Հիշել նախագիծը

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

                                                                                                                             

                                                                                                                            

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղու­­թյուն­ները, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջա­նակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առա­վե­լա­գույն չափերը սահմանելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաս­տանի Հան­­րապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից) ս.թ. հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչա­­փահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախ­սերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնա­րա­վո­րու­թյուն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտա­­­նիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված, մաս­նա­վո­րապես, առող­ջա­­­պա­հու­­թյան և կրթության ծառայությունների գծով ծախ­սերի մի մասը:

Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը սահ­մա­նում է Կառավարությունը:

Խնդիրն այն է, որ սոցիալական ծախսերի տեսակ­­­ների առանձին ուղղություններ, ընտա­նիքի անդամների շրջանակ և փոխհատուցման առա­­վե­լա­գույն չափեր սահ­ման­ված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջա­նակ և փոխ­հա­տուց­ման առավելագույն չափեր: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահ­­­մանել, որ՝
  • ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախ­սերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզի­­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակ­ները (որդեգրողներն ու որդեգր­ված­ները),
  • առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հան­րա­պե­­­­տու­­­­թյունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապա­հո­վա­­­­­գրա­­կան փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահ­­մանել, որ առողջա­պա­հու­թյան գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզի­կա­կան անձ հան­դի­սա­ցող՝ ՀՀ կառավարության 2012 թվա­կանի դեկ­տեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշ­մամբ սահ­ման­ված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը,
  • կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությու­­նում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմ­նական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մաս­նա­­գի­տաց­ված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մաս­նա­գի­տական, բար­ձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրա­գ­րերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղու­­թյամբ սոցիալական ծախսի առա­վե­լա­գույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:

Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխ­հա­տուց­ման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը:

Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտա­նիքի անդամների շրջա­­նակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտա­նիքի անդամների շրջանակը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապա­հո­վու­թյան գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով) սահմանված են կարգա­վո­րում­ներ բնա­կա­րան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհա­տա­կան բնակելի տուն կառուցելու նպա­տակով եկամտային հարկի վերադարձման համար:

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունը սահմանելիս դիտար­­կ­­­վել են ինչպես առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը փոխ­հա­տու­ցելու, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ուղղակի կատարված՝ առողջության հետ կապ­ված ծախ­սերը փոխհատուցելու հնարավորությունները և նպատակահարմարությունը: Որպես առող­ջա­պա­­հության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն՝ նախագծով առաջարկ­վում է սահմանել առող­ջու­թյան ապահովագրության գծով կատարված ծախսերը, մասնավո­րա­պես, հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի մասով ներկայումս իրականացվող քաղա­­քա­կանությունն ուղղ­ված է առողջության ապահովագրության համընդհանուր համակարգ ներ­դնե­լուն: Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահ­­­մա­նելիս ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում գոր­ծող առողջության ապա­­­հո­վագ­րության ծառայություններ մատուցող բոլոր ընկե­­­­­րու­թյուն­նե­րի կողմից առաջարկվող առող­ջու­թյան ապահովագրության փաթեթները` ներառյալ դրանց ապահովագրական վճար­ները, ծած­­կույթը և հատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, ապահովագրական ընկե­­­­րու­թյուն­նե­րի կողմից առաջարկվող առողջության ապա­հո­վա­­­­­գրա­­կան փաթեթների գները սկսվում են 10.000 դրա­մից և, օրինակ՝ 50.000 դրամ գումարի սահմաններում առաջարկվող փաթեթ­ները համար­վում են միջին ծածկույթով ստանդարտ առողջության ապա­հո­վա­­­­գրա­­կան փաթեթ­ներ:

Կրթության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունները սահմանելիս հիմք են ընդուն­վել կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության մոտեցումները:

Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահ­մա­նելիս հաշվի է առնվել սովորողների, մասնավորապես, Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյունում հավա­տար­­մագր­ված բարձրագույն և հետբու­հա­կան կրթական ծրա­գրե­րով վճա­րովի հիմունք­ներով սովո­րող ուսանողների քանակը (մոտ 71.000) և դրա արդյունքում պետական բյուջեից կատար­վող ծախսերի հնա­րա­վոր չափը:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ների, ընտանիքի անդամների շրջանակի և փոխ­հա­տուց­ման առավելագույն չափերի սահմանման հետ կապ­ված հարաբերություններն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­­ներ, ընտանիքի անդամների շրջանակ և փոխհատուցման առավելագույն չափեր:

Միաժամանակ, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ինչպես ՀՀ պետա­­կան բյուջեի ծախ­­սերի ավելացման, այնպես էլ պետա­­­­կան բյու­ջեի եկա­մուտ­­ների նվա­զեց­ման, հաշվի առնե­լով այն, որ ՀՀ պետական բյուջեում անհրաժեշտ է լինելու նախա­­տեսել սոցիա­լա­կան ծախսերի գծով գումար­­ներ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ (Պետական ֆինանս­­­ների կառա­վար­­ման համա­կարգի բարեփոխումների 2019-2023թթ. գոր­ծո­ղու­­­­թյունների ծրագիր).

Նախա­գիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­բյու­­­ջե­տային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­նե­րից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գոր­ծուն համա­կարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիա­լական կրե­դիտ­­ների» համակարգի ներդրմանը:

  • Քննարկվել է

    25.05.2023 - 09.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3469

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

08.06.2023

Նշված նախագծով առաջարկվող եզրույթները շփոթմունք են առաջացնում և չեն համապատասխանում Հարկային օրեսգրքի 147.1 հոդվածի եզրույթների հետ: Նախագծով, փաստորեն, առողջապահության գծով կատարված ծախսը սահմանվում է որպես առողջապահական ապահովագրության ծառայություն գնելու ծախս, այնինչ, առողջապահությունը և առողջապահության ապահովագրությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են, որոնք իրար հետ առընչություն չունեն: Ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները, անկախ նրանից, թե ինչ են դրանք ապահովագրում՝ առողջություն, գույք թե այլ բան, հանդիսանում են առանձին կատեգորիայի ծառայություններ և կապված չեն ապահովագրման առարկայի հետ: Այսպիով, ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահոգրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և կապված չեն առողջապահության հետ, ուստի սխալ է առողջապահության ծառայությունը նույնացնել ապահովագրական ծառայության հետ: Առաջարկում ենք անհամապատասխանությունը շտկելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել թե՛ նախագծում, թե՛ Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում: Եթե կառավարությունը գտնում է, որ այս պահին կարող է ֆիզիկական անձանց փոխհուցել միայն ապահովագրական ծախսերը, ապա Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում-ի 1-ին մասում «առողջապահության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջապահական ապահովագրության» բառերը և համապատասխան փոխել նախագծի Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի սահմանումը: Այլապես, առաջարկում ենք նախագծում առոջապահության գծով սոցիալական ծախսը սահմանել որպես առողջապահական ծառայություններից օգտվելու ծախս, միաժամանակ Հավելվածի 3-րդ կետում սահմանելով, որ այդ ծախսի հիմնավորման համար բավարար է բժշկական հաստատության կողմից տրված ՀԴՄ կտրոնը:

Տեսնել ավելին