«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
34 - Դեմ
Գործող կարգավորումների համաձայն՝ շրջանառության հարկ վճարողներն ազատված են ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, ինչը նպաստում է գործարքների փաստաթղթավորման պահանջների չպահպանման ռիսկերի առաջացմանը:
Միաժամանակ, օրենսգրքով սահմանված վարչարարական գործիքների ցանկում բացակայում է նշված հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտությունը ստուգելու մեխանիզմը։
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 346-րդ հոդվածի գործող խմբագրությամբ չափագրման ուսումնասիրությունների կամ համալիր հարկային ստուգումների ընթացքում հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդ հայտնաբերելու նպատակով հարկային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են հարկ վճարողների բոլոր ապրանքների գծով իրականացնելու ապրանքների փաստաթղթային մնացորդի որոշում, ինչպես նաև հարկ վճարողներից պահանջելու, որպեսզի իրականացվի բոլոր ապրանքների գույքագրում: Նշված գործընթացը բավականին բարդ, ծախսատար և ծավալուն է ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմնի համար, իսկ առանձին դեպքերում գրեթե անհնար, քանի որ հատկապես խոշոր հարկ վճարողների մոտ (առավել ևս առևտրով զբաղվող) ապրանքատեսականին բազմազան է և միաժամանակ այդ ապրանքների շրջանառելիությունը բավականին արագ (օրինակ գրեթե անիրատեսական է սուպերմարկետների ցանցում կամ կենցաղային տեխնիկային առևտրով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու այդ գործընթացը):
Միաժամանակ, գործնականում շատ են հանդիպում իրավիճակներ, երբ հարկային մարմնի վերլուծության արդյունքները վկայում է այն մասին, որ կոնկրետ հարկ վճարողի ոչ թե բոլոր, այլ առանձին ապրանքների գծով է առկա պակասորդի ռիսկը, հետևաբար, նման դեպքերում` հարկային մարմինը ստիպված է լինում ապրանքային պակասորդի որոշման գործընթացը իրականացնել բոլոր ապրանքների գծով, որը մի կողմից անտեղի երկարացնում է վարչարարությունը, մյուս կողմից հանգեցնում է դրա իրականացման անհնարինության:
Բացի այդ, Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, ըստ էության, չափագրման ուսումնասիրության շրջանակներում հարկային մարմինը ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը իրավունք ունի պարզելու այն հարկ վճարողների մոտ, որոնց հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառությունը կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան գերազանցել է 100 միլիոն դրամի շեմը:
Վերոնշյալ կարգավորումները վկայում են, որ համալիր հարկային ստուգման ընթացքում պակասորդ հայտնաբերելու դեպքում տուգանք կարող է կիրառվել միայն ԱԱՀ վճարողի նկատմամբ (այսինքն` շրջանառության հարկով հարկման կամ միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնողների մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում պակասորդ հայտնաբերելու դեպքում` համալիր հարկային ստուգմամբ տուգանք չի կարող կիրառվել), իսկ չափագրման ուսումնասիրության արդյունքում` պակասորդ հայտնաբերելու դեպքում տուգանք կարող է կիրառվել բոլոր հարկ վճարողների նկատմամբ, սակայն այս դեպքում էլ` չափագրման ուսումնասիրության շրջանակներում ապրանքային պակասորդի առկայության հարցը կարող է ուսումնասիրվել միայն վերը նշված ցուցանիշների 100 մլն. դրամը գերազանցելու պարագայում, ինչը հատուկ հարկման համակարգի հարկ վճարողների մոտ գրեթե առկա չէ:
Նշված մոտեցումը չի բխում Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի հավասարության սկզբունքից:
Օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում, մասնավորապես քաղաքացիների` գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը։ Գործնականում շատ են դեպքերը, երբ քաղաքացիները՝ հարկային պարտավորություննների կատարումից խուսափելու նպատակով գույքը վարձակալությամբ հանձնելիս խուսափում են վարձակալության պայմանագիր կնքելուց և պետական գրանցում կատարելուց, ինչը խնդիրներ է ստեղծում ոչ միայն հարկային վարչարարության, այլ նաև վարձակալների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից։
-
Քննարկվել է
06.04.2023 - 21.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 6043
Տպել