Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է մեր երկրում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության շարունակականությունն ապահովելու և տնտեսավարողների կողմից մանր եղջերավոր կենդանիներ ՄԵԿ ձեռքբերելու գործընթացն առավել գրավիչ դարձնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը

Ոչխարաբուծությունը հանդիսանում է մեր երկրի անասնաբուծության առանցքային ճյուղերից մեկը: Շնորհիվ ցածր ռիսկայնության և բնական կերահանդակներից օգտվելու առավել լայն հնարավորությունների, ոչխարների և այծերի բուծումը գյուղական ազգաբնակչության համար հանդիսանում է շահութաբեր գործունեություն: Վերջին տարիներին ձևավորված՝ ոչխարի մսի, ինչպես նաև այծի պանրի արտահանման միտումները առավել գրավիչ և հեռանկարային են դարձնում Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության խթանումը: Թեև մեր երկրում աճեցված ոչխարի միսն աչքի է ընկնում համային բարձր հատկանիշներով, այնուամենայնիվ, ոչխարի տեղական ցեղերի կենդանիներն ունեն համեմատաբար փոքր կենդանի զանգված, կաթնատվության, ինչպես նաև պտղատվության ցածր ցուցանիշներ: Մինչդեռ, ներկայում արտերկրում բուծվում են ոչխարի այնպիսի դասական ցեղեր, որոնք ոչ միայն աչքի են ընկնում բարձր կաթնատվությամբ, կենդանի զանգվածով և պտղատվությամբ, այլև կարող են արագ հարմարվել մեր երկրի բնակլիմայական պայմաններին: Բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման խթանումը նպաստավոր պայմաններ կստեղծի այդ կենդանիների գենետիկական ներուժի օգտագործման և ոչխարի հայրենական ցեղերի մթերատվության ցուցանիշների բարելավման համար:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կարևորելով ոչխարների և այծերի համաշխարհային ճանաչում ունեցող դասական ցեղերի գենետիկական ներուժի օգտագործումը տեղական ցեղերի բարելավման գործընթացում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշմամբ տոհմային մանր եղջերավոր կենդանիներ ձեռքբերած տնտեսավարողների համար սահմանել էր աջակցության երկու տարբերակներ: Առաջին տարբերակով նախատեսվում էր տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում այնպիսի չափաքանակով, որպեսզի շահառուներին վարկերը տրամադրվեն 2 % տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանմերձ բնակավայրերի շահառուներին և կոոպերատիվներին՝ 0 % տոկոսադրույքով: Երկրորդ տարբերակով նախատեսվում էր կենդանիների ձեռքբերման փաստացի ծախսերի փոխհատուցում՝ 23 և 27 %-ի չափով (յուրաքանչյուր կենդանու արժեքը սահմանելով ոչ ավելի, քան 450 հազար ՀՀ դրամ, իսկ հանրապետության ներսում ձեռքբերման յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամ):

Թեև պետական աջակցության նշված գործիքակազմը նպաստեցին տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, այնուամենայնիվ ներկրված կենդանիների ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց, քանզի ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ընդամենը 1701 գլուխ տոհմային կենդանի: Մինչդեռ, նպատակահարմար է, որ տոհմասելեկցիոն գործընթացում բարելավող կենդանիների տեսակարար կշիռը կազմի հոտի առնվազն 1,5 %-ը կամ գրեթե 11 հազար գլուխ տոհմային կենդանի:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է ևս 5 տարով երկարաձգել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության քաղաքականությունը, քանզի Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման համաձայն, ծրագիրն ավարտվում է 2023 թվականին: Դրան զուգահեռ, նախագծով նախատեսվում է դադարեցնել վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման բաղադրիչը, իսկ դրա փոխարեն առավել գրավիչ դարձնել ձեռքբերված տոհմային կենդանիների համար կատարված ծախսերի փոխհատուցման բաղադրիչը՝ ներկայիս 23 և 27 %-ի փոխարեն տնտեսավարողներին փոխհատուցելով կատարված ծախսերի 50 %-ը (յուրաքանչյուր տնտեսավարողի համար սահմանելով առավելագույնը 150 գլխի համար փոխհատուցում, իսկ մեկ գլխի ձեռքբերման գինը չպետք է գերազանցի 450 հազար ՀՀ դրամը, իսկ հանրապետության ներսում ձեռքբերման յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամը):

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Ծրագրի իրականացման արդյունքում 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրվի 10944 հազար գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ, որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով: Միայն ներկրված կենդանիներից ծրագրի ավարտից հետո տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված սերունդ: Ընդհանուր առմամբ, գրեթե 25%-ով կավելանան ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալները կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի շուրջ 3.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանք:

 

 

 

 

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացման խթանում» միջոցառման նպատակի՝ տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15 տոկոսով ավելացման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետով սահմանված «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթության հետ։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 462․4 մլն ՀՀ դրամ գումար, որից 2024 թվականին՝ 99.9 մլն, 2025 թվականին՝ 450.0 մլն, 2026 թվականին՝ 562.5 մլն, 2027 թվականին՝ 675.0 մլն և 2028 թվականին՝ 675.0 մլն ՀՀ դրամ:

  • Քննարկվել է

    01.11.2023 - 21.11.2023

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3235

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

01.11.2023

Անհետաքրքիր է դառնում արդեն այսչափ բովանդակազուրկ նախագծերին արձագանքելը, առաջարկում եմ մի սահմանափակվեք ստորաբաժանման աշխատակազմով, ներռականություն ցուցաբերեք։

Թաթուլ Ստեփանյան

01.11.2023

Մեկ անգամ ևս կարդացեք ձեր իսկ կողմից ձևակերպած սույն ծարգրի <<ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ>> պարբերությունն ու բովանդակային համեմատություն անցկացրեք <<ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ>> բաժնի հետ։ Ծրագրի իրականացումը պետք է նկարագրի նպատակին հասնելու ուղիները, ճանապարհները, ընդ որում նպատակով սահմանված բոլոր կետերի մասով, նպատակում գրել եք մի բան, իրականացնում եք այլ բան։

Թաթուլ Ստեփանյան

01.11.2023

Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով նախատեսված էր՝ << 26. Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար և ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծա¬բու-ծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխարներ և այծեր, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ (այսուհետ՝ Տոհմային ՄԵԿ)>>։ Ի՞նչ արդյունքային ցուցանիշներ կան այս առումով։

Տեսնել ավելին