային մակարդակում երեխաների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ, ներառյալ՝ ուղղորդման գործիքակազմեր սահմանված են Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Չեխիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում և այլ երկրներում:[3]
Տարեցտարի այդ երկրների ցանկն ընդլայնվում է և ուսումնասիրելով միջազգային փորձն առաջարկություններ են իրականացվում: Օրինակ՝ Ավստրալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի փորձի ուսումնասիրության արդյունքում համապատասխան առաջարկություններ են ներկայացվել Շվեցարիայի համար՝ երեխաների պաշտպանության մեխանիզմների ներդրման առնչությամբ:[4]
Բռնությունից երեխաների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ երկրներ կամ տարածաշրջաններ արդեն մի քանի տասնյակ տարի ձևավորում են երեխաներին բռնությունից պաշտպանելու տարաբնույթ ցանցեր, մեխանիզմներ և համակարգեր: Անգամ Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրները Մեծ Բրիտանիայի աջակցությամբ դեռ 2012թ.-ից սկսեցին համապատասխան աշխատանքների իրականացումը, մասնավորապես առանձնացրեցին պաշտպանության ուղիներ՝ ուղղորդման մեխանիզմներ և գործերի կառավարում՝ խոցելի երեխաների համար[5]: Տարբեր պետություններում այն ունի տարբեր Իրավական ձևակերպում՝ որոշումներ, ուղեցույցեր, մեթոդական ձեռնարկներ և այլն:
ՀՀ-ում 26.06.2023թ.-ի ՀՕ-197-Ն օրենքով լրացում է կատարվել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածում, որի համաձայն՝ բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պետության այս մոտեցումն ապահովում է ենթաօրենսդրական պատկան բազայի ձևավորման ստեղծումը և բռնության ենթարկված երեխաների ուղղորդման ինստիտուցիոնալանացումը:
Անկախ երեխայի կարգավիճակից՝ երեխայի լավագույն շահերն առաջնային են: Դրանք ամրագրված են մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Առաջին անգամ այն իր արտացոլումն է գտել 1959թ.-ի Երեխայի իրավունքների հռչակագրում, որտեղ նշվում է, որ օրենքով և այլ միջոցներով երեխան պետք է օժտված լինի հատուկ պաշտպանությամբ և նրան տրամադրվեն հնարավորություններ ու բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռեն նրան ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգեպես և սոցիալապես զարգանալ առողջ` ազատության և արժանապատիվ մթնոլորտում: Այս նպատակով օրենքների ընդունման հիմնական տրամաբանությունը պետք է լինի երեխայի շահերի առավելագույն և լավագույն ապահովումը: Ավելի ուշ այդ սկզբունքն ամրագրվեց երկու այլ փաստաթղթով՝ 1979թ.-ին ընդունված Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին և 1986թ.-ին ընդունված Սոցիալական և իրավական սկզբունքների մասին հռչակագրերում, որոնք վերաբերում են երեխաների բարեկեցությանը և պաշտպանությանը:
Սկզբունքն առավել հստակ ամրագրված է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն՝ «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական և մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:
Այս դրույթն իր արտացոլումն է գտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում: Այսպես, 2003թ.-ին քննելով Սահինն ընդդեմ Գերմանիայի գործը, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ անհրաժեշտ է ապահովել հավասարակշռվածություն երեխայի և նրա ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գործընթացում առաջնային կարևորություն պետք է տալ երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված դրանց բնույթից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ:[6]
Գրականության մեջ արտահայտվել է այն կարծիքը, որ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածն ընդգրկում է ոչ միայն սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական և մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական և օրենսդրական մարմինների` երեխաների նկատմամբ գործողությունները, այլ նաև անհատների գործողությունները:[7] Նման կարծիքն անհիմն չէ: Առաջին հերթին, այդպիսի անձանց թվին են պատկանում ծնողները կամ, համապատասխան դեպքերում, խնամակալները և հոգաբարձուները, ում հոգածության հիմնական առարկան է հանդիսանում երեխայի լավագույն շահերի ապահովումը:
Ինչպես պրակտիկան է ցույց տալիս գործնականում հարկ լինելու դեպքում, կազմակերպվում են երեխայի ուղղորդումներ դեպի խնամք և դաստիարակություն իրականացնող հաստատություններ, փոխանցվում է որոշակի տեղեկատվություն երեխայի նկատմամբ դեպքի մասին, սակայն դա չի իրականացվում համատարած, համակարգված և կանոնավոր: Իրավապահ համակարգի և սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցների անձնական հատկանիշներով պայմանավորված՝ որոշվում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը և հետևաբար, երեխայի լավագույն շահի ապահովումը:
Դեպքի և բռնության ենթարկված անձի մասին միջգերատեսչական տեղեկությունների փոխանակումն ապահովում է ուղղորդման գործընթացը: Մասնագետների միջամտության համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել երեխան, նրա ծնողները (ծնողներից մեկը)/օրինական ներկայացուցիչը, մասնագետը (դաստիարակ, ուսուցիչ, համայնքային և տարածքային մարմնի պատասխանատու, քաղաքացի), իսկ միջամտության առիթ կարող են լինել բուժզննման արդյունքները կամ որևէ այլ լրացուցիչ տեղեկություն:[8] Երեխաների ուղղորդումը, նրանց աջակցության տրամադրումը պետք է լինի կարիքահեն և իրականացվի անհրաժեշտ գնահատումներն իրականացնելուց հետո՝ հասցեական և նպատակային աշխատանք իրականացնելու միջոցով:
Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Շատ կարևոր է, որ այս համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա: Այդ նպատակով մի շարք երկրներում կիրառվում են երեխաների գործի վարման, ներառյալ հարցաքննության միասնական ուղեցույցներ, իսկ քննչական մարմինները կիրառում են այդ ուղեցույցների վրա հիմնված, իրենց ներքին կանոնակարգով սահմանված, երեխաների կարիքների գնահատման ընթացակարգ: Ընթացակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմնի կողմից երեխայի նախնական կարիքների գնահատումը թույլ կտա վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց համապատասխան ուղղորդումներ կատարել: Ներկայումս շատ երկրներում կիրառում են միջոլորտային գործիքաշարեր, որոնք թույլ են տալիս միասնական չափորոշիչներով իրականացնել կարիքի գնահատումը:
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լիազորող նորմ նախատեսելով՝ իրական հնարավորություն է ստեղծվել ՀՀ-ում ուղղորդման այնպիսի կարգի ստեղծման համար, որը կապահովի բռնության ենթարկված ցանկացած երեխայի լավագույն շահի ապահովմամբ՝ նրա իրավունքների պաշտպանությունը:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության վիճակագրություն առանձին չի վարվում, այն ներկայացվում է կա՛մ ընտանիքում բռնության հաշվառման համատեքստում, կա՛մ դրա միայն հանցավոր դրսևորումները, և այդ թվերը հետևյալն են՝ այսպես. 2019թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է քննվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 360 քրեական գործ, որոնցով 336 անձ ճանաչվել է տուժող, որոնցից 169-ը մինչև 12 տարեկան էին, 61-ը՝ 12-14 տարեկան, 63-ը՝ 14-16 տարեկան, 43-ը՝ 16-18 տարեկան:[9]
2017 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 265 քրեական գործ, որոնցով 202 երեխա ճանաչվել է տուժող, որոնցից 75-ը՝ մինչև 12 տարեկան էր, 25-ը՝ 12-14 տարեկան, 71-ը՝ 14-16 տարեկան, 31-ը՝ 16-18 տարեկան:[10]
2018թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 317 քրեական գործ, որոնցով 305 երեխա ճանաչվել է տուժող, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան էր, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան:[11]
2019թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 360 քրեական գործ, որոնցով 336 երեխա ճանաչվել է տուժող, որոնցից 169-ը՝ մինչև 12 տարեկան էր, 61-ը՝ 12-14 տարեկան, 63-ը՝ 14-16 տարեկան, 43-ը՝ 16-18 տարեկան:[12]
2020թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է քննվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 328 քրեական գործ, որոնցով 328 երեխա ճանաչվել է տուժող, որոնցից 180-ը մինչև 12 տարեկան էր, 33-ը՝ 12-14 տարեկան, 73-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան:[13]
2021թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է քննվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որոնցով 357 երեխա ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան էր, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան:[14]
2022 թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ, որոնցով տուժողների թիվը ՀՀ քննչական կոմիտեն չի հրապարակել:[15]
2023թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ, որոնցով տուժողների թիվը ՀՀ քննչական կոմիտեն չի հրապարակել:[16]
Վիճակագրությունը փաստում է երեխաների նկատմամբ բռնության հանցավոր դրսևորումների աճի միտումը, մասնավորապես՝ 2022 թվականի և 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ինչը պայմանավորված է նաև կանխարգելման և պաշտպանողական համապատասխան միջոցառումների ոչ բավարար իրականացման հետ, իսկ դրան իր հերթին նպաստում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների թերի համագործակցությունը, բռնության ենթարկված երեխաներին տրամադրվող աջակցության ոչ հասցեական լինելը, իրազեկվածության բացակայությունը, իրավական կարգավորումների մասնակիությունը և այլ գործոններ:
2. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է՝
- ներդնել բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը,
- սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները,
- հստակեցնել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ սահմանելով աջակցության առանձնահատկությունները:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերը՝ սահմանելով բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
5. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:
[1] Թումասյան Դ. Անչափահասների մասնակցությամբ գործերով մասնագիտացված քննիչների պատրաստման մոդուլներ: Երեխայի իրավունքների քրեաիրավական և վարչաիրավական պաշտպանությունը: Ձեռնարկ քննիչների համար: Մոդուլ 2: Երևան, 2017, էջ 4:
[2] https://www.unicef.org/child-protection
[3] https://fra.europa.eu/en/publication/2016/mapping-child-protection-systems-eu
[4]https://www.researchgate.net/publication/284717579_Child_Protection_Systems_An_international_comparison_of_good_practice_examples_of_five_countries_Australia_Germany_Finland_Sweden_United_Kingdom_with_recommendations_for_Switzerland
[5] https://www.ids.ac.uk/download.php?file=files/dmfile/Pathwaystoprotection_finalreport_Jun12.pdf
[6] Տե՛ս՝ Case of Sahin v. Germany. European Court of Human Rights. 2003, էջ 2:
[7] Տե՛ս՝ Todres J. Emerging Limitations on the Rights of the Child: the UN Convention on the Rights of the Child and its Early Case Law. Columbia Human Rights Review, 1998, էջ 171:
[8] Հովակիմյան Գ., Վրապյան Է. Անչափահասների մասնակցությամբ գործերով մասնագիտացված քննիչների պատրաստման մոդուլներ: Սոցիալական աջակցության ոլորտ: Ձեռնարկ քննիչների համար: Մոդուլ 5: Երևան, 2017, էջ 22:
[9] https://www.investigative.am/news/view/erexaneri-nkatmamb-hancagorcutyunner_2019.html, վերջին անգամ դիտվել է 12.11.2022թ.-ին:
[10] https://investigative.am/news/teghekatvvouthyvoun-hh-qnnchakan-kvomitei-kvoghmic-2017-thvakani-ynthacqvoum-erekhaneri-nkatmamb-katarvats-hancagvortsvouthyvounneri-veraberyal-qreakan-gvortseri-qnnvouthyan-ardyvounqneri-masin
[11] https://investigative.am/news/teghekatvvouthyvoun-hh-qnnchakan-kvomitei-varvouythvoum-2018-thvakani-ynthacqvoum-erekhaneri-nkatmamb-katarvats-hancagvortsvouthyvounneri-veraberyal-qnnvats-qreakan-gvortseri-masin
[12] https://investigative.am/news/teghekanq-hh-qnnchakan-kvomitei-varvouythvoum-2019th-ynthacqvoum-anchaphahasneri-nkatmamb-katarvats-hancagvortsvouthyvounneri-veraberyal-qnnvats-qreakan-gvortseri-masin
[13] https://www.investigative.am/news/view/2020-erexaneri-nkatmamb-hancagorcutyun0.html
[14] https://www.investigative.am/news/view/hancagorcutyunner-anchapahasner-vichakagrutyun_2021.html
[15] https://investigative.am/news/teghekatvvouthyvoun-hh-qnnchakan-kvomitei-varvouythvoum-2022th-ynthacqvoum-anchaphahasneri-nkatmamb-katarvats-hancagvortsvouthyvounneri-veraberyal-qnnvats-qreakan-varvouythneri-masin
[16] https://investigative.am/news/hh-qnnchakan-komiteoum-2023t-arajin-kisamyakoum-qnnvel-e-anchapahasneri-koghmic-katarvac-220-ev-anchapahasneri-nkatmamb-katarvac-hancagorcoutyounnerov-699-qreakan-varouyt-ampopoum
-
Քննարկվել է
02.11.2023 - 17.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2704
Տպել