Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) և ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ 1) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ։

Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 10-ի թիվ ՎԴ/8932/05/18 արտահայտել է հետևյալ դիրքորոշումը․

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանվել է յուրաքանչյուրի հարկեր, տուրքեր և այլ վճարներ վճարելուց ազատվելու անհնարինությունը։
Օրենսգրքի  44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում։

Փաստորեն,  պարտավորությունը առաջանում է ոչ թե վարչական ակտի հիմքով, այլ օրենքի ուժով, ինչից էլ հետևում է, որ գանձման որոշումն ընդամենը դրա գանձման` օրենքով սահմանված միջոց է: Այսինքն՝ չկատարված հարկային պարտավորությունների գանձման մասին որոշմամբ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում, քանի որ հարկային պարտավորություններն արդեն իսկ առաջացել են օրենքի ուժով, հետևաբար, կայացվում է արդեն իսկ առկա և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չվճարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում։

Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումը գնահատվել է էական (որոշիչ), որն ազդեցություն է ունեցել ակտի նյութական իրավաչափության վրա՝ այդպիսով հանգեցնելով դրա անվավերությանը, ապա չի կարող հետագայում այդ խախտումը վերացվելու միջոցով նույն անձի նկատմամբ վերջինիս դրսևորած վարքագծի հիման վրա վարչական մարմնի կողմից իրականացվել կրկնակի վարչարարություն և ընդունվել նոր վարչական ակտ:

Ուստի այն դեպքերում, երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում վարչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների խախտված լինելու հիմքով, որոնք ազդեցություն են ունեցել որոշման նյութական իրավաչափության վրա և խախտել շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը չի կարող իրականացնել գործի կրկնակի քննություն և վերացնելով գործի քննության նախորդ վարույթի շրջանակներում թույլ տրված խախտումները՝ կայացնել նույնաբովանդակ վարչական ակտ:

Առաջանում է մի իրավիճակ, որում ընթացակարգային նորմերի խախտման հետևանքով հնարավոր չի լինում իրականացնել չվճարված հարկային պարտավորությունների գանձումը։

Սակայն, քանի որ պարտավորությունը առաջանում է ոչ թե վարչական ակտի, այլ օրենքի ուժով և դրա դադարման հիմք առկա չէ, ուստի նշված պարտավորությունները միևնույն է ենթակա են կատարման, մինչդեռ բացակայում է համապատասխան գործիքակազմը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվել է, որ չվճարված անվիճելի հարկային պարտավորությունների և ստուգման անբողոքարկելի ակտերի առկայության դեպքում վարչական վարույթ չի հարուցվելու, այլ հարկային մարմնի կողմից որպես պարտավորության գանձման միջոց կիրառվելու է միայն բանկային արգելանք, որը պարտադիր է լինելու բոլոր առևտրային բանկերի համար և ենթակա կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Համապատասխանաբար նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, համաձայն որի՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է, ի թիվս այլնի, հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով արգելանք դնել հարկ վճարողի (հարկային գործակալի) գույքի վրա, ինչպես նաև խմբագրել Օրենսգրքի 429-րդ հոդվածը, որի ներկային խմբագրությամբ գույքի արգելանքը նկարագրվում է որպես հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն:

Նաև նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 430-րդ հոդվածը, որով կանոնակարգվում են գույքի արգելանքի կիրառության հիմքերը, ինչպես նաև վերանայել արգելանքի դրված գույքն արգելանքից հանելու հիմքերը՝ թողնելով հարկային պարտավորության դադարելը, հարկային մարմնի ղեկավարի կողմից գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագիր հրապարակելը, չկատարված պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով ԴԱՀԿ կողմից արգելանք է կիրառվել հարկ վճարողի գույքի նկատմամբ։

Բանկային արգելանքի կիրառումից հետո պարտավորությունները 30-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում չվճարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը հարկադիր կատարման նպատակով կներկայացվի ԴԱՀԿ։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում հարկային մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջողների զատ կսահմանվի նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հնարավորություն:

Միաժամանակ, Օրենսգրքում նախատեսվում է կատարել վերոնշյալից բխող հետևյալ փոփոխությունները․

Նախատեսվում է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ կետով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա  փաստաթղթերի ցանկից հանել Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթերը (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):

Նախատեսվում է նաև Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում հարկեր վճարելու պարտականություն ունեցող և հարկային հաշվարկ չներկայացրած ֆիզիկական անձանց չվճարված հարկային պարտավորությունների գանձումը հնարավոր կլինի իրակացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ Նույն նորմով սահմանվում է նաև հարկ վճարողներին վարույթի շրջանակներում փաստաթղթերի ծանուցման կարգը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագծերը կապված են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2.1.14-րդ կետով սահմանված «ներդնել հարկային պարտավորություններ ի կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ» միջոցառման հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերով կնախատեսվի  բանկերին արգելանք դնելու հանձնարարություն ուղարկելու եղանակով չվճարված անվիճելի հարկային պարտավորությունների առաջացման դեպքում առանց լրացուցիչ վարչական վարույթ հարուցելու արգելանք կիրառելու ընթացակարգ, որից հետո հարկային պարտավորությունները 30-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում չվճարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կներկայացվի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    04.04.2023 - 19.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2598

Տպել