Հիշել նախագիծը

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը - «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետականտուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝  Նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է խաղողի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

 

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով գինեգործական արտադրանքի սպառման ծավալների կտրուկ անկումով, այնուհետև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված Վերին Լարսի սահմանային անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրներով, ՌԴ ռուբլու և դոլլարի փոխարժեքի տատանումներով, դրամի արժևվորմամբ, արտահանված ապրանքների դիմաց ստացվող արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ առաջացող զգալի վնասներով, որոնց հետևանքով զգալիորեն կրճատվել են կոնյակի սպիրտի արտահանման ծավալները։ Համեմատության համար նշեմ, որ եթե 2019 թվականին արտահանվել է 14․5 մլն բացարձակ լիտր կոնյակի սպիրտ, ապա այդ ցուցանիշը հաջորդ տարիներին աստիճանաբար նվազելով 2022 թվականին կազմել է 3․3 մլն բացարձակ լիտր։ Արտահանման ծավալների նվազման միտումը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ դա կարող է հանգեցնել արտադրության ու խաղողի մթերման ծավալների կրճատման և մթերումների կազմակերպման լուրջ խնդիրների, հաշվի առնելով, որ մթերվող  խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90 տոկոսն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը: Միայն 2020-2022 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների մնացորդներն ավելացել են շուրջ 45․0 մլն բացարձակ լիտրով։ Բացի այդ կոնյակի շուկայում գործող մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին խաղողի մթերումներ չեն իրականացնում և իրենց գործունեությունը կազմակերպում են ձեռք բերվող կոնյակի սպիրտներով։ Արդյունքում զգալիորեն նվազել է խաղողի պահանջարկը, որը հանգեցրել է մթերման գների իջեցմանը և խաղողագործների դժգոհություններին։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1․ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվելը հանվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկից, և այդ գործունեությամբ զբաղվելը սահմանվում է որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Լիցենզիայի տրամադրման նախապայման է համարվում կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրության ամբողջական ցիկլի (խաղողի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը) ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածությունը և հումքի մթերման ու պատրաստի արտադրանքի պահման և հնացման համար անհրաժեշտ տարողությունների առկայությունը։ Օրենքների նախագծերի ընդունումից հետո կմշակվի լիցենզավորման կարգ, ըստ որի լիցենզիայի ստացման հայտին կից տնտեսավարողը կներկայացնի տեղակայված վերը նշված սարքավորումների և տարողությունների ցանկ, որի հավաստիության մասին լիցենզավորման հանձնաժողովի անդամների և համապատասխան մասնագետի կողմից տեղազննության հիման վրա կկազմվի եզրակացություն և լիցենզիան կտրամադրվի դրական եզրակացության հիման վրա։

2․ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց «Պետական տուրքի մասին» օրենքը համապատասխանեցվում է  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններին, ընդ որում պետական տուրքի գործող դրույքաչափերի փոփոխություններ չեն կատարվում։

3․ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝

1) գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողը գնվում է խաղող արտադրողի և գինեգործական արտադրանք արտադրողի միջև կնքված խաղողի գնման պայմանագրի հիման վրա․

2) գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով գնվող (մթերվող) խաղողը կշռվում է էլեկտրոնային կշեռքներով, իսկ գինեգործական արտադրանք արտադրողը խաղողի գնման ժամանակաշրջանում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ամենօրյա պարբերականությամբ լիազոր մարմին է ներկայացնում գնված (ներառյալ սեփական արտադրությունը) խաղողի քանակների մասին տեղեկատվություն․

3) կոնյակի կամ կոնյակի սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող տնտեսավարողները պարտավոր են յուրաքանչյուր տարի մթերել նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի քանակի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղող, իսկ նախորդ տարում իրացում չունեցող տնտեսավարողների համար խաղողի մթերման քանակությունն ամրագրվում է լիցենզիայի տրամադրման ժամանակ՝ լիցենցիա ստանալու համար դիմումին կից ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Որպես մեկ լիտր հայկական կոնյակի սպիրտին (100 ծավ. % սպիրտի հաշվարկով) համարժեք քանակություն սահմանվում է 11 կիլոգրամ խաղողը․

4) նշված պահանջից բացառություն են սահմանվում հետևյալ դեպքերը, որոնց մասին մինչև մթերման ժամանակաշրջանի ավարտը հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողը պատշաճ կարգով տեղեկացնում է լիազոր մարմնին՝

ա․ երբ խաղողի բերքը չի բավարարում անհրաժեշտ նվազագույն քանակությունը մթերելու համար,

բ․ երբ բերքի գնման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվել է արտադրության իրավունքը կամ գործունեությունը, կազմակերպությունը գտնվում է լուծարման, վերակազմավորման կամ սնանկության գործընթացում կամ ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված դադարեցրել է գործունեությունը,

գ․ երբ հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրության իրավունք ստանալու համար լիազոր մարմին ներկացվող դիմումին կից ներկայացվող հայտարարագրով հավաստում է, որ այլևս չի զբաղվելու խաղողի, կոնյակի և կոնյակի սպիրտի ձեռքբերման գործառույթներով և լիցենզիայի շրջանակներում արտադրության և իրացման գործունեությունը շարունակելու է  բացառապես առկա հումքի և պատրաստի արտադանքի մնացորդների հաշվին։ Այս դեպքում արտադրության լիցենզիան տրամադրվում է սահմանափակ ժամկետով, մինչև առկա մնացորդների իրացումը, բացի այդ սահմանվում է, որ արտադրության իրավունք ստացած անձը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձինք արտադրության իրավունքի ժամկետի ավարտից հետո առնվազն երեք տարվա ընթացքում չեն կարող  զբաղվել հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ․

5) կոնյակի կամ կոնյակի սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպությունները պարտավոր են մինչև մարտի 1-ը Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ տարվա ընթացքում արտադրված և իրացված հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտների, ինչպես նաև հունվարի 1-ի դրությամբ դրանց մնացորդային քանակների մասին, ըստ հնացման տարիքային խմբերի: Ներկայացված տեղեկատվության հիման վրա լիազոր մարմինը վարում է համապատասխան հաշվառում, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպություններում իրականացնում է տրամադրված տեղեկատվության հավաստիության ուսումնասիրություն։

4․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց սահմանվում են վարչական պատասխանատվության միջոցներ (տուգանք), մասնավորապես՝ 

1) գինեգործական արտադրանք արտադրողի կողմից պետական մարմնին  օրենքով նախատեսված խաղողի գնումների, արտադրված և իրացված արտադրանքի, ինչպես նաև դրանց մնացորդային քանակների վերաբերյալ տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով կամ լիցենզիայի կասեցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

2) Հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողի կողմից օրենքով նախատեսված քանակությամբ խաղող չգնելը (չմթերելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն քանակությունից պակաս գնված (մթերված) խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի համար 150 Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

 

4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն Նախագծերի փաթեթը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

5.Ակնկալվող արդյունքը – Սույն Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կոնյակի և կոնյակի սպիրտների արտադրության ոլորտում հետագա գործունեություն կիրականացնեն բացառապես այն կազմակերպությունները, որոնք համալրված են արտադրության ամբողջական ցիկլի (խաղողի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը) ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով և հումքի մթերման ու պատրաստի արտադրանքի պահման և հնացման համար անհրաժեշտ տարողություններով։ Կապահովվի նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի քանակի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղողի երաշխավորված մթերումներ, որն էականորեն կմեղմի վերջին տարիներին առաջացող խաղողի մթերման գործընթացում առաջացող խնդիրը։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf

 

7․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:          

 

8. Սույն Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ընդունելու դրանց կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտեր։

 

 

  • Քննարկվել է

    17.05.2023 - 01.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3377

Տպել

Առաջարկներ`

Արարատի խաղողագործների միություն ՀԿ

25.05.2023

1.Քանի որ շատ հողագործներ փաստացի գնել են հողատարածքներ , սակայն մի շարք բյուրոկրատական պատճառներով չեն կարողացել գրանցել այն , պետք է հաշվի առնել նաև փաստացի մշակության փաստը։ 2.մթերման վերահսկման համար միայն էլէկտրոնային կշեռքը բավարար չէ. օրինակ' նույն բեռը կարող են կրկնակի կշռել, ինչպես նաև պետք է հստակեցվի, որ լիազոր մարմինն է վերահսկելու այդ կշեռքների տվյալները։ 3.հաշվի չի առնված նաև որակի վերահսկման չափանիշները , ինչը անպաշտպան է թողնում խաղողագործին մթերողի առջև։ 4.պետք է շահառուների կողմից լայն քննարկում անցկացվի պայմանագրերի օրինակների ձևավորման համար, որպեսզի բացառվի պայմանագրերի միակողմանիությունը։

Տիգրան Ստեփանյան

17.05.2023

Նախագծի բովանդակությունից բխում է, որ տվյալ ոլորտում գործող խոշոր արտադրողների համար նախատեսվում է արհեստականորեն առավել բարենպաստ պայմաններ ապահովել՝ նույն ոլորտի ՓՄՁ-ների գործունեությանը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու հաշվին։ Ընդ որում՝ պարզ չէ, թե ինչպես է փոքր արտադրողներին շուկայից դուրս մղելը հանգեցնելու նախագծի պաշտոնական նպատակին /այն է՝ խաղողի մթերման ավելացման/ հասնելուն։

Տեսնել ավելին