Լրամշակման փուլում է
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության կազմում ստեղծվելու է ջրային պարեկային ծառայության ստորաբաժանում։ Ջրային պարեկային ծառայության մեկնարկին նախապատրաստվելու նպատակով իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։
Պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանությանը վերապահել համապատասխան լիազորություններ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարի սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և վերջին դեպքում լողամիջոցը տեղափոխելու կամ այն այլ անձի հանձնելու վերաբերյալ: Հատկանշական է, որ նշված կանոնները խախտելու դեպքում վրա է հասնելու վարչական պատասխանատվություն։
Նշվածները առանձնահատուկ լիազորություններ են, դրան զուգահեռ ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման շրջանակներում բնականաբար արձագանքելու են նաև վարչական այլ իրավախախտումներին և հանցագործություններին, ապահովելու են հասարակական կարգը։ Ըստ այդմ, գործառութային համալիրը կստացվի հետևյալը (նշվում են առանցքայինները).
- Ջրային ավազաններում և առափնյա հատվածներում՝ լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանությունը,
- 1-ին կետում նշված տարածքներում իրավախախտումներին ու պատահարներին օպերատիվ արձագանքումը,
- հանգստի սեզոնին հովեկների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ ջրային ավազանում գտնվելու կամ լողալու ժամանակ,
- ապօրինի ձկնորսության, ապօրինի որսի դեպքերի կանխարգելումը, հայտնաբերումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավասու պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության (որսի) գործիքների և միջոցների հայտնաբերումը ու դրանց առգրավման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
- ջրային ավազաններում անցկացվող սպորտային միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովումը,
- ջրային ավազաններում դժբախտ դեպքերի կանխարգելումը, խեղդվողներին փրկելը և առաջին բուժօգնության ցուցաբերումը,
- ջրային տրանսպորտային միջոցով նավարկող կամ լողացող անձանց անհետանալու կամ ջրային տրանսպորտային միջոցի խափանման կամ նավաբեկության մասին տեղեկություն ստանալու դեպքում առաջնային որոնողական աշխատանքների իրականացումը և այդ մասին փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը հայտնելը,
- փրկարար ծառայության կողմից իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերելը, նշված աշխատանքներին անմիջականորեն ներգրավումը,
- ջրային տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությանը հետևելը, այդ թվում՝ զբոսաշրջային նավարկային միջոցների, ջրային ավազանում լողացողների կամ նավարկողների կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծող ջրային տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելը և արգելելը,
- ջրային ավազանում լողացողների կողմից անվտանգության կանոնների խախտումներ կամ ափից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու դեպքեր հայտնաբերելու պարագայում՝ վերջիններիս զգուշացումը, ափից անվտանգ հեռավորություն պահպանելու պահանջ ներկայացնելը և իրավիճակից բխող անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ ձեռնարկելը։
Բնակաբանաբար, ՀՀ-ում ջրային փոխադրամիջոցների շահագործման և դրան առնչվող մյուս հարցերով հարուստ փորձ ու կանոնակարգումներ, համապարփակ ստանդարտներ չկան, ուստի սա լավ առիթ է նաև՝ վերանայելու ենթաօրենսդրական դաշտը և ապահովելու պատշաճ ընթացակարգեր նաև այս ոլորտում, զարգացնելու այդպիսի մշակույթը։
Այսպիսով, ՀՀ ջրային տարածքներում լողամիջոցների օգտագործման հաճախակիությունը հաշվի առնելով՝ լողամիջոցներ վարելու կանոնները կանոնակարգելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1-ին հոդվածում կատարել համապատասխան լրացումներ, քանի որ հաճախ լողամիջոցների օգտագործումը լողափին հանգստացողների համար ուղեկցվում է հասարակական կարգի և անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողություններով։
Նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1-ին հոդվածում կատարվող համապատասխան լրացումները՝ լողամիջոցների վարման կանոնները խախտելու համար սահմանում են վարչական պատասխանատվություն, ինչպես նաև օրենքով ՀՀ կառավարությանը լիազորվում է ընդունելու լողամիջոցների վարման կաննոների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 125.1-ին հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով լողամիջոցների վարման կանոնները խախտելու համար պատասխանատվություն, ինչպես նաև լիազորել ՀՀ կառավարությանն ընդունելու լողամիջոցների վարման կաննոների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լողամիջոցների վարման կանոններ և դրանց խախտման համար պատախանատվություն սահմանելու միջոցով ՀՀ ջրային տարածքներում ապահովել հասրակական կարգն ու անվտանգությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
29.09.2023 - 14.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Վարչական իրավախախտում, Վարչարարություն և վարչական վարույթ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3028
Տպել